19-րդ դարի վերջին Հայ եկեղեցու բարենորոգչական շարժում անունը ստացած հոսանքի առաջամարտիկ Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը ժողովրդական լուսավորությունն էր տեսնում եկեղեցին ամրացնելու և հոգևոր հոտի հետ կապը վերահաստատելու հիմնական ճանապարհը։ Եկեղեցու բարենորոգման ծրագրում վարդապետն առանցքային տեղ էր հատկացնում քարոզին։ 1890-ականների երկրորդ կեսին, երբ Տեր-Մկրտչյանը նոր էր ավարտել ուսումը Գերմանիայում և վերադարձել Էջմիածին, Մայր Աթոռի պաշտոնական պարբերական Արարատի գրեթե ամեն համարում հանդիպում ենք վարդապետի կրոնական քարոզներին։ Հոգևոր սպասավորի՝ եկեղեցուց հնչեցրած հանրային խոսքի այս առանձնահատուկ նշանակությունը Կարապետ վարդապետի բարենորոգչական գործունեության մեջ մեծապես կապվում է Գերմանիայի բողոքական աստվածաբանության ֆակուլտետներում ստացած կրթության և մասնավորապես իր վրա մեծ ազդեցություն գործած դասախոս Քրիստիան Ախիլեսի «Գործնական աստվածաբանություն» դասընթացի հետ։ Էջմիածնում այս տարիներին ընթերցած վարդապետի քարոզները կառուցվածքով ու շեշտադրումներով ակնհայտ աղերսներ ունեն Ախիլեսի դասընթացքի սկզբունքների հետ, որոնք ի մի են բերված գործնական աստվածաբանության իր դասագրքում։ Միաժամանակ վարդապետն ինքն Արարատում նույն շրջանի մեկ այլ հրապարակմամբ փոխանցում է այս սկզբունքները հայրենակից քարոզիչներին։
Ներկա վավերագիրը բարենորոգիչ վարդապետի հանրային ինքնաքննման եզակի մի փորձ է։ Հերթական անգամ շեշտելով քարոզի արժեքը՝ Տեր-Մկրտչյանն առերեսում է Էջմիածնում իր ընթերցած և նույն համարում հրապարակված քարոզի խնդիրները. «մենք ժողովուրդի լեզուն չենք հասկանում»։ Հայ եկեղեցում քարոզը ժողովրդին ավելի հասանելի դարձնելու հնարավորությունը վարդապետի համար մի կողմից ավետարանի խոսքի մեջ սուզվելն ու դրան հնարավորինս հավատարիմ մնալն է, մյուս կողմից՝ խոսքը տեղ հասցնելու համար ունկնդիր ժողովրդի «հոգին ճանաչելը»։ Այս վերջինը, սակայն, իր սահմաններն ունի, որոնք լավագույնս ի հայտ են բերում եկեղեցու սպասավոր քարոզչի և իր հոտի հարաբերության Տեր-Մկրտչյանի ըմբռնումը։ Ժողովրդի «հոգու» մեջ կրոնական զգացումներ առաջացնող ու դրանով բարոյական կյանքի մղող քարոզիչն ըստ սահմանման պետք է բարձր կանգնած լինի հոգևոր հոտից՝ իր ջանքերն ուղղելով ժողովրդի բարոյական բարձրացմանը։ «Գռեհիկ ամբոխի» և Աստծո խոսքով վեհացած քարոզչի միջև խստորեն աստիճանակարգված հարաբերությունը խտացնում է եկեղեցու բարենորոգման վարդապետի տեսլականը, որի գործադրման մեթոդներն ուրվագծվել էին նրա եվրոպական կրթության օգնությամբ։
Հրապարակվում է ըստ՝ Կ. վ., «Քարոզը մեր մէջ», Արարատ, 1898, թիվ Գ-Դ, էջ 153-155։
Քարոզը մեր մէջ
Տարուայ այն օրերն են, երբ մեր եկեղեցւոյ բեմից եւս, թէպէտ դժբաղդաբար ոչ ամեն տեղ՝ քարոզ է լսուում։ Ցանկալի էր ի հարկէ, որ Տիրոջ կենդանի խօսքի քարոզութիւնը Իւր տաճարներից երբէք, տարուայ ո՛չ մի ժամանակ, պակաս չլինէր. սակայն գոհ լինինք առայժմ այս սակաւ օրերով եւ հարցնենք՝ արդեօք ի՞նչ չափով գոնէ այդ սահմանափակ շրջանի մէջ քարոզի պահանջը լրումն է գտնում մեզանում։
Պէտք է խոստովանենք, որ մենք ինքներս այնչափ փորձառութիւն եւ ընդարձակ ծանօթութիւններ չունինք, որ կարողանայինք բազմակողմանի կերպով քննադատել եղածը, թերութիւններն ու զեղծումները ցոյց տալ եւ ուղիղ ճանապարհ գծել. բայց այդ չի արգելում անշուշտ, որ իրաւունք համարենք խնդիր արծարծել եւ մի քանի մեզ զբաղեցնող կարեւոր կէտերի վերայ ուշադրութիւն հրաւիրել։ – Ամենից առաջ մենք կարող ենք տեսականապէս որոշել, թէ ինչպէս պէտք է մօտենայ քարոզիչն իւր գործին. բեմի վերայ նա ինքնագլուխ չէ՝ իւր Տիրոջ ծառան է ու աշակերտը, եւ Նորա՛ խօսքը պէտք է խօսէ։ Այդ չէ նշանակում հարկաւ, որ բառ առ բառ, անտարբեր կերպով, պէտք է կրկնէ աւետարանի ասածները, կամ աւելացնէ նոցա վերայ կրօնական խրթին բացատրութիւններ, որոնք պարզելու փոխարէն աւելի եւս մթնացնեն ասածը. այլ որ խորասուզուէ ամբողջապէս ս. Գրքի մէջ, աշխատէ ըմբռնել, թէ նոյն ինքն աւետարանի մեծ Քարոզիչը ի՛նչ է քարոզել Իւր ժամանակակից ժողովրդին՝ ի՞նչ դէպքում ինչպէ՛ս է խօսել եւ ի՞նչ նպատակով, եւ ապա թէ կարողանայ հաշիւ տալ իրեն՝ ինչպէ՞ս կբացատրէր Նա Իւր քարոզած այս կամ այն մեծ սկզբունքը ներկայ ժողովրդին – եւ այնպէ՛ս բացատրել ձգտէ։ Խիստ դժուարին եւ գրեթէ անհասանելի մի ձգտում է այս, բայց սովորեցնում է գոնէ, թէ ինչ պէտք է չանէ քարոզիչը։
Որչափ մեր ունեցած տեղեկութիւններով դատել կարող ենք՝ քարոզի նկատմամբ մեր մէջ եղած եւ մանաւանդ երիտասարդ սերունդի մէջ աւելի ու աւելի ընդհանրացող զեղծումն այն է, որ աշխատում են բեմի վերայից զանազան հետաքրքիր տեղեկութիւններ հաղորդել, առանց ուշ դարձնելու՝ ունի՞ն արդեօք նոքա որ եւ է կապ եկեղեցւոյ, քրիստոնէութեան, կրօնի հետ։ Շատ վտանգաւոր եւ աններելի՛ մի զեղծումն։ – Ի՞նչ խօսք որ քարոզը հետաքրքիր պէտք է լինի, որպէս զի ունկնդիրներ գրաւէ՝ օգտակար պէտք է լինի եւ գործնական, որպէս զի եկեղեցուց ելնող իւրաքանչիւր ոք մի բան տարած լինի իւր հետ. բայց հետաքրքիր եւ օգտակար բաներ ասելու համար ուրիշ տեղեր, ուրիշ միջոցներ կան. եկեղեցում Սոկրատն ու Պղատոնը՝ հին եւ նոր աշխարհի փիլիսոփաները, գիտուններն ու բանաստեղծները չպէտք է խօսեն, այլ Քրիստոս միայն. աշխարհային կենցաղավարութեան ուտելիքի՝ արուեստի եւ գիտութեան մասին պէտք է չլինի խօսքը, այլ հոգեւոր կենցաղավարութիւն, կրօնական-բարոյական կեանքի, հոգւոյ կարիքների եւ վայելքների մասին։
Արարատի ներկայ համարում յառաջ է բերուած քարոզի մի նմուշ, որի իմաստով խօսել ենք Վաղարշապատի եկեղեցում։ Օրինակելի քարոզ չէ մեր տուածը, յամենայն դէպս մի շինական համայնքի առաջ բառ առ բառ արտասանելու շատ յարմարութիւններ չունի, եւ մենք ինքներս խօսելուց յետոյ որչափ եւ աշխատում էինք պարզել, ժողովուրդի ըմբռնման յարմարեցնել՝ այն զգացմամբ հեռացանք, որ ունկնդիրների մեծագոյն մասի համար կորած էր այն. բայց գուցէ այդ օրինակը խրատական կլինի նոյն իսկ իւր թերութիւնների համար։ Ամենաէական թերութիւնն այն է երեւի, որ մենք ժողովուրդի լեզուն չենք հասկանում։ Ինչպէս վերեւ ակնարկեցինք՝ Աստուծոյ խօսքը կենդանի կերպով քարոզելու համար բաւական չէ, որ իմանանք, թէ ս. Գրքի մէջ ի՛նչ է ասած, այլ որ մեզ պատկերացնել կարողանանք, թէ այնտեղ խօսողները ինչպէս կխօսէին ա՛յստեղ՝ ներկայ հանգամանքներում, ներկայ մարդոց հետ. իսկ այդ անելու համար պէտք է ժողովուրդի հոգին ճանաչել, նորա ցաւերն ու հոգսերն իմանալ, նորա լեզուով՝ նորա սրտի լեզուով խօսել։ Այդպէս էր վարուում Ինքը Փրկիչն՝ ամենաբարձր սկզբունքներն ամենահասարակ, ժողովուրդի ամենօրեայ կեանքից առած օրինակներով եւ առակներով էր բացատրում։
Սակայն մենք յաւակնութիւն ունինք կարծելու, թէ միայն նորա համար չէ մեր խօսածը ժողովուրդին անհասկանալի, որ նորա լեզուով չենք խօսում. մենք համոզուած ենք, որ եթէ ժողովուրդի բարբառով իսկ խօսէինք՝ քարոզի էական բովանդակութիւնը անհասկանալի կմնար. որովհետև մենք խօսում ենք այն ենթադրութեամբ, թէ մեր առաջ մի քրիստոնեայ համայնք է կանգնած, որին նոր կրօն չպետք է դաս տանք, այլ նորա ունեցած հաւատը կենդանացնենք եւ արծարծենք, մինչդեռ մեր ժողովուրդը աւետարանի, իւր քրիստոնէական կրօնի մասին շատ դէպքերում ամենատարրական ծանօթութիւններ անգամ չունի։ Շատերը դորանից կեզրակացնեն երեւի, թէ ուրեմն ժողովուրդի հասկացողութեան իջնել, նորա ըմբռնման եղանակին, նորա զգացումներին յարմարուիլ պէտք է. այո՛ իջնել, եթէ միայն դորանով ունկնդիրներին բարձրացնել կարող ենք, եթէ մե՛նք ենք միայն իջնում, իսկ Աստուծոյ խօսքը իւր բարձրութեան վերայ է մնում։ Անտեղի է եւ դատապարտելի միանգամայն՝ գռեհկանալ ամբոխի հետ, որպէս զի նա մեր ասածն ու արածը հասկանայ. դատապարտելի մանաւանդ, եթէ մենք շոյում ենք ամբոխի հակումները, նորա սիրելի առարկաներից, նորա սիրած եղանակով խօսում՝ արտաքին միջոներով տպաւորութիւն գործել աշխատում, որպէսզի շատ ունկնդիրներ ունենանք։ Փրկիչն երբէք այդ կերպով չի յարմարուել ամբոխին. Նա շատ ունկնդիրներ ունէր, բայց քչերը Նորան հասկացան ու հետեւեցին. մենք եւս պէտք է գերադասենք՝ քիչ հասկացողներ ունենալ քան շատ ծափահարողներ. միայն պէտք է քչով չբաւականանանք, այլ աշխատենք աւելի եւ աւելի կատարեալ լինել՝ շատերին վաստակելու համար, որովհետեւ հունձը շատ է։
Այսպիսի մտածմունքներ դրդեցին մեզ մի զուտ կրօնական բնաբան ընտրել քարոզի համար, աշխատել զուտ կրօնական ոգւով եւս արծարծել այն։ Կրկնում ենք՝ ո՛չ բնաբանի վսեմութիւնը, ոչ քարոզի տասնապատիկ, հարիւրապատիկ աւելի ճարտար կազմութիւնը նշանակութիւն ունի, եթէ ունկնդիրների համար անմատչելի են այդտեղ արծարծուող մտքերը, կամ անմատչելի ձեւով արտայայտուած. բայց յատկապէս Արարատի ընթերցողներին մենք կկամենայինք յիշեցնել, որ աւետարանի մէջ այդպիսի կրօնական գաղափարներ կան, եւ հարկաւոր է մի քրիստոնեայ ժողովուրդի ըմբռնել տալ այդ գաղափարները. քարոզի բուն նպատակը պէտք է լինի այդ։ Եթէ ժողովուրդի համար անըմբռնելի են նոքա՝ մենք իրաւունք պէտք է չհամարենք բոլորովին ձեռք քաշել նոցանից, այլ պէտք է աշխատենք այնչափ բարձրացնել ժողովուրդին, որ նա ըմբռնէ եւ ապրի այդ գաղափարներով։ Ո՛չ միայն քրիստոնէութեան շրջանակից դուրս եղող խնդիրները, այլեւ բարոյական խրատներ, այսինքն նոյն իսկ աւետարանից առած խրատներ քարոզչի միակ զբաղմունքի առարկան չպէտք է կազմեն. նա պէտք է աշխատէ կրօնական կեանք զարգացնել՝ ներսը, հոգւոյ մէջ այնպիսի վսեմ զգացումներ շարժել, որոնք ինքնաբերաբար բարոյական կեանք են յառաջ բերում. իսկ դորա համար անհրաժեշտ է զբաղուիլ եւ զբաղեցնել զուտ կրօնական խնդիրներով. փոքրից սկսել, բայց անվհատ աշխատել՝ համոզուած լինելով, որ շատ դժուարին եւ ծանրութեամբ յառաջ գնացող գործ է այդ, որ այդպիսի դժուարութեամբ հոգու մէջ ձգած սերմերն են միայն աճում եւ Աստուծոյ արքայութեան անդաստանին արժանի ծառ դառնում։
Մի քանի խօսք եւս քարոզի կազմութեան մասին։ – Որչափ ծանօթ ենք՝ մեզանում խօսուած քարոզները մեծ մասամբ ո՛չ մի կազմութիւն չունին։ Շատ քարոզիչներ տարին մի քանի անգամ միայն առիթ ունենալով խօսելու՝ իւրաքանչիւր անգամին հանդէս են բերում իրենց գրեթէ բոլոր գիտցածը, շարում են միմեանց ետեւից ս. Գրքի վկայութիւններ, խրատներ, յանդիմանութիւններ, կեանքի օրինակներ, եւ վերջացնում քարոզն ուր կամենում են, կամ ուր նիւթը սպառում է։ Սակայն եկեղեցու խօսածը միայն այն ժամանակ կարող է քարոզ համարուիլ, երբ մի բնաբան ունի, այսինքն մի հիմնական միտք, որի շուրջը պտտուում են միւս բոլոր ասածները։ Սովորաբար հարկ է լինում մի ներածութեամբ պարզել թէ ինչու՞ է բերուած այդ բնաբանը, ապա քարոզի նիւթը 2-3 մասերի բաժանելով՝ բացատրուում է հիմնական գաղափարը զանազան կողմերից կամ զանազան տեսակէտների ներքոյ, եւ վերջը եզրակացութիւն հանուում։ Այդպիսով միայն կարելի է միութիւն պահել քարոզի մէջ եւ առաջնորդող գաղափարը համոզեցուցիչ դարձնել։ Այդպէս վարուել աշխատեցինք եւ մենք։