ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

 

Ժիրայր Լիպարիտյան, «Մկրտիչ Խրիմյանի տեղը մեր քաղաքական մտքի պատմության մեջ»

Ժիրայր Լիպարիտյանի «Մկրտիչ Խրիմյանի տեղը մեր քաղաքական մտքի պատմության մեջ» բանախոսությունը նվիրված է 19-20-րդ դարի կարևորագույն հայ գործիչներից մեկի` Մկրտիչ Խրիմյանի մտածողության հակասական կողմերի քննությանը և այդ մտածողության` իրեն հաջորդող սերնդի` հեղափոխական կուսակցությունների հետ կապի վերհանմանն ու դրա` ժամանակակից կյանքի վրա ունեցած հեռագնա ազդեցությանը: Բանախոսությունը Հովհաննիսյան սեմինարների շրջանակում է և իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության ֆինանսական օժանդակությամբ։

Ժիրայր Լիպարիտյանը պատմաբան է: Նրա գիտական հետազոտությունները ընդգրկում են 18-րդ դարից ի վեր հայ քաղաքական մտքի դաշտն ու հայ ժողովրդի պատմությունը: Ներդրում է ունեցել հայոց պատմության ու մշակույթին վերաբերող բազմաթիվ հեղինակների մենագրութիւնների հրատարակութեան գործի մեջ, ինչպես նաև ղեկավարել է  բանավոր պատմության տարբեր ծրագրեր։ 1982-ին հիմնադրել է Բոստոնի Զորյան հաստատությունը, որի տնօրենն էր մինչեւ 1990 թ.։ 1982-1987 թթ. եղել է ՀՅԴ արխիվների տնօրենը, ապա` Armenian Review հայագիտական պարբերականի խմբագիրը (1983-1987)։ Լիպարիտյանը 1991-ին եկել է Հայաստան և աշխատել որպէս Գերագոյն խորհուրդի բաժնի վարիչ աշխատել, իսկ 1992-1997 թթ. վարել է հանրապետութեան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի, առաջին փոխարտգործնախարարի, անվտանգութեան խորհուրդի քարտուղարի և յատուկ յանձնարարութիւններով դեսպանի պաշտօնները։


 

Լևոն Աբրահամյան, «Հայկական ազգ-պետությո՞ւն, թե՞ ընտանիք-պետություն»

Լևոն Աբրահամյանի «Հայկական ազգ-պետությո՞ւն, թե՞ ընտանիք-պետություն» բանախոսությունը քննարկում է հայերենում նոր` nation (lat. natio) եզրի համար «ազգ» բառի ընտրությամբ ստեղծված ծուղակները, թե ինչպես է այն ազգ-պետության փոխարեն հղում ընտանիք-պետությանը: Դիտարկելով դիմելաձևերը, որոնք բացահայտում են ժամանակակից հայ ազգի ընտանեկան մոդելը, դրանք քննարկվում են ընտանիք-տուն-պետություն կապի համատեքստում։ Բանախոսությունը Հովհաննիսյան սեմինարների շրջանակում է և իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության ֆինանսական օժանդակությամբ։

Լևոն Աբրահամյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և Մոսկվայի ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան։ Թեկնածուական աշխատանքը նվիրված էր Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթին։ 2006 թ․ ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Դասավանդում է ազգագրական և մշակութաբանական դասընթացներ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում։ Դասավանդել է նաև ԱՄՆ-ի մի շարք առաջատար համալսարաններում։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է, ղեկավարում է նույն ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժինը։


 

Նանոր Գպրանյան, «Կայսրութիւն, հպատակութիւն, եւ «հայ-թուրք հարցը»»

Արևմտահայ գրող Հակոբ Օշականի (1883 – 1948) գրականությանը նվիրված  Նանոր Գպրանյանի «Կայսրություն, հպատակություն և հայ-թուրք հարցը» բանախոսությունը քննարկման առարկա է դարձնում բարքի ըմբռնումն ու Օշականի կողմից դրան տրված կարևորությունը: Օշականի համար առանձնակի կարևորություն ունեցող այս հարցի քննարկմամբ հնարավոր է դառնում ծավալել «հայ-թուրք հարց»-ի ամբողջական մի մեկնաբանություն, որտեղ փորձ է արվում շոշափել Օշականի գրականության մեջ լայնորեն տարածված բարքի և օսմանյան քաղաքականությունների հետ դրանց կապը։ Բանախոսությունը Հովհաննիսյան սեմինարների շրջանակում է և իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության ֆինանսական օժանդակությամբ։

Նանոր Գպրանյանը հետազոտող է, գրող և թարգմանիչ է, որի հետազոտություններում հատվում են պատմության, գրականութան և իրավաբանության գիտակարգերը։ Դոկտորական կոչումը ստացել է Օքսֆորդ համալսարանում` լինելով Ամերիկյան Ջեք Քենթ Քուք հիմնադրամի և Օքսֆորդի Քլերանտոն հիմնադրամի մրցանակակիր։ Որպես հետազոտող է աշխատել Քլամբիա, Լոնդոնի Քուին Մերի համալսարաններում: Վերջին տարիներին լինելով Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության մրցանակակիր` աշխատել է Սինգապուրի Նանյանկ արվեստագիտական համալսարանում:


 

Համլետ Պետրոսյան, «Ինչպես հաղթել. աշխարհիկ պատկերաքանդակն Արցախի խաչքարերում»

Համլետ Պետրոսյանի «Ինչպես հաղթել. Աշխարհիկ պատկերաքանդակն Արցախի խաչքարերում» բանախոսությանը քննարկվում է արցախյան խաչքարային քանդակների առանձնահատկությունները: Դրանք ներկայացնում են ոչ միայն առանձին կերպարներ, այլ, որպես կանոն՝ թեմաներ կամ տեսարաններ, որոնք սովորաբար ընդհանուր եզր չունեն պաշտոնական քրիստոնեության հետ, չնայած տեղադրված են խաչի հարևանությամբ և ուղեկցվում են Վերջին օրերին ուղղված կանոնական արձանագրություններով։ Բանախոսությունը Հովհաննիսյան սեմինարների շրջանակում է և իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության ֆինանսական օժանդակությամբ։

Համլետ Պետրոսյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ։ Զբաղվում է Հայաստանի և հարակից երկրների միջնադարյան հնագիտության, հայ քրիստոնեական մշակույթի և ինքնության, կոթողային մշակույթով: 2003 թ. ղեկավարում է Արցախի հնագիտական արշավախումբ, որն ընդարձակածավալ պեղումներ է իրականացրել Շուշիում, Հանդաբերդում, Ամարասում, Բերդաշենում, Վաճառում: 2005-2020 թթ. ղեկավարել է Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունը: 2018 թ. ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Դվինի արշավախմբի, 2019 թ.՝ նույն ինստիտուտի «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի ղեկավարն է: 2009 թ. Խաչքար մենագրության համար արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի:


 

Վարդան Ազատյան, «Պատկերը վտանգին հանդիման»

Ի՞նչ ուժ է ձեռք բերում պատկերը վտանգի պահին։ Ի՞նչ պատկերներ են վկայակոչվում պատերազմների ժամանակ վերահաս բռնությանը հակազդելու նպատակով։ Ի վերջո ի՞նչ է պատկերը՝ երևութականությո՞ւն, նմանությո՞ւն, թե՞ հանդիպադրություն։

Բանախոսության առաջին՝ «Պատմության հրեշտակը և իշխանության անգղը» մասը այս հարցերն է քննարկում՝ կենտրոնանալով մշակույթի քննադատ ու փիլիսոփա Վալտեր Բենյամինի և արվեստաբան Էռնստ Գոմբրիխի տարամիտող, բայց խորքում հարազատ այն տեսությունների վրա, որոնք դիմում են պատկերի ուժին Երկրորդ աշխարհամարտի վտանգներին հանդիման:

Բանախոսության երկրորդ՝ «Պատկեր և երևակայություն» մասը (1:29:51) փորձ է պատկերի ըմբռնումը քննել հայկական մշակութային ավանդույթում՝ բացահայտելով պատկերի որպես ի մոտո, հանդիպակաց ներկայության առանձնահատուկ այն ընկալումը, որը ժառանգել ենք հին իրանական ավանդույթից, և որը տարբեր է պատկերի՝ որպես երևացող տեսողական նմանության հունաքրիստոնեական իմաստից։ Այս երկու իմաստները, այնուամենայնիվ, գոյակցում են մեր մշակութային թարգմանական ավանդույթում՝ համեմատաբար նոր՝ քրիստոնեական ըմբռնումը ենթարկելով առավել հին՝ տեղական ընկալմանը։ Ի վերջո մատնացույց է արվում այն դժվարությունը, որին քննական մտածողությունը բախվում է մեր ավանդույթում պատկերն իր բարդությամբ հասկանալ փորձելիս։

Վարդան Ազատյանը (գ․ թ․) կրթությամբ նկարիչ է, արվեստաբան, տեսական և փիլիսոփայական գրականության թարգմանիչ, Հովհաննիսյան ինստիտուտի համահիմնադիրն է: 2003-ից արվեստի և գաղափարների պատմություն է դասավանդում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Դասավանդել է մի շարք այլ հաստատություններում, ներառյալ Նյու Յորքի Քոլումբիայի համալսարանը, Նիդերլանդական արվեստի ինստիտուտը։ Նրա հոդվածները հրատարակվել են Oxford Art Journal, Springerin, ArtMargins և այլ միջազգային հանդեսներում։ Արվեստաբանություն և ազգայնականություն (2012) և Ովքեր արեցին հեղափոխությունը (2020) գրքերի հեղինակն է։ Կազմել և ծավալուն ուսումնասիրությամբ համալրել է Աշոտ Հովհաննիսյանի Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը ավարտաճառի հայերեն թարգմանությունը (2016): 2022 թվականին Routledge հրատարակությունը լույս կընծայի նրա Cold War Art History: The Battle of Ideas and a Soviet Periphery գիրքը: Հայերեն թարգմանել է անգլիալեզու փիլիսոփայության դասականներ Ջորջ Բերկլիի և Դեյվիդ Հյումի հիմնարար աշխատություններից:


 

Անժելա Հարությունյան, «Ժամանակակից արվեստն ընդդեմ խորհրդային արդիության»

Անժելա Հարությունյանի բանախոսությունը նվիրված է հետխորհրդային իրադրության մեջ ժամանակակից արվեստի ձևավորման նախադրյալներին։ Ըստ բանախոսի՝ «գլոբալ ժամանակակից արվեստ» հասկացությունը ոչ թե 1990-ականներին հանկարծ հաղթարշավ է տոնել ԽՍՀՄ փլուզումից հետո, այլ ձևավորվել է հենց խորհրդային պատմական փորձառության ծալքերում ու հետևանք է պետական մշակութային որոշակի քաղաքականությունների: Ժամանակակից արվեստն այս հայացքում ոչ այնքան հետխորհրդային, որքան հակախորհրդային երևույթ է: Հովհաննիսյան սեմինարներն իրականացվում են Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական օժանդակությամբ։

Անժելա Հարությունյանը արվեստաբան է, դոցենտ Բեյրութի ամերիկյան համալսարանում, որտեղ նա ղեկավարում է արվեստաբանության ամբիոնը: Դասավանդում է արդի և ժամանակակից արվեստի պատմություն ու տեսություն: Նա համախմբագիրն է ARTMargins գրախոսվող հանդեսի, որը տպագրվում է MIT Press-ի կողմից: Գիտական ամսագրերում տպագրել է հետխորհրդային արվեստի ու մշակույթի, ինչպես նաև Եգիպտոսի ու Լիբանանի ժամանակակից արվեստի պրակտիկաների և մշակութային քաղաքականությունների մասին էսսեներ ու քննադատական հոդվածներ: Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հետխորհրդային շրջանի արվեստին, Սոցիալիստական ռեալիզմին, Միջին Արևելքի ժամանակակից արվեստին, մարքսիստական արվեստաբանությանն ու քննադատական տեսությանն առնչվող խնդիրները: Նա մի շարք ցուցահանդեսների համադրող է, որոնց թվում` This is the Time. This is the Record of the Time (Նաթ Մյուլլերի հետ) (SMBA-Amsterdam, 2014 և Բեյրութի ամերիկյան համալսարանի պատկերասրահ, 2015): 2017-ին լույս է տեսել նրա մենագրությունը․ The Political Aesthetics of the Armenian Avant-garde: The Journey of the ‘Painterly Real’ (Manchester University Press): Այժմ Էրիկ Գուդֆիլդի հետ համատեղ տպագրության է պատրաստում After Revolution: Historical Presentism and the Political Eclipse of Postmodernity գիրքը, որը լույս է տեսնելու Լյուվենի համալսարանի հրատարակչության կողմից:


 

Ժիրայր Մալխասեան, «Զավեն Պիպեռյան` մեծամասնական հասարակության և ճնշված փոքրամասնության մտավորականը»

Ժիրայր Մալխասեանի բանախոսությունը նվիրված է պոլսահայ վիպագիր Զաւէն Պիպէռեանի (1921-1984) գրական և մտավորական գործունեությանը: Բանախոսությունը քննարկում է թուրքական հանրապետական շրջանում ապրած ճնշված փոքրամասնությունը ներկայացնող գրողի գործունեության տարբեր երեսները` հրապարակախոսական, լրագրողական, քաղաքական և մտավորական: Անդրադառնալով գրողի հիմնական երկերին (Լկրտածը, Ծովը, Անկուտի սիրահարներ, Մրջիւններու վերջալոյսը)` բանախոսն ուշադրություն է դարձնում անհատի թե՛ մեծամասնական հասարակության, թե՛ իր իսկ համայնքի հետ հարաբերություններին, որոնք որքան էլ անորոշ ու վտանգված են, միևնույն ժամանակ կենսական ու ճնշող են հենց անհատի համար: Հովհաննիսյան սեմինարներն իրականացվում են Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական օժանդակությամբ։

Ժիրայր Մալխասյանը փիլիսոփայության ուսուցիչ է Փարիզի համալսարանում: Վարում է Conférences du Salon des Littératures arméniennes-ը (Հայ գրականության հյուրասրահի ասուլիսները): Հանդես է գալիս հետազոտություններով, հոդվածներով և դասախոսություններով, որոնք վերաբերում են փիլիսոփայության դասավանդմանը և հայ գրականությանն ու մտքին: Հրատարակել է Introduction à la philosophie  morale (Ellipses, 2002) և Candideun débat philosophique (Ellipses, 2005)։


 

Սիրանուշ Դվոյան, «Աշխատանքը` հնարամտություն և կեղծակերպում»

Հովհաննիսյան սեմինարների շրջանակում տեղի ունեցավ գրականագետ Սիրանուշ Դվոյանի «Աշխատանքը` հնարամտություն և կեղծակերպում. մի քանի դրվագ խորհրդահայ ճամբարային գրականության պատմությունից» բանախոսությունը` նվիրված աշխատանքի մասին խորհրդային ճամբարներում ձևավորված պատկերացումներին: Ըստ բանախոսի` ճամբարարային փակ կյանքի ներսում հարկադիր աշխատանքի դատապարտվածների փորձառությունն ի հայտ է բերում աշխատանքն հնարամտորեն գործարկելու և աշխատել ձևացնելու բարդ ու փոխթափանցված մի այնպիսի տնտեսություն, որի պայմաններում խախտվում է աշխատանքով մարդկային հնարավորությունների բանեցման ու անբանության սահմանը: Հովհաննիսյան սեմինարներն իրականացվում են Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական օժանդակությամբ։

Սիրանուշ Դվոյանը (գ․ թ․) գրականագետ է, դոցենտ, Հովհաննիսյան ինստիտուտի խորհրդի անդամ։ Համեմատական գրականություն է դասավանդումՀայաստանի ամերիկյան համալսարանում: 2001 թ. պաշտպանել է Ֆրանասահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը Երևանի պետական համալսարանում: Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների և Տեքստի ընթերցում գրքի (Երևան: Ակտուալ արվեստ, 2013): Նա կազմել և խմբագրել է արևմտահայ և սփյուռքահայ մի շարք մտավորականների հատորներ (Եղիա Տէմիրճիպաշեան, Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Զարեհ Որբունի): Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են հետխորհրդային իրականության մեջ հայկական համայնքների մշակույթի, նոր սփյուռքյան փորձառությունների և գրականության մեջ նոր արտիկուլացիաների ուսումնասիրությունները: Վերջին տարիներին զբաղվում է խորհրդային Գուլագի գրականության ուսումնասիրությամբ: Նա Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող է: