1906 թվականի ամռանը Կովկասի հայ հասարակայնությունը պատրաստվում էր օգոստոսի 15-ին կայանալիք եկեղեցական գործերի կարգադրիչ Կենտրոնական ժողովին։ Խրիմյան կաթողիկոսի կոնդակներով հրավիրված այս մարմինը, որի պատգամավորներն ընտրվում էին ժողովրդի կողմից, իր իրավասություններով բարձր պետք է կանգնած լիներ և՛ Սինոդից, և՛ կաթողիկոսից։ Առանց հոգևորական դասին առաջնություն տալու բոլոր եկեղեցական գործերի կարգադրությունն «ամենաետին մշակին» հանձնելը որոշ ընդդիմություն հարուցեց Էջմիածնի միաբանության մեջ։ Կաթողիկոսի կոնդակներին հաջորդեց 14 միաբանների խնդրագիրը՝ վերանայելու կայացրած որոշումներն ու սահմանափակելու ժողովի լիազորությունները, ինչը և մամուլում «կղերականության դեմ» ծավալվող մի ամբողջ արշավի առիթ դարձավ։
Ներկայացվող վավերագրի հեղինակ, դաշնակցական գործիչ Սիրական Տիգրանյանը գործուն մասնակցություն է ունեցել ժողովի ընտրական կարգը ձևակերպելու հարցում։ Հայ եկեղեցու կառավարումն ամբողջությամբ ժողովրդական լայն զանգվածներին հանձնելու՝ իր և իր կողմնակիցների փորձին միաբանների այս ընդդիմությունը ստիպում է Տիգրանյանին կոշտ մեղադրանքներ ուղղել «սևազգեստների» հասցեին։ Կղերականությունն ըմբռնելով իբրև ժողովրդականության հակառակ բևեռ և ըստ էության օտար հայ եկեղեցու «տիպիքական» կազմությանը՝ Գևորգյան ճեմարանի իրավագիտության դասախոսը հոդվածում կոչ է անում արմատախիլ անել այն։ Տիգրանյանի խոսքում վառ է արտահայտված հանրապետական արժեքների՝ գրեթե կրոնական ջատագովությունը, որն ի վերջո հանգում է հեղափոխական գործընթացների մեջ հայտնված «վերածնվող Ռուսաստանի» հանդեպ ջերմագին հավատի։ Կուսակցական գործչի ջերմեռանդ խոսքը ստիպում է մտածել մեզանում աշխարհական և հոգևորական գործիչների միջև գործելակերպի և բարձր իդեալներին ընծայված հավատի զուգահեռների մասին։
Հրապարակվում է ըստ՝ Ս. Տիգրանյան, «Կղերականութիւնը մեզանում», Ալիք, 29 հունիս 1906 թ.։
Կղերականութիւնը մեզանում
«Մեր եկեղեցին կղերական եկեղեցի չէ», ասում են մեզանում, և այսպէս ասողներ կան թէ մեր «ազատամիտներից» և թէ «պահպանողականներից»։ Կարծես մի ճշմարտութիւն լինի այդ. բայց եթէ մէկը հակառակ ճշմարտութիւն յայտնելիս լինի և պնդէ, թէ «կղերական է մեր եկեղեցին», նա էլ կը կարողանայ որոշ ապացոյցներ առաջ բերել իւր բանաձևն ապացուցանելու համար։ Խնդիրն այն է, որ մեր եկեղեցին թէև տիպիքական կղերական եկեղեցի չէ, բայց անկասկած զերծ չէ որոշ կղերական յատկանիշներից։
Վերջին դարերում մեր եկեղեցին կղերական չէ եղել, ամբողջովին ժողովրդի ձեռքին է գտնւել, և «հոգևորական իշխանաւորները» ժողովրդի, ժողովրդի ազդեցիկ տարրի հրամանակատարներն են եղել իրօք. և այսպէս եղել են յետին տիրացուից սկսած մինչև Վեհափառ Կաթուղիկոսը։ Հասկանալի է. թէ՛ եկեղեցու, թէ՛ հոգևորականութեան միակ յենարանն ու պաշտպանը հայ ժողովուրդն էր. և եթէ սա մի րոպէ երես դարձնէր դրանցից – եկեղեցին էլ, հոգևորականութիւնն էլ կը կործանւէին, կը ոչնչանային իսկոյն և եթ։
Հանգամանքները փոխւեցին, երբ Էջմիածինը և Արարատեան երկիրը Ռուսաստանի տիրապետութեան տակ ընկան, և ռուսաց «բարեխնամ» կառավարութիւնը, իւր որոշ քաղաքական նպատակները և շահերն աչքի առաջ ունենալով, որոշեց պաշտպանել, աջակցել հայ հոգևորականութեանը, զօրեղացնել սրա դիրքն ու ազդեցութիւնը, իւր ծրագիրների համար այդ ազդեցութիւնը շահագործելու նպատակով թէ Ռուսաստանի սահմանում և թէ արտասահմանում։
Այդ նոր և հզօր պաշտպանի երևան գալը արմատապէս յեղաշրջեց մեր եկեղեցու ներքին յարաբերութիւնների ոգին. առաջ եկան այնպիսի կաթուղիկոսներ, ինչպէս Յովհաննէս Կարբեցին և վերջը Մակար կաթուղիկոսը… Սրանք լաւ հասկացան, որ այսուհետև կարող են արհամարհել ժողովրդի կամքը, աջակցութիւնը… Նոյն տենդենցիան որոշ չափով ազդում էր նաև Գէորգ կաթուղիկոսի գործունէութեան վրայ. իսկ զանազան Սինօդի անդամներ և թեմական առաջնորդներ, իրենց «կայսերահաստատ» անձեռնմխելիութեան վրայ ապավինած, ժողովուրդը ընդունում էին ոչ թէ իբրև մի ակտիւ մարմին, այլ իբրև մի պասսիւ «հօտ», որը գոյութիւն ունի իւր սրբազան հովիւներին «կերակրելու» համար։
Ժողովրդի իրաւունքների, հետևապէս նաև շահերի, արհամարհելը որոշ սիստէմ դառաւ մեզանում Մակար կաթուղիկոսի օրով, երբ սա, իր ազդեցիկ «շքախմբով» չէր խորշում Աղէքսանդր III-ի խաւար րէակցիայից օգտուելու ժողովրդի կամաց-կամաց արթնացող «ոտնձգութիւնների» դէմ մաքառելու համար։ Նոյն հովերը մասամբ շարունակւեցին նաև ներկայ կաթուղիկոսի օրով… բայց ահա վրայ հասան արտաքին զգաստացուցիչ հանգամանքները, և իրերի վիճակը դարձեալ կերպարանափոխուեց։ Գօլիցինի հալածանքը, որ նպատակ ունէր քարուքանդ անելու մեր եկեղեցին և ոչնչացնելու հայ հոգևորականութիւնը, մերկացրեց և երևան հանեց, որ այսօր էլ, ինչպէս և դարեր առաջ, մեր եկեղեցու և հոգևորականութեան միակ յենարանը հայ ժողովուրդն է։ Ի՞նչ կը լինէր մեր եկեղեցու և հոգևորականութեան վիճակը, եթէ ժողովուրդը իր արիւնոտ զոհերով պաշտպանութեան չելնէր Գօլիցինի արշաւանքի դէմ…
Հալածանքների օրերին մեր հոգևորականութիւնը լաւ հասկացաւ, որ ինքը առանց ժողովրդի ոչինչ է, կորած է. նոյն այդ օրերին իբրև ճշմարտութիւն հանդէս եկաւ, որ եկեղեցին հոգևորականութիւնը չէ, այլ ամբողջ ժողովուրդը, և որ եկեղեցու պաշտպանն ու տէրը դարձեալ հոգևորականութիւնը չէ, այլ ժողովուրդը։
Բայց հալածանքի օրերն անցան. այսօր կարծես ապահովութիւն է տիրում եկեղեցու իրաւունքների համար։ Եւ ահա զանազան ծակ ու ծուկից «սևազգեստներ» են դուրս սողում ժողովրդի ձեռքով ու զոհերով նւաճւած իրաւունքներին տիրանալու համար։ Այն անձերը, որոնք Գօլիցինի օրով պնդում էին, թէ «եկեղեցին հոգևորականութիւնը չէ, այլ ժողովուրդը», այսօր, մի աներես ամբարտաւանութեամբ ուզում են պնդել, որ «եկեղեցին հոգևորականութիւնն է, և ո՛չ թէ ժողովուրդը». և կարճամիտ ցանցառութեամբ երևակայում են, որ ազգային-ժողովրդական եկեղեցու իրաւունքների համար արիւն թափող ժողովուրդը այնքան ողորմելի կը գտնւի, որ թոյլ կը տայ իրեն խաբել, և իր ձեռք բերած իրաւունքները ինչ որ մի ուրիշ տարրի կասկածելի ձեռքը կը տայ… Sancta simplicitas! Պարզամտութի՜ւն, որը սակայն կարող է վտանգաւոր լինել պարզամիտների համար…
Մեր եկեղեցում կղերականութիւնը անցողական արտաքին հանգամանքների արդիւնք է, և հաստատուն հող չունի իր տակ։ Միևնոյն ժամանակ նա երբէք զօրեղ չէ եղել։ Այսօր էլ, ինչպէս նաև 20 տարի առաջ, մի կղերական դասակարգի, կազմակերպւած կղերի ու հաստատուն սիստէմի դէմ կռւելու չէ մեր հակակղերական հասարակութիւնը, այլ մի փոքր խմբակի, որոնք ոչ թէ դասակարգային, այլ աւելի զուտ անձնական, շահամոլական և իշխանամոլական շահերով են ոգևորւում և առաջնորդւում։ Կղերի ու ազատասէր, առաջադիմական հասարակութեան պայքարն ու կռիւը մի հանրամարդկային երևոյթ է, որ դեռ մի քանի տասնեակ տարիներ առաջ ծագել է և հայկական ասպարիզում։ Մենք տեսնում ենք, թէ ինչ զօրեղ ու կտրուկ միջոցների է դիմում այսօր Ֆրանսիական Հանրապետութիւնը իր ժողովրդի կեանքի այդ ախտաւոր կողմը բուժելու համար. սակայն այնտեղ կղերականութիւնը զօրեղ է իր դարաւոր արմատացած և ժողովրդականութիւն վայելող ազդեցութեան շնորհիւ. անշուշտ յաղթողը Հանրապետութիւնն է լինելու և կղերը հարկադրւած խոնարհւելու է. բայց այդ յաղթանակը առանց մեծամեծ ջանքերի և ուժերի խիստ լարման չի գլուխ գալու։ Այլ բան է մեզանում. կղերականութիւնը մեր ժողովրդի մէջ ո՛չ արմատ ունի, ո՛չ հող. հոգևորականութիւնը, ամբողջութեամբ առնւած, ժողովրդի մտքի և գործունէութեան վրայ ազդեցութիւն չունի, այլ ինքն է ենթարկւում աշխարհական հասարակութեան ժողովրդական-յառաջադիմական ազդեցութեանը և հեղինակութեանը։ Այսպիսի պայմաններում վտանգ չը կայ, թէ մեր ժողովուրդը և եկեղեցին կարող են կղերականալ, այլ ընդհակառակը։ Պետական կառավարութեան կողմից էլ այսուհետև մեր կղերականութիւնը պաշտպանութիւն չի գտնելու. վերածնւող Ռուսաստանը եկեղեցասէր չի լինի, և աւելի տրամադիր կը լինի սահմանափակելու հոգևորականութեան դերը…
Սակայն և այնպէս կղերականութեան հարցը տակաւին լուծւած և վերջացած չէ մեզանում։ Փոքրիկ նւաճումներով բաւականանալ չի կարելի. պէտք է արմատականօրէն վճռել այդ խնդիրը։ Պետք է մեր ասպարէզից կղերականութիւնը ընդմիշտ վերացնել։