Մահարու Այրվող այգեստաններ վեպն ընթերցողի ուշադրությունն անընդհատ սևեռում է Վանի առօրյա կյանքին ու կենցաղին, որն աչքի է ընկնում իր տարասեռությամբ: Մի կողմից` այն տոհմիկ աշխարհ է` հաստատված ընտանեկան հարաբերությունների ներսում պարփակված նիստուկացով ու վարքուբարքով, մյուս կողմից` վերջինս կարծես իր մեջ է հավաքել աշխարհի «հարստությունները»` նորաձև ճաշակելիքներ, կահկարասի, հագուկապ, որոնք ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան աշխարհից գալով, կարծես հանգիստ նստում են հատկապես բարեկեցիկ ապրող վանեցիների տներում: Մշակութային տարասեռությամբ արտահայտված մի անկյուն է վեպի գլխավոր հերոսներից Օհաննես աղայի տան վերնահարկը եզրափակող հատվածը` Վանում հայտնի քյոշքը: Երվանդ Լալայանը վերջինս բնորոշում է որպես «փողոցի վրայ մի պատշգամբ, որ երեք պատուհաններով և երկու գեղեցիկ ռոզասներով ծածկուած է լինում: Մի մետրաչափ ևս դուրս ցցուած լինելով, կողքերից ևս միմի պատուհան է ունենում, ծածկը եռանկիւնաձև է գեղեցիկ քիւերով եզրափակուած: /Այս քեօշկերը առաւելապէս դէպի հարաւ ուղղուած լինելով, ամառը հով, իսկ ձմեռը արեւդէմ են լինում, ուստի և տնեցիները մեծ մասամբ այստեղ են անցկացնում, այստեղ ճաշում և ընթրում»: (Ազգագրական հանդէս, 1910, թիվ 2, էջ 123-124):
Մահարու վեպում քյոշքը հյուրերի ընդունելության այն սրահն է, որտեղ ըստ հյուրի նախընտրության կարող են նստել կա՛մ ալաֆրանկա, կա՛մ ալաթուրքիա, այսինքն` կա՛մ եվրոպական, կա՛մ ասիական ոճով կահավորված հատվածներում: Սենյակի երկու մասերը միմյանց են կամրջվում 19-րդ դարում ծնունդ առած սեփական տան ավերակները ողբացող «Մայր Հայաստանի» և հայության լուսավորության դարը ողջունող Ստեփանոս Նազարյանցի պատկերներով, նրանց արանքում` ռուս թագավորի ու թագուհուց մինչև Հիսուսի հարությունը ներկայացնող նկարներն են: Ուշագրավ կերպով Օհաննես աղայի տան այս հատվածը 19-20-րդ դարի արևմտահայության փորձառությունը ներկայացնող մանրակերտն է դառնում վեպում: Մի կողմից` մշակութային մեծ աշխարհների համաբանությամբ սեփական տունը փոքրիկ ապարանքի վերածելը (թրքերեն köşk նշանակում է ապարանք), մյուս կողմից` մի ծայրից մյուսն անցնող պատկերներով հայության արդի փորձառության աշխարհին բացվելու և տան ավերման պատումներով Մահարին ուշադրություն է հրավիրում աշխարհին բացվելու ու միևնույն ժամանակ սեփական աշխարհի մեջ ներփակվելու հայության արդի փորձառության ներքին վտանգաշատ հակասությանը, մի հակասություն, որը լայնորեն ծավալվում է նաև վեպում:
Հրապարակվում է ըստ` Երկերի լիակատար ժողովածու, հ. 6 (Երևան: Անտարես, 2015), էջ 41:
Ասք երկրորդ, ուր ընթերցողը ծանոթանում է Օհանես աղայի ուրախ և անուրախ օրերի բարեկամների հետ և ներկա է լինում Օհանես աղայի խանգարված խնջույքին
(հատված)
Տափակ տանիքների ընդհանուր մակարդակից բարձրացած, հղկված տախտակներից կառուցված մի սենյակ է Օհանես աղի քյոշքը, լայն ու միշտ բաց պատուհաններով, տախտակի հատած կոնուսներով եզերված, որը ձմռան ամիսներին իր ամբողջ կահավորումով փակ է լինում, բայց գործում է ամեն տարի մայիս ամիսից սեպտեմբեր:
Քյոշքը կահավորված էր կիսաասիական-կիսաեվրոպական ոճով: Այնտեղ դրված էին վիեննական աթոռներ, ամեն մեկի առջև կլորաձև մի-մի սպասարկու եռոտանի, մի մեծ սեղան, ծածկված ձյունափայլ սփռոցով, սեղանի վրա թուրքական ծխախոտի տուփեր, երեք հատ հախճապակե տիկնիկներ, ձեռներին փոքրիկ կողովներ, իսկ կողովների մեջ խնամքով դասավորված էին մոմե լուցկիներ, որոնք վառվում են, երբ լուցկին քսում ես կողովի վարի մասին, ապա կանաչ հախճապակե երկու աման, լեցված ոսկեթել ծխախոտով, կափարիչների վրա մի-մի կատաղի ու բերանբաց առյուծ, որոնց վզերին փաթաթված կիսամերկ, հերարձակ կանայք: Մաքուր, շողոշողուն մոխրամանների մեջ նկարված են միատեսակ չինացի կանայք, որոնք հովանոցները և հովհարները ձեռքներին զբոսնում էին գետափին: Իսկ քիչ հեռու, գետի վրա, մակույկի մեջ, փորի վրա պառկել է մի երիտասարդ չինացի և կասկածելի հանգստությամբ նրանց է նայում: Քյոշքի դիմացի պատից կախված է «Մայր Հայասատան» նկարը, ապա մյուս պատերին ուրիշ նկարներ – արջաորս, Ռուսաց թագավորն ու թագուհին` շրջապատված իրենց թագաժառանգներով, Օթելլոն Դեզդեմոնային խեղդելիս, Հիսուսի հարությունը, ապա Ստեփանոս Նազարյանցի նկարը: Սենյակի մի անկյունում, գորգի վրա դրված են տափակ մինդարներ և բարձեր` նստելու համար, մի տեսակ ասիական անկյուն, մեջտեղը հանգած նարգիլե, պողպատե ծանր սկուտեղի մեջ: Նարգիլեն զարդարված և քանդակված է ուղտերով և ուղտապաններով, արաբական նշանագրերով ու արմավենու տերևներով:
Պատկերը` Ազգագրական հանդեսից