Եղբայրական տարաձայնության մի դրվագ. Գուրգեն Մահարու և Խորեն Աճեմյանի նամակագրությունից

 

1930-ական թթ. Գուրգեն խանի տոհմը վեպը, որը հետագայում ընդլայնվելով ներառնվում է Այրվող այգեստաններ վեպում, Գուրգեն Մահարին ձոնում է եղբորը` Խորեն Աճեմյանին: 1960-ական թթ. երկրորդ կեսին Մոսկվայում բնակվող Խորենը լույս տեսած Այրվող այգեստաններ վեպի առաջին տարբերակի ամենախիստ քննադատներից մեկն է դառնում` եղբորն ուղղված նամակներով փորձելով համոզել վերանայել գործը: Ստորև ներկայացվող նամակը մեկն է այդ նամակագրությունից, որտեղ նա քննադատում է Մահարուն վեպում օգտագործված հեգնանքի և «նիհիլիստական» աշխարհայացքի համար: 

Նամակն ուշագրավ է նրանով, որ ի ցույց է դնում վեպի շուրջ 1960-ական թվականներին ծավալված խոցող քննադատությունների մի երեսը: Խոսքը մասնավորապես ազգային մեծ ողբերգությունը ներկայացնելու եղանակին է վերաբերում: Աճեմյանը, հղելով 1920-ական թթ., որի մեջ ծնունդ էր առել Չարենցի Երկիր Նայիրին, գծում է այն սահմանը, որը բաժանում էր խորհրդահայ 1920-ականներն ու 1960-ականները: Ըստ նրա, այդ օրերին ասպարեզ իջած ըմբռնումները հակադիր են խորհրդահայ առաջին տարիներին առնվազն ազգային կյանքի հանդեպ վերաբերմունքի առումով: Նա կարևոր է համարում և մտածում, որ Մահարին կարող է գնալ 1960-ականներին ձևավորված հոսանքի հետևից և ոչ հակառակ նրան, քանի որ վեպը ծնվում էր ոչ թե 1920-ականներին, այլ 1960-ականներին:

Մահարին այս հարցում համամիտ չէր եղբոր հետ` նկատելով, որ թեև վեպում չեն պակասում հումորն ու սարկազմը, բայց գիրքն այնքան է ողբերգական, որ նույնիսկ մտածել է այն «Մատյան ողբերգության» կոչել: Երկու եղբայրների միջև այս լարումը ուշագրավ կերպով ի հայտ է բերում այն հետնախորքը, որը պայմանավորում էր նման տարաձայնությունը: Խորենը, ինչպես կարելի է տեսնել, երկատվում էր մի կողմից` «ընտանեկան» ներսը դուրս չանելու, մյուս կողմից` հայրենիքի գաղափարը պաշտամունքի առարկա դարձնելու լարումներում: Մահարին հակառակը` անձնական աշխարհն ավելի մեծ աշխարհի մեջ բացելու ճանապարհով էր փորձում մոտենալ ինչպես իր ընտանեկան, այնպես էլ ազգային ողբերգությանը` այդ ճանապարհին ապավինելով նաև զվարթախոհությանը: 

Խորեն Աճեմյանի նամակը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Գուրգեն Մահարի ֆոնդ, թիվ 142): Նամակը թվագրված չէ, թեև հասկանալի է, որ գրված է 1967 թ. առաջին կեսին: Հրատարակում ենք հարազատ մնալով բնագրին: Կարևոր ենք համարել մեկ-երկու ծանոթագրությամբ լուսաբանել որոշ կետեր: 

 

Խորեն Աճեմյանի նամակը Գուրգեն Մահարուն

Սիրելի Բայթ[1]1960-ական թթ. մի քանի նամակներում այսպես է դիմում եղբորը: (խմբ.)

Ստացա վերջին նամակդ: Ներիր, որ գրում եմ անկողնում:

Սխալ մի հասկանա ինձ: Գոգոլը մի կողմ թողեց հռհռոցը, երբ գրեց «Տարասը», բայց հո դա չի նշանակում, որ նա գրեց ավելի լավ, քան երբ իրեն հատուկ հանճարով հռհռացնում էր ընթերցողին: Պարզ է, որ «Մեռյալ հոգիները» տաս գլխով բարձր են «Տարասից», բայց և պարզ է, որ նա ճիշտ վարվեց, երբ հումորը սանձահարեց:

Դու գլխավորը կամ թե ակամա խոստովանում ես, որ մենք Խախլաստան չենք, ոչ էլ Գյուրջիստան: Այո՜… Լիտվա էլ չենք: Հետո՞… Հո բանն այն չի, որ հոխորտանք: Մենք դժբախտ, զրկված, հողմահարված ազգ ենք և մեր մեծությունը չափվում է մեր սիրով դեպի Հայրենիքը և ոչ թե մեր ծանրակշիռ դիրքով, քանի որ նման կշիռ չկա, нема, յոխտուր: 

Դու մթագնում ես հարցը, ասելով թե չես ուզում նոր Ահարոնյան լինել: Նախ էդ իգդիրցին շատ խոշոր երևույթ է և հետո եթե 100 անգամ ավելին լիներ, էլի չէյի ասի, որ նրան հետևեյիր: Դու հետևիր քեզ, քո ոճին, մեթոդին, բայց Նասրեդինի նման մի մտնի հուղարկավորների շարք ծաղրով ու ծիծաղով: Դու քո եղբորն այնպես ես անարգել, նկարագրելով նրա ունայն հարսանիքը և լռելով այն մասին, թե ինչո՞ւ նա նահատակվեց, որ թվում է թե նկարագրում ես թշնամու կենաց ու մահու հանգամանքները:[2]Խոսքը Արմենակ Բրուտյանի հարսանիքի նկարագրության մասին է: Վերջինս արմենական գործիչ էր, Մահարու հորաքրոջ տղան: (խմբ.) Բայց չէ որ նա պայծառ մարդ էր և ի դեպ ասած միակը, որ ձայն բարձրացրեց Գր[իգոր] Աճեմյանի սպանության դեմ:[3]Մահարու հայրը` Գրիգոր Աճեմյանը, հարգանք վայելող ուսուցիչ էր Վանում, արմենական գործիչ: 1907 թ. զոհ է գնացել քեռու` դաշնակցական գործիչ Տիգրան Միրախորյանի պատահմամբ կամ կուսակցական նպատակներով արձակված գնդակին: Հավանաբար ակնարկում է Թիֆլիսի Երկրի ձայն պարբերականում 1907 թ., թիվ 17-ի «Թղթակցություններ» բաժնում Վանեցի մականվամբ լույս տեսած տեղեկությունը. «… Դեռ լաւ մը չպարզւած պատճառներով, բանտարկւեցան մէկ քանի ուսուցիչներ և անոնց հետ 14-15 տարեկան կարգ մը պատանի աշակերտներ: Դիպւածի մը զոհ գնաց Սանդխտեան և Նորաշէն ծխական դպրոցներու տեսուչ Գ. … կարդալ ավելին Այդ ի՞նչ ապշեցուցիչ մթագնում է ուղեղի  և խղճի: Բան չեմ հասկանում, կամ եթե հասկանում եմ, այդ այն է որ կան մեր օրերում ազգ[ային] նիհիլիստներ, որոնք քեզ կծափեն:

Բայց նրանց դարն անցած համարիր: Եվ զուր ես խառնում հարցը երբ գրում ես թե դու չես գրում 60-ական թվականների համար: Ես քեզ տվի 20-ական և 60-ական թթ. տարբերությունը, երբ ա) «Հայրենիք» բառը արգելված էր, բ) երբ այդ բառը որոտում է ամբողջ ուժով: Ասածս այն էր, որ դու գնայիր այդ նոր հոսանքի հետ և ոչ ընդդեմ դրա: Իսկ դու` թե մենք Գյուրջիստան չենք: Մոռանում ես որ Վրաստանից շատ բաներով պակաս լինելով, շատ բաներով էլ ավելի բարձր ենք: Սակայն դա չի հարցը, այլ այն որ այդ նիհիլիստական տրամաբանությունը քեզ հասցրել է 20-ական թթ. խոտելի մտայնությանը: 

Մտածիր և հրաժարվիր այդ դրույթներից: Այո՜, սիրելիս…

Գրիր: Բուլգակովը մահացավ իր մահով: Նա շատ խոշոր գրող է և դա հայտնի էր դեռ այն տարիներին: Պաստերնակի հուշերը «Н[овий] м[ир]» N 1-ում հանճարեղ գործ է: Կարդա:

Ջերմ համբույրներ բոլորին:

Համբ. քո Խորեն

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 1960-ական թթ. մի քանի նամակներում այսպես է դիմում եղբորը: (խմբ.
2 Խոսքը Արմենակ Բրուտյանի հարսանիքի նկարագրության մասին է: Վերջինս արմենական գործիչ էր, Մահարու հորաքրոջ տղան: (խմբ.
3 Մահարու հայրը` Գրիգոր Աճեմյանը, հարգանք վայելող ուսուցիչ էր Վանում, արմենական գործիչ: 1907 թ. զոհ է գնացել քեռու` դաշնակցական գործիչ Տիգրան Միրախորյանի պատահմամբ կամ կուսակցական նպատակներով արձակված գնդակին: Հավանաբար ակնարկում է Թիֆլիսի Երկրի ձայն պարբերականում 1907 թ., թիվ 17-ի «Թղթակցություններ» բաժնում Վանեցի մականվամբ լույս տեսած տեղեկությունը. «… Դեռ լաւ մը չպարզւած պատճառներով, բանտարկւեցան մէկ քանի ուսուցիչներ և անոնց հետ 14-15 տարեկան կարգ մը պատանի աշակերտներ: Դիպւածի մը զոհ գնաց Սանդխտեան և Նորաշէն ծխական դպրոցներու տեսուչ Գ. Աճեմեանը. թեև ամբողջ վանեցիները այդ «դիպւածին» տակ գարշելի դաւադրութիւն մը կը տեսնեն: / Կինը յամառութեամբ լռութիւն կը պահէ և ոչ ոքի չի յայտներ եղելութիւնը: / Յուղարկաւորութեան ներկայ էր խուռն բազմութիւն մը: Վանեցիները ողբացին իրենց ազնիւ ու գործունեայ ուսուցչին մահը» (էջ 13): (խմբ.)