1906 թվականին կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի երկու կոնդակներով Հայ առաքելական եկեղեցին հրավիրում է Ազգային պատգամավորական կենտրոնական ժողով։ Սա ռուսահայաստանում բնակվող հայերի՝ մեծ լիազորություններ ունեցող ներկայացուցչական մի օրգան պետք է լիներ, որը կորոշեր եկեղեցու հոտին առնչվող զանազան խնդիրներ։ Ընտրական գործընթացի բարեփոխումներով ընթացող և աշխարհական տարրին աննախադեպ ձևով տեղ տվող այս քաղաքական իրադարձությունը հայ հասարակայնության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում մնաց ամբողջ տարվա ընթացքում։
Ներկայացվող վավերագիրը հատված է պատմաբան, հրապարակախոս Լեոյի՝ 1925 թվականին՝ արդեն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո գրված Անցյալից գրքից։ Հեղինակի փորձն է այստեղ իր անձնական հիշողություններով պատմել ընթերցողին, «թե ինչպես եր, վոր գրեթե կես դար առաջ հայոց հարց ծնվեց» և այս փորձը նա անում է իր օրերի «քննադատական կարողությունն» իբրև «ղեկավար» ընդունելով. որովհետև «այսոր ամեն ինչ պարզ ե, սոսկալի կերպով պարզ» (Անցյալից, էջ 17-19)։
Հետահայաց այս քննադատական ակնարկի մեջ Էջմիածնի 1906 թվականի ժողովը երևում է իբրև «վեղարավոր սոցիալիզմ» ստեղծելու՝ զուտ դաշնակցական մի նախաձեռնություն։ Իրեն հատուկ սուր ու կծու ոճով («յես ուրիշ կերպ գրել յերբեք ել չեմ իմացել») հրապարակախոսը մեր առաջ պատկերում է խեղճ ու կրակ, բայց մեծ հավակնություններով պսակված հավաքը, որն իրեն տարիների հեռավորությունից կատարելապես անհեթեթ է թվում։ Լեոյի խոսքն, այնուամենայնիվ, կարևոր մի վավերագիր է հասարակական տարբեր թևերի ու հանրային խմբերի, ինչպես նաև հենց Դաշնակցություն կուսակցության մեջ ձևավորվող տարբեր հարումների՝ ժողովի հանդեպ ունեցած տրամադրությունները հասկանալու համար։ Եվ հետաքրքրականորեն, հրապարակախոսն այս՝ առնվազն իր նպատակադրմամբ շրջադարձային քաղաքական իրադարձի առնչությամբ քննադատելով դաշնակցական գործիչների անհեռատեսությունն ու անկարողությունը, միաժամանակ եկեղեցական գործիչներին՝ այդ թվում և ժողովը հրավիրած կաթողիկոսին, հատկացնում է հատկանշորեն կրավորական դեր։
Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Լեո, Անցյալից (Թիֆլիս։ Խորհրդային Կովկաս, 1925), էջ 193-201։
Անցյալից
գլուխ Թ.
1906 թ. ամառն ել յես բժշկվում եյի Եսսենտուկիում և տեսա, թե վորպիսի արագությամբ Ստոլիպինի կառավարությունը ճնշեց այն ցույցերը, վորոնք սկսել եյին կազմակերպվել առաջին Պետական Դումայի արձակման առիթով, իբրև բողոքի արտահայտություններ։ Բայց մինչդեռ Ռուսաստանը դեռ չվայելած՝ բարձրացող ռեակցիային զոհ եր տալիս իր անդրանիկ ներկայացուցչական հիմնարկութիւնը, հայերի մեջ նոր ծայր էր տալիս մի ներկայացուցչական կատակերգություն, վոր ամբողջովին Դաշնակցության գործն եր։
Հայտնի ե, վոր 1860-ական թվականին թյուրքահայերն ունեցան իրանց Սահմանադրությունը։ Յերկու խոսքով յեթե բնորոշելու լինենք այդ խոշոր հասարակական շարժումը, կըստանանք «Սահմանադրական պատրիարքություն» հասկացողությունը։ Կ. Պոլսի հայոց պատրիարքի իշխանությունը, մինչև այդ, միահեծան եր, այնուհետև դարձավ սահմանափակված։ Յեվ սահմանափակողը ժողովրդական ներկայացուցչությունն եր, վոր իր ձեռքն եր առնում պատրիարքի բոլոր վարչական իրավունքները, իսկ նրան տալիս եր գործադիր իշխանության նախագահի դեր։ Այժմ նույնպիսի սահմանափակման ուզում եյին յենթարկել կաթողիկոսական իշխանությունը և սրա համար կանչում եյին հիմնադիր ժողով, վոր պիտի գումարվեր Եջմիածնում ոգոստոս ամսի յերկրորդ կեսում։ Խրիմյան կաթողիկոսը, վոր զառամությունից արդեն գրեթե մի կենդանի դիակ եր, ստորագրել եր Սիրական Տիգրանյանի և Գալուստ Տեր-Մկրտչյանի կազմած կոնդակը, վորով ընտրություններ եյին նշանակվում քառանդամ սիստեմով, և ընտրողական իրավունք տրվում եր նաև իգական սեռին։
Եսսենտուկի յեր յեկել նաև Մեսրոպ վարդապետը, վորին նոր հանձնված եր ճեմարանի տեսչի պաշտոնը։ Նա, նկատի առնելով, վոր յես բոլորովին թողել եմ «Մշակի» խմբագրությունը, առաջարկեց ինձ հայոց նոր պատմության և նոր գրականության պատմության դասեր ճեմարանի լսարանական բաժնում և յես, առանց յերկար տատանվելու, հանձն առա, վորովհետև ապրուստի ուրիշ վոչ մի միջոց չունեյի։ Այս մի մեծ փոփոխություն եր կյանքիս մեջ, վորովհետև յերբեք ուսուցչություն չեյի արել և չը գիտեյի, արդյոք իմ՝ արդեն շատ խախտված առողջությունս, պիտի թույլ տա՞ դպրոցական պաշտոնյա լինելն, շուտով լուր առա և այն մասին, վոր Կարսի մոտ յեղած մի գյուղից յես ընտրված եյի Եջմիածնի սահմանադիր ժողովի պատգամավոր, ուստի սովորական ժամանակից առաջ ճանապարհվեցի Ղարաքիլիսա, ուր գտնվում եր ընտանիքս։ Այստեղից յես մի ճանապարհորդություն կատարեցի դեպի Անի և հարավային Շիրակ, վոր ինձանից մոտ յերկու շաբաթ ժամանակ խլեց։ Այս միջոցին արդեն բացվել եր, այն ել շատ աղմուկով, Եջմիածնի հիմնադիր ժողովը։ Պատգամավորների ճնշող մեծամասնությունը դաշնակցականներից եր բաղկացած, վոր և տվել եր ժողովին բացառապես սոցիալիստական գույն և, այս ուղղությամբ վարելով իր զբաղմունքները, ընդհարվել եր բուրժուական-պահպանողական փոքրամասնության հետ, վոր թողել եր ժողովը, հրաժարվելով նրան մասնակցելու ամեն մի մտքից։
Ոգոստոսը մոտենում եր իր վերջին, յերբ յես ընտանիքով գնացի Եջմիածին։ Այդտեղ յես տեսա մի ամբողջ պարլամենտ, զետեղված ճեմարանի ննջարանում, վերին աստիճանի աղքատ ու անհրապույր արդ ու զարդի մեջ։ Նույն իսկ հասարակ աթոռներ և նստարաններ ել չկային, և պատգամավորները նստում եյին հին ու ճռճռան տոբուրետների վրա։ Բայց նախագահությունը համեմատաբար ավելի որինավոր սարք ու կարգի մեջ եր։ Կարմիր մահուդով ծածկված սեղան, նրա յետևը նստած ե նախագահ Սիմյոն Զավարյանը իր յերկու ոգնականների ընկերակցությամբ և ղեկավարում ե վիճաբանությունները։ Ինչպես վայել ե փոքր ի շատե Կարգին պարլամենտին, սենյակում շարված տոբուրետները բաժանված են յերկու մասի – ձախ ու աջ։ Աջն արդեն գրեթե բոլորովին ամայացած եր և դաշնակցական ձախը մնացել եր առանց ընդդիմադիր հոսանքի, առանց ոպպոզիցիայի։ Յես տեղավորվեցի աջի ամայության մեջ և գրեթե առանց մասնակցություն ունենալու վիճաբանություններ մեջ, լուռ ուսումնասիրում եյի այս դաշնակցական ձեռնարկությունը, վոր աղմուկ շատ եր հանել և շարունակում եր տակավին հանել։
Թյուրքահայերի սահմանադրությունը, բարենորոգելով հին միանձնյա գործավարությունը, նոր սահմանած կարգերի հիմք և կենտրոն թողել եր յեկեղեցին, վոր մնում եր դարձյալ իրավատեր և հրամայող հիմնարկություն։ Այս հիմնարկությունն ավելի ևս ուժեղացնելու համար սահմանադրությունը թույլ եր տվել նույն իսկ կաստայական սկզբունքի կիրառություն։ Հոգևորականները բացի նրանից, վոր իրավունք ունեյին ընդհանուր հիմունքներով մասնակցելու ընտրություններին, այսինքն ընտրելու և ընտրված լինելու, կազմում եյին յեկեղեցական համագումար, վոր ընտրում եր Կրոնական Ժողով՝ Ազգային Ժողովի կողմից ընտրված Քաղաքական Ժողովի հետ գործադիր իշխանություն կազմելու համար։ Ինքն Ազգային Ժողովն ել իր գործունեության մեծագույն մասը նվիրում եր զուտ յեկեղեցական հարցերի – կաթողիկոսների, պատրիարքների, առաջնորդների ընտրության։
Այսպես, ուրեմն, Կ. Պոլսի սահմանադրությունը միանգամայն հասկանալի եր, ուներ իր կատարյալ raison d’être-ը։ Մինչդեռ Եջմիածնում … նորաթուխ դաշնակցական սոցիալիստները մի հին վանքում, յեպիսկոպոսների և վարդապետների հովանավորությամբ, ուզում եյին իրականացնել սոցիալիստական դրախտ։ Ահա ինչն եր ծաղրական դարձնում այդ ամբողջ ձեռնարկությունը։ Սոցիալիզմն իր անհաշտ թշնամի եր ընդունում կրոնը և յեկեղեցականությունը, իսկ դաշնակցականները ուզում եյին տանել նրան պատվաստել այդ թշնամի միջավայրում, դնել նրան յեկեղեցու հովանավորության տակ։ Դեռ յերբեք, կարծեմ, այսքան կոպիտ կերպով աղավաղված չե յեղել սոցիալիզմի եությունը, նրա սրբության սրբոցը։ Վիճաբանությունների մեջ իրար եյին շփվում, հաճախ բավական սուր կերպով, Դաշնակցության ձախ կամ յերիտասարդ և աջ թեվերը։ Յերիտասարդների ներկայացուցիչն եր ուսանող Արտաշես Չիլինգարյանը, վոր ժողովներում, բայց մանավանդ ժողովներից դուրս մտրակում եր հոգով-մարմնով ազգային, կարելի ե նույնիսկ ասել՝ ուղղափառ-լուսավորչական կուսակցությունը դեպի ձախ, դեպի սոցիալիզմը։ Ինքը Չիլինգարյանը հարած եր եսերության և շարունակ սպառնում եր, թե կըմտնե եսերների կուսակցության մեջ, յեթե Դաշնակցությունը կարգի չգա։ «Ի՞նչ կասեն եսերները… Ամոթ չե՞, վոր լինելով սոցիալիստ, յեկել ենք մտել այս վանքի փեշերի տակ», ասում եր նա շարունակ, և նրա խոսքը կրակոտ եր, ազդու, իսկապես հարկադրում եր, վոր դաշնակցական ծանր մարմինը ժաժ գա…
Յեվ ժաժ եր գալիս այդ մարմինը վոչ միմիայն այն ուղղությամբ, վոր ցույց եր տալիս Արտաշես Չիլինգարյանը իր՝ գրեթե վախ ազդող հարցով՝ «ի՞նչ կասեն եսերները»։ Բարձրանում և ահեղ կերպարանք եր առնում նաև հակառակ ուղղությանը, վոր գալիս եր ցույց տալու, թե Դաշնակցությունն այլևս մի կուսակցություն չե, այլ տարամերժ տարրերի մի արհեստական համախմբում։
Եջմիածին հասած որը յես չկարողացա սենյակ գտնել ընտանիքիս համար, ուստի իջա «հյուրանոցում», վոր գտնվում եր ճեմարանի յետեվում։ Այդ «հյուրանոց» հորջորջվածն իսկապես մի գինետուն եր, վորի յետեվում, պատշգամբի վրա, յերկու թե երեք սենյակներ կային վարձու տրվելի։ Նույն որը յերեկոյան յերբ մենք պատրաստվում եյինք քնելու, ծառան ինձ հայտնեց, թե դրսում ինձ հարցնող կա։ Դուրս յեկա։ Առջևս կանգնած եյին յերկու անծանոթ մարդիկ, վորոնք խնդրեցին ինձ անց կացնել իրանց հետ մի կես ժամ։ Նստեցինք պատշգամբում։ Անծանոթները խորոված պատվիրեցին ծառային։ Նրանցից մեկը, վոր ասաց, թե ինքը ղազախեցի Շըխալին ե, կոպիտ ու անտաշ ձեվերով մի մարդ եր, յերեվի բոլորովին անգրագետ։ Յես թեև չեյի տեսել նրան, բայց գիտեյի, վոր բավական հայտնի մի հայդուկ եր, վոր անուն եր հանել մանավանդ հայ-թյուրքական կռիվների մեջ Ղազախում։ Նրա ընկերը խմբապետ Միհրանն եր, Թյուրքահայ, ավելի մեղմ ու կիրթ ձեվերով և բավական ել կարդացած։ Թյուրքահայ խմբապետների մեջ պատվավոր տեղ եր գրավում, փառաբանված եր, վորովհետև զինված խումբ եր տարել Թյուրքիա, բայց հենց սահմանի վրա, Մոսուն գյուղում, կռվի յեր բռնվել ոսմանյան մի զորամասի հետ և քաջությամբ կռվել եր, հետ քաշվելով դեպի ռուսական սահմանը։
Շըխալին ձկան լռության մատնվեց, իսկ Միհրանը բաց արավ իմ առջև մի ամբողջ ծրագիր։ Յերկուսով յեկել եյին այստեղ՝ հիմնադիր ժողովը ցրելու և զինվորական դիկտատուրա հաստատելու համար, վոր պիտի դատի յենթարկեր ժողովի բոլոր դաշնակցական անդամներին։ Վորովհետև, – ասում էր, – նրանք հանդգնել են վոտի տակ տալ կուսակցության բուն և միակ իսկական նպատակը։ Դաշնակցությունը հիմնված ե վոչ թե սոցիալիզմի համար, այլ թյուրքահայերի դատը պաշտպանելու համար։ Յեթե յես նրա շարքերի մեջ եմ, այս պարզապես այն պատճառով, վոր ուխտել եմ վրեժ հանել թյուրքերից, վորոնք սպանել են իմ քույրերին և յեղբայրներին։ Այսպես ե և ամեն մի ուրիշ թյուրքահայ։ Մենք սոցիալիզմից վոչինչ հասկացողություն չունենք, նահապետական ժողովուրդ ենք և վորոնում ենք գլուխ դնելու մի ապահով տեղ։ Մեր ինչն ե սոցիալիզմը, ինչո՞ւ համար պիտի կռվենք և թշնամանանք Ռուսաստանի հետ, վոր մեր դատը պաշտպանողներից մեկը պիտի լինի։
Ահա թե ուր եր հասել բանը։ Միհրանն իր ընկերոջ հետ հենց այդ որն եր յեկել Թիֆլիսից և ինձ բավական առիթներ տվեց կռահելու, վոր նրան շատ բան ներշնչել եր Թիֆլիսի բուրժուազիան։ «Մշակի» խմբագրատանը նրանց յերկուսին ընդունել են հաճությամբ, ժողով են կազմել և Թիֆլիսի հարուստները (տվեց Մելիք-Ազարյանի անունը) խոստացել եյին դրամական առատ նպաստ։ «Մշակի» մեջ Միհրանն արդեն տպագրել եր մի քանի հոդվածներ։ Մի մեծ հոդված ել շարված եր և պիտի լույս տեսներ մյուս որը, բայց խմբագրությունը այնքան ուշադիր եր յեղել դեպի իր նոր աշխատակիցը, վոր նրա ձեռքն եր տվել սրբագրական փորձի թերթը։ Վերջում մի քանի խոսք ել Շըխալին ավելացրեց և յես այդ խոսքերի մեջ պարզ տեսա կռիվը արհեստ դարձրած մի մարդու, վորին սպառնում ե գործազրկությունը։ Հայ-թյուրքական կռիվները դեռ շարունակվու եյին այն միջոցին ել, յերբ Դաշնակցությունը քափ ու քրտինք եր թափում վեղարավոր սոցիալիզմ ստեղծելու համար։ Բայց ի՞նչ կը լինի յեթե այդ սոցիալիզմն իրականանա և հայդուկությունն ավելորդ դառնա։ Շըխալին չի թույլ տա, վոր կռվող մարդիկ մնան առանց պարապմունքի և մանավանդ առանց ռոճիկի և հասույթի։
Այսպես գլուխ եր բարձրացնում միհրանականությունը, վոր գալիս եր հարվածելու Դաշնակցությունն աջից և վոր ահագին գլխացավանք եր բերում նրան, մասնավորապես մեջկուսակցական արյունահեղություն։ Ինչպես տեսնում եք, այդ մի բարդ յերևույթ եր, վորի մեջ իրար գլուխ հանդիպում եյին զանազան տեսակի անձնական, կուսակցական և դասակարգային շահեր ….
…. Սակայն, Միհրանի «զինվորական դիկտատուրան» չիրականացավ և իրականանալ չեր ել կարող։ Նրա տեղ իրականացավ այն, ինչին վաղուց սպասում եյին։ Վորոնցով-Դաշկովը աղվեսոտ-խաղ եր տալիս։ Յերբ ամեն ինչ պարզվեց ու հայտնագործվեց, իսկ հետևում ստոլիպինյան ռեակցյան եր ամրանում հաղթականորեն, Եջմիածնի գավառապետ Լեմմերմանը մի թուղթ ուղարկեց վանքը, որի մեջ մեկիկ մեկիկ գրված եյին մեծախոս և աղմկաշատ հիմնադիր ժողովի պատգամավորների անուններն ու ազգանունները, պահանջելով վոր նրանք ստորագրեն, թե պարտավորվում են հեռանալ Եջմիածնից 24 ժամի ընթացքում։ Այս կարգադրությունը Դաշնակցականները կատարեցին ամենայն փութաջանությամբ և նշանակված ժամանակի կես ել դեռ չեր անցած, յերբ վանքի պարիսպների միջից չքացավ ամեն մի յեկվոր Դաշնակցական պատկեր։ Շատերը գնում եյին, չծածկելով իրանց ուրախությունը։ Նրանք անկեղծորեն խոստովանում եյին, թե կառավարությունն իրանց ազատեց մի ծիծաղելի դրությունից։ Յեթե փակած չլիներ ժողովը, իրանք չպիտի իմանային, թե այլևս ինչ անեն։ Յեվ իրավ, սոցիալիզմի գլխին վեղար նստեցնելու կատակերկությունը վերջանում եր կատարյալ խայտառակությամբ, մի անգամ ել ցույց տալով, թե վորքան վողորմելի միամիտներ եյին այն հեղափոխականները, վորոնք մի ամբողջ ժողովրդի փրկության մենաշնորհն եյին ստանձնել։ Անընդունակություն թյուրքահայկական հեղափոխության կազմակերպման մեջ։ Անընդունակություն և ռուսական հեղափոխության լայն ու հարթված (համեմատաբար դատելով) ուղիների վրա։
Եջմիածնի հիմնադիր ժողովն, այնուամենայնիվ, մի քանի վորոշումներ մշակեց, վորոնց դասակարգությունն այսպես ե բերում կոմս Վորոնցով-Դաշկովը Նիկոլա Բ-ին ներկայացրած իր հաշվի մեջ։ «1) Ցանկալի համարել ընդհանուր ձրի ուսուցումը, հատկացնելով այդ առարկային բոլոր յեկեղեցական դրամագլուխները և մտցնելով սրա համար առանձին յեկամտային հարկ առաջատականության (պրոգրեսսիվ) սկզբունքների վրա, պարտադիր թողնելով ռուսաց լեզվի, իբրև պետական լեզվի, ուսուցումը և մտցնելով, ցանկացողների համար, թյուրքական և վրացական լեզուների դասեր, դուրս ձգել ցած դպրոցների ծրագրից կրոնի դասավանդությունը, իսկ միջնակարգ դպրոցներում համարել նրան վոչ-պարտադիր։ 2) Համարել յեկեղեցական-վանքական կալվածները սոցիալիզացիայի յենթարկված ազգային սեփականություն, ապահովելով յերկրագործական համայնքների համար հնարավորություն ոգտվելու այն հողամասերից, վորոնցից ոգտվում են այժմ և վորոշելով նրանց իրավունքը ստանալու լրացուցիչ կերպով հողաբաժիններ, վորքան պահանջվում ե։ 3) Պահանջել պետական բյուջեյին հայ ժողովրդի կուլտուրական կարիքների համար մի մաս, վոր համապատասխանում ե նրա թվին պետության մյուս ազգաբնակության համեմատությամբ։ 4) Բոլոր դպրոցական և այլ ազգային գործերի կառավարության համար կազմել, ռուսահպատակ հայերի պատգամավորական ժողովի գլխավորությամբ, վորի ընտրությունը կատարվում ե քառանդամ ձևաբանությամբ, առանձին համայնական որգաններ, վորոնք ընտրվում են միևնույն կարգով և վորոնք, լինելով անկախ տեղական գործերի մեջ, կապված են իրար հետ Դաշնակցության (ֆեդերացիայի) հիմքերի վրա։ Յեվ 5) Յեկեղեցուն և հոգևվորականության թողնել միայն դավանական գործերը»։
Գրեցին և թողին գնացին։ Ո՞վ պիտի կատարեր այդ որոշումները, ի՞նչ միջոցով։ Այդ հոգևվորականությունն եր, վոր պիտի ինքն իր գլուխը կտրեր և ելի կենդանի մնար՝ նոր ֆեդերացիային կյանք տալու համար։ Այդ հոգևվորականությունն եր, վոր պիտի արգելված հայտարարեր կրոնի դասավանդությունը։ Եջմիածինը հինգ գյուղ ուներ և մե՜ծ բան կը լիներ, թե դրանց հողերը ազգայնացված լինեյին, մինչդեռ հարյուրավոր հարևան գյուղեր պիտի շարունակեյի մնալ մասնավոր սեփականության հիմունքների վրա։ Հետաքրքրականն այն ե, վոր Եջմիածնի ճեմարանի ննջարանում քվեարկված հողային որենքը պիտի պարտադիր դառնար նաև Պարսկաստանի, Թյուրքիայի, Ավստրիայի, Անգլիայի և բոլոր այն պետությունների համար, ուր գտնվում եյին հայ յեկեղեցիներ և յեկեղեցական կալվածներ։ Յեվ այս սոցիալիզացիան պիտի պետություններին հարկադրեր ընդունել, իհարկե, զառամյալ Խրիմյան կաթողիկոսն իր հիվանդության մահճից…