Կրթությունն ու մանկավարժությունը եվրոպական Լուսավորության առանցքային բաղադրիչներից են եղել։ Քաղաքակրթական մեծ բարեփոխումներն ապագա սերունդների կյանքում կենսագործելու նպատակով բազում մտածողներ առաջ են քաշել «ճշմարիտ» կրթության իրենց պատկերացումները, որոնց վրա և դրանց հետ խոսակցության մեջ է կայացել արդի եվրոպական կրթության մոդելը։ անկավարժության՝ որպես առանձին գիտակարգի ձևավորման գործում հատկապես մեծ է եղել Ժան-Ժակ Ռուսոյի դերը։ Երկար ժամանակ Ռուսոն համարվել է առաջիններից, որ, օրինակ, խրախուսել է երեխաների կրթության հարմարեցումն իրենց տարիքին ու կարողություններին, առաջ քաշել կանանց կրթության անհրաժեշտության հարցը։ Պատահական չէ, որ 19-րդ դարի եվրոպացի առաջավոր մանկավարժների աչքում հենց Ռուսոն էր կանգնած աղջիկներին կրթություն տալու նախաձեռնությունների հիմքում։ Էապես հենց Ռուսոյի թողած մանկավարժական ժառանգության վրա հենվելով և այն միաժամանակ քննադատելով էին արդի այդ մտածողները ջանում ստեղծել իրենց ժամանակի կարիքներին պատշաճող կրթական ու մանկավարժական սկզբունքների համակարգ։
19-րդ դարի ֆրանսիացի գրող և մանկավարժ Էմե Մարտենն այս մտածողներից էր։ 1863 թվականին՝ Զմյուռնիայի Ծաղիկ հանդեսում թարգմանաբար հրապարակվում է նրա՝ կանանց կրթության վերաբերյալ մի հոդվածը։ 19-րդ դարի 60-ական թվականներին նոր-նոր փորձեր էին արվում արդիականացնել արևմտահայ իրականությունն ու հիմք դնել համապատասխան քաղաքական ու գիտական, գրական ու կրթական մշակույթի և հաստատությունների։ 19-րդ դարի հայ մտավորականությունն ընդհանրապես առանձնակի նշանակություն էր տալիս կանանց կրթությանը՝ իբրև «ազգի զավակների» ազգային-բարոյական նախնական նկարագիրը կերտող մայրերի ձևավորման գործընթաց Կանանց կրթությանը վերաբերող Էմե Մարտենի այս հոդվածի հայերեն թարգմանության փաստը լիովին տեղավորվում է 60-ականների արևմտահայ մտավորականների մանկավարժության արդիացման նպատակադրումների ուղեծրում, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ արևմտահայ իրականության մեջ մանկավարժական տեսություններն ու պատկերացումները մեծապես հենված են եղել ֆրանսիական մտածողների և հատկապես Ռուսոյի ժառանգության վրա։
Հրապարակվում է ըստ՝ «Աղջկանց կրթութեան անկատարութիւնը», Ծաղիկ, 1863, թիվ 67, էջ 36-38։
Աղջկանց կրթութեան անկատարութիւնը
Ընկերութեանց մէջ մտնելու եւ ելնելու սկսոց նորատի կին մը հոն ուրիշ բան չտեսներ՝ բայց միայն ինչ որ կը ծառայէ իւր սնափառութեանը, եւ երջանկութեան նկատմամբ իւր ունեցած շփոթ գաղափարը ու զինքը շրջադատոց ամէն տեսակ իրերու շառաչիւնը չեն թողուր որ անոր հոգին ամբողջ բնութեան ձայնը լսէ:
ՎՕԼԹԷՐ
Որչափ ծնողքներ կը կարծեն թէ կրթութիւն տուած են իրենց աղջկանց՝ երբ անոնց դասատուներուն ամսականներ կը վճարեն:
ՏԻԿԻն ՊԷՐՆԻԷ
Կրթութեան նպատակն է բարգաւաճել այն ամէն կատարելութիւնները որոնց ընդունակ է ամեն մէկ անհատ:
ՔԱՆԹ
Ֆենելոն և Րուսօ աշխարհ գալով մարդկութեան յառաջադիմութեանը նպաստեցին, և իգական սեռին դաստիարակութիւնը շահեցաւ այս յառաջադիմութեան մէջ: Ա՛լ ոչ ոք կը վիճաբանի՝ գիտնալու համար թէ արդեօք կիներուն կրթուիլը օգտակա՞ր է, և թէ ո՛րչափ ըլլալու է անոնց կրթութիւնը:
Իւրաքանչիւր ոք կը զիջանի բարգաւաճել անոնց իմացականութիւնը. նաև աւելի հեռի կերթայ, արհեստագէտներու և գիտնականներու պէս կը տաղանդաւորէ զանոնք, վերջապէս համօրէն գիտութեանց ուսումներէն անգամ սակաւ ինչ բան կը սորվին. բայց այս ուսմանց մէջ ամենևին չկայ ինչ որ կարենայ ստիպել զանոնք մտածելու բուն իսկ իրենց դիտաւորոթւեան վրայ: Միայն դպրոցական տետրակները կը տպուին անոնց յիշողութեան մէջ:
Այսպէս երբ կը հասնին այն հասակը ուր երևան կելնեն կիրքերը, ա՛յն կիրքերը զորս բաւականապէս չեն կրնար սանձահարել թէ՛ առաքինի սովորութիւնները, թէ՛ հոգիի զօրութիւնները և թէ՛ կրօնական սկզբունքները, ան ատեն կըսեմ, կրից այն երևման ժամանակ աղջիկներուն ամբողջ ունեցածը ոչ այլ ինչ է՝ բայց միայն երկու ձեռք որք բիանօյի համար յաջողակ են, յիշողութիւն մը որ կը կրկնէ ինչ որ ըսուած է իրեն, և հոգի մը որ կը նիրհէ:
Աւելցո՛ւր ասոնց վրայ քիչ մը ջերմեռանդութիւն, կեղծ բարոյականութիւն մը, մեքենական տաղանդներ, հեշտասիրութիւնը, կենաց իրերու նկատմամբ անոնց անգիտութիւնը, սիրելու և սիրուելու պիտոյքը, և ահա քանի մը բացառութիւններէ ի’զատ կատարեալ գաղափար մը կունենաս 19րդ դարու մէջ կազմուած կանանց վրայ:
Ըսել չեմ ուզեր թէ այս դաստիարակութիւնը բոլորովին անօգուտ է. գիտեմ թէ այն ալ իւր գեղեցիկ կողմը ունի. ընկերութիւնը անոր շնորհիւ ճաշակ և արհեստային կերպեր կընդունի, աւելի շնորհք և աւելի նորութիւն կունենայ: Ամէն աստիճանի կանայք իրենց հանճարովը կը մրցին հոն. կրթութիւնը սակաւ առ սակաւ հաւասարութիւն կը հաստատէ ընկերութեան մէջ, որուն միաձևութիւնը զօրաւորագոյն հասարակապետութիւն մ’է, և չեմ կարծեր թէ անընդունելի կարծիք մը արտայայտած կըլլամ եթէ հաստատեմ թէ կանանց տաղանդները աւելի նպաստեցին աստիճաններու հաւասարութեան քանթէ ազգային ժողովներու վճիռները:
Մտիր մեր ամենէն նորասէր ընկերութեանց մէջ, աես սասրահին մէջ ոտքի վրայ կայնող մարդերու բազմութիւնը, որք կարծես թէ միևնոյն կերպասէ զգեստներ հագած են. այն՝ սեղանաւոր մ’է, այս՝ վաճառական մը, մէկը արհեստաւոր, միւսը գրագէտ մը. այլ սակայն թէև միաձև են անոնց սևագոյն զգեստները, ամէնուն լեզուին և ձևերուն մէջ դրոշմ մը կայ, որով կը զանազանին իրարմէ և տարբեր դասերու կը բաժնուին:
Բայց կիներուն նկատմամբ այս դիտողութիւնը չենք կրնար ընել. անոնց շնորհալի կերպարանքը, վայելուչ կերպերը տեսնելով՝ մարդ կը կարծէ թէ ամէնքն ալ մի և նոյն ազնուականութիւնը և մի և նոյն աստիճանը ունին. մի և նոյն կրթութիւնը, մի և նոյն շնորհքը, արհեստներու մի և նոյն ճաշակը կը նշմարուի ամէնուն վրայ: Կարելի չէ վաճառականի, սեղանաւորի, զօրապետի և նօտարի մ’աղջիկները իրարմէ զանազանել: Նայէ՛ սա զմայլելի կիներուն խումբը, որն որ Իդալեան դերասաններու պէս Րօսինիի մէկ գեղեցիկ կտորը կերգէ ներդաշնակութեամբ: Անոնց որը բժշկի մը կինն է, որը Ֆրանսայի ատենակալի մը կինն է, այս՝ մարգիզուհի, այն՝ նորահաս արուեստուհի մ’է, միւսն ալ հասարակ մարդու մը դուստրը: Ասոնք ամէնքն ալ միայն իրենց տաղանդովը կը զանազանին իրարմէ:
Հիմա դարձո՛ւր նայուածքդ սա կնոջ վրայ, որուն զարդարանքը և հագուստը թէև այնչափ պարզ է, բայց վայելչութեամբը վայրկեան մը ամէնուն ուշադրութիւնը իւր վրայ հրաւիրեց. մեր ամենէն աղւոր դքսուհիներուն մին է անիկա: Տե՛ս թէ ի՛նչպիսի սիրուն ժպիտ մը փոխանակեց միւս նորատի կնոջ հետ որ եկաւ քովը նստաւ: Երկուքնին ալ իրօք նշանաւոր կիներ են. դքսուհին Լատիներէն կուսուցանէ իւր որդւոցը ու վիպասանութիւններ կը հեղինակէ. միւսը տաղաչափութիւններ կը շինէ, բանաստեղծուհի մ’է, գեղանի է, դարուս Գօրինն է անիկա, և իւր ազնուականութեան աղբիւրը իւր փառքն է: Այսպէս այս սիրուն ու շքեղ ընկերութեան մէջ, ուր ազնուականութիւն, հարստութիւն, տիտղոսներ, վիճակներ, վերջապէս ամէն բան իրարու խառնուած են, ամենևին արատ մը չկայ: Գեղութիւնը նայուածքը կը գրաւէ, տաղանդը աստիճանները կը նշանակէ և կրթութիւնը հարթութիւն չպահելով կը բարձրացնէ:
Ստուգիւ եթէ կիները պարտաւորէին իրենց կեանքը գործարաններու և հանդէսներու մէջ անցունել, եթէ անոնց պաշտօնը մի միայն շլացնելու ու հաճելի ըլլալու վրայ կայանար, խնդիրը գիշերային հանդէսներու և ընկերութեանց մէջ փայլող այս կրթութեամբ լուծուած և որոշուած կըլլար: Բայց զուարճութեան ժամերը կարճատև են և անոնց ետևէն կուգան մտածութեան յամրաքայլ ժամերը: Ընտանի կեանքը, բարոյական կեանքը, մայրական պարտաւորութիւնները, հարսութեան պարտաւորութիւնը (devoir d’épous) հետզհետէ կուգան կը հասնին, և ահա այս ամէնը մոռցուած է: Անատեն կինը ընտանեաց ծոցը դարձեալ դատարկութեան մէջ կը գտնէ ինքզինքը՝ վիպային (romanesque) կիրքերով, անսանձ բորբոքումով համակուած, յարակից ունենալով իրեն ձանձրոյթը, որն որ կանանց առաքինութեան ամէնէն մեծ դահիճն է: Իրերու այս վիճակին հետևութիւններն են հառաչանքներ որք մեր ականջին կը ձայնեն. այս հառաչանքները ամէն մայրերու աղաղակն է, ամէն կանացի մարդերու գանգատներն են, և այս ցաւալի ճնշումներուն մէջ՝ ուր իւրաքանչիւր ոք կը յուզի, կը յուսահատի, յոռագոյն իրողութիւն մը կայ որ է անհոգութիւնը և որով գէշութիւնը իւր վերջին աստիճանը կը հասնի Աղջկանց արուած կրթութեան մասին մեր ո՛րչափ կարճատես ըլլալը գիտնալու համար ինչ պէտք է.— Հարցունելու է թէ այս կրթութեան նպատակը ի՞նչ է: Միթէ կրօնքն է, բայց կրօնքը, ա՛յն զոր լաւմը չենք գիտեր, կը դատապարտէ գրեթէ ամէն ինչ որ կուսուցանենք: Միթէ ընտանեկան երջանկութիւնն է. բայց այն տաղանդները որք ա՛յնչափ դժուարութիւններով ստացած են, այն տաղանդները որք միտքը կամլեն՝ (stériliser) տնային կենաց մէջ կանհետին:
Միթէ հայրենեաց փառքը ու երջանկութիւնն է. ցնո՛րք. ո՞ր մայրը կը մտածէ այդ բանին վրայ այսօր: Այսպէս ուրեմն քանի որ կրթութեան նպատակը կորոնենք՝ ամէն բան կաներևութանայ, մասնաւորի երջանկութեան, հանրութեան բարօրութեան համար բան մը չկայ: Կը մնայ ընկերութիւնը. և ստուգիւ մեր ամէն նախատեսութիւնները հոն կը ձգտին: Իւրաքանչիւր ոք կը մտածէ աւելի հաճելի ըլլալ ընկերութեան քան թէ դիմագրաւել անոր. կուզէ փայլիլ, կուզէ տիրել հոն, ուրեմն սնափառութիւնն է կրթութեան նպատակը, զորն որ ամէնէն խանդակաթ մայրերը անընդհատ կը ցուցընեն իրենց աղջկանց, ժա՛յռ մը առ որ կը մղէ զանոնք ընկերութիւնը և ուր ասիկա՝ անտարբերութեամբ կը նշմարէ անոնց խորտակումը:
Սնափառութիւն հագուստի մէջ.
Սնափառութիւն հաճոյական տաղանդներու մէջ.
Սնափառութիւն կրթութեան մէջ:
Մայր մը իւր աղջիկին կըսէ.— Գեղեցկացիր, քաղաքավար եղի՛ր, քեզի կը նային, քաղցրաբարոյ եղիր, հեզ և հնազանդ եղի՛ր, քեզ մտիկ կընեն.— Այս խօսքերը կը նշանակեն. ,,Ամէն տեղ իրականին տեղ երևոյթը դիր, ,,Ինչպէս մարմինը, նոյնպէս հոգին ալ իւր թեթև զարդարանքը ունի որուն կը սովորինք որորանէն սկսելով. հիւանդութիւնը չեն բուժեր՝ այլ կը պահեն. բարքը չեն փոխեր՝ այլ կը ծպտեն: Այսպէս ամեն բան սնափառութեամբ կը սքօղի. ուրեմն կրթութիւն կառնուի ոչ թէ կրթուելու՝ այլ կրթուած երևալու համար:
Կը խոստովանիմ թէ նորաբոյս օրիորդի մը պարապոյ ժամերը կրնան զմայլելի ըլլալ երաժշտութեամբ, նկարչութեամբ և պարով, ասոր ըսելիք չունինք. բայց քանի որ զմայլելի զուարճութիւն մ’է այս, ինչո՞ւ ծանրատաղտուկ և դժուարին գործ կ’ընենք զայն: Ինչո՞ւ յոգնեցնենք զանիկա այնպիսի աշխատութիւնով մը որն որ մի միայն զբօսանք մը պիտի ըլլայ: Գեղեցի՛կ հարցում. դուն կուզես որ զինքը զբօսցնող տաղանդներ ունենայ անիկա. ես ալ կուզեմ որ այնպիսի տաղանդներ ստանայ, որք ծափահարութեանց ենթարկեն զանիկա, այսինքն կուզեմ որ բիանօյի համար յաջողակ ձեռք և պարելու համար քաջավարժ ոտք մ’ունենայ. դարձեալ ուրեմն սնափառութիւնն է ուզուածը: