Եկեղեցին ժողովրդին. Մկրտիչ Խրիմյանի պատմական կոնդակը  

 

1906 թվականի մայիսի 10-ին հրապարակվեց Հայ եկեղեցու պատմության մեջ առաջին աշխարհաբար հայրապետական կոնդակը, որը նախատեսում էր ժողովրդական ընտրությունների միջոցով հրավիրել ռուսահպատակ հայերի եկեղեցական, կրթական և համայնքային հարցերը վճռող կարգադրիչ կենտրոնական ժողով։ 1905 թվականին Ռուսական կայսրությունում ծայր առած հեղափոխական ալիքի արձագանքն Էջմիածնում նույն թվականի սեպտեմբերին Խրիմյան կաթողիկոսին ուղղված Նիկոլայ II-ի Բարձրագույն հրովարտակն էր, որը հետ էր վերադարձնում եկեղեցական կալվածքներն ու եկեղեցապատկան դպրոցները տնօրինելու հայերի իրավունքը։ Այս նպաստավոր դրությունը թույլ տվեց կաթողիկոսին «վերականգնել Հայաստանեայց եկեղեցու դարերի ընթացքում սրբութեամբ պահպանուած իրաւունքը նրա պաշտօնեաների վերաբերմամբ» ՝ նախադեպ ընդունելով 1860 թվականին Կոստանդնուպոլսում ընդունված արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող Ազգային սահմանադրությունը։ Կաթողիկոսի այս և սրան հետևած ընտրությունների կարգը սահմանող երկու կոնդակներն աշխարհիկ մամուլում թե՛ ցնծագին արձագանքներ գտան և թե՛ բուռն քննադատվեցին՝ ամիսներ շարունակ դառնալով հայ հասարակայնության քննարկման նյութը։

Էջմիածնի պաշտոնական օրգան Արարատ ամսագրում տպագրված սույն վավերագիրը պատմում է մայիսի 10-ի կոնդակը հրապարակելու շուրջ տեղի ունեցող անցուդարձը Մայր Աթոռում։ Նկարագրության մեջ հատկանշորեն երևում է բախտորոշ գործը գրեթե հապճեպ գլուխ բերելու՝ ուշացած հեռագրատուն հասնելու, գրաշարներին կեսգիշերով աշխատանքի հրավիրելու մի պատկեր, որը և կդառնա կոնդակը քննադատողների ասելիքի գլխավոր կռվաններից մեկը (մանրամասն տե՛ս այստեղ) ։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակ, Արարատի խմբագիր Եղիշե ծայրագույն վարդապետ Մուրադյանն իր խոսքում կոնդակն ի հայտ է բերում իբրև Մկրտիչ Խրիմյանի կաթողիկոսության պսակը՝ 13 տարվա տառապալից կառավարումից հետո սպասված մի քայլ դեպի «ազատութիւնն ու վերածնութիւնը»։ Ծայրագույն վարդապետի խոսքում հոգևորականության և ժողովրդի սպասելիքները մեկտեղված են երևում. հեղինակի ցնծագին խոսքերին ուժ տալու են գալիս լուրը լսելուց հետո վանք շտապած ժողովրդի «կեցցէները»։ Այս մեկտեղումը վկան է դառնում նույն առիթով Մուրադյանի մեկ այլ հրապարակման հետևյալ տողերի. «Ժողովուրդ հայո՛ց, մի մոռանար, որ այսուհետև ոչ թէ կաթողիկէով շինութիւններն ու միայն հոգևորականներն են եկեղեցի կազմում, այլ դու ինքդ, քեզ նմանների ժողովը, թէ հոգևորականներից և թէ աշխարհական անձերից» (տե՛ս Ե. ծ. վ. Մ., «Հայաստանեայց եկեղեցի», Արարատ, 1906, թիվ Զ-Է, էջ 489)։

Հրապարակվում է ըստ՝ «Մայր Աթոռ», Արարատ, 1906, թիվ Ե, էջ 400-404։

 

Մայր Աթոռ

Դեռ մայիսի 6-ին գիշերուայ 9 ժամին Նորին Սուրբ Օծութիւն Ազգիս Վեհափառ հայրապետը մի մասնաւոր խօսակցութեան ժամանակ արդէն հասած էր համարել ժողովրդին եկեղեցական սահմանադրութիւն տալու ժամը և առաջարկել կազմել տաճկահայոց սահմանադրութեան պէս մի բան, որ շուտ ստորագրի և հրատարակի։ Սակայն դորա համար հարկաւոր էր ժամանակ և ժողովրդական ներկայացուցիչների հրաւէր ու աշխատանք. բայց կարելի էր հրատարակել կոնդակ այդ մասին, ուստի մայիսի 10-ի առաւօտեան 11 ժամին շատ զուարճալի հանգամանքներում գրուեց այն նշանաւոր կոնդակի սևը աշխարհաբար լեզուով, որը դարագլուխ պէտք է կազմէր ռուսահայոց եկեղեցական կեանքում։

Ճաշից յետոյ երեկոյեան 5 ժամին ծերունազարդ Հայրապետը ինքն անձամբ ուղղեց և մի երկու կէտ հանել տալով սևագրութիւնից, հրամայեց մաքուր արտագրել։ Երեկոյեան 7 ժամին Վեհափառը կարդաց Հայրապետական առաջին աշխարհաբար աւետաբեր կոնդակը և զարմանալի ուրախութեամբ ստորագրեց այն։ Վեհարանում եղածներն անմիջապէս շտապեցին Նորին սրբութեան մօտ և ուրախութեան արցունքն աչքերին սկսան համբուրել այն հայրական խնամող ձեռքը, որը վերջապէս վերականգնեց հայ ժողովրդի դարաւոր իրաւունքը եկեղեցու բոլոր պաշտօնէից ընտրութեան նկատմամբ և մի քանի ջերմ խօսքերով շնորհակալութիւն յայտնեցին Վեհափառին։ Հարկաւոր էր շուտով իմացնել թեմակալներին և մեծ քաղաքների հայ ազգաբնակութեան և ահա գրուեցին բազմաթիւ հեռագիրներ և ստորագրուեցին արագութեամբ։ Վաղարշապատի հեռագրատունը բաց է միայն մինչև երեկոյեան 8 ժամը, բայց արդէն 10-ն էր լրանում, այս պատճառով Եղիշէ և Յուսիկ վարդապետներն անձամբ հեռագրատուն տարան այդ հեռագիրները, խնդրեցին կայարանապետին ընդունել այն, որովհետև ցանկալի էր գէթ մեծ քաղաքներում Համբարձման օրը տօնել եկեղեցական վերածնութեան առաջին օրը, ինչպէս որ նա տօնում է Տաճկաստանում։ Հեռագիրներն արդէն ուղարկուած էին. հարկաւոր էր դարձեալ մի բան. – շուտով շարել տալ կոնդակը և տպել այնպէս, որ ժողովուրդը հետևեալ օրը պատարագի սկզբին կարողանար ստանալ և կարդալ այդ՝ իրեն համար փափագելի նորութիւնը։ Կանչուեց Մայր Աթոռիս տպարանի աւագ վարպետ Ղևոնդ Ղարախանեանը և յանձնարարուեց ինչ որ պէտքն էր։

Մայիսի 11-ը

Առաւոտ էր. դեռ նոր էր երևացել արևը Գեղամայ սարերի ետևից, բայց ս. Էջմիածնի տպարանն արդէն բաց էր և համարեա բոլոր գրաշարները հաւաքուած։ Կոնդակն արագութեամբ շարուեց և հէնց որ առաջին համարը հանուեց մամուլի տակից, ամենքն անմիջապէս հաւաքուեցին առաջին թերթի շուրջը և սկսան կարդալ ու սրբագրել այն։ Տպագրութիւնը սկսուեց աչքալուսով ու շնորհաւորութիւններով։

Բայց նախ քան այդ՝ Վաղարշապատի ժողովուրդն արդէն իմացել էր կոնդակի մասին և շտապել վանքի բակը. ընդհանուր տրամադրութիւնը ուրախ էր և զգացուած, պահանջեցին կատարել Հայրապետական մաղթանք, որն արդէն նշանակուած էև։ Ուզեցին ներկայանալ ծերունի Հայրապետին, բայց նա գիշերը լաւ չէր քնել և հանգստանում էր։ Պատարագը սկսուեց. Պատարագիչ էր լուսարարապետ Ղևոնդ եպիսկոպոսը. տաճարն ու բակը ժողովրդով լեցուն էր։ Վեհափառը եկեղեցի իջնել չկարողացաւ. հարկաւորուեց մաղթանքը կատարել վեհարանի առաջ պարտիզի կողմից, որովհետև ժողովուրդն ուզում էր տեսնել իւր սիրելի կաթուղիկոսին։ Պատարագը վերջացաւ, և ժողովուրդը հոգևորական դասի հետ դիմեց դէպի վեհարանի բակը։ Ծերունի Հայրապետը դուրս եկաւ պատշգամբ իւր սիրած վարդապետական պարզ խաչով և նստեց բազկաթոռի վերայ։ Մաղթանքը սկսուեց։ Վերջին աղօթքից առաջ վեհարանի մուտքի աստիճանների վրայ բարձրացաւ Եղիշէ ծ. վարդապետ Մուրադեանը և ժողովրդին դառնալով ասաց հետևեալը.

«Սորանից ուղիղ տասն և չորս տարի առաջ՝ մայիս ամսի 3-ին հայ ազգն՝ իւր ընտրելագոյն ներկայացուցիչների միջոցաւ միաձայն ընտրեց և հայրապետական աթոռ բարձրանալու կոչեց Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմեանին, որին Հայրիկ սիրանունն էր տալիս։

Ամբողջ մի տարի և երեք ամիս անհամբեր սպասելուց յետոյ՝ 1893 թուի օգոստոսին Ռուսաստան մուտք գործեց Նորին վեհափառութիւն Մկրտիչ I ազգընտիր կաթողիկոսը և սկսուեց այն հանդիսաւոր գնացքը, որի նմանը դարերից ի վեր չէր տեսել հայ ազգը և նրա Հայրապետը։ Ո՞վ չի յիշում այդ յուսոյ և ոգևորութեան, արցունքի և ուրախութեան խորհրդաւոր ժամերը, երբ մեր սիրտը լայնացել, յոյսերի ծով էր դարձել և սպասում էինք բարգաւաճ և ծաղկած վիճակի մէջ տեսնել մեր դարաւոր սրբութիւնը՝ – եկեղեցին և եկեղեցական բոլոր հաստատութիւնները։ Սակայն ներքին և արտաքին բազմաթիւ հանգամանքները արգելք հանդիսացան այդ բանին և հայ ժողովուրդն ու եկեղեցին քամեցին արտասուքի և արեան դառն բաժակը և խոցոտուեցին անխնայ։ Վշտապատ հայ ժողովրդի մխիթարութիւնն անցեալ տարի սկսուեց նրա վիրաւոր և արիւնաներկ եղած ժամանակ և այժմ էլ, այդ ուրախառիթ ժամին դեռ բոլորովին չեն ցամաքել նրա արիւնն ու արցունքները։ Սակայն ազատութիւնն ու վերածնութիւնը միշտ այդ ճանապարհով է գալիս և որքան դժուարին փորձութիւններից յետոյ է լինում երկունքը, այնքան սիրելի և անգնահատելի է լինում նա ժողովրդին։

Այսօր Հայաստանեայց եկեղեցին ազատւում է իրեն ոգուն միանգամայն խորթ բիւրօկրատական կազմեց և հայ ժողովուրդն ընդարձակ իրաւունք ստանում իւր եկեղեցին ծաղկած վիճակի մէջ պահելու և նրա պաշտօնեաներին ընտրելու խնդրում։

Այսօր իրականացած ենք տեսնում այն տենչանքը, որը ոգևորութեան արցունք էր կորզում մեր աչքերից դեռ 1893 թուին և որին սպասում էինք անհամբեր։

Այո՛, այսօրուանից իւրաքանչիւր մարդ իրաւունք է ստանում իւր ցանկութիւնն ու կամքին արտայայտելու, համագումարելու և դնելով Նորին Սրբութեան առաջ, իրագործուած տեսնելու այն։ Ընտրական իրաւունքի ժամանակ մարդկանց ձայները նման են այն ստորերկրեայ կաթիլներին, որոնք երկրի ներսի շերտերում կամաց կամաց ի մի համախմբուելով, կազմում են աղբիւրներ և գետակներ և դուրս հոսելով, սփռում շրջակայքի վրայ կեանք և կենդանութիւն։ Նոյն է և ժողովրդի ձայնը. որքան համերաշխ և բազմաթիւ է լինում այն, որքան գիտակցաբար և ազատօրէն արտայայտուած, այնքան անկասկած է լինում նրա արդիւքն ու փրկարար հետևանքը։ Մի հաստատութիւն, ժողովրդական մի գործ ծաղկած և կենդանի պահելու համար չկայ առաւել կատարեալ մի ձև և միջոց, քան նոյն ժողովրդի ձայնն ու ընտրական սկզբունքը և ահա այսօր Նորին Սրբութիւնը այդ իրաւունքն է վերականգնում մեր եկեղեցու վերաբերութեամբ, որից երկար ժամանակ զրկուած էինք։ Այսօր չափահաս ենք համարւում և մեզ է յանձնւում մեր եկեղեցու բարգաւաճման իրաւունքը. այսօր ահա վերջապէս իրագործւում է հայ ժողովրդի ընտրելագոյն զաւակների փափագը։ Կեցցէ՜ Նորին Սրբութիւնը, մաղթենք Նրան երկար տարիներ, որ անձամբ տեսնել կարողանայ իւր սկսած գործի բարերար արդիւնքը, կեցցէ՜ հայ ժողովուրդը. տայ Աստուած որ նա գիտակից կերպով պահպանի իւր ձեռք բերած իրաւունքը և որպէս նախանձախնդիր իւր դարաւոր աւանդի՝ եկեղեցու բարգաւաճման, ցոյց տայ դրացիներին իւր հասուն և օրինակելի ընթացքը»։

Որոտաց ժողովրդական «կեցցէն» Նորին սրբութեան, որը երկար ժամանակ չէր դադարում. մաղթանքը վերջացաւ. 86 տարեկան ծերունի Հայրապետը կանգնեց, նորից ուղղեց իւր պարթև հասակը, շնորհակալութիւն յայտնեց ժողովրդին և խնդակցութիւն, որ ինքը կարողացաւ իրագործել եկեղեցու մեծագոյն կարիքը։ Մաղթեց, որ խելացի և գիտակից կերպով օգտուի նա իւր այդ իրաւունքով և անփոշմանելի դարձնի այս մեծ օրը։ Այնուհետև ասուեց ս. խաչիւս. Վեհափառը օրհնեց ժողովրդի որոտաձայն կեցցէ-ներ և ուրախ բացականչութիւններ։