«Ֆորմայի հարցերը – իդեոլոգիայի հարցեր». Միքայել Մազմանյանը ճարտարապետության ու ոճի մասին

 

1928-ին ստալինյան առաջին հնգամյա պլանի մեկնարկը միաժամանակ ազդարարում էր կոմունիստական կուսակցության ներսում Ստալինի միանձնյա իշխանության վերջնական հաստատումը: Ողջ Միության տարածքում քաղաքական ուղիղ վերահսկողությամբ ու կոպիտ միջոցներով մեկնարկած համընդհանուր կոլեկտիվացումն ու արդյունաբերականացումն ընթանում էին երկրի ներսում դասակարգային թշնամիներին ի հայտ բերելու ու դրանց չեզոքացնելու ստալինյան մաքրումների նշանի ներքո: Քաղաքական որոշմամբ սահմանված հնգամյա ժամկետում երկրի տնտեսական դիմագիծն ամբողջությամբ վերափոխելու այս ձեռնարկը հիմնավորապես պետք է վերանայեր նաև մշակութային հեղափոխության իրագործման ձևերն ու տեմպերը. վերանայում, որտեղ ակտիվ դերակատարություն ստաձնեցին նաև նոր՝ պրոլետարական ճարտարապետություն ստեղծելուն հավակնող երիտասարդ արվեստագետները՝ Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը, Գևորգ Քոչարը, Հովհաննես Մարգարյանը և այլք: 

Ստորև ներկայացվող հոդվածում նկարիչ, ճարտարապետ Միքայել Մազմանյանի ճարտարապետական ոճի ու ձևի խնդիրների ըմբռնումը վեր է հանում 1920-ականների կեսին մշակույթն ու կենցաղը վերափոխելու գործում երիտասարդ ճարտարապետի ընդգծված մարտական դիրքորոշումը: Ճարտարապետությունը, ըստ Մազմանյանի, այժմ դառնում էր «նոր կենցաղն ու սոցիալիստական շինարարությունը» կազմակերպող գործոններից մեկը և պրոլետարիատի իշխանության շրջանում չէր կարող չենթարկվել դասակարգային պայքարի օրենքներին: Այս շաղկապվածությունն է հենց, որ երևան է բերում ճարտարապետության խնդիրները քաղաքական նոր կուրսի պահանջներին ուղիղ կերպով կապելու 1920-ականների երկրորդ կեսին անթաքույց դարձող միտումը: Մոսկվայում դեռևս ուսանող, բայց հայաստանյան գեղարվեստական դաշտում տասնամյակի կեսին ընդգծված ակտիվ դերակատարում ձեռք բերած Մազմանյանի ու նրա համախոհ ընկերների համար ճարտարապետական ձևերի խնդիրների ակտուալությունն այլևս ուղղակիորեն կապվում էր քաղաքական օրակարգի հետ, քանի որ ըստ սահմանման այժմ «ճարտարապետական ֆորմայի հարցերը – իդեոլոգիայի հարցեր» էին: Պատահական չէ, որ տեքստում Մազմանյանի «հայկական ոճի» ողջ քննադատությունն ու նոր՝ պրոլետարական ճարտարապետությունը հին ոճերից «զտելու» հրամայականն արձագանքում է քաղաքական մաքրության ստալինյան «իդեոլոգիային»: 

Հրապարակվում է ըստ՝ Միքայել Մազմանյան, «Ճարտարապետության յեվ վոճի մասին», Խորհրդային Հայաստան, 28 հունիս 1928 թ.:

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅԵՎ ՎՈՃԻ ՄԱՍԻՆ

Մեր շինարարությունն ստանում ե աննախընթաց ծավալ. հատակագծվում և վերակառուցվում են ամբողջ քաղաքներ (Բագու, Թիֆլիս, Յերևան), կառուցվում են բանվորական ավաններ, նոր գյուղեր, ժողովրդական տներ և այլն: Հասարակական կյանքի առաջին պլանն են անցնում շինարարական խնդիրները: Սրանցից  ներկայումս ծառանում են մեր առջև ճարտարապետական յերկերի վոճի ու ֆորմայի հարցերը, մեր եպոխային համապատասխանող նոր ճարտարապետական ձևեր մշակելու մեթոդները:

Այս հարցերը հրատապ են և շուտափույթ լուծումն են պահանջում, վորովհետև արված սխալներն ուղղելը հետագայում կլինի ուշ յեվ դժվարին: Առանց հաստատուն ղեկավարող սկզբունքների առաջ շարժվելն անհնար ե: Ճարտարապետական ֆորմայի հարցերը — իդեոլոգիայի հարցերն են: Ահա թե ինչու այնքան ակտուալ են դառնում նրանք մեր որերում:

 

I.

Հայ բուրժուազիան յերազում եր ստեղծել իր «ազգային» վոճը ճարտարապետության մեջ, հասկանալով այն վորպես պատմական հայ ճարտարապետության ֆորմաների վերածնում: Մեկը մյուսի յետևից սկսեցին շինվել Եջմիածնի մատենադարանը: Ներսիսյան դպրոցի նոր շենքը Թիֆլիսում («արդյամբ և ծախյուք Ալեքսանդրա Մանթաշյանի»), բազմաթիվ յեկեղեցիներ, մասնավոր տներ և այլն: Ամենուրեք գմբեթներ, խաչեր, կամարներ և «ազգային» ճարտարապետության այլևայլ ելեմենտներ:

Բուրժուազիան պատմական հայ ճարտարապետության ֆորմաները մեքենայորեն փոխադրում եր 20–րդ դարը՝ ինքնուրույն ճարտարապետություն ստեղծելու հավակնությամբ: Նա այս ճարտարապետությունը, ինչպես և ամբողջ «ազգային» կուլտուրան հակադրում եր հարևանների (վրացիների, թուրքերի և ուր.) ճարտարապետությանն ու կուլտուրային, կռվում եր «խորթ ազդեցությունների» դեմ: Լարում եր սրանով մի ազգը մյուսի դեմ ու փակում դրանով այն ուղին, վոր տանում ե դեպի ինտերնացիոնալ կուլտուրան:

 

***

Հոկտեմբերյան Հեղափոխությունը բուրժուազիայի հետ միասին դեն շպրտեց նաև ազգային կուլտուրայի և ազգային ճարտարապետության մասին նրա ունեցած ըմբռնումը: Զտեց ճարտարապետությունը հին վոճերից և առաջ մղեց կառուցողական նոր սկզբունքներ: Ճարտարապետությունը դառնում ե նոր կենցաղն ու սոցիալիստական շինարարությունը կազմակերպող գործոններից մեկը: Խորհրդային ճարտարապետության առջև դրված են վիթխարի խնդիրներ, վոր անհնար ե տեղավորել անցյալ վոճերի նեղ դագաղի մեջ:

Սակայն, մեզանում ազգային կուլտուրա կառուցելու նպատակով, գործնականում իրականացվում ե դեռ բուրժուազիայի նվիրական իղձը — վերականգնել պատմական «ազգային» ճարտարապետությունը, «վերստեղծել մոռացված տրադիցիաները»: («Արվեստ», Բունիաթյանի հոդվածը):

Ազգային ճարտարապետության անվան տակ ներկայիս շենքերի կառուցման մեջ կիրառվում ե պատմական հայ յեկեղեցական–ֆեոդալական ճարտարապետական վոճը, մեքենայորեն փոխադրելով այդ ճարտարապետության մոտիվներն ու կոնստրուկտիվ մեթոդները մեր որերը: Այդպես արդեն կառուցվում են՝ Հողժողկոմատի շենքը Յերևանում,  Գյուղատնտեսական Բանկը, Ժողովրդական Տունը, Լենինականի Տեքստիլ գործարանը և այլն և այլն: Կենտրոնին հետևում են գավառները: Սանահնի կայարանի բանվորների համար կառուցած նոր ակումբի մասին բանթղթակիցը գրում ե. «Քիչ յեկեղեցի ունեյինք, մեկն ել շինեցինք»: Իսկ Յերևանում կառուցվող Գյուղատնտեսական Բանկի շենքի մասին Արհմիությունների որգան «Աշխատանքում» կարդում ենք հետեվյալը.

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈՃԸ»

Գյուղացի կինը՝ ուսանողին.— Վորդի՛ ես ի՞նչ թազա ժամ են շինում:

Ուսանողը.— Մայրիկ, սա ժամ չե, այլ Գյուղատնտեսական բանկի շենքը:

Գյուղացի կինը.— Բա եդ գմբեթն ու խաչերն ընչի՞ համար են, վորդի ջան:

Ուսանողը.— Դա հայկական վոճ ե, մայրիկ:

 

Նույնն ենք տեսնում նաև մեր միության մյուս ազգային հանրապետություններում: Ահա մի ցիտատ Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար ընկ. Կախիանու զեկուցումից՝ արված Վրաստանի պրոլետգրողների 2–րդ համագումարում:

«Վերցրեք մեր շենքերի վոճը: Չգիտեմ ինչո՞ւ, ընդունված ե, վոր յերբ կառուցվում ե վորև ե մի շենք, անպայման պետք ե պահպանել վրացական վոճ: Կառուցողները կարծում են, թե այդ ավելի դուր կգա Վրաստանի Խորհրդային Իշխանությանը և տեղի անտեղի հնարում են վրացական վոճ, ինչ վոր կամարները՝ նեղ պատուհաններով, կարծես թե յեկեղեցում լինես: Բանից դուրս ե գալիս, վոր դա հնագույն վոճն ե՝ փոխ առած հին յեկեղեցիներից: Հնում յեկեղեցիները Վրաստանում ծառայում եյին վորպես թշնամիների հարձակումներից պաշտպանվելու վայրեր: Համաձայն այս պայմանների՝ ստեղծվել ե և այդպիսի վոճ: Բայց թե ինչո՞ւ Խորհրդային Իշխանության որով մենք պետք ե թագնվենք այդպիսի տեղերում — յես բոլորովին չեմ հասկանում (ծափահարություն): Թե ինչո՞ւ պետք ե մեր պրոլետարական–լենինյան քաղաքամասում հենց այդ վոճով կառուցել կինոյի շենքը, կամ թե տրամվայի բանվորների տները կառուցել այնպիսի քանդակով, վոր հիշեցնում ե «Աբեսակոմ և Եթերի»–ի դեկորները — յես չեմ հասկանում: Յերևի այն ինժեներներն ու ճարտարապետները, վորոնք կառուցում են այդ վոճով, կարծում են, թե ոգուտ են բերում Խորհրդային Իշխանությանը, սակայն մեզ թվում ե, թե այդպիսի մարդկանց հարկավոր ե մի քիչ դաղել, վորպեսզի նրանք այլևս նման նախագծեր չներկայացնեն մեզ»[1]«Рабочая Правда», № 18 (1462) 22  հունվ. 1928 թ.::

Այս յերևույթը մեր տնտեսության կապիտալիստական ելեմենտների յուրահատուկ արտահայտությունն ե «ՆԵՊ»–ի շրջանում, այն ելեմենտների, վորոնք աշխատում են սողոսկել կուլտուրական շինարարության բնագավառը՝ քարշ տալով իրենց հետ նացիոնալ դեմոկրատական իդեոլոգիան:

Ահա թե ինչու անհրաժեշտ ե զտել ազգային կուլտուրայի ամեն մի հատվածը պրոլետարիատին անհարազատ ազդեցություններից:

 

***

Ճարտարապետական վոճը բնորոշող յերկու ազդակներն են յեղել միշտ՝ առաջին — այն խնդիրը (պալատ, ամրոց, վանք, գործարան և այլն), վոր դրել ե ճարտարապետության առջև պատվիրողը, այսինքն՝ տնտեսապես ավելի ուժեղ դասակարգը իր պահանջների ու ցանկությունների համաձայն, յերկրորդ՝ այն տեխնիկան (շինանյութ, գործիքներ, կառուցողական արվեստ), վոր հնարավորություն ե ունեցել իրականացնելու այդ խնդիրը: Տնտեսական–հասարակական հարաբերությունների հետ միասին փոխվել են այդ ազդակները, սրանց հետ ել փոխվել են ճարտարապետական ձևերն ու վոճերը:

Պատմական հայ ճարտարապետությունը (ինչպես և ամբողջ հայ գրականությունը, յերաժշտությունը, մանրանկարչությունը, չհաշված ժողովրդական ստեղծագործությունը), գտնվել ե աշխարհական և հոգևոր իշխողների ձեռքում: Սրանք ել ճարտարապետությանը թելադրել են այն ձևերը, վոր բղխել են իրենց պահանջներից ու ցանկություններից: Ահա թե ինչ ե գրում այդ մասին մեր անվանի գիտնական ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր մի աշխատության մեջ. «Այնտեղ ճաշակ և վայելչություն ըստ ամենայնի հպատակած եր կրոնի, պաշտման և ծիսական արարողությանց պահանջներուն: Ճարտարապետը պարտավոր եր յեկեղեցվո հատակագիծը բաժանել և դասավորել այնպես ինչպես վոր կպահանջեր կրոնը կամ կրոնի պաշտոնյան՝ կղեր»[2]«Ազգագրական Հանդես», գիրք XXI, 1912, յեր. 5, Թ. Թորամանյան — «գավիթ և ժամատուն հայոց հնագույն յեկեղեցիներու մեջ»: (ընդգծումն իմն ե Մ. Մ.):

Յեվ քրիստոնեյական հայ յեկեղեցին դարեր շարունակ պրոպագանդ ե մղել այդ շենքերում իր գաղափարների համար: Վանքերի ներսի կիսախավարն ու միալար յերգի թմբիրը թուլացնում եյին ունկնդիրների կամքը և նպաստավոր հող ստեղծում կղերի քարոզի ազդեցության համար:

Մյուս կողմից շինվում եյին նույն այդ վանքերի կողքին անառիկ ամրոցներ ու բերդեր, վորոնց յետև պատսպարվում եյին իրար դեմ պատերազմող և ժողովրդին թալանող ֆեոդալները:

 

***

Դարերի ընթացքում «սրբագործված» յեկեղեցական ճարտարապետական ֆորմաները կաշկանդում են ներկայիս ճարտարապետի միտքը՝ հնարավորություն չտալով նրան լիովին արտահայտելու վորևե շենքի ֆունկցիան, քանի վոր նա ստիպված ե միանգամ ընդմիշտ գոյություն ունեցող քարացած ձևերի մեջ դասավորել ժամանակակից բովանդակություն: Անհնարին ե Անիի Ապուղամրենց իշխանական տոհմի յեկեղեցու կամարների տակ տեղավորել պրոլետարական ակումբը: Միջնադարի դանդաղ տեմպը թելադրում եր անշարժ սիմմետրիկ ֆորմաներ: Յեվ յուրաքանչյուր շենք՝ շինված «հայկական վոճով»՝ ամենալավ «ագիտպրոպն» ե, վոր աղաղակում ու պրոպագանդ ե մղում կղերական ֆեոդալական կարգերի ու մտայնության օգտին:

Զարհուրելի անախրոնիզմ կլինի այդ շենքում տեսնել ելեքտրական լամպ՝ կանթեղի փոխարեն կամ թե հեռախոսային ապարատ ու ռադիո՝ սուրհանդակի փոխարեն:

Սա նշանակում ե հարություն տալ բոլոր մեռելներին ու խեղդել ժամանակակից մարդն իր մտածումներով ու հուզումներով:

Սա նշանակում ե տրանսֆորմատորը դարձնել տրանսֆորմատուռ[3]Հին հայկական մատուռի ձևով ե շինվում Յերևանում տրանսֆորմատորը::

Հեղափոխական պրոլետարիատի ձգտումների հետ վոչ մի կապ չի կարող ունենալ յեկեղեցական–ֆեոդալական ճարտարապետական վոճը: Ռեստավրացիայի յենթարկել մեռած «ազգային» վոճերի ճարտարապետական ձեվերը կնշանակի հեռացնել պրոլետարիատն իր դասակարգային խնդիրներից:

 

***

Պատմական հայ ճարտարապետությունը մենք պետք ե ուսումնասիրենք անշուշտ, ինչպես և այն ամբողջ հարուստ ժառանգությունը, վոր թողել ե մեզ անցյալի ճարտարապետությունը, գիտենք այն վորպես իր ժամանակի տնտեսական– հասարակական հարաբերությունների հողի վրա ծնված և նրանց հետ մեզանից ընդմիշտ անցած–հեռացած մի փորձ: Ուսումնասիրելով այն մեթոդները, վորոնցով հին վարպետներն ստեղծում եյին ժամանակին այնքան ներգործող  յերկեր, ներկայիս ճարտարապետները պետք ե գտնեն մեթոդներ, վորոնք հնարավորություն կտային կառուցելու իրենց ներգործման ուժով համազոր յերկեր՝ տոգորված պրոլետարական իդեոլոգիայով: Ուսումնասիրել վոչ թե ընդորինակելու այն, այլ տնտեսելու ժամանակը, այդ փորձերի հիման վրա առաջ անցնելու՝ հաղթահարելու համար առաջիկա դժվարությունները:

 

II

Յեթե «ազգային վոճերը» վորպես ծնունդ անվերադարձ խնդիրների և հետամնաց տեխնիկայի՝ չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ մեր ճարտարապետության վրա, ապա նախընթաց դարաշրջանը, տեխնիկայի վերջին նվաճումներն՝ ուղղակի առնչություն ունեն պրոլետարական կուլտուրայի յեվ ճարտարապետության հետ:

Մեր ճարտարապետությունը չի կարող անտես առնել ամբողջ այն շինարարական տեխնիկան, վոր գոյություն ունի կապիտալիստական յերկրներում: Արևմուտքի տեխնիկայի և առաջավոր ստեղծագործող մտքի նվաճումները պետք ե դառնան մեր ճարտարապետության սեփականությունը: Սրանք ստեղծում են նոր ճարտարապետության նախադրյալների մի մասը:

Չե՞ վոր մետալուրգիական տեխնիկայի մուտքը հեղաշրջեց նաև կառուցողական արվեստը, առաջ քաշեց ինժեներին և ճարտարապետը շվար մնաց իր վոճերի, սյուների ու ֆրոնտոնների հետ: Նրա սրտին այնքան մոտ անցյալի այդ բեկորներն այլևս անպետք են դառնում ժամանակակից տեխնիկայի առաջմղած շինանյութերի համար: Նոր ատաղձը՝ յերկաթը, յերկաթաբետոնն ու ապակին միանգամից դեն շպրտեցին բոլոր վոճերն իրենց վերոհիշյալ բարեմասնություններով: Այսուհետև հսկայական տարածություններ կարելի յե ծածկել՝ առանց հաստամարմին սյուների ոգնության: Կամարաձև դռներն ու պատուհանները (պատմական հայ ճարտարապետության հիմնական մոտիվները) պատմության գիրկն են նետվել և իսպառ ջնջվել ժամանակակից ճարտարապետության ակտիվից, վորովհետև կամարներին փոխարինում ե յերկաթաձողը: Մետրանոց պատերն առասպել են դառնում ու փոխարինվում նուրբ ու ճկուն շերտերով և այլն:

Տեխնիկայի զարգացումը խոշոր ազդեցություն ունեցավ ներկայիս ճարտարապետության վրա նաև իր արտադրած կառուցողական նոր գործիքներով ու մեքենաներով: Շինանյութի մշակումն այլևս պապենական մեթոդներով ու ձևերով չի կատարվում: Նյութի ու միջոցների նվազագույն ծախսումով հասնել առավելագույն հետեվանքների — ահա նոր կառուցողական արվեստի նպատակը:

Ճարտարապետությունը հետզհետե սկսում ե յուրացնել նաև արդի տեխնիկայի արտադրական մեթոդները: Մեր ժամանակի վոճն արտահայտվել ե հեռախոսային ապարատի, գրամեքենայի, ավտոմոբիլի, շոգենավի, այսինքն այն առարկաների մեջ, վորոնք ի նկատի ունեն մասսայական սպառողը և արտադրվում են նորմիրովկայի և ստանդարտացման յենթարկվելով: Կատարելագործման միակ ճանապարհը ստանդարտն ե: Հայ յեկեղեցու ձեվը (ինչպես և ավտոմոբիլինը) արդյունք ե ժամանակի ընթացքում կատարած անալիզի, փորձի, խնդրի լավագույն լուծման:

Հայ յեկեղեցին, պարսկական մզկիթը, ֆեոդալական ամրոցը գտել են իրենց ստանդարտը: Յեվ յեթե մեր բնակարանի կազմությունն ուսումնասիրված լիներ այնպես, ինչպես այդ արված ե շոգենավի, աեորոպլանի նկատմամբ այն ժամանակ, բացի այն, վոր կարտադրեյինք հազարավոր որինակներ (ինչպես շոգենավը կամ աեորոպլանը), այլև կստանայինք ճարտարապետության պատմության մեջ աննախընթաց ֆորմաներ, վորոնք կլինեյին գեղեցիկ (յերբ իրը համապատասխանում ե իր նպատակին՝ գեղեցիկ ե) և միևնույն ժամանակ գործնական ու նպատակահարմար, ինչպես հեռախոսային ապարատը:

Բայց սա դեռ քիչ ե: Միայն խնդրի նպատակահարմար լուծումով մեր ճարտարապետությունն ստեղծել չենք կարող:

Ճարտարապետությունը միշտ ել հզոր զենք ե յեղել տիրող դասակարգերի ձեռքում: Ճարտարապետության դասակարգային բնույթն իր ուժի մեջ ե մնում նաև հասարակության կազմակերպման կապիտալիստական սիստեմի որով: Յեվ մեր տեսաբաններից վոմանց (ֆորմալիստների և կոնստրուկտիվիստների) սխալն այն ե, վոր նրանք թերագնահատում են այս խոշոր կարևորություն ունեցող փաստը:

Պրոլետարիատի դիկտատուրայի յերկարատեվ շրջանում ճարտարապետությունը չի կարող չենթարկվել դասակարգային պայքարի որենքներին: Նա, ով չի ըմբռնում այս պարզ ճշմարտությունը, չի կարող կանգնել պրոլետարական կուլտուրայի, պրոլետարական ճարտարապետության մարտիկների շարքում:

Ճարտարապետության հարցերը վոչ մի կերպ չի կարելի անջատել կուլտուրայի հարցից: Այն առանձնահատկությունները, վորոնք հատուկ են պրոլետարական կուլտուրային ընդհանրապես (կազմակերպվածություն, կոլեկտիվիզմ,  հեղափոխականություն, աշխատանքի պլանայնություն ու նրա մասսայական բնույթը), հատուկ են և պրոլետարական ճարտարապետությանը մասնավորապես՝ միայն թե վերածած վերջինիս ուրույն լեզվին:

Այս հատկությունները հավասարապես տարածվում են վոչ միայն ներկայիս առաջ մղած նոր թեմաների վրա՝ վիթխարի իրենց ծավալով, այլև նրանց ձեվավորման վրա:

Ճարտարապետությունը, բացի այն, վոր կազմակերպում ե մեր նոր կենցաղը, կազմակերպում ե նաև դիտողների միտքը, զգացմունքն ու պատկերացումներն եմոցիոնալ համակման միջոցով: Դասակարգի նպատակաձգտումն (целеустремленность) ու  վերոհիշյալ հատկություններն անդրադառնում են ճարտարապետական ֆորմայի յուրաքանչյուր ելեմենտի վրա: Հենց թեկուզ այնպիսի մի տարրական որինակը կվարտալի տարածական լուծման, վորպիսին փակ բակերն են — արդեն իսկ բնութագրում ե հատակագծման այդ սիստեմի դասակարգային պատկանելիությունը: Նույնը կարելի յե ասել նաև ավելի մանր հարցերի — գույնի, մասերի հարաբերության, ծավալների և այլ ելեմենտների մասին: Ուրեմն ճարտարապետը վոչ միայն կազմակերպում ե դիտողի զգացմունքը, միտքն ու պատկերացումները ճարտարապետական ֆորմաների միջոցով, այլև դասակարգային ուղղություն ե տալիս նրանց:

 

III

Պրոլետարական ճարտարապետությունը, ինչպես և պրոլետարական կուլտուրան չեն բացառում, անշուշտ, ազգային ճարտարապետությունը և կուլտուրան: Վերոհիշյալ հատկությունները (կուլտուրայի) առանձին ժողովրդների մոտ տարբեր գունավորումն են ստանում՝ կախված այն տարբեր կենցաղային ու աշխարհագրական պայմաններից, վորոնց մեջ գտնվում են նրանք տնտեսական–կուլտուրական զարգացման տվյալ շրջանում: Յեվ առանց հարմարացնելու տեղական պայմաններին, առանց մանրակրկիտ հաշվառման յենթարկելու յուրաքանչյուր յերկրի բոլոր առանձնահատկությունները՝ չի կարելի կառուցել պրոլետարական կուլտուրա և ճարտարապետություն:

Վերցնենք հենց առաջին հայացքից այնքան յերկրորդական թվացող մի խնդիր, վորպիսին արևի լույսի խնդիրն ե.— կտեսնենք վոր նա խոշոր դեր ե խաղում շենքը ձևավորելու գործում: Յեթե հյուսիսում արև են փնտռում, մեզանում ընդհակառակը՝ փախչում են նրանից. փնտռում են ստվերներ: Ուստի հարկ ե լինում կառուցելու տերրասներ, պատշգամբներ, մի կողմից բաց սենյակներ, վերին լույս (լուսեջք) և զանազան տիպի ծածքեր: Բացի դրանից, տաք կլիման պահանջում ե, վոր շենքերի ծավալները մի տեղ կուտակված չլինեն, այլ դասավորվեն ցրիվ, վորպեսզի ոդը փակ չմնա: Հարթ կտուրներն անհրաժեշտություն են, վորովհետև օգտագործվում են գիշերային հանգստի համար:

Շրջակա լեռների գծագրությունն ու բարձրությունն ևս իրենց ազդեցությունը պիտի թողեն շենքերի մասերի հարաբերության և ներդաշնակության վրա:

Նոր ճարտարապետական որգանիզմներ կառուցելիս չի կարելի աչքաթող անել այն հսկայական բեկումը, վոր կատարվել ե Միության ժողովուրդների կենցաղում: Հենց միայն կնոջ ազատագրումը հիմնովին փոխում ե բնակարանի պրոբլեմը վոչ միայն նրա բովանդակության իմաստով, այլ և ընդհանուր ձևավորումով: Յեթե առաջ տների պատուհանները նայում եյին դեպի բակ, իսկ փողոցից յերևում եյին միայն հարթ ու խուլ պատերը (կնոջը թագցնելու տղամարդու հայացքից), ապա հիմա, կնոջ ազառագրումից հետո բազմաթիվ հնարավորություններ են բացվում հարավի բնակելի տան յուրահատուկ ձևերն արտահայտելու համար:

Ազգային ճարտարապետությունը, յելնելով պրոլետարիատի յեվ գյուղացիության պահանջներից ու առաջավոր տեխնիկայից, լիովին կներդաշնակվի մեր յերկրի աշխարհագրական առանձնահատկություններին, իր երանգը կստանա նրանից: Պրոլետարական՝ ըստ բովանդակության յեվ ազգային՝ իր կոլորիտով:

Սա յել կլինի այն իսկական ազգային ճարտարապետությունը (առանց չակերտների, քանի վոր ազգը — դա պրոլետարիատն ու գյուղացիությունն ե) վոր փնտռում են մեր ակադեմիկները Անիի ավերակների մեջ:

 

***

Անսպառ աղբյուր կարող ե ծառայել պրոլետարական ճարտարապետության համար (հակառակ ազգային պատմական վոճերի) մեր ժողովրդական ճարտարապետությունը, մեր գյուղական տներն՝ իրենց պարզ, անպաճույճ, բայց միևնույն ժամանակ չափազանց կոնստրուկտիվ կազմվածքով: Բազմաթիվ խնդիրներ, թեպետ և պրիմիտիվ ձևով, սակայն իրենց լուծումն արդեն գտել են անանուն ճարտարապետների այդ գործերի մեջ, — խնդիրներ՝ վորոնք կապված են պեյզաժի և կլիմայի առանձնահատկությունների հետ:

Զարմանալի կերպով այդ տներն իրենց հիմքում համապատասխանում են ներկայիս ճարտարապետության պաըհանջներին: Յեվ յեթե վերցնենք մեր (Միության) և յեվրոպական առաջավոր ճարտարապետների փորձերը՝ ստանդարտ բնակարանների տիպը տալու — կտեսնենք, վոր դրանք շատ նման են մեր շինականի տան կազմությանն իրենց ծավալների պարզությամբ, նյութի տնտեսորեն ոգտագործումով և այլն:

Մյուս կողմից՝ բոլոր յերկրների ժողովրդական ճարտարապետության ֆորմաների անսահման բազմազանությունն ու հարստությունն իրենց խորքում շատ ընդհանուր գծեր ունեն՝ չնայած նրանց կլիմայական տարբերություններին դարձյալ ծավալների պարզությունը, կոնստրուկտիվ բնույթը, առաջացման կոլեկտիվ սկզբունքները:

Այս մոմենտը լիովին համապատասխանում ե ազգային կուլտուրայի լենինյան սիստեմին:

«Յուրաքանչյուր ազգային կուլտուրայի մեջ,— ասում ե Լենինը,— կան, թեպետ և չզարգացած, տարրեր դեմոկրատական և սոցիալիստական կուլտուրայի, քանի վոր յուրաքանչյուր ազգի մեջ կա աշխատավոր և շահագործվող մասսա, վորի կյանքի պայմաններն անխուսափելիորեն ծնում են դեմոկրատական և սոցիալիստական իդեոլոգիա: Բայց յուրաքանչյուր ազգի մեջ կա նաև բուրժուական (իսկ մեծ մասամբ նաև սևհարյուրակային և կղերական) կուլտուրա և այն ել վոչ միայն «տարրերի», այլ տիրապետող կուլտուրայի կերպարանքով:

Առաջադրելով «դեմոկրատիզմի և համաշխարհային բանվորական շարժման միջազգային կուլտուրայի» լոզունգը՝ մենք յուրաքանչյուր ազգային կուլտուրայից վերցնում ենք միայն նրա դեմոկրատիկ և սոցիալիստական տարրերը, վերցնում ենք նրանց միայն յեվ անպայման իբրև հակակշիռ յուրաքանչյուր ազգի բուրժուական նացիոնալիզմի»:[4]Ленин, XIX յեր. 43:

Այս սոցիալիստական տարրերն ել առաջավոր տեխնիկայի և պրոլետարիատի ու գյուղացիության առաջադրած պահանջների հետ միասին կգծեն այն ուղին, վոր կտանի դեպի սոցիալիստական ճարտարապետություն:

 ______________________

 

ԾԱՆՈԹ. ԽՄԲ.— Տպագրելով այս և թերթիս  № 147–ում ընկ. Կ. Հալաբյանի հոդվածները, խմբագրությունս հրավիրում ե մեր մասնագետներին և հետաքրքրվողներին արտահայտվել «Խ. Հ.»–ում արծարծվող այս հարցերի շուրջը:

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 «Рабочая Правда», № 18 (1462) 22  հունվ. 1928 թ.:
2 «Ազգագրական Հանդես», գիրք XXI, 1912, յեր. 5, Թ. Թորամանյան — «գավիթ և ժամատուն հայոց հնագույն յեկեղեցիներու մեջ»:
3 Հին հայկական մատուռի ձևով ե շինվում Յերևանում տրանսֆորմատորը:
4 Ленин, XIX յեր. 43: