1920 թվականի Հայաստանի խորհրդայնացմամբ նոր իշխանությունը դեմ էր առնելու քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային լուրջ մարտահրավերների։ Հայ առաջին կոմունիստ ղեկավարների՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Արտաշես Կարինյանի, Ասքանազ Մռավյանի, Աշոտ Հովհաննիսյանի և այլոց առջև ծառացած բարդագույն իրավիճակը պայմանավորված էր մի կողմից դարասկզբի իրադարձությունների՝ ցեղասպանության, պատերազմների, ՀՅԴ շարունակվող հակազդեցության ու ազգամիջյան բախումների արդյունքում առաջացած քաղաքական հանգամանքներով, մյուս կողմից պատմականորեն ձևավորված մշակութային տեղական առանձնահատկություններով: 1923 թվականին Խորհրդային Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարի պաշտոնը ստանձնած Ասքանազ Մռավյանի՝ «Ժողովրդական լուսավորության հերթական խնդիրները» (1923թ.) վերտառությամբ հոդվածը նշանակալից է Խորհրդային Հայաստանի առաջին տարիների մշակութային ու կրթական ծանր իրադրությունը պատկերացնելու և դա հաղթահարելուն միտված պետական գործիչների քաղաքականությունը դիտարկելու տեսանկյունից։ Այն ուշագրավ կերպով վերհանում է 1920-ականների սկզբին Խորհրդային Հայաստանի հիմնադիր ղեկավարների հեղափոխական նպատակադրման և հայաստանյան անմխիթար պայմանների միջև առաջացած սուր լարումները։
Հոդվածի սկզբում Մռավյանը Խորհրդային Ռուսաստանի մշակութային քաղաքականության օրինակով ի ցույց է դնում կարևորագույն այն դերը, որը համատարած կրթությունը պետք է ունենար սոցիալիստական տնտեսության ձևավորման և հեղափոխության հաջողության գործում։ Սակայն, դեպի կրթական ու մշակութային բարելավումը տածած Մռավյանի հաղթական տրամադրվածությունը, կարծես, կորսվում է, երբ վերջինս սկսում է անդրադառնալ այդ ոլորտում ձեռնարկված նախագծերի իրականացման խնդրականությանը 1920-ականների հայաստանյան պայմաններում։ Կարևորագույն նշանակություն տալով հանդերձ զանգվածային անգրագիտության վերացմանն ու «այբբենական» կրթությանը երկրի մշակութային-տնտեսական հետամնացությունը հաղթահարելու գործում՝ Մռավյանը միաժամանակ ի ցույց է դնում գործնականում դրա բարդությունը. տնտեսապես ծայրաստիճան քայքայված երկրում պետական ծախսերի կրճատման հետևանքով «իբրև ոչ արտադրական կոմիսարիատ մեծապես տուժում է լուսավորության կոմիսարիատը»։ Մռավյանը բազմիցս շեշտում է, թե դպրոցների և ուսուցիչների, ինչպես նաև նյութական ու տեխնիկական հնարավորությունների պակասն ինչպիսի ծանր հետևանքներ է թողնում ժողովրդական լուսավորության գործի վրա։ Այսպես, Մռավյանը պարզորոշ ձևով նկարագրում է ֆինանսական սուղ միջոցների հետևանքով կրթական կյանքի գրեթե հուսախաբ անող դրությունը՝ անկեղծորեն բացորոշելով մի կողմից պետական գործիչների հեղափոխականության, մյուս կողմից դրան խոչընդոտող իրականության հակասականությունը։
Բարձր նպատակադրման և առկա հնարավորությունների միջև անհամապատասխանության պայմաններում է նաև, որ 1920-ականների սկզբին ներդրվում է Նոր տնտեսական քաղաքականությունը (ՆԷՊ)։ Երկրի ընդհանուր տնտեսական-մշակութային հետամնացության պատճառով «ռազմական կոմունիզմի»՝ կարճ ժամանակամիջոցում արտադրության սոցիալիստական հիմքերն արմատական միջոցներով դնելու անհաջող փորձից հետո ՆԷՊ-ն էր, որ դարձավ կուսակցության որդեգրած նոր ռազմավարությունը։ ՆԷՊ-ը սոցիալիստական տնտեսության ձևավորման ճանապարհին դեպի կապիտալիստական արտադրաձևեր ժամանակավոր նահանջ ենթադրող քաղաքականություն էր, որը նպատակ ուներ մասնավոր սեկտորի հետ, բայց պետական վերահսկողությամբ և առաջնորդությամբ զարգացնել մշակութային-տեխնիկական հիմքով պայմանավորված արտադրության ձևեր։ Խորհրդային Հայաստանն, իր հերթին, թե՛ բնակչության և թե՛ արտադրության ձևերի տեսակետից ըմբռնվելով իբրև հիմնավորապես գյուղացիական երկիր, թելադրում էր իր առանձնահատուկ քաղաքականությունը։ Դա դրսևորվում էր տեղական պայմանների հետ կապված արտադրության ձևերին՝ մասնավորապես գյուղատնտեսությանը և արհեստագիտական ու տեխնիկական կրթությանը զարկ տալու և պետական մակարդակով դրանք խրախուսելու մեջ։
Այսպես, Մռավյանի տեքստում առաջադրված հիմնային խնդիրները՝ համատարած անգրագիտությունը և Հայաստանում գյուղատնտեսության գերակշռությունն, իրենց հերթին, վկայում են ժողովրդական կյանքում ժամանակի ընթացքում հաստատուն դարձած ավանդական կենսաձևերի ու աշխարհընկալման, գյուղական վարքուբարքի ու մշակույթի ներկայության մասին։ Պաշտոնական հակակրոնականությունը և «բնագիտական» ու աշխարհիկ կրթությունը պետության կողմից որդեգրված քաղաքական այն միջոցներն էին, որոնք պետք է ուղենշեին ժողովրդի արդիականացման գործընթացները թե՛ հին նահապետական հավատալիքներից ձերբազատվելու և թե՛ տնտեսության արդի ձևերին անցնելու տեսակետից։ Ավանդական գյուղական տնտեսությունն ու բարքը հաղթահարելու նպատակով գյուղացուն կրթել ցանկանալու, բայց դրա լիարժեք հնարավորությունը չունենալու հետևանքով էր, որ պետական գործիչները դպրոցական գործի հիմնարկման հարցում ևս ստիպված էին ապավինել գյուղական համայնքներին։ Սեփականության համատարած պետականացման խորհրդային սոցիալիստական քաղաքականությունների իդեալի տեսակետից տարօրինակ, բայց ՆԷՊ-ի պայմաններում օրինաչափ այս իրողությունն է արտահայտում Մռավյանը, երբ նշում է. «Հատուկ պայմանագրերի միջոցով գյուղացիներին պիտի հանձնել դպրոցների շենքերի և ուսուցիչների նյութական ապահովության հոգսը։ Իբրև օժանդակիչ կարևոր միջոց կարող է ծառայել գյուղական դպրոցներին հատկացված հողաբաժինների շահագործումը»։
Այսօրինակ դաշինքը երկսայր սուր էր մի կողմից սոցիալիստական պետության համար, որը կախվածության մեջ էր հայտնվում մշակութային և դասակարգային ախոյանից, մյուս կողմից գյուղացու համար, որն իր իսկ ուժերով պետք է նպաստեր իր կենսակերպի ու մշակույթի վերացման գործընթացին։ Հոդվածի ընթերցումն, ուրեմն, օգնում է 1920-ականների սկզբի լուսժողկոմի գործունեությունը պարզել ոչ այնքան արդյունքների, որքան այդ արդյունքներն էապես պայմանավորած քաղաքական, տնտեսական ու մշակութային առավել խորքային և առարկայական հակասությունների տեսանկյունից։
Հոդվածը վերահրատարակվում է ըստ՝ Ասքանազ Մռավյան, Հոդվածներ և ճառեր, 1913-1929 (Երևան: Հայպետհրատ, 1961), էջ 165-174:
Հոկտեմբերյան հաղթական հեղափոխությունը յուր բազմաթիվ գրավումների շարքում ունի նաև այն, որ Ռոմանովների նախկին կայսրության սահմաններում առաջին անգամ ռեալ հողի վրա դրվեց բանվորա–գյուղացիական լայն մասսաների այբբենական և քաղաքական գրագիտության խնդիրը: Տարրական կուլտուր–քաղաքական գրագիտությունը անհրաժեշտ նախապայման ճանաչվեց բարձրանալու համար տնտեսական–տեխնիկական այն հետամնաց վիճակից, որն ապրում է Խորհրդային Հանրապետությունը: Պրոլետարիատի և չքավոր գյուղացիության ղեկավար շրջանների համար և նույն այդ մասսաների ծալքերում տարրական պարտադիր գրագիտության անհրաժեշտությունը ավելի քան պարզ էր: Պարզ և հասկանալի էր նաև այն, որ հաղթական դասակարգը պետք է գրավի և ամուր կերպով իր ձեռքում ունենա տեխնիկական ու տնտեսական–հումանիտար գիտությունների այն գումարը, որն անհրաժեշտ է պրոլետարիատի դիկտատուրայի տնտեսական պատվանդանն ամրացնելու համար:
Ժողովրդական լուսավորության այդ երկու պրոբլեմի՝ մասսայական կուլտուր–քաղաքական գրագիտության և ժամանակակից գիտությունը (մանավանդ տեխնիկական) գրավելու խնդիրը — այդ երկու պրոբլեմի գիտակցությունը հեղափոխության առաջին տարիներին առաջացնում է մասսաների խանդավառ մի գրոհ հանուն լուսավորության: Չնայած սովին և հակահեղափոխության, բանվորա–գյուղացիական մասսաները մեծ ոգևորությամբ բացում են բազմաթիվ բարձրագույն, միջնակարգ և, մանավամդ, տարրական դպրոցներ, կուլտուր–կրթական բազմաթիվ հիմնարկներ, ակումբներ, թանգարաններ և այլն: Սակայն մեծ էնտուզիազմով սկսված այդ աշխատանքը խոշոր խոչընդոտների է հանդիպում տնտեսական ծանր փլուզումից և մանավանդ հեղափոխության վտանգված դրության պատճառով. պահանջվում էր ամեն ինչ զոհաբերել և զոհաբերվում էր հեղափոխության պաշտպանության համար: Բայց և այնպես այդ շրջանում, այսինքն՝ հեղափոխության առաջին երեք–չորս տարվա ընթացքում, կատարվում է հսկայական աշխատանք ժողովրդական լուսավորության գործի ասպարեզում, աշխատանք այն մտքով, որ կուլտուրայի ծարավ մասսաները մերձենում են գիտության աղբյուրներին և մի կաթիլ ջուր խմում նրա զովասուն ջրերից:
Խորհրդային Ռուսաստանում նկատված այդ վիթխարի առաջադիմական երևույթը համարյա նույն ձևով նկատվում է նաև Հայաստանում, որտեղ 1920 թ. նոյեմբերյան հեղափոխության առաջին օրից սկսվում է եռանդալից աշխատանք լուսավորության ասպարեզում: Փետրվարյան հակահեղափոխությունը և երկրի ընդհանուր քայքայումը, հարկավ, մեծապես խանգարում են խանդավառությամբ սկսված աշխատանքին, սակայն և այնպես ծանրագույն պայմաններում կատարվում են արժեքավոր գործեր, Ժողովրդական համալսարանի, իսկ վերջերս նաև Բանվորական ֆակուլտետի ու Մանկավարժական ինստիտուտի բացումը, Պետական թատրոնի, Հանրային Մատենադարանի, Թանգարանի հաստատումը, ժողովրդական բազմաթիվ բեմեր գավառում, խրճիթ–ընթերցարաններ, ակումբներ, բազմաթիվ տարրական դպրոցների շենքերի նորոգումը, նոր դպրոցների բացումը բազմաթիվ գյուղերում, չափահասների անգրագիտության վերացման լայն աշխատանքները և այլն, և այլն — այդ կարևորագույն աշխատանքները կատարվել են և կատարվել ամենածանր նյութական պայմաններում: Ինչպես Ռուսաստանում, մեզ մոտ Հայաստանում էլ կուլտուրան մոտենում է բանվորա–գյուղացիության ծալքերին…
Նյութական միջոցների պակասության, մեր աղքատության արգելառիթ հանգամանքը ամենացավոտ կերպով զգացվում է մանավանդ վերջին տարվա ընթացքում, երբ սկսվում է կիրառվել տնտեսական նոր քաղաքականությունը: Վերջին ժամանակների ֆինանսական ծանր կրիզիսը առաջացնում է պետական ծախքերի կրճատման քաղաքականություն, որի հարվածներից մեծապես տուժում է իբրև ոչ արտադրական կոմիսարիատ՝ լուսավորության կոմիսարիատը: Կրճատվում են նրա բոլոր վարկերը, կրճատվում պետական գանձարանի հաշվին պահվող ուսուցիչների ցուցակը, կրճատվում լուսժողկոմատի մյուս կուլտուրական հիմնարկներին բաց թողնված վարկերը:
Մոտավորապես այսպես է սկսվում ներկա ուսումնական տարին, որի հենց սկզբում պարզորոշ զգացվում էր ֆինանսական դժվարությունների զարգացող ընթացքը: Կրճատված, կծկված նախահաշվով սկսվում է ուսումնական տարին: Մեր գավառական քաղաքները և գյուղերը իրենց վրա են վերցնում տարրական դպրոցների պահպանության ծախքերի մի խոշոր մասը: Սակայն կենտրոնի և տեղերի նախահաշվով ստանալիք վարկերը բավարարվում են շատ անբավարար ու անկանոն կերպով և այդ իր կնիքն է դնում մեր դպրոցական գործի և ընդհանրապես ամբողջ աշխատանքի վրա: Բացված դպրոցների թիվը շատ քիչ էր պահանջը բավարարելու համար, սովորող երեխաների և դուրսը մնացածների տոկոսային հարաբերությունը ահռելի է յուր դառնությամբ: Մի քանի շրջաններում սովորող երեխաների թիվը կազմում է ընդամենը 25 տոկոսը բոլոր երեխաների. լավագույն դեպքում միայն նա բարձրանում է մինչև 40–50 տոկոսը, օրինակ՝ Ալեքպոլի կամ Լոռու գավառներում, որտեղ մեծ աշխատանք է կատարված առաջին աստիճանի դպրոցների բացման գործում: Ուրեմն պարզվում է, որ մեր աճող սերնդի կեսից ավելին այս տարի զրկված են տարրական այբբենական գրագիտություն ստանալու հնարավորությունից: Ժողովրդական աղետի հավասար փաստ է այս, որը պիտի նկատի առնել և չմոռանալ:
Բախտավոր վիճակում չեն երկրորդ աստիճանի դպրոցները, կամ տեխնիկումները: Թվով չափազանց սակավ մեր երկրի համար, զուրկ ամենակարևոր գործիքներից, կարող ուսուցիչներից, դասագրքերից և այլ հարմարություններից — մեր տեխնիկումները փաստորեն ստվերներ են միայն, որ ապրում են լավ օրերի հույսով:
Այս տխուր պատկերը լրացնելու համար պիտի ասել և այն, որ դպրոցական նոր դասագրքերի ու ձեռնարկների և, մանավանդ, մանկավարժական պերսոնալի խնդիրը ամենացավոտ հոգսեր են Լուսժողկոմատի համար: Հին, փտած դասագրքերը տակավին այն միակ գրքերն են, որով մեր երեխաները սովորում են: Իսկ ուսուցչական կազմը՝ գլխավորապես նախկին թեմական դպրոցներից կամ գիմնազիաներից դուրս եկած մեր ուսուցիչները շատ, շատ հեռու են բավարարելու համար աշխատանքային դպրոցի մինիմալ պահանջները:
Այս բոլորից հետո պարզ է, որ աճող սերնդի տարրական այբբենական գրագիտության գործի դրությունը շատ հեռու է մխիթարական լինելուց:
Նախանձելի դրություն չէ նաև չափահասների այբբենական և մանավանդ քաղաքական գրագիտության գործը: Նույն անիծված նյութական սղության պատճառով, մեր Քաղլուսվարի լայնագույն ծրագրերի ամենաչնչին մասն է միայն իրականացվում: Չափահասների անգրագիտության վերացման կետեր ունենք՝ կարիքի 30–40 տոկոսով միայն բավարարող ցանց: Քաղաքական գրագիտության, խրճիթ–ընթերցարանների, ժողովրդական թատրոնների, գրականության հրատարակման և այլ գործը նույնպես նյութական պակասության պատճառով կաղում է… և կաղում երկու ոտով:
Ավելորդ է երկար խոսել այստեղ մեր Ժողովրդական համալսարանի, Հանրային մատենադարանի ու թանգարանի, թատրոնի և, մանավանդ, այն մեծ հոգսի մասին, որը մեծ ծանրությամբ կախված է Լուսժողկոմատի բարակ շլինքից. խոսքս մեր բազմատանջ մանկատների մասին է: Չորս հազար որբ երեխաների կյանքի պահպանման ծանր հոգսը այժմյան նյութական պայմաններում հնար չի տալիս լուրջ մտածելու նրանց սոցիալական դաստիարակության մասին. սոցիալական խնամատարությունն այստեղ գերակշռող հոգս է և հաճախ լռեցնում է մանկավարժին: Իսկ նախադպրոցական կրթությունը, որի մեծ սոցիալական սկզբունքները այնքան գեղեցիկ կերպով ձևակերպել է մեր հեղափոխությունը… Այդ ուղղությամբ էլ Հայաստանի Լուսժողկոմատը կատարում է մեկ հազարերորդը իր պարտականության: Ամբողջ հանրապետության մեջ ունենք միայն մի–երկու տասնյակ մանկապարտեզներ… և ահա բոլորը:
Կանգ չենք առնում այստեղ և այն խնդրի վրա, որ Լուսժողկոմատը փաստորեն զուրկ է եղել նյութական հնարավորությունից լուրջ կերպով մտածելու հրատարակության գործի զարգացման մասին: Այն մի զույգ երկու կենտ թիվ գրքերը, որ լույս են տեսել Պետհրատի մամուլի տակից՝ շատ քիչ են, շատ սուղ, գեթ հեռավոր չափով բավարարելու համար այն ծով կարիքը, որ ունի մեր բանվորա–գյուղացիական հանրապետությունը գրքերի վերաբերմամբ:
Իրական և ոչ ֆանտաստիկ գույներով վերը նկարագրեցինք այն պատկերը, որ ներկայացնում է ժողովրդական լուսավորության գործը Խորհրդային Հայաստանում: Այդ պատկերը շատ հեռու է բավարար լինելուց, բայց մենք, տրամադիր չենք դրությունը համարելու սև, հուսահատական և զուրկ լուսավոր հորիզոնից:
Մեր գյուղացիության հոգատար այն վերաբերմունքը, որ նկատվել է անցյալում և նկատվում է, մանավանդ, այժմ դեպի լուսավորության գործը, մեզ դարձնում է լավատես. այն սրտաշարժ վերաբերմունքը, որ մեր աղքատիկ, տրորված գյուղերը ցուցադրեցին այս տարի, իրենց թույլ ուսերի վրա վերցնելով բազմաթիվ դպրոցների նորոգման և նյութական ապահովության հոգսը, այլև այն փաստը, որ մեր երկրի ժողովրդատնտեսությունը քիչ–քիչ վերականգնում է — այդ մեզ իրավունք է տալիս մտածելու, որ ժողովրդական լուսավորության գործը անհուսալի հիվանդ չէ: Ընդհակառակը, մենք մտադիր ենք կարծելու, որ լուսավորության, մասնավորապես դպրոցների դրությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով լավանում է և որ մոտակա տարիներում այդ ասպարեզում մենք կարող ենք ունենալ շոշափելի գրավումներ:
______
Այդ լավատես տրամադրությամբ է, որ այստեղ ուզում ենք մոտավորապես ուրվագծել այն անելիքները, որ դրված են մեր առաջ ժողովրդական լուսավորության գործի ասպարեզում:
Հիմնական և ամենագլխավոր այն խնդիրը, որ իր լուծումն է պահանջում այս առաջիկա տարիների համար, դա ընդհանուր պարտադիր գրագիտություն տարածելու գործն է, գրագիտություն տարրական այբբենական և քաղաքական: Պիտի ապահովել աճող սերնդի գեթ առաջին աստիճանի դպրոցական կրթությունը. այս է հրամայական պահանջը, իսկ այդ նշանակում է այժմյան դպրոցական ցանցը պիտի առնվազն եռապատկել, ուսուցիչների թիվը քառապատկել: Նույն չափով պիտի բազմացնել հասակավորների անգրագիտության վերացման կետերը: Միաժամանակ պիտի զարգացնել հասակավորների քաղաքական–տեխնիկական գրագիտությունը, որի համար պահանջվում է ոչ թե քառա,— այլ տասնապատկել այժմ կատարվող աշխատանքը: Միաժամանակ պահանջվում է բանվորների և գյուղացիների, մանուկ և հասակավոր, տարրական այբբենական կրթության գործը հանել սերտողության, գրավարժության նեղ շրջանակից և դնել այն արտադրական աշխատանքային հողի վրա: Այդ մտքով առաջին հերթին հարկավոր է գյուղական դպրոցները մոտեցնել գյուղատնտեսական աշխատանքներին, ըստ հնարավորության տալով երեխաներին տարրական գործնական գիտելիքներ: Գյուղական առաջին աստիճանի դպրոցների այդ կերպարանափոխության խնդիրը կարևորագույն, ես կասեի հեղափոխական նշանակության մի խնդիր է, որի իրականացման համար չպետք է խնայել ոչ մի ջանք:
Այդ խնդրի հետ կապված է ամենասերտ կերպով նոր ուսուցիչների պատրաստության և հների վերապատրաստության խնդիրը, այլև անհրաժեշտ տպագիր ձեռնարկներ կազմելու հարցը: Առանձնապես կարևոր պրոբլեմ է ուսուցիչների պատրաստության խնդիրը, քանի որ, կրկնում ենք, մեր ուսուցչության 99 տոկոսը ո՛չ մի գործնական և ո՛չ էլ թեորիական պատրաստություն ունի աշխատանքային գյուղական դպրոցներին պետքական լինելու համար: Նյութապես ծայր աստիճան անապահով, պարապելու ամենատարրական հարմարություններից զրկված, մեր ուսուցչությունը նահատակվում և մի կերպ քարշ տալիս դպրոցների սայլը հին ուղիներով: Անհրաժեշտ է կազմակերպել ուսուցչության համար հատուկ ամառային կուրսեր, այլև ունենալ հատուկ շրջիկ հրահանգիչներ, որոնք կարողանային տեղնուտեղը փորձնական դասեր տալ և առաջնորդել թույլ ուսուցիչներին: Ակնբախ է նաև պահանջը հատուկ, լավ մշակված ձեռնարկների (ուսուցիչների համար) և աշակերտական դասագրքերի: (Լուսժողկոմատն այդ ուղղությամբ կատարում է որոշ քայլեր): Դպրոցները պիտի ունենան անհրաժեշտ գործիքներ փորձնական և արտադրական աշխատանքների համար:
Այս ծրագրով մոտավորապես պիտի ձեռնարկել մեր գյուղական վարժոցները կյանքի հետ կապված աշխատանքային դպրոցի վերածման հեղափոխական գործին, հեղափոխական այն մտքով, որ նա ոտի վրա կդնի նախնական կրթության գործը՝ գյուղի, նրա տնտեսության — շինարարական կարիքների համաձայն:
Կերպարանափոխության պետք է ենթարկվեն նաև քաղաքների առաջին աստիճանի դպրոցները, քանի որ նրանք ևս կրում են վարժոցային բնույթ: Այստեղ դպրոցներում աշխատանքը պիտի կրի ավելի արհեստների, բազմարվեստյան (պրոֆեսիոնալ), ինդուստրիալ բնավորություն, քան գյուղատնտեսական: Սակայն նկատի առնելով այն, որ մեր քաղաքների, նրանց թվում և մայրաքաղաք Երևանի բնակիչների մի ստվար մասը պարապում է երկրագործությամբ, այդ դպրոցների ծրագրում վերջին տեղը չպիտի բռնեն երկրագործությանը մոտեցնող աշխատանքները: Նույն ձևով պիտի փոփոխություն կրեն նաև երկրորդ աստիճանի դպրոցները, որ կոչվում են տեխնիկումներ: Այստեղ մասնագիտացումը կարելի է և պիտի կատարել ավելի սուր, զանազան տեխնիկումներին տալով այս կամ այն շեշտված ուղղությունը, նայած տվյալ վայրի կարիքներին: Հարկավ, մեր գլխավոր ուշադրությունը պիտի գրավեն գյուղատնտեսական տեխնիկումները, որոնց պիտի դարձնել հզոր միջոցներ մեր գյուղատնտեսական կուլտուրայի բարձրացման գործի համար:
Այստեղ միջանկյալ կերպով հիշենք, որ գյուղատնտեսական կուլտուրական կոմունաներ հիմնելու տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում պետական մանկատների և, մանավանդ, ամերիկյան կոմիտեի որբերը, եթե, հարկավ, համապատասխան ուղղությամբ կրթություն տրվի նրանց: Այդ ուղղությամբ գործնական քայլեր են կատարվում Լուսժողկոմատի կողմից, մասնավորապես Ամերկոմի դպրոցների վերաբերմամբ: Ամերկոմի դպրոցներն այսուհետև ամբողջապես պիտի առաջնորդվեն մեր դպրոցական ծրագրով և ենթակա են Լուսժողկոմատի կոնտրոլին:
Այս է մոտավոր այն ծրագիրը, որին պիտի հետևի Լուսժողկոմատը առաջին և երկրորդ աստիճանի դպրոցների բարեփոխության, ավելի ճիշտ, հեղափոխության խնդրի վերաբերմամբ:
Քաղաքական լուսավորության աշխատանքի ասպարեզում ևս մեծ խնդիրներ կան Լուսժողկոմատի առաջ: Տեխնիկական–քաղաքական անգրագիտության վերացման գործը կարևորագույն անելիք է մեր պետական աշխատանքի տեսակետից: Տնտեսական–շինարարական այն մեծ ձեռնարկները, որին արդեն անցել է մեր կառավարությունը, այդ ձեռնարկների հաջողության շանսերը կախված են մեր գյուղացիության և բանվորության կուլտուրական մակարդակի բարձրացման խնդրի լուծումից: Հերթական խնդիր է մեր առաջ դրված բանվորական և գյուղական երիտասարդության մեջ հակակրոնական, բնագիտական կրթության սիստեմատիկ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը: Այդ նույն մտքով մեծ դաստիարակչական–կազմակերպչական կարելիություններ կան մասնավորապես պատկոմական կազմակերպությունների առաջ, որոնց գործունեությունն այսօր մեծապես խանգարված է նյութական միջոցների պակասության պատճառով:
Բայց լուրջ հարց է առաջանում. պիտի կարողանա՞նք արդյոք այդ ծրագիրն իրականացնել, քանի որ ֆինանսական մեր դրությունը տակավին ծանր է: Այո՛, կարևորագույն հարց է լուսավորության գործի համար նյութական բազա ստեղծելու խնդիրը, և այստեղ պարզորոշ պիտի ասել, որ մեր պետական կենտրոնական կասսան առաջիկա տարին անկարող է լինելու ամբողջապես հոգալ անհրաժեշտ ծախքերը: Մեր գավառները կամ այլ կերպ ասած՝ տեղերը իրենց վրա պիտի վերցնեն ուսուցիչների ապահովության և դպրոցական շենքերի նորոգման ու պահպանման գլխավոր ծանրությունը: Քաղաքների առաջին աստիճանի դպրոցների պահպանման կարիքները հոգալով դպրոցական ընդհանուր տուրքի միջոցով, անհրաժեշտություն է զգացվում երկրորդ աստիճանի դպրոցների աշակերտներից թոշակ վերցնել: Սակայն կենտրոնը և տեղերը պարտավորվում են բոլոր միջոցները գործադրել չքավոր երեխաներին ապահովելու ձրի ուսում:
Ինչ վերաբերում է գյուղական դպրոցներին՝ այստեղ հարկավոր է խնդիրը որոշ դնել գյուղացիների առաջ և պարզել պետական ֆինանսների վիճակը, որը հնարավորություն չի տալիս կենտրոնին գյուղի դպրոցների ծախքերը իր վրա վերցնելու: Հատուկ պայմանագրերի միջոցով գյուղացիներին պիտի հանձնել դպրոցների շենքերի և ուսուցիչների նյութական ապահովության հոգսը: Իբրև օժանդակիչ կարևոր միջոց կարող է ծառայել գյուղական դպրոցներին հատկացված հողաբաժինների շահագործումը: Լուսժողկոմատը համաձայնության է եկել Հողժողկոմատի հետ բացի հիշված հողաբաժիններից՝ հավելյալ հողամասեր ևս տալու գյուղական դպրոցներին՝ Հողժողկոմատի տրամադրության թողնված հողի ֆոնդից: Այս աղբյուրը, կարծում ենք, շնորհքով օգտագործելու դեպքում, կարող է տալ շոշափելի արդյունք և պատկառելի օժանդակություն անել գյուղական դպրոցներին, գուցե և ամբողջապես ապահովել նրանց:
Տարրական դպրոցների նյութական ապահովության խնդրում այսքան մեծ հոգս ձգելով տեղերի վրա, թող իրավունք չտանք մտածելու, թե կառավարությունը ձեռքերը լվանում է և ինքը ոչինչ չի անելու այդ ուղղությամբ: Այդ ենթադրությունը սխալ կլիներ: Ընդհակառակը՝ կառավարությունը մեծապես մտահոգված է որևէ նյութական աղբյուր գտնելու դպրոցների համար: Ֆինանսական այժմյան անցողակի պայմաններում հեռանկարները մոտիկ ապագայի վերաբերմամբ շատ չեն ժպտուն — ահա թե ինչո՞ւ կարիք կա, որ տեղերը կատարեն մաքսիմումն իրենց դպրոցների նյութական բազան ստեղծելու համար: Կենտրոնն իր հերթին ևս պիտի անի նույն ջանքերը:
Այսպիսով տեղերի և կենտրոնի ուժերի կատարյալ լարումով մենք հնարավորություն կստանանք ստեղծելու նյութական անհրաժեշտ բազա մեր դպրոցների և լուսավորության գործի համար:
Առանց այդ նյութական բազայի ժողովրդական լուսավորության գործի մեր բոլոր ծրագրերը կմնան թղթի կտորներ: Անհրաժեշտ է եռանդուն ու համառ ջանքեր թափել այդ նյութական բազան ստեղծելու ուղղությամբ, լավ հիշելով, որ բանվորա–գյուղացիական լայն մասսաների անգրագիտության վտանգավոր չարիքի վերացումը ամենահրամայական մի պահանջ է, որ թելադրվում է Խորհրդային Հայաստանի և ընդհանրապես Խորհրդային Հանրապետությունների այժմյան ներքին և արտաքին կացության հանգամանքներից: Բանվոր դասակարգը և աշխատավոր գյուղացիությունն իրենց քաղաքական իշխանությունը պիտի ամրացնեն տեխնիկայի, գիտության գրավումով: Առանց այդ զենքերի Խորհրդային կարգը մեծ վտանգի է ենթակա բուրժուական շրջապատի կողմից, քանի որ վերջինս հոյակապորեն զինված է այդ զենքերով:
Խլենք այդ զենքերը բուրժուազիայի ձեռքից, և մենք կդառնանք անպարտելի:
Ա. Մռավյան
«Կոմունիստ» № 1–2,
1923 թ., էջ 41–47: