1911 թվականին Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ, որի արդյունքում հայրապետական գավազանը ստացավ Գևորգ Ե. Սուրենյանց (Տփղիսեցի) կաթողիկոսը։ Ընտրություններին հայ հասարակայնությունը ընդհանուր գծերով բաժանված կարելի է տեսնել երկու թևերի՝ կաթողիկոսական տեղապահ Սուրենյանցի ու նրա շրջանակի և Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի թեկնածության կողմնակիցներ։ Ներկա վավերագիրը քաղված է Արզնիի թեմի պատգամավոր Բենիկ վարդապետ Աղավալյանի՝ ընտրությունների ընթացքի շուրջ հետահայաց մտորումներից։
Վարդապետը մեկն էր Օրմանյանի ուսուցչական ջանքերով Էջմիածնում առաջ եկած այն հոգևորականներից, որոնք ըստ Լեոյի՝ «գուցէ եւ չունեն աստուածաբանութեան դիպլօմներ, բայց այդպիսի դիպլօմներ ունեցողների հետ հարազատ եղբայրներ են» (Լեո, Էջմիածնի աստուածաբանին)։ Արդի եվրոպական գիտությամբ հայոց եկեղեցին բարենորոգելուն, դրա կապն իր հոգևոր հոտի հետ ամրացնելուն միտված այս շարժման հոգևորականներն ու նրանց հարող աշխարհական պատգամավորները 1911 թվականի կաթողիկոսական ընտրություններում հրաժարվում են քվեարկել՝ լքելով վանքն ու ասպարեզը թողնելով հաստատված պահպանողական շրջանակին։ Աղավալյանի Ինչու հեռացանք գրքույկը մի յուրահատուկ հաշվետվություն է՝ այս արարքի դրդապատճառները պարզելու հանրության առաջ։
Հրապարակվող հատվածում ներկայացված է ժողովի նիստերից մի դրվագ, ուր Աղավալյանն ի հայտ է բերում «փափկանկատ և քաղաքավարի» փոքրամասնությանն ընդդեմ «ուժի ուժով» գործող մեծամասնության անօրեն պահվածքի։ Հաստատված իրականության տուրուառի մեջ չմտնող արդար փոքրամասնության դիրքը վարդապետի հայացքում քրիստոնեաբար վեհացված է. փոքրամասնական «մաքուր» գործիչներն իրենց՝ ժողովրդի ձայնի իրական պատգամախոսը լինելու հաստատունությամբ մնում են խեղճ, սակայն գաղափարապես անբիծ մի բարձունքի վրա՝ կաթողիկոսական գահը, դրա իշխանական լծակները, եկեղեցու կուտակած տնտեսական ժառանգությունը թողնելով «անօրեններին»։ Չթաթախվելու, չկեղտոտվելու, լռությամբ պատժելու այս տրամաբանությունն է ամբողջ գրքում կամարում Բենիկ վարդապետի և իր կողմնակիցների բռնած դիրքը՝ միաժամանակ երևան բերելով հարաբերությունների այն հաստատված ցանցը, որի դեմ պայքարում էին այս գործիչները։
Հրապարակվում է ըստ՝ Բենիկ վարդապետ, Ինչո՞ւ հեռացանք (1911 թ. կաթողիկոսական ընտրութեան նկարագիրը), (Թիֆլիզ։ Տպարան վրաց հրատարակչական ընկ., 1912), էջ 34-41։
Ինչո՞ւ հեռացանք
Հետևեալ օրն է. էլէքտրական լոյսի շողերով ցօղուած նստած են ազգային պատգամաւորները։ Դիւանի նախագահը բաց է անում ժողովը՝ յայտարարելով թէ այդ ժողովը պաշտօնական ժողով է, ուր պիտի պատգամաւորների լիազօրութիւններն ստուգուին։ Տէր տեղակալը թուղթ է գրել ու տեղեկագրել թէ նախարարութիւնն արտօնել է համազգային ժողովին ստուգել պատգամաւորների լիազօրութիւնները։
Իրաւամբ հարց բարձրացաւ թէ ժողովը պաշտօնական ճանաչելու համար հարկ է, որ ինքը՝ տ. Տեղակալը բանար այդ ժողովը, ուր ներկայ լինէր նաև Սինոդի դատախազը։ Գնացին խնդրելու մէկին և միւսին. տ. Տեղակալը մերժեց գալ, օրէնքի ներկայացուցիչն եկաւ, մի քանի րոպէ նստաւ ու գնաց ու չհասկացանք ո՛չ գալը, ո՛չ գնալը։ Պաշտօնական ժողովն այս անգամ յայտարարեցին կիսապաշտօնական, փոքր ինչ յետոյ դարձաւ մասնաւոր ու վերջացաւ ամբոխականով։
Ժողովի ընթացքը պարզեց թէ ինչու տ. Տեղակալը հրաժարուեց ժողովից, ինչո՞ւ օրէնքի ներկայացուցիչը եկաւ ու չեկածի պէս գնաց, ինչո՞ւ պաշտօնականը մասնաւոր դարձաւ։
Առաջարկութիւն եղաւ այդ ժողովը ղեկավարելու համար նոր նախագահ և դիւան ընտրել. այս առաջարկութեան մէջ լռելեայն դժգոհութիւն էր արտայայտւում նախագահի անաչառութեան դէմ։ Սկզբունքով ընդունուեց առաջարկը, սակայն փափկանկատ և քաղաքավարի փոքրամասնութիւնը յարմար համարեց նոյն նախագահն ու դիւանն ընտրել և այս ժողովի համար։ Պ. նախագահը սրտի գոհութեամբ շնորհակալ եղաւ ժողովականներից և այս նոր պատւի և «վստահութեան» համար։
Անցան օրակարգին։ Անձնիւր պատգամաւորի լիազօրութիւնն ստուգելու համար մէկ ուղիղ և օրինական ձև կար. կարդալ պատգամաւորի անունն ու ընտրական վաւերական արձանագրութիւնը, քննադատելին քննել և տրամաբանական եզրակացութեամբ որոշումն անել՝ ընդունելի կամ խոտելի համարելով պատգամաւորին։
Սակայն այսպիսի օրինաւորութիւնն ապօրէն գործերի քննութեան ժամանակ որպէս չափ ու կշիռ ընդունելը կարելի բան չէ ապօրինութեանց հեղինակների համար. ուստի և պ. նախագահը ճարպիկ պտոյտով խնդրից հեռանալով՝ այդ ձևը տուաւ. քննել միայն քննադատելին, այսինքն ինչ որ ի լրոյ գիտեն որպէս քննադատելի։ Յոժարեցան։
Փոքրամասնութեան ներկայացուցիչները՝ էապէս պ. պ. Սպենդիարեան, Ենգիբարեան, Չուբար, Չէրքէզեան յառաջ բերին հետևեալ ապօրինութիւնները. յայտնի է և ոչ ոքից գաղտնի չէ թէ Տաճկաստանի հայոց պատգամաւորների մի մասը ժողովրդից ընտրուած չէ, ուստի և ժողովրդի ձայն ու ներկայացուցիչ լինելու բարոյական ու իրաւական արտօնութիւնը չունի։ Ամենայն հայոց հայրապետութեան տ. Տեղակալի կողմից մի անուանացուցակ էր ուղարկւած Պոլսի պատրիարքական տեղապահ Մանկունի արքեպիսկոպոսին մասնաւոր նամակով, որպէսզի նա ժողովրդի ձայներն այդ անձինքներին տալ յաջողի։ Մանկունին այս ու այն վիճակներին առաջարկել է այդ անձանց ընտրել, բարոյական ու իշխանական ճնշումն է գործ դրել, ժողովրդական ազատ, անբռնաբարելի իրաւունքն է ոտնահարել և միակողմանի մարդկանց մի ստուար խումբ է ղրկել Էջմիածին ժողովրդի անունով ընտրելու ի գահ հայրապետութեան այնպիսի թեկնածուների, որոնք՝ որչափ և յարգական լինին որպէս եպիսկոպոսներ, ժողովրդի ցանկալին չեն։
Այդ ցուցակի գոյութիւնը ի յայտ եկաւ Պոլսի պատրիարքութեան տեղապահ «իմաստուն» Մանկունու բերանով, ուսկից ճարտարութեամբ գաղտնին դուրս էր քաշել պ. Հ. Առաքելեանը և յայտնի դարձրել մամուլի միջոցով։ Հայրապետութեան տ. Տեղակալի կողմից հերքուեցաւ ցուցակի գոյութիւնը, սակայն կաթողիկոսական մի այլ թեկնածու՝ Նիկոմիդիոյ սրբազան առաջնորդը դարձեալ միամտութեամբ իր նամակովը լրագրութեան մէջ հաստատեց թէ ցուցակի առաքումը ճիշդ է։ Ամենայն Հայոց հայրապետի տ. Տեղապահը՝ որ պաշտօնական և անպաշտօն գրագրութեանց մէջ վերին աստիճանի ճշտապահ է, Մանկունուց ստացած մի գիր մակագրութեամբ Սինոդին է յանձնել, ուր Մանկունին զեկուցանում է որպէս բարեկամ թէ՝ ինչ որ հնարն էր արեց, մի քանի պատգամաւորներ իր տնօրէնութեանց հակառակ խոյս տուին Պօլիս մտնելուց, ուր պիտի հրահանգէր նրանց. ափսո՜ս որ իր տեղապահութեան օրերը համրուած են, այլապէս գիտէր թէ ինչպէս պիտի պատժէր նրանց։
Որպէս ապօրինութեան մի այլ ցնցող փաստ յառաջ է բերւում ս. Էջմիածնից՝ տ. Տեղապահի կողմից քաշած մի հեռագիր Պօլիս՝ տեղապահ Մանկունուն թէ ցուցակի մէջ սխալմամբ մտած չորս քահանաների տեղը (անունները կան), որոնք իրենց մարդիկը չեն, պէտք է դնել Հուսիկ, Եփրեմ եպիսկոպոսներին, Բագրատ, Բաբգէն վարդապետներին և ձայները առաջիններից յետ խլելով վերջիններին տալ։
Այս յայտնագործութիւնները լսելիս, մի անգամ ևս հաստատուեցայ հաւատիս մէջ թէ անսուտ են և յաւիտեանս ճշմարիտ ս. Ավետարանի խօսքերը՝ «Չիք ինչ ծածուկ որ ոչ յայտնեսցի»։
Բայց ինչպէ՞ս ընդունւեցան այս յայտնագործութիւններն ու բողոքները ժողովի մեծամասնութեան կողմից և քննելու խնդիր դարձա՞ն թէ ոչ։
փոքրամասնութեան ներկայացուցիչները պահանջում էին ապօրինութեամբ ընտրուած պատգամաւորների ընտրական գործն ու մերկացնող թղթերը կարդալ։ Մեծամասնութիւնը բարձրացնում էր իր ժխորը թէ «պէտք չէ, քուէարկեցէք»։ Պ. նախագահը մեծ պատրաստակամութեամբ քուէարկութեան էր դնում օրինաւոր թէ ապօրինի ճանաչել պատգամաւորի ընտրութիւնը առանց գործը կարդալու։ Ոտքի էր ելնում մեծամասնութիւնը կամ՝ իր թուով շատ ու անարդարութեամբ լի ձեռքը բարձրացնում էր ու ապօրինութիւններն օրինաւոր ճանաչում։
Այս պատկերի, այս իւրատեսակ բռնութեան առջև փոքրամասնութիւնը իր պատուին ու գիտակցութեանը տէր կանգնելով՝ բարուոք համարեց այնուհետև լուռ մնալ, լոկ հանդիսատես դառնալ և թողնել, որ լեռնացած անիրաւութեան բարձունքից սրընթաց թափով արշաւող մոլեգնեալ, պղտոր հեղեղը քանդելով, աւերելով հոսի մինչև վերջն ու ցամաքի, իր ետևից անմխիթար հեղեղատ, աւերակի քար ու քանդ տխուր պատկերը թողնելով։
Ի միջի այլոց փոքրամասնութիւնը շեշտեց Պալաքեան Գրիգորիս վարդապետի պատգամաւորութիւնը հետևեալ հիմունքներով. Պալաքեանը եկել է ընտրութեան որպէս Բուլղարիոյ թեմի առաջնորդ. Բուլղարիան Տաճկաստանի հայոց թեմ չէ. մինչև օրս Բուլղարիոյ կառավարութիւնը այդպիսի թեմ չի ճանաչում և ոչ մի առաջնորդ չի ընդունում։ Չորս տարի է որ Պոլսի պատրիարքարանի և Բուլղարիոյ կառավարութեան մէջ այդ խնդիրը գրագրութեանց նիւթ է դառել, բայց ցարդ վերջնի մերժումով է յայտնի։ Պալաքեան վարդապետին չորս տարի յառաջ Պոլսի պատրիարքարանը անուանել է Բուլղարիոյ հովիւ, բայց նա երբեք Բուլղարիոյ հողը կոխած չէ ու հայ ժողովուրդ հովւած չէ։ Բացի այս, նա Պոլսումն է և ազգային ժողովում պաշտօն ունի, մինչդեռ սահմանադրութեամբ Բուլղարիոյ առաջնորդը միաժամանակ չի կարող ազգային ժողովում պաշտօն վարել։ Իզմիրլեան կաթողիկոսը խաչի կոնդակ է տուել Պալաքեանին, ուր նա կոչուած է Բուլղարիոյ հովիւ. հովիւը առաջնորդ չէ և թեմ ներկայացնելու իրաւունքից զուրկ է։ Անցեալ կաթ. ընտրութեանն էլ Պալաքեանը ապօրինութեամբ է մասնակցել, այս անգամ էլ նոյն ապօրինութիւններն է գործում լոկ ոյժի ոյժով։
Բայց ի՞նչ օգուտ, հայ ժողովրդի անունն ի բերան «քաջ» պատգամաւորների մեծամասնութիւնը ձայնի առաւելութեամբ օրինաւոր ճանաչեց Պալաքեան վարդապետին, ու մոռացաւ այն ժողովրդին, որի ներկայացուցիչն էր նա, որ իր վարդապետի երեսը տեսած չէր։
Շատ հետաքրքիր էր և մեծամասնութեան վերաբերմունքը դէպի Ամերիկայի հայոց պատգամաւորը, պ. Բերբերեանը.
Չերկարելու համար կարճ ասեմ. Ամերիկայի 16 գաղութի հայութիւնը Էջմիածնից կաթողիկոսական ընտրութեանը մասնակցելու հրաւէրն ստանալով, իր «ազգային սահմանադրութեան» (որ հաստատուած է Խրիմեան կաթողիկոսի կողմից) օրէնքների անշեղ տրամադրութեամբ ժողով է կազմում և պատգամաւոր ընտրում Բերբերեանին, որ Ամերիկայից շտապում է Էջմիածին։
Ի՞նչ անցք է անցնում յետոյ, դեռ գաղտնիք է, վաղուց պաշտօնանկ եղած մի վարդապետ յետոյ մի նոր ժողով է անում, մի փոքր խումբ հայերով ընտրում է Ամերիկայի պատգամաւոր մի ուրիշի, ինքն էլ իբրև Ամերիկայի առաջնորդ վեր է կենում գալիս Էջմիածին ու բերում իր ընտրած ապօրինի պատգամաւորին։
Բերբերեանը սքանչելի մի ճառով դէպքերի յաջորդական կարգով, սահմանադրութեան յօդուածների հիմունքով ժողովրդի արդար իրաւունքի անունով պահանջում է, որ ժողովն իր պատգամաւորութիւնն օրինաւոր ճանաչի։
Սակայն նրա ձայնը անապատում հնչուող ձայնի պէս անլուր մնաց, նա փոքրամասնութեան մէջն էր նստած, որոնք արդար էին համարում նրա պահանջը, ուստի և Ամերիկայի հայոց իսկական պատգամաւորը մերժուեց և կեղծ ու պատիրն ընդունուեց։
Ի դէպ. պէտք էր այդ ժողովումը լինել ու տեսնել թէ ինչպի՜սի ինքնամոռացութեամբ «ժողովրդավարական, ժողովրդասիրական» բանակը եռանդով ու աւիւնով կոխկրտում էր Բուլղարիոյ և Ամերիկայի հայ ժողովրդի իրաւունքը և պաշտպանում էր երկու կղերական վերղարաւորների, որոնք ժողովրդական ձայնը իր կոկորդի մէջ խեղդող դահիճներն էին։
Եւ տարիներով «կղերական» հռչակուած փոքրամասնութիւնն էր, որ ժողովրդի իրաւանց պաշտպանն էր կանգնել ինչպէս միշտ, սակայն հարկաւ ի զուր…․