Քաղաքական ազատագրության գաղափարներն ու ընտանեկան կյանքը. Գուրգեն Մահարու վաղ քաղաքական «կրթությունը» 

 

20-րդ դարասկզբին քաղաքական ազատագրության գաղափարը տարբեր ճանապարհներով էր թափանցում ժողովրդական կյանք` դպրոցներ, մամուլ, գրականություն, ի վերջո` ընտանեկան կյանք: Համայնական կյանքով ապրող հայության մոտ գրի ու գրականության ճանապարհով ազգային կյանք թափանցող ազատագրության գաղափարների տարծման մեջ քիչ դերակատարություն չէին խաղում նաև ընտանեկան կապերը: Մահարու մանկության տարիներին վերաբերող ստորև ներկայացվող վերհուշն ի ցույց է դնում արևմտահայ աշխարհ թափանցած քաղաքական գաղափարների` ընտանեկան կյանքի ու կապերի մակարդակում յուրացման առանձնահատկությունները: 

 Վաղ մանկության տարիներին հորը կորցրած Գուրգենը մանկության մեծ մասն անց էր կացնում տատի ու քեռու մոտ, քեռուն` դաշնակցական գործիչ Տիգրան Միրախորայանին պատկանող Խեքա գյուղում գտնվող վանքի տարածքում, որտեղ հաճախ կազմակերպվող կուսակցական հավաքները մեծ հետք էին թողնում մանկան վրա: Կողքից դրանց հետևող երեխան հմայվում էր ինչպես ժողովներում հնչող մտքերից, այնպես էլ գործիչների շարժուձևից ու պահվածքից և դրանցից տպավորված` անտեսանելի կապերով կապվում այդ գաղափարներին: Գուրգենի վրա մեծ ազդեցություն էր թողնում հատկապես ազատագրության գործում անզիջում բնավորությամբ հայտնի Իշխանը, որի մտքերի ու պահվածքի կրկնօրինակմամբ նա ակամա դաշնակցության ներկայացուցիչն է դառնում տարեկից ընկերների շրջանակում: 

Մի կողմից թշնամական, մյուս կողմից հարգանքի զգացումներ բորբոքելով արմենական ընտանիքներից սերող և այդ արժեքները պաշտպանող հասակակիցների մոտ` ընկերական խմբի առաջնորդ դարձած Գուրգենն այդ կերպ բացահայտում էր ընտանիքներով մանկական աշխարհ իջած կուսակցությունների միջև ի հայտ եկած ներհակությունները, որոնք հաճախ կապված էին այն աշխարհի նիստուկացին, որից սերում ու որի մեջ հասակ էր առնում մանուկ ավազակախումբը: Տոհմիկ կյանքով ապրող վանեցի մանուկների համար թեև անընդունելի էր հրաշքներ գործող աստծո չգոյության մասին Գուրգենի բերանով հնչած Իշխանի միտքը, նրանք  համակարծիք էին Հայաստանը ազատագրելու հարցում: Այս ճանապարհին թեև անընդունելի էր, որ իրենց երազանքին կարող են հասնել Իշխանի ատրճանակի օգնությամբ, այնուամենայնիվ փորձում են «շրջահայաց» լինել և օգտվել այդ ծառայությունից` մտքում ունենալով գործն անելուց հետո շուտափույթ կերպով ազատվել թե՛ ատրճանակից, թե՛ նրա տիրոջից: Պատահական չէ, ուստի, որ նրանց մանկական ըմբռնումներում իրենց աշխարհից «շեղված» ընկերոջ հանդեպ հղացված «ոճիրը» չի ըմբռնվում որպես այդպիսին, քանի որ հայրենի աշխարհի փրկության գաղափարն իր կարևորությամբ ավելի մեծ էր, քան փոքրիկ «գաղափարականի» կյանքը:  

Հրապարակվում է ըստ` Գուրգեն Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, հ. 4 (Երևան: Անտարես, 2015), էջ 19-22: 

 

Հասարակական աշխատանք

(հատված)

Իմ հորեղբայրը` Պանտիչը (նրա մասին ես կգրեմ մի ուրիշ անգամ, որովհետև նա բացառիկ հետաքրքիր անձնավորություն է), արմենական էր, արմենականներ էին նաև մեր դրացիները: Նրանց տղաներն իրենց հայրերի օրինակով իրենց «արմենական»-ներ էին համարում: 

Մեր թաղի մանուկների միասնական ճակատը ես խախտեցի անկախ իմ կամքից, որովհետև քեռանց տան մթնոլորտից ամեն անգամ ես տուն էի վերադառնում ավելի և ավելի «զարգացած»: Մեր թաղի մանկական մասսան` Վարդանիկ, Ոստանիկ, Գառնիկ, հորեղբորս` Պանտիչի տղաներն ու նրա գաղափարական ժառանգորդները, Հրանտ, Երվանդ` մյուս կողմից, Տրդատ, Միհրդատ` երրորդ կողմից, Սուրեն, Խորեն, Վազգեն` սրանք էլ ուրիշ մի ֆրոնտից կազմում էին անհողդողդ արմենականների առաջավոր ջոկատը. չմոռանանք ասելու, որ վերև հիշված անուններից նույնահնչյուն վերջավորություն ունեցողները եղբայրներ էին. ընտրել որքան հնարավոր է նույնահնչյուն անուններ,– այս ամեն մի ծնողի մտահոգությունն էր.– այսպես նաև կային քույրեր` Թագուհի, Մաքրուհի, Սրբուհի, կամ նորից քույրեր` Մայիս, Ալիս, Իրիս… Հայկանուշ, Վարդանուշ, Սիրանուշ… կամ սրբերի անուններով` Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ, Հովհաննես, Մկրտիչ… իսկ երբ առաջին անգամ Վանում խաղացին «Հին աստվածները», օրօրոցները լցվեցին լացող Սեդաներով…

Այն տարին ես վանքից վերադարձա հույժ «զարգացած»: Հանդիպեցի իմ ընկերներին և կարոսի ածուի թմբերի վրա նստած` ես տվի իմ բացօթյա զեկուցումը Իշխանի քաջության մասին, մեկը շինելով տասը: Մտքերի փոխանակության ժամանակ Վարդանն այն կարծիքը հայտնեց, որ ռամկավար Սեպուհը պակաս քաջ չէ, և եթե Իշխանն ու Սեպուհը «գյուլաշ» բռնեն, անկասկած Սեպուհն Իշխանին «կդրխկացնի». իմ պատասխանում ես փչեցի այն միտքը թե` իմ ներկայությամբ քսան հոգի թափվեցին Իշխանի վրա, Իշխանը ճկույթով նրանց գետին գցեց: Ակտիվ հակադաշնակցական Վարդանը խորին համոզմունքով հայտարարեց.

– Աստված որ ուզի, Իշխանին ձմերուկ կդարձնի…

– Աստված խո արմենական չի՞…

Նրանք ծիծաղեցին իմ տգիտության վրա. մի քանի անհերքելի փաստերով ապացուցեցին… որ աստվածը թունդ արմենական է:

Մի րոպե, և միտքս լուսավորվեց.

– Աստված չկա,– արհամարհանքով ասացի ես և կեղծ հանգստությամբ ոտքի կանգնեցի: Այս աղետավոր լոզունգն ամպադղորդ ազդեցություն թողեց փոքրիկ ժողովականների վրա: Սկսեցին առարկել և հայհոյել: Երվանդը դիսկուսիոն կարգով այն կարծիքը հայտնեց, որ հարկավոր է ինձ մի լավ ծեծել. այս կարծիքն արժանացավ ընդհանուր հավանության, և մինչդեռ նրանք պատրաստվում էին խոսքից գործի անցնելու, ես տուն փախա:

Այդ օրվանից ես ենթարկվեցի տնային բանտարկության. դուրս չէի կարող գալ, որովհետև նախկին ընկերներս փայտերը ձեռներին շրջում էին բակում և պատշգամբում, իրենց մտադրությունը գլուխ բերելու համար: Այդ դեռ բավական չէ. այդ մութ ուժերը եղելության մասին տեղեկացրել էին` «բարձրագույն իշխանությանը». նրանք գնացել իրենց մայրերին պատմել էին իմ հակակրոնական ելույթի մասին, նրանք էլ ջոկ-ջոկ բռնել էին մորս ու նրան պատմել. արդյունքն այն եղավ, որ Անուշը մասամբ իրագործեց հակառակորդներիս ծրագիրը:

Բայց հակառակորդներս չէին հանգստացել. նրանք շարունակում էին նույն եռանդով հետապնդել ինձ: Վերջապես մի օր էլ, համբերությունները հատած, եկան փայտերով զինված և պաշարեցին սենյակը, նրանց մեջ նաև եղաբայրներս` Սուրենն ու Խորենը, որոնք ուզում էին միջնորդություն հարուցել ներումն ձեռք բերելու համար… Բայց իզուր… իմ հակառակորդներն անդրդվելի մնացին:

– Գուրգեն Աճեմյան, դուրս արի, թե չէ` պատուհաններ կսխկենք,– լսվեց Արմենակ Եկարյանի ուղղափառ որդի` չար և կռվարար Գուրգեն Եկարյանի սուր ձայնը:

Իմ դրությունն աննախանձելի էր:

Վտանգի րոպեին մարդս հնարագետ է դառնում, ո՛ւր մնաց… հեղափոխականը… Ես բացի մայրիկիս օժիտի սնդուկը, հանեցի այնտեղից հայրիկիցս մնացած անփամփուշտ ատրճանակը, բացի «սալոն»-ի վրա նայող պատուհանը (որի տակ խռնվել էին հակառակորդներս), դուրս պարզեցի ատրճանակի փողը և սարսափահար գոռացի.

– Փախեք, թե չէ` կկռակեմ…

Սարսափելու ես կրկնակի պատճառ ունեի. նախ նրանք կարող էին բռնել ատրճանակի փողից և խլել, երկրորդ` ինձ թվաց մի րոպե, որ իսկապես, եթե նրանք չփախչեն, ես «կկռակեմ» և վայ թե իմ կրակելուց ես ավելի վախենամ, քան թշնամիներս…

Բայց իմ ելույթը շշմեցուցիչ տպավորություն թողեց. խումբը զարհուրած ճչաց և սանդուխքներից խուճապով լցվեց ներքև… հաղթանակը կատարյալ էր և էֆեկտը մեծ: Չանցած կես ժամ, մի պատգամավորություն եկավ և ինձ խնդրեց դուրս. ես նրանց, հակառակ իմ աթեիստական «համոզմունքներին», երդվեցրի Վարագա սուրբ Նշանի անունով առ այն, որ չեն դիպչի ինձ, որից հետո դուրս եկա: Պատգամավորությունը խմբի անունից հայտնեց, որ ես հրավիրվում եմ խմբապետ ամբողջ խմբի, միաժամանակ հաղորդելով, որ խումբը ցանկալի է համարում, որ այսուհետև մեր մեջ չլինի ոչ մի խոսակցություն աստծու գոյության կամ չգոյության մասին…

Համաձայնությունը կայացավ. ես հինգ րոպե հետո անցա պարտականություններիս կատարմանը և ստանձնեցի գործերը, որոնք բաղկանում էին 12 տղաներից` 8-10 տարեկան, և նույնքան էլ ձեռնափայտերից. վերջիններն իրենցից ներկայացնում էին մեր ահարկու խմբի բովանդակ ռազմական արսենալը:

Ավելորդ է հիշեցնել, որ խմբիս նպատակն էր «ջարդել թուրքերին և ստեղծել իսկական Հայաստան»:

Ըստ երևույթին ամենայն ինչ կատարյալ էր, և գործն առանց տատանումների առաջ կգնար, բայց ահա խմբի անդամներից մեկը հարց տվեց ինձ այն մասին, թե ո՛րտեղից եմ ձեռք բերել ատրճանակը:

– Իշխանը տվեց…– փչեցի ես առանց մտածելու իմ հայտարարության քաղաքական աղետավոր հետևանքների մասին:

Խումբը քրթմնջալ սկսեց. իմ զինվորներից չորս հոգի մինչև անգամ գաղտնի նիստ էին գումարել վարդնոցի տակ և եկել էին այն եզրակացության, որ հարկավոր չէ այն Հայաստանը, որը ձեռք պիտի բերվի դաշնակցական Իշխանի ատրճանակով, քանի որ խմբի անդամները նվիրված արմենականներ էին… սակայն ես գտա իմ պաշտպանները. նրանց հաջողվել էր ճնշել չորսի օպոզիցիան, առարկելով, որ առայժմ անհրաժեշտ է օգտագործել ինձ, որպես ատրճանակ ունեցողի, իսկ հետագայում երբ կիրագործվի գերագույն նպատակը, հեշտ կլինի հրաժարվել և՛ Իշխանի ատրճանակից և թե, նամանավանդ, նրա կրողից…