Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմամբ ազդարարված մշակութային հեղափոխությունը նոր արվեստ ստեղծելու պահանջ առաջադրեց նորաստեղծ երկրում բնակվելու եկած արվեստագետներին (Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Թամանյան, Գաբրիել Գյուրջյան և այլք): Այդ արվեստագետներից էր Մարտիրոս Սարյանը, որի ստեղծագործության հետ էր կապվում հատկապես 1920-ականների առաջին կեսին նոր Հայաստանի նոր արվեստի կայացումը: Ստորև ներկայացվող հոդվածը Սարյանի արձագաքն է Երևանում կառուցվելիք ժողովրդական տան շուրջ ծավալված քննարկումներին: Անձնապես «խանդավառ վոգևորությամբ» սկսված խորհրդային շինարարության մասնակիցը լինելով՝ Սարյանը քննադատում է նախընթաց՝ ցարական հասարակարգի ճարտարապետական մոտեցումները, որը հաշվի չէր առնում «վոչ տվյալ յերկրի կուլտուրան, վոչ տվյալ վայրի բնույթն ու պայմանները»: Դրան ուղիղ հակառակ է նկարիչը տեսնում խորհրդային նոր ճարտարապետական ոճը, որի օրինակ է Սարյանի համար Թամանյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը: Վերջինիս մեջ է ամփոփվում Սարյանի՝ խորհրդային ճարտարապետությունը բնորոշող չափանիշները: Նոր ճարտարապետությունն, ըստ Սարյանի, պետք է համապատասխաներ «այժմեականությանը» և «ամուր կերպով շաղկապված» լիներ «հայկական կլասիկ ձևերի» հետ:
Այս կերպ, կոնստրուկցիայով պարզ, «լայն իմաստով» հայ ժողովրդական ոճով թատրոնի շենք կառուցելու Սարյանի առաջարկն ամփոփում է 1920-ականներին ավագ սերնդի արվեստագետների արդի խորհրդային ճարտարապետության, բայց լայն իմաստով նաև արվեստի տեսլականը:
Հրապարակվում է ըստ՝ Մ. Սարյան, «Յերեվանում կառուցվելիք Ժողովրդական Տան խնդիրը», Խորհրդային Հայաստան, 6 մարտ 1926 թ. (լույս է տեսել ժողովրդական տան կառուցմանն անդրադարձող Լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հոդվածի առթիվ: Մռավյանի հոդվածը տե´ս «Յերևանի Ժողովրդական տան կառուցման խնդիրը», Խորհրդային Հայաստան, 24 փետրվար 1926 թ.):
Յերեվանում կառուցվելիք Ժողովրդական Տան խնդիրը
Խորհրդային Հայաստանի տերիտորիայի վրա և նրա սահմաններից դուրս մենք հանդիպում ենք բազմաթիվ կանգուն և ավերված ճարտարապետական հուշարձանների նրանք աչքի յեն ընկնում հատուկ բնույթով և իրենց առանձին պարզ կոնստրուկցիայով:
Այդ հուշարձանները զարմանալիորեն կապվում և ներդաշնակվում են բնության և իրենց շուրջն ընկած պեյզաժի հետ, վորը հայկական մոնումենտալ ճարտարապետության առանձնահատկություններից մեկն ե: Այս ճարտարապետության արմատները գտնվում են ժողովրդական ճարտարապետության մեջ, գյուղական այն բազմաթիվ շինությունների մեջ, վորոնք կպած են գետնին և համարյա թե միաձուլված բնության հետ, սակայն իրենց մեջ ճարտարապետական բազմատեսակ ձևերի անսպառ ու կենդանի աղբյուր են պարունակում: Մեր նոր շինարարները գլխավորապես պիտի դիմեն հայկական ժողովրդական վոճի հենց այդ կենդանի աղբյուրին:
Յեվ ահա որիգինալ ճարտարապետության այս ֆոնի վրա հին հասարակակարգի որով իրար հետևից կառուցվել են մի շարք անճաշակ ու անշնորհք շենքեր, ինչպես՝ զորանոցները, ցարական տաճարները, պետական տները և մի շարք անհարմար ու անհրապույր յերկաթուղային կայարաններ: Հրամայել սիրող հասարակակարգը չեր սիրում վոչինչ հաշվի առնել. վոչ տվյալ յերկրի կուլտուրան, վոչ տվյալ վայրի բնույթն ու պայմանները և անշնորհք ինժեներների ձեռքով շինարարական այդպիսի կուլտուրա յեր տարածում:
Յեվ հետևանքը յեղել ե այն, վոր ինքնակալության մարմնացում անճոռնի ու բութ պետական տներն այլանդակել ու դիմազուրկ են արել քաղաքները, գյուղերը և նույնիսկ բնությունը: Դժբաղդաբար ճաշակի այդ գռեհկությունը պատվաստվել ու քաղաքացիություն ե ստացել տեղում, մասնավոր անձինք ևս ընդորինակել են այդ քաղքենի վոճը և քաղաքային շինարարությունն ընթացել ե այդ ուղիով:
Մեր ասածը պարզելու համար վերցնենք Յերևանի հետևյալ շենքերը. ռուսաց յեկեղեցին, ուսուցչական սեմինարիան (այժմ՝ համալսարան), պետական պալատը (այժմ՝ 2–րդ հիվանդանոց), Զանգվի ափին գտնվող զորանոցները, քաղաքից դուրս հեռու ընկած (ըստ յերևույթին հարմարության համար) յերկաթուղային կայարանը, Շուստովի գործարանը (այժմ՝ «Արարատ»), հին ելեկտրոկայարանը և այլն և այլն: Բացառություն կարելի յե համարել Կենտկոմի, Ֆինժողկոմատի և մի քանի այլ շենքեր, իսկ մնացած բոլոր շենքերը մեր առաջ ցցված մի–մի բանտեր են, վորոնցից փրկություն չկա:
Սակայն մեծ թափով ու խանդավառ վոգևորությամբ սկսված խորհրդային շինարարությունը, հակառակ այն ամենի, ինչ վոր չինովնիկական ե, ընթացավ ճիշտ ու առողջ ուղիով և միայն ջրաելեկտրոկայանի շենքն իր հետևը թողեց Յերևանի պետական բոլոր նախկին շենքերը:
Գեղարվեստական հմայքն առաջին անգամն ե շաղկապվում հարմարության ու գործադրելիության հետ: Ջրաելեկտրոկայանը մեծ տպավորություն ե գործում: Այդ հայկական կոնստրուկցիայի պարզ, մոնումենտալ, կարծեք թե գետնից բուսած մի շենք ե, վորն ե՛լ ավելի յե հարստացրել Զանգվի գեղեցիկ ձորը և քաղաքի այդ մասը ժողովրդի ուխտագնացության վայր դարձրել, վորը մեծ բազմությամբ խռնվում ե այստեղ տոն որերին:
Ջրաելեկտրոկայանը լույսի տոն ե և իր ճարտարապետական կատարումով, նա կատարյալ հակապատկերն ե հին կայարանի, վորը պարազիտի պես ներս ե սողոսկել Զանգվի աղմկոտ ձորը:
Միևնույն գումարով կարելի յե կառուցել միանգամայն գեղարվեստական կամ միանգամայն հակագեղարվեստական շենք: Սխալ ե այն կարծիքը, վոր ճարտարապետական լավ ձևի կառուցումներն ավելի թանգ են նստում: Լավ ճարտարապետությունը վոգևորում ե մարդուն, բարձրացնում նրա տրամադրությունը, իսկ վատն ընկճում, դիմազուրկ ե անում և ճնշում:
Ահա թե ինչ տարբերություն կա նոր ջրաելեքտրոկայանի հիմնավոր շենքի ու նախկին պետական շենքերի միջև: Ահա նոր շինարարության այդ առողջ գիծը պետք ե պահպանել և վոչ մի դեպքում չզիջել:
Այժմ անցնենք Ժողովրդական Տանը, ավելի ճիշտ՝ թատրոնին, վորովհետև այդ նպատակով հատկացված 500,000 ռուբլի մի գումարով դժվար թե կարելի լինի այնպիսի ժողովրդական տուն կլառուցել, վորն ունենա թե՛ թատրոն, թե՛ դասախոսությունների դահլիճ, թե՛ գրադարան և այլն: Ինձ թվում ե՝ այդ գումարով կարելի յե միայն թատրոն կառուցել և այն ել մեծ դժվարությամբ: Յեթե հաջողվել ե ջրաելեքտրոկայանին այնպիսի բացառիկ տեսք տալ, վոր համապատասխանի այժմեյականությանը և այն ամուր կերպով շաղկապել հայկական կլասիկ ձևերի հետ, ապա պարզ ե, վոր արվեստի տունը — թատրոնն ե՛լ ավելի ուժեղ կերպով պիտի կրի այդ որիգինալ վոճի գծերը և այդ աշխատանքը պիտի հանձնարարել լավ կառուցողի հռչակ վայելող փորձառու մարդու:
Թատրոնի շենքը պետք ե իր կոնստրուկցիայով պարզ լինի, հայ ժողովրդական վոճով, այս բառի լայն իմաստով: Նա պետք ե տեղավորի 1200–ից մինչև 1500 մարդ, վորպիսի հանգամանքը նրան ավելի ևս մատչելի կը դարձնի լայն մասսաների համար:
Ցանկալի կը լիներ, վոր այդ աշխատանքներին մասնակցեյին նաև նկարիչները, վորոնք կարող կը լինեյին նախագծի համար եսքիզներ ներկայացնել, վորը և նյութ կը ծառայեր կառուցողի ձեռքում: