Ազգակցական սիրո և քինախնդրության միջև. Վանի ընտանեկան կյանքից 

 

Ազգագրագետ Երվանդ Լալայանը 1910 թ. Ազգագրական հանդեսի երկրորդ համարում ընդարձակ ուսումնասիրություն է հրատարակում` նվիրված Վան-Վասպուրականի ազգագրությանը: Ուսումնասիրության մի ընդարձակ հատված վերաբերում է Վան քաղաքի ընտանեկան կյանքին, որը, Լալայանի վկայությամբ, իր սովորություններով տարբերվում էր նույն գավառի գյուղերում գործող նահապետական գերդաստանների նիստուկացից: 

Ինչպես ստորև ներկայացրած հատվածից կարելի է տեսնել, 20-րդ դարասկզբին Վանը թեև աչքի էր ընկնում առավել զարգացած քաղաքային զբաղումներով (հիմնականում` առևտուր), բայց ընտանեկան նիստուկացի մեջ շարունակում էր պահել նահապետական գերդաստանի շատուշատ կողմեր: Վանա աշխարհում կանայք խստորեն հետևում էին ավագության կարգին ու առհասարակ զրկված էին ընտանիքից, ինչպես նաև կանացի աշխարհից  դուրս այլ միջավայրում լինելու հնարավորությունից: Նույնը վերաբերում էր տղամարդկանց, որոնց կյանքը սահմանափակված էր աշխատանքով ու  ընտանեկան աշխարհով, իսկ դրսի զվարճություններն ու զբաղմունքները կարծես նրանց համար չէին: «Այսպէս ուրեմն, տեսնում ենք, որ Վանում չկայ հասարակական կեանք, իւրաքանչիւր գերդաստան կամ ընտանիք ապրում է առանձնացած, ինքն իրեն»,– իր նկարագրությունը եզրափակում է Լալայանն ու միևնույն ժամանակ նկատում, որ նման կյանքի պայմաններում էին ծնունդ առնում երկու ծայրահեղ իրողություններ: Ընտանեկան ներփակ կյանքը մի կողմից` կրքերից եռացող, միմյանց հանդեպ քինոտությամբ լցված ու խոսքի չեկող ներքնաշխարհ էր ձևավորում, մյուս կողմից` ծնունդ տալիս ընտանեկան կյանքն ամբողջությամբ ժխտող և ազատ սեր քարոզող նորսերնդականների: 

Լալայանի` Վանի ընտանեկան կյանքին վերաբերող այս նկարագրությունը, ինչպես նաև արված դիտարկումներն օգնում են հասկանալ ընտանեկան կյանքի մակարդակում ի հայտ եկած այն լարումները, որոնք շոշափում է Գուրգեն Մահարին Այրվող այգեստաններ վեպում: Թեև Մուրադխանյան ընտանիքը վեպում չորս եղբայրների առանձին ընտանիքներով է ներկայանում, բայց եղբայրների ներաշխարհում տեղի ունեցող ալեկոծումներն ու միմյանց հանդեպ դրսևորվող հարազատական-եղբայրական զգացումները  զուրկ չեն քինոտությունից: Սրա արմատները ընտանեկան այն դրվածքի մեջ է, որը ներկայացնում է Լալայանը: 

Նյութը վերահրատարակվում է ըստ` Ազգագրական հանդէս, 1910, գիրք XX, թիվ 2, էջ 188-191:

 

Ընտանեկան կեանք
(հատված)

Տան մէջ գրեթէ ամբողջ օրը տիրում է մեռելային լռութիւն, որովհետև տղամարդիկ ամբողջ օրը բացակայ են լինում, իսկ կանայք հարսնութիւն են անում, այսինքն կրտսեր հարսերն սկեսրոջ և աւագ հարսերի հետ կամ բոլորովին չեն խօսում մի քանի տարի շարունակ և կամ խօսելիս էլ աշխատում են ցածր, մեղմ ձայնով խօսել: Երեխաներն էլ մեծ մասամբ դպրոցներումն են լինում, տանը եղած ժամանակ էլ չափազանց զսպուած են. թոյլ չի տրւում նրանց մեծերի ներկայութեամբ խաղալ, խօսել, վազվզել: Սրանք ստիպուած են աւագութեան կարգով լուռ ու մունջ նստել, և կամ դասերը պատրաստել: Այս պատճառով և չափազանց ճնշուած, տխուր են լինում:

Երբ մի տղամարդ հիւր է գալիս, անմիջապէս կանայք թագնւում են. շատ շատ՝ պառաւ սկեսուրը դուրս է գալիս ընդունելու: Այցելուն աջ ձեռքը նախ շրթունքներին և ապա ճակտին դնելով՝ բարևում է: Նոյն կերպ առնում են նրա բարևը և հրամցնում նստելու: Եթէ հիւրը մօտ ազգական է՝ հարսները մէկ մէկ դուրս են գալիս, մօտենում նրան, կանգնում, և միևնոյն կերպ բարևում, իսկ եթէ պառաւ է կամ մի ծերուկ, համբուրում են նրա ձեռքը, իրենց ճակատին դնում և կրկին համբուրում: Ձեռք սեղմելու սովորութիւնը նոր նոր մուտք է գործում: Հիւրը աշխատում է ներքև նստել, սակայն տնեցիներն ստիպում են բարձր նստելու: Անմիջապէս ներկայ եղողներից ամէն մինը, կրկին գլխով բարևում է և ասում. Բարև եկար: Հիւրը գլուխը շարժելով ասում է. Բարին վերադ: Անմիջապէս տան փոքրիկներից մինը ծխախոտ է հրամցնում: Մի քիչ յետոյ տաճկական սև սուրճ են մատուցանում, օրուայ ո՛ր ժամանակն էլ որ լինի: Ծխախոտով ու սրճով աւարտւում է սովորական հիւրասիրութիւնը. հիւրը կարող է մի քանի ժամ նստել և վերկենալ գնալ, սակայն եթէ նա պատուաւոր է՝ առանձին հիւրասիրութեան արժանի՝ մի բաժակ օշարակ են մատուցանում, իսկ եթէ ձմեռ է՝ քաղցրաւենիք.– Մի մատուցարանի մէջ դրուած է լինում մի կամ երկու տեսակ քաղցրաւենիք, մի կողմը մի ափսէի մէջ թէյի գդալներ, իսկ միւս կողմը մի բաժակ ջուր և կամ մի ափսէ: Նախ հիւրը և ապա տնեցիները վերցնում են մի թէյի գդալ, նրանով քաղցրաւենիք առնում միայն մի գդալ, անմիջապէս ուտում, և այդ գդալը ձգում բաժակով ջրի կամ ափսէի մէջ: Եթէ ստիպեն երկրորդ անգամ վերցնելու, նա նոր գդալ է վերցնում: Հարուստ տներում այս քաղցրաւենու հետ երբեմն մատուցանում են նաև կոնեակ և միրգ:

Երբ կանայք են հիւր գնում, այս կերպ հիւրասիրելուց զատ՝ եթէ ցանկանում են իրենց խորին յարգանքը ցոյց տալ՝ ձեռաց մի երկու տեսակ կերակուր են պատրաստում և ճաշով հիւրասիրում, թէպէտ և՛ ճաշի ժամանակ չի լինում:

Թէ՛ կանայք և թէ տղամարդիկ սովորաբար շատ հազիւ են միմեանց մօտ հիւր գնում: Ամբողջ օրը, առաւօտեան ժամը 7-ից մինչև երեկոյեան 7-ը խանութում անցկացնելուց յետ՝ տղամարդիկ վերադառնում են տուն ժամը եօթ և կէսին, ընթրում մինչև 81/2-9, և ապա 91/2-ին , 10-ին պառկում են քնելու՝ որպէսզի առաւօտ վաղ կարողանան վեր կենալ, գնալ գործի: Ձմեռը, երբ համեմատաբար աւելի շուտ են փակում խանութները և գիշերն էլ շատ երկար է, ընթրիքից յետոյ գնում են միմեանց մօտ ժամանակ անցկացնելու: Ամառները սովորաբար իւրաքանչիւր գերդաստան լուսնկայ գիշերներին դուրս է գալիս իւր տան առջև տարածուած այգին և այնտեղ փոքր ինչ ժամանակ անցկացնում: Պատահում է, որ լուսնի լուսից դիւթուած երկու, երեք դրկիցները հաւաքւում են մինի այգում,  կանայք կանանց հետ, տղամարդիկ տղամարդկանց, փոքր ինչ ժամանակ անցկացնելու: Ծխախոտն ու սուրճը դարձեալ մատուցանւում են, իսկ եթէ մրգերն արդէն հասած են լինում, իրենց ձեռքերով քաղում են և ինչքան ուզում՝ ուտում, առանց կպչելու կամ լուանալու:

Հասարակական տեղեր՝ ժողովարան, զբօսավայր, բոլորովին չկան, կան միայն մի քանի սրճարան, որոնք նոյնպէս երեկոները դատարկ են լինում. այդ տեղ յաճախում են գլխաւորապէս ցերեկները և այն էլ անգործ մարդիկ: Ժամը երեկոյեան ութից Այգեստանի բոլոր փողոցները ամայացած են լինում:

Տարին մի քանի անգամ Կենտրոնական և Երամեան դպրոցների դահլիճներում ներկայացումներ են տրւում հայերէն լեզուով և ի՞նչ, ոչ միայն դերակատարների, այլ և հանդիսականների մէջ ոչ մի կին չի լինում, նոյն իսկ վարժուհիները ոչ միայն սիրտ չեն անում դեր վերցնել, այլ և ներկայացման չեն յաճախում: Պատահում է, երբեմն, որ յատկապէս միմիայն կանանց համար ներկայացում են տալիս, և այս միջոցին կանայք շնորհ են բերում:

Կանանց յատուկ հրաւէրներ համարեա՛ թէ տեղի չեն ունենում. գնում են միմեանց մօտ՝ երբ օտարութիւնից մինը վերադառնում է՝ նրա գալուստը շնորհաւորելու, երբ մինը գնալու է օտարութիւն՝ բարի երթ և վերադարձ մաղթելու. նաև երբ մի մօտիկ ազգական տղոցկան է, հիւանդ է, սգաւոր է կամ զաւակը նշանել է: Միակ տեղը, ուր կանայք ազատօրէն կարող են գնալ՝ այդ եկեղեցին է, ուր ո՛չ միայն ժամասացութեան միջոցին, այլև աւարտից յետոյ մի քանի ժամ շարունակ կանգնած կամ նստած խօսում են, միմեանց վիշտ, ուրախութիւն բաժանում, սրան նրան բամբասում: Սակայն այս ազատութիւնն էլ միայն պառաւ կանանց է տրուած, նորատի կանայք, նորահարսերն ու աղջիկներն իրաւունք չունին սրտերն ուզած միջոցին եկեղեցի գնալու, նրանց համար որոշ օրեր կան՝ ծաղկազարդին, մեծ պասի վերջի շաբթին, Լուսաւորչի տօնին, տաղաւարներին:

Մտքերի փոխանակութեան մի տեղ էլ ունեն վանեցի կանայք, դա բաղանիսներն են, ուր նրանք ամէն անգամ գնալիս 5-6 ժամ անց են կացնում, խօսելով ու բամբասելով սրան նրան: Պէտք է նկատել, որ բամբասանքը շատ է զարգացած Վանում, և այն ո՛չ միայն կանանց, այլ և տղամարդկանց մէջ:

Այսպէս ուրեմն, տեսնում ենք, որ Վանում չկայ հասարակական կեանք, իւրաքանչիւր գերդաստան կամ ընտանիք ապրում է առանձնացած, ինքն իրեն: Սակայն այս կղզիացած գերդաստանի մէջն էլ դժբախտաբար չի թագաւորում սէր և խաղաղութիւն:

Տեգերկինների մէջ խռովութիւնը, բամբասանքը, ատելութիւնը, նախանձը մշտատև երևոյթներից են. պուտկի եռ՝ տեգերկնկան խեռ (խռովութիւն, քենախնդրութիւն) ասում է տեղական առածը, նմանեցնելով սրանց խռովութիւնը խեցիի մէջ դրուած կերակրի եռման, որ երբէք չի դադարում: Ողբալի է մանաւանդ այն տիգերկնկայ դրութիւնը, որի ամուսինը պանդխտել է և փող չի ուղարկում տուն: Սրա ամուսնու անտարբերութեան, անյաջողութեան, վատ կեանքի, մի խօսքով բոլոր յանցանքների վրէժը այս խեղճ կնոջից են լուծում: Միակ հանգիստը հարսը կարողանում է իւր ծնողների գրկում գտնել, ուստի և շատ յաճախ պատահում է, որ վայր ձգելով նոյն իսկ երեխաներ՝ հարսները գնում են իրենց ծնողների տունը 15-20 օր անընդհատ մնալու, շունչ քաշելու: Եւ այս այնքան բնական է համարւում, որ սովորութիւնների կարգն է անցել և «տուն տանել» է կոչւում: Եւ որովհետև որքան ճնշումը զսպանակի վրայ սաստիկ լինի, այնքան նրա թռուցքը ուժգին կը լինի, ուստի զարմանալի չէ, որ այժմ Վանում և սրա շրջակայ գիւղերում յառաջ են եկել նոր սերնդականներ, որոնք հակառակ ծայրայեղութեան են հասել՝ ժխտելով միանգամայն ընտանիքը և ազատ սէր քարոզելով:[1]Նոր սերունդը Դաշնակցական կուսակցության երիտասարդական թևն էր և աչքի էր ընկնում իր հայացքների արմատականությամբ: (խմբ.

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Նոր սերունդը Դաշնակցական կուսակցության երիտասարդական թևն էր և աչքի էր ընկնում իր հայացքների արմատականությամբ: (խմբ.