Նախաբան
– Այ տղա, էս որբերին ո՞վ հնարեց։
Եղիշե Չարենց[1]Տե՛ս Գուրգեն Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 4, կզմ. Գուրգեն Աճեմյան (Երևան: Անտարես, 2015), էջ 358:
Վանա լճի ափին Խորգոմ գյուղի Ահանեսենց գոմում Գրիգորը, որ նոր էր վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պատմում էր այնտեղի հրապարակներից մեկում գտնվող մի հսկայական ժամացույցի մասին, որն ուղիղ մի ժամի ձայն էր հանում։ Ունկնդիրներն ապշած էին, թե ոնց կարող է ժամացույցը ձայն հանել և հրաշք էին դա անվանում։[2]Այս վերհուշը Ադո Ադոյանի գյուղական ընկեր Բարեղամ Հովնանյանինն է։ Ադոյի եղբայրը՝ Ազատը, ձայնագրել է Բարեղամի հուշերն իրենց գյուղի և մանկության մասին, որից էլ առնված է վերի դրվագը։ Ձայնագրությունը տեղի է ունեցել 1984 թվականին Երևանում։ Այն ինձ տրամադրելու համար երախտապարտ եմ Ազատ Ադոյանի դստերը՝ Եկատերինա Ադոյանին։
Գրիգորը Մանուկ Ադոյանի կամ նույն՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու հորեղբայրն էր։ Այսպես էր նա նկարագրում Նոր աշխարհը, չնայած որ Ամերիկայից վերադառնալիս տակավին այն նույն հագուստն էր կրում, ինչ մեկնելիս, և չնայած այն դժբախտ հանգամանքին, որ ԱՄՆ-ում եղբայրը՝ Միսաքը, անմարդկային պայմաններում աշխատելիս հիվանդացել էր թոքախտով և հետդարձի ճանապարհին՝ Վան չհասած, մահացել։ Գրիգորն իր որդուն կնքեց եղբոր անունով։ Իսկ Միսաք Ադոյան կրտսերը պետք է դառնար Հայաստանի կոմունիստական կուսակցության մշակութային պրոպագանդայի բաժնի վարիչը, Լենինյան ուղիով ամսագրի խմբագիրը՝ Ադո Ադոյանը։
Ըստ Ադոյի համագյուղացու հուշերի՝ Խորգոմի բնականոն կյանքը կախված էր մեծապես Վանա լճի ընձեռած բարիքներից և երբ լճի ջրերը սկսում էին դուրս գալ ափերից, ապա ծածկում էին հողերը, ինչն անհնար էր դարձնում հողագործական և գյուղատնտեսական աշխատանքները։ Խորգոմի սակավահողությունը, ըստ Հովնանյանի, ստիպում է տղամարդկանց գաղթել, հիմնականում ԱՄՆ, Եվրոպա և Պոլիս։ Այդուհանդերձ, գյուղը առաջադիմում էր կրթության ոլորտում։ Դպրոցները քիչ էին, սակայն բաց էին թե´ տղաների, թե´ աղջիկների համար։ Այստեղ սովորում էին հայերեն, անգլերեն, թուրքերեն, ակտիվ ընթերցում այն գրքերը, որ բերում էին նոր սերնդականները՝ Վանի երիտասարդ դաշնակցականները, որոնք նաև ինքնապաշտպանական խմբեր էին ձևավորում և ազատագրական պայքարի հող նախապատրաստում։ Գյուղը նույնիսկ թերթ ուներ, որն արծարծում էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքական հարցեր։ Թուրքիայի մահմեդական միջավայրում հայության մշակութային և քաղաքական կյանքում եկեղեցու առանցքային դերը նկատի ունենալով՝ պատահական չէ, որ թերթի խմբագիրը եկեղեցական էր։
Մանուկ Ադոյանը՝ Արշիլ Գորկու և Ադոյի պապիկը, կտակարանային անուններ էր ընտրել իր երեք որդիների համար՝ Սեդրակ, Միսաք և Աբեդնագով։[3]Մանուկի որդու՝ Գրիգորի անունը նաև Աբեդնագով էր։ Ըստ Հին Կտակարանի, Դանիել մարգարեի հետ բաբելոնյան արքունիքում դաստիարակված և իրենց հավատը պահած երեք երիտասարդների անուններն էին սրանք։ Հավատարիմ իրենց աստծուն օտար երկրում, անցնելով դաժան փորձությունների միջով, նրանք կենդանի մնացին և միասնությամբ համոզեցին թշնամի այլազգիներին իրենց հավատքի գերակա ուժի մեջ։
Օտարության մեջ հավատի ուժը պահող տարագիր երիտասարդների այս օրինակը հատկապես սրտամոտ էր օտար տիրապետության տակ գտնվող և գաղթի ու կոտորածի վտանգներին հանդիման ապրող արևմտահայության փորձի տեսակետից, փորձ, որի էական ասպեկտներից էր որբությունը։ Որբության մշակութային-հոգեբանական զգացում հրահրող գաղթն ու կոտորածներն առիթ էին տալիս մի կողմից ազատագրական պայքարների ու քաղաքական պահանջատիրության, մյուս կողմից՝ ձևավորում հատկապես հոգևոր ուժերին (գաղափարից ու կամքից մինչև լեզու և արվեստ) ապավինելու, նյութական հենարանների ավերման պայմաններում հոգևորը նյութականացնելու մղում ու գործադրություն։ Այսպես հեղափոխական քաղաքականությունն ու արվեստը միահյուսվում էին զրկանքի որբացնող փորձառության հետնախորքին։ Ադո Ադոյանի կյանքի ու գործունեության այս ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտել այս միահյուսումն իր կոնկրետ պայմաններում, որտեղ հատկապես նշանակալի է այն հանգամանքը, որ ազգային պահանջատիրությունը Ադոյանի պարագայում հատկապես արմատական տեսք է ստանում՝ կապվելով կոմունիստական գաղափարախոսության հետ: Այն խոստանում էր համաշխարհային արդարության այնպիսի կարգ, որը որբության փորձի հետնախորքին ստանում էր արդար ու համերաշխ մարդկային ընտանիքի բաղձալի պատկերի կարգավիճակ։ Այսպես ծայրահեղ զրկանքի փորձը իրար էր կապում ազգային պահանջատիրությունը, կոմունիստական քաղաքականությունն ու արվեստը։ Այս կապակցությունները վեր հանելու նպատակ է հետապնդում սույն հետազոտությունը։
Ցեղասպանությունից հետո Ռուսահայաստանի որբանոցներում հայտնված Ադոյանը Հայաստանում պատանի կոմունիստական՝ պատկոմական շարժման ակունքներում էր, վճռական ու ավյունով լի արմատական կոմունիստի վառ օրինակ։ Միաժամանակ նախկին որբ մի պատկոմականի հուշերում, հուշեր, որոնք լույս էին տեսել իր՝ Ադոյանի մասնակցությամբ կազմված ժողովածուում, ասվում էր․
«Բոլորը գրում էին բանաստեղծություններ, կարծես թե պոետ լինելը մի սովորական բան լիներ այն ժամանակ։ Գրում էինք պատի թերթերի համար, արտասանում մեր երեկույթներում կամ «հենց այնպես»` մեզ համար։ Մեր «պոեզիան» մեծ չափով կրում էր այն ժամանակվա հեղափոխական պոետների եռյակի՝ Չարենցի, Ա. Վշտունու և Գ. Աբովի ազդեցությունը»։[4]Տե՛ս Հայաստանի պիոներիայի ծնունդը, կզմ. Ա. Ադոյան, Ս. Մանասյան (Երևան: Հայպետհրատ, 1963), էջ 122։
1920-ականների պատանի կոմունիստների որբաշխարհում բանաստեղծելը կենսակերպ էր, բառի բուն իմաստով՝ զրկվածի կենսոլորտ, որը հատկապես ոգեշնչված էր հեղափոխական ավանգարդային բանաստեղծների արմատական տրամադրվածությունից։ Արմատականությունը ծայրահեղ զրկանք ապրածի՝ որբացածի հարազատ տարերքն է։ Եվ կոմունիստ որբերի այս սերունդն էր, որ արմատականորեն պետք է փարվեր ու էական դերակատարություն ունենար Խորհրդային Միության ստալինացման հիմքերի՝ 1920-ականների վերջից սկսված բռնի արդյունաբերականացման և կոլեկտիվացման՝ «մեծ բեկման» քաղաքականություններում։ Այս անկեղծ նվիրումը ողբերգական հետևանքներ պետք է ունենար ոչ միայն ստալինյան հին կոմունիստների, այլև հենց իրենց՝ նոր կադրերի համար, որոնց ուժերով ձևավորվեց բռնի այն համակարգը, որը կուլ էր տալու նաև իրենց։ 1937-ին բռնադատված ու աքսորված Ադոյանը աքսորավայրում Գեորգի Մալենկովին ուղղված դիմումում մեղադրում է Լավրենտի Բերիային իր ընկերների՝ Աղասի Խանջյանի, Չարենցի և այլոց սպանության կամ աքսորման մեջ, այնուհետև նշում, որ Բերիայի «ոհմակը» մերժում էր ազատագրական պայքարի գոյությունը հայերի պատմության մեջ, և կարևոր հավելում անում.
«Այդ ոհմակի պատճառով անմահ դեմոկրատ-հեղափոխական Մ. Նալբանդյանը ընդհատակում էր, մեծ դեմոկրատ-լուսավորիչ Խ. Աբովյանը դարձել էր հետադեմ ազգայնական, Շահումյանի մասին բամբասանքներ էին տարածում, իսկ Մյասնիկյան Ալեքսանդրը Տերյանի հետ միասին դասվել էր ազգայնականների շարքում»։[5]Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1304, ցուցակ 89, գործ 111, թերթ 11։
Ազգային գործին նվիրումը չկորցրած նախկին որբի համար վերոնշյալ խոսքում թվարկված անունները երևակայական ընտանիքի անդամներ էին, որը նա ձեռք էր բերել ծնողազրկությունից ու տնազրկությունից հետո, երբ զինվորագրվել էր կոմունիզմին, պահպանել ազգային ազատագրության օրակարգը։ Այժմ աքսորում՝ իր համար հարազատ կուսակցությունից վտարված ու բռնադատված Ադոյանը որբացել էր երկրորդ անգամ։ Ցավելով ստալինյան քաղաքականությունների հետևանքով կուսակցությունից վտարվածների համար մինչ իր բանտարկվելը` Ադոյանը կոմունիստական կուսակցությունն անվանում է «որբանոց», որտեղ և որի շուրջ տարիներով թափառում են դժբախտ մարդիկ։[6]Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 3, թ. 16։
Պատահական չէ, որ աքսորից հետո նախկին որբին տանջող գլխավոր խնդիրը պետք է դառնար սիրո և ընտանիքի հարցը՝ հատկապես խորհրդային կոմունիզմի պայմաններում սիրասեռային դաստիարակության կարևորության տեսակետից։ Իր այս մտահոգությունները նա ծավալում է իր Սիրո և ընտանիքի էվոլյուցիան ստվարածավալ երկհատորյակում։ Կոմունիստական հասարակարգն էր, որ պետք է հնարավոր դարձներ արդար ու հավասար ընտանեկան հարաբերությունները՝ արմատախիլ անելով նահապետական այն դրվածքը, որի կրողն էր ինքը՝ Խորգոմ գյուղում ծնված, տեղի վարքուբարքը յուրացրած, բայց իր մանկության աշխարհը արդիականացող աշխարհի վայրիվերումներում ցավագին կերպով կորցրած, ուստի և նվիրագործած որբուկը, որը որդեգրվել էր կոմունիզմին կորսվածը նորովի վերագտնելու նվիրական նպատակադրումով։
***
Հետազոտության առաջին մասը նվիրված է որբի կարգավիճակին ու ըմբռնմանը Խորհրդային Միության առաջին տարիներին. ինչպե՞ս է կարևորվում որբի գոյությունը, ինչպիսի՞ իրավունքներ և պարտականություններ էր նա ստանձնում նորաստեղծ սոցիալիստական երկրում։ Կարևորելով որբի սեռային դաստիարակությունը՝ պետությունը որբին ընկալում է իբրև սոցիալիստական երկրի քաղաքացու համար առանցքային նախադրյալներ (ստեղծարարություն, ուշիմություն, խմբակցային կենսակերպ և ընտանեկան կապերից ազատություն) ունեցող սուբյեկտ։ Այս գլուխը մասամբ պատասխանում է որպես բնաբան դրված Չարենցի հարցին։ Այնուհետև Ադոյանի օրինակով քննարկվում է, թե որբն իր հետ ինչ է բերել խորհրդային կարգեր՝ այսպես ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ որբը ոչ թե պարզ հումք էր պետական քաղաքականությունների համար, այլ իր՝ Ադոյանի պարագայում, ազգային աղետը վերապրողի և ազգային ազատագրական պայքարի ականատեսի փորձը ունեցող մարտական մի կերպար, որը շարունակում էր այդպիսին մնալ նաև հետագայում՝ կոմունիզմի շառավիղներում։
Հետազոտության երկրորդ մասում՝ ծանրանալով Ադոյանի կյանքի շրջադարձային դեպքերի վրա, մասնավորեցնում ենք որբական փորձով ու բանաստեղծականությամբ տոգորված նրա կոմունիստական արմատական քաղաքականության հատկանիշները՝ հստակեցնելով նրա ռուսամետությունը և հակադաշնակցականությունը, մշտական կապը արտերկրի հայության հետ, նվիրված և համառ կուսակցական աշխատանքը հանուն ազգային գրականության և գիտության։ Հետազոտությունը փորձում է բացահայտել նրա ինքնության հակասականությունը, գուցե երկփեղկվածությունը ազգայինի ու կոմունիստականի, ավանդականի ու արդիականի միջև, որոնք նաև սերտաճում են՝ հաճախ լղոզելով սահմանագծերը։ Մի առումով, հետազոտությունը ծավալում է հերոսի՝ որպես նախկին որբի անընդհատ տարուբերումը ծայրահեղ զրկանքի փորձով գոյացած իր իսկ հակասականության, իր իսկ ողբերգության մեջ։
Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ
Ծանոթագրություններ[+]
↑1 | Տե՛ս Գուրգեն Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 4, կզմ. Գուրգեն Աճեմյան (Երևան: Անտարես, 2015), էջ 358: |
---|---|
↑2 | Այս վերհուշը Ադո Ադոյանի գյուղական ընկեր Բարեղամ Հովնանյանինն է։ Ադոյի եղբայրը՝ Ազատը, ձայնագրել է Բարեղամի հուշերն իրենց գյուղի և մանկության մասին, որից էլ առնված է վերի դրվագը։ Ձայնագրությունը տեղի է ունեցել 1984 թվականին Երևանում։ Այն ինձ տրամադրելու համար երախտապարտ եմ Ազատ Ադոյանի դստերը՝ Եկատերինա Ադոյանին։ |
↑3 | Մանուկի որդու՝ Գրիգորի անունը նաև Աբեդնագով էր։ |
↑4 | Տե՛ս Հայաստանի պիոներիայի ծնունդը, կզմ. Ա. Ադոյան, Ս. Մանասյան (Երևան: Հայպետհրատ, 1963), էջ 122։ |
↑5 | Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1304, ցուցակ 89, գործ 111, թերթ 11։ |
↑6 | Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 3, թ. 16։ |