«Օրմանեան ճետերի» կրոնական ոգին. Լեոն «բարի ճանապարհ» է մաղթում Կարապետ Տեր-Մկրտչյանին

 

1901 թվականի վերջին Էջմիածնի պաշտոնական ամսագիր Արարատի խմբագրությունը կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հրամանով Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանից անցնում է Գալուստ Տեր-Մկրտչյանին (Միաբան)։ Ամսագրի դեկտեմբերի համարում Հայ եկեղեցու բարենորոգչական շարժման առանցքային ներկայացուցիչ վարդապետը հրաժեշտի իր խմբագրականում ընթերցողներին հայտնում է այս որոշման մասին։Ներկայացվող վավերագիրը առաջին երկու մասն է հինգ մասից բաղկացած մի հոդվածաշարի, ուր պատմաբան-հրապարակախոս Լեոն իր խայթող «բարի ճանապարհն» է մաղթում խմբագրին։ Լեոն ի հայտ է բերում հարաբերությունների այն ցանցը, որի ներսում էր աշխարհական մամուլը մեծապես տեսնում վարդապետի գործունեությունը։

Առաջին մասում հոդվածագիրը նախ բացահայտում է բարենորոգչական շարժման լայն մի ծագումնաբանություն՝ Էջմիածնում աստվածաբանության արժեքը պաշտպանող հոգևորականների սերնդի գործունեությունը կապելով կաթոլիկ եկեղեցու նախկին միաբան, հայ առաքելական նորադարձ եպիսկոպոս, աստվածաբան Մաղաքիա Օրմանյանի ուսուցչական գործունեության հետ։ Մյուս կողմից թե՛ ինքը Կարապետ Տեր-Մկրտչյանը և թե նրա ընկերներ Գարեգին Հովսեփյանն ու Հուսիկ Տեր-Մովսիսյանն իրենց կրթությունը ստացել էին Գերմանիայի համալսարանների բողոքական աստվածաբանական ֆակուլտետներում։ Հրապարակախոսն այնուամենայնիվ «դիպլօմաւոր աստուածաբանների» և նրանց «հարազատ եղբայրների» կրոնական ոգին Օրմանյանի՝ դարադարձին Էջմիածնում կարևոր նշանակություն ունեցած ուսուցչական ավանդից է բխեցնում։ Սրա կողքին Լեոյի հոդվածում չնայած ոչ ակնհայտորեն, բայց նոր նշանակված խմբագիր Գալուստ Տեր-Մկրտչյանն առնվազն երևում է իբրև աստվածաբանների այս խմբից դուրս և վերջիններիս գործելաոճը չկիսող մի հոգևորական գործիչ։

Հոդվածաշարի երկրորդ մասում արդեն Կարապետ Տեր-Մկրտչյանը երևում է Քրիստոսի բնության շուրջ Մխիթարյան միաբանության հետ բացված բուռն բանակռվի մեջ, ինչը Լեոն անհեթեթ է համարում հատկապես Համիդյան ջարդերի մոլեգնող տարում՝ 1896-ին։ Հրապարակախոսի դրսից գցված աշխարհիկ հայացքից, սակայն, չէր նկատվելու հենց տագնապի պահին բացված այս վեճի արժեքը վարդապետի համար։ Հայ ժողովրդին ընկալելով իբրև սրտով ուղղադավան և հավատի նահատակ՝ Տեր-Մկրտչյանը հայ եկեղեցու դավանաբանական կարգն ըմբռնում է որպես ժողովրդի հավատի ջերմեռանդության խտացում։ Այս հայացքում է, որ մահմեդականների սրի տակ նահատակվելու պահին վարդապետի համար հատկապես անհրաժեշտ է երևում թյուրիմացություններից պաշտպանել ուղղադավան հայերի հավատի հանգանակը։ Ժողովրդի այս՝ իբրև նախ և առաջ կրոնական համայնքի կանխադրյալ ըմբռնումն է հրապարակախոսի մտքում, երբ համարում է, թե հայ աստվածաբանների համար «չը կայ ժողովուրդ, չը կայ իրականութիւն»։

Հրապարակվում է ըստ՝  Լէօ, «Էջմիածնի աստուածաբանին», Մշակ, 1902, թիվ 44, 45։

 

Էջմիածնի աստուածաբանին

I

Անցեալ տարվայ դեկտեմբերին Կարապետ վարդապետը, աստուածաբան, ճեմարանի տեսուչ, «Արարատի» խմբագիր եւ այլն եւ այլն, հրաման է ստանում յանձնել ամսագիրը նոր նշանակված խմբագրութեան։ Նախ քան «Արարատի» էջերից անհետանալը, աստուածաբան վարդապետը չէ մոռանում, որ ինձ հետ հաշիւ ունի տեսնելու եւ նստում է, կատարեալ նահատակութեան է ենթարկում իրան, գրելով ամբողջ 16 սիւնակ ինձ դէմ։

Մի քանի շաբաթ առաջ էր, որ կարդացի Կարապետ վարդապետի այդ նահատակութեան պտուղը։ Ժամանակ չունէի պատասխանելու, մանաւանդ որ Շամախու աղէտը ահագին տեղ էր խլում «Մշակից»։ Բայց երէկ ստացվեց «Արարատի» անցեալ տարվայ վերջին համարը, ուր Կարապետ վարդապետը հրաժեշտ է տալիս իր ընթերցողներին։ Ես յիշեցի, որ ես էլ պարտաւոր եմ «բարի ճանապարհ» մաղթել Էջմիածնի non plus ultra[1]Ըստ լեգենդի՝ լատինական այս ասացվածքը գրվել է Հերկուլեսյան սյուների վրա՝ իբրև բարձրագույն այն կետը, մինչև ուր կարելի է նավարկել։ Արդի աշխարհում գործածվում է իբրև որակի առավելագույն չափանիշի հավաստում։ Ըստ երևույթին՝ Լեոն ասույթը հեգնաբար է գործածում։ աստուածաբանին եւ ահա այժմ մի քանի խօսք եմ ուզում ասել նրան։ Չասել մի քանի խօսք չէ կարելի. Կարապետ վարդապետը անշուշտ կը նեղանայ, եթէ ես անուշադրութեան մատնեմ նրա 16 սիւնակները։ Այդքան նահատակվել եւ պատասխանի չարժանանալ – ոչ, դա վիրաւորական է։ Եւ որովհետեւ Կարապետ վարդապետը իր այդ յօդուածում ինձ հրաւիրում է լինել քաղաքավարի դէպի իրան, ուստի ես քաղաքավարութեան պարտքս կատարում եմ, դիմելով նրա յօդուածին։

Ես, ճիշդն ասած, չէի սպասում, որ իմ գրուածքներով այդքան մաղձ լինէի ամբարած աստուածաբան վարդապետի մէջ։ Միայն այդ խոշոր յօդուածը կարդալուց յետոյ ես զգացի, թէ որքան շատ յանցանք ունեմ Կարապետ վարդապետի առաջ։ Դուք կը սարսափէք իմ գործած յանցանքից մանաւանդ այն ժամանակ, երբ իմանաք հետեւեալը։ Ես մեղաւոր եմ ոչ միայն այն պատճառով, որ գրել եմ Էջմիածնի աստուածաբանների դէմ, այլ եւ այն պատճառով, որ Էջմիածնում գտնվել են մարդիկ, որոնք նկարագրել են Կարապետ վարդապետի հրաշալի տեսչութիւնը ճեմարանում եւ այդ նկարագրութիւնները տպվել են «Մշակում»։ Կարապետ վարդապետը այդ պատճառով էլ յարձակվում է ինձ վրա։ Երեխայութիւն է դա եւ ոչ նոյն իսկ աստուածաբանութիւն։ Բայց ի՜նչ արած։ Կարապետ վարդապետը բարկացող աստուածաբան է, օ՜, որքան բարկացող։ Ես թոյլ եմ տալիս, որ նա երեխայ էլ լինի իր բարկութեան մէջ։ Ի՞նչ վնաս կայ այդ երեխայութիւնից։

Իմ աստուածաբան հակառակորդը այս անգամ էլ փչում է իր հին, արդէն շատ հին դուդուկը «Լուրջ դիտողութիւններ» վերնագրի տակ։ Նա ասում է, որ մենք չենք իմանում, թէ ինչ է աստուածաբանը, չենք ընդունում, որ աստուածաբանն էլ հարկաւոր է եւ այլն։ Բայց ո՞ւմ է ուզում մոլորեցնել Կարապետ վարդապետը։ Մենք աստուածաբան անուան դէմ չենք նախապաշարված, որովհետեւ գիտենք, որ աստուածաբան էր եւ Դաւիթ Շտրաուսը,[2]Դեյվիդ Ֆրիդրիխ Շտրաուսը Թուբինգենյան դպրոցի բողոքական աստվածաբան է, ով էապես հեղափոխել է Նոր կտակարանի պատմական ուսումնասիրությունները։ այլ այն ոգու դէմ, որ կրում են իրանց մէջ հայկական աստուածաբանները, որովհետև գիտենք, որ աստուածաբաններ էին ու այն վարդապետները, որոնք այրել տուին Հուսին։ տարբերութիւնը այս երկու տեսակ աստուածաբանների մէջ, յուսով եմ, պարզ է եւ Կարապետ վարդապետի համար։

Մի ուրիշ մոլորութիւնն էլ այն է, որ ամեն անգամ, երբ խօսում ենք աստուածաբանների մասին, Կարապետ վարդապետը ասում է, թէ Էջմիածինը երեք աստուածաբան միայն ունի. մէկը ինքը Կարապետն է, միւսը Գարեգին եւ երրորդը Յուսիկ վարդապետները։ Բայց մենք միայն այդ երրորդութիւնը չունենք ի նկատի, այլ բոլոր «Օրմանեան ճետերին», որոնք գուցէ եւ չունեն աստուածաբանութեան դիպլօմներ, բայց այդպիսի դիպլօմներ ունեցողների հետ հարազատ եղբայրներ են։ Ի՞նչ տարբերութիւն կայ մի Կարապետ վարդապետի եւ մի Բենիկ վարդապետի մէջ։ Թող կարապետ վարդապետը գտնէ ինչ տարբերութիւն ուզում է, բայց մեզ համար դրանք մի խնձոր են, մէջից կէս արած։ Այդպէս եւ շատ այլ խնձորի կէսեր կը գտնենք Էջմիածնում եւ Էջմիածնից դուրս։ Ուրեմն, իզուր է Կարապետ վարդապետը իսկոյն հրապարակ նետում երրորդութիւնը, շուաքի մէջ թողնելով Տիրայրներին, Բենիկներին եւ այլ մեզ անյայտ անուններ։ – Ոգի եւ ոչ կոչում, ուղղութիւն եւ ոչ պատենտ։ Հասկանալի՞ է։

Կարապետ վարդապետը շատ է բարկանում, երբ ասում ենք, թէ աստուածաբանները եզուիտական մտքեր են տարածում, հակաժողովրդական ուղղութեան են հետեւում։ Բարկանալով, սակայն, բան չի դառնայ։ «Արարատի» էջերը շատ վկայութիւններ ունեն այդ մասին. ես ինքս շատ անգամ եմ իմ յօդուածներում դուրս բերել այդ գծերը. նորից վերադառնալ այդ առարկային աւելորդ եմ համարում, մանաւանդ որ Կարապետ վարդապետը սովորութիւն ունի իր կամ իր ընկերակցի գրածը չը գրածի տեղ դնել, մոռանալ, ուրանալ։ Այժմեան րօպէին ես կը հրաւիրեմ Կարապետ վարդապետին, որ նա նայէ իր հարազատ, նոյն իսկ դիպլօմակից ընկերին, որ Թիֆլիսում պաշտօն է վարում։ Սոփեստութիւնները եւ կուրծք ծեծելը մի կողմ թողեցէք, հայր սուրբ, ձեռքներդ դրէք ձեր սրտի վրա եւ ասացէք, – նկատու՞մ էք նրա գործունէութեան մէջ որ եւ է լուսաւոր, լայն սկզբունք, որ եւ է ժողովրդական գաղափար։ Փաստերի պակասութիւն չը կայ. դատեցէք եւ ասացէք, ճի՞շդ չեն մեր խօսքերը։ Վաղը դուք լինէք ձեր ընկերակցի տեղը, նոյնն էք լինելու. միւս օրը ձեր տեղը կը բռնէ մի ուրիշ, անդիպլօմ «Օրմանեան ճետ» – եւ մի եւ նոյնը դարձեալ։

Այսքանը աստուածաբան անուան մասին։

 

II

Չքմեղութեան, անգիտութեան քօղով գլուխ ծածկելը եւ շինծու անմեղութեան հեծեծանք արձակելը Կարապետ վարդապետի ամենամեծ զէնքն է։ Ահա նա ինձ դէմ հանում է մի այսպիսի մեղադրանք։

Էջմիածնի աստուածաբանները գրել են յօդուածներ «միաբնակութեան եւ երկաբնակութեան» մասին, իսկ ես այդ առիթով յարձակվել եմ աստուածաբանների վրա, մինչդեռ երբ մի ուրիշը գրել է այդ կամ այդպիսի նիւթի մասին, ես գովել եմ։ Զարմանալի մարդ եմ ես, եթէ դատէք Կարապետ վարդապետի նկարագրութիւնից։ Ես ինքս էլ գրել եմ Քաղկեդօնի ժողովի մասին, ես ինքս էլ, ուրեմն, մի կամ երկու բնութիւնների հարցն եմ շօշափել այսպէս կամ այնպէս, բայց այնքան անհամբերողն եմ, որ չեմ թոյլ տալիս Էջմիածնի աստուածաբաններին գրել նոյն հարցի մասին։ Դա ուղղակի ցոյց է տալիս, որ ես մի անզուսպ, ֆանատիկոսական ատելութիւն ունեմ դէպի աստուածաբանները։ Խեղճ մարդիկը էլ ինչի՞ մասին կարող են գրել։ Եւ սակայն, ես թոյլ չեմ տալիս։

Այսպէս է ցոյց տալիս Կարապետ վարդապետւ։ Բայց վերցնենք չքմեղութեան քօղը նրա աստուածաբանական գլխից եւ տեսնենք, թէ ինչ են ասում փաստերը։

1896 թւականն էր։ Թիւրքաց Հայաստանը ներկայացնում էր մի տեսարան, որ Լէնկթէմուրի ժամանակներն էր յիշեցնում։ Ամեն ինչ կար,- եւ աւերակ, եւ արիւն, եւ բիւրաւոր նահատակներ։ Պատմութիւնը կրկնվել էր ահռելի ճշտութեամբ։ Պակասում էր մի բան միայն. արիւնռուշտ գազանութեան փռած աւերակների վրա, ինչպէս հնում, չէին լսվում վէճեր մի կամ երկու բնութեան, բաժակի մէջ ջուր խառնելու կամ չը խառնելու մասին։ Ի՞նչ էր դա նշանակում։ Փոխվե՞լ էր հայի ճակատագիրը. լռե՞լ էր կրօնական եղբայրասպան անհաշտութիւնը։ Այսպէս էր թւում։ Բայց հէնց այդ միջոցին, հէնց այդ 1896 արիւնոտ թւականին, Էջմիածինը եւ Վենետիկը շտապեցին ցոյց տալ, որ չէ մեռել հին հրէշը. նրանք վերանորոգեցին Գրիգոր Տաթեւացու ժամանակները։ Կատաղի բանակռիւ սկսվեց երկու վանքերի մէջ «միաբնակութեան եւ երկաբնակութեան» մասին։

Ես խիստ յարձակվեցայ երկու կողմերի վրա էլ։ Կարապետ վարդապետը չէ կարող մի աննշան փաստ անգամ առաջ բերել, որ ցոյց տար, թէ ես կողմնապահ եմ եղել, թէ ես խնայել եմ վիճող կողմերից մէկն ու մէկը։ «Մշակի» 1896 թ. N 86-ի մէջ ես գրում էի. «Այն ժամանակ, երբ օտար եւ հեռաւոր Անգլիայի եկեղեցիներում յատկապէս պատրաստված աղօթքներ են կարդացվում Փոքր-Ասիայի թշուառ քրիստոնեաների համար, այն ժամանակ, երբ աւելի եւս հեռաւոր Ամերիկան իր յարգանքն է յայտնում այդ նոյն նահատակ քրիստոնեաներին,- Վենեցիան եւ Էջմիածինը նստում են միմեանց կողքին եւ միմեանց միսն են յօշոտում Յովհան Իմաստասէրների, Լամբրօնացիների, Գրիգոր Տղաների խօսքերով»։

Ահա ինչ ժամանակ եւ ինչ առիթով եմ ես դատապարտել աստուածաբանական սխօլաստիկան, անսրտութիւնը։ Այն ժամանակ էլ Էջմիածնի աստուածաբանները իրանց «Արարատի» քունջ ու պուճախներից աղաղակում էին ինձ դէմ, ասում էին, թէ ես իրաւունք չունեմ խլել նրանց ազատութիւնը։ Բայց ես գիտեմ, որ իմ եւ նրանց մէջ կանգնած է անաչառ դատաւորը. դա բանականութիւնն է, հասարակաց կարծիքն է։ Ինձ համար ոչինչ էին այդ փարիսեցիական աղաղակները. ինձ համար այլ եւս կասկած չը կար, որ հայ աստուածաբանները հնութիւնից գլորված քարեր են, որ նրանց համար չը կայ ոչինչ նոր գաղափար, չը կայ ժողովուրդ, չը կայ իրականութիւն։ Եւ այնուհետեւ ես, ճիշդ է, շատ անգամ եմ խփել «Արարատի» երեսին այդ անպատիւ գործը։ Այժմ էլ նոյնն եմ անում։ Թող «Արարատի» էջերից անհետացող Կարապետ վարդապետը իր առանձնութեան մէջ տասնեակ հատորներ գրէ «միաբնակութեան եւ երկաբնակութեան» մասին, եթէ, ի հարկէ, այդպիսի ընդունակութիւն ունի։ Բայց դարձնել այդ հնադարեան նիւթը բանակռուի առարկայ մի այնպիսի ժամանակ … ինչի՞ նման էր։

Դէն դրէք, ուրեմն, անմեղութեան քօղը. ամենից շատ նա ձեզ, աստուածաբան սխօլաստիկներիդ, չէ սազում։ Բարեխղճութիւն ունեցէք գոնէ ձեր հակառակորդի ասածները ճիշդ պատմելու եւ ապա միայն յանդգնութիւն ունեցէք վճռելու երկնքի գործերը…

Կարապետ վարդապետը ինձ մեղադրում է եւ այն պատճառով, որ ես ուշադրութիւն չեմ դարձրել Թոնդրակեցիների մասին գրած նրա մի ամբողջ գրքի վրա։ Ինչու՞ է այդպէս եղել։ Պարզապէս այն պատճառով, որ ես չեմ տեսել այդ գիրքը։ Եւ ի՞նչ մեղք է դա, մի՞թէ անպատճառ ես պարտաւոր եմ գնել Կարապետ վարդապետի գրքերը։ Իսկ եթէ այդ գործը տպված է եղել «Արարատում», դարձեալ զարմանալի չէ, որ ես ուշադրութիւն չեմ դարձրել նրա վրա։ Ի՞նչ արած, Կարապետ վարդապետի ճակատագիրն է դա։ Ահա «Արարատի» վերջին համարում նա դառնապէս գանգատվում է, որ նոյն «Արարատում» իր գրած մի ուրիշ յօդուածը չէ կարդացել կամ չէ ուզեցել ուշադրութեան առնել «Արարատի» մշտական աշխատակից Գ. Տէր-Մկրտչեանը։ «Ի՞նչպէս կարող էր ուրեմն «Արարատի» մէջ լոյս տեսած ամբողջ թուղթը իրեն կից յօդուածով փախչել նորա (Տէր-Մկրտչեանի) պէս հմուտ եւ մանրաքննին բանասէրի աչքից», հարցնում է Կարապետ վարդապետը եւ պատասխան, ի հարկէ, չէ գտնում։

Պէտք է յուսալ, որ Գալուստ Տէր-Մկրտչեանի այդ անուշադրութիւնը Կարապետ վարդապետը չի գրի իր նահատակութիւնների ցուցակում։ Իսկ իմը… իմը ուրիշ բան է եւ անշուշտ գրված կը լինի աստուածաբան վարդապետի մարտիրոսագրութեան հէնց սկզբում։

Չէ՞ որ ես,- թող ներվի ինձ էլ մի բառ ստեղծել,- «աստուածաբանակեր» եմ։ Այն էլ ի՜նչպէս։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Ըստ լեգենդի՝ լատինական այս ասացվածքը գրվել է Հերկուլեսյան սյուների վրա՝ իբրև բարձրագույն այն կետը, մինչև ուր կարելի է նավարկել։ Արդի աշխարհում գործածվում է իբրև որակի առավելագույն չափանիշի հավաստում։ Ըստ երևույթին՝ Լեոն ասույթը հեգնաբար է գործածում։
2 Դեյվիդ Ֆրիդրիխ Շտրաուսը Թուբինգենյան դպրոցի բողոքական աստվածաբան է, ով էապես հեղափոխել է Նոր կտակարանի պատմական ուսումնասիրությունները։