Հայաստանի գոմերն ու հայ ուսանողությունը. ջահել Գալուստը՝ Փարիզից

 

1870-ականների վերջին և 80-ականների սկզբին ապագա հայտնի հայագետ, Էջմիածնի միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանն (Միաբան) ակտիվ շփումներ ուներ «Նարոդնայա վոլյա» հեղափոխական կուսակցությանը հարող կովկասյան շրջանակների հետ։ Մասնավորապես վկայված է, որ Ներսիսյան դպրոցի սանն այս տարիներին անդամակցում էր Թիֆլիսում գործող «կէս ինքնակրթական, կէս յեղափոխական» հայկական մի խմբակի։ 1881-ին արդեն Տեր-Մկրտչյանին գտնում ենք Փարիզի քաղաքական գիտությունների ազատ դպրոցում։ Նրա ուսանողական մտորումներին ծանոթանալու առատ նյութ են տալիս 1882 թվականի ընթացքում Մեղու Հայաստանի շաբաթաթերթին ուղարկած թղթակցությունները, որոնցից մի հատված է և ներկայացվող վավերագիրը։

Նարոդնիկական ագրարային սոցիալիզմի ազդեցությունը կրող ու իր գյուղական բարքին արժանին մատուցող ուսանողն այստեղ ջահելին հատուկ հեգնանքով ծաղրում է Փարիզի հայ ուսանողության՝ իրենց երկրից կտրված ազգասիրությունը։ Ինքնանպատակ կրթության քաղքենի մթնոլորտի իր նկարագրած պատկերում ուսանողն ինքը երևում է իբրև «գոմի» հարգն ու միաժամանակ Հայաստանի խեղճ դրությունը լավ պատկերացնող մեկը, ով արհամարհանք ունի «ընտիր հասարակութեան» մեջ ապաստան գտած, գոմից՝ գյուղացու կյանքից խորշող ազգասերների հանդեպ։ Հայաստանն, ուրեմն, Եվրոպայում բարձրագույն կրթություն ստացող Գալուստի համար «լոկ պատմական (հնագիտական) երկիր» չէ, ում «պրոֆէսսօր» ազգակիցներով պարծենալու առիթներ են պետք, այլ նախ և առաջ իրեն շրջապատող, իր կյանքը պայմանավորող իրականությունը։

Թղթակցությունը հետաքրքրական է նաև հայտնի հայագետ-հոգևորականին ճանաչելու համար առհասարակ․ հայ իրականության հանդեպ սրտացավ, սակայն վատաբանող ասեկոսեներ հաղորդելու ծաղրական ոճն այստեղ հետաքրքրականորեն արձագանքում է շուրջ տաս տարի անց ֆրանսիացի հայագետ Անտուան Մեյեի՝ իր բարեկամին Էջմիածնից ուղարկած նամակում արդեն անվանի հայագետ Միաբանի նկարագրությանը. խելոք և նուրբ, սակայն դավասեր և անհամեստ։

Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Տ. Ս., «Փարիզ, 8/20 ապրիլի (Թղթակցութիւն «Մեղու Հայաստանի» լրագրի)», Մեղու Հայաստանի, 2 մայիս, 1882 թ.։ Գալուստ Տեր-Մկրտչյանի հայրական ազգանունն է Տեր-Սարգսյան, որի առաջին տառերով՝ «Տ.Ս.»  գիտնականը ստորագրել է 1882 թվականին Մեղու Հայաստանիում հրապարակած բոլոր հոդվածները։

 

Փարիզ
8/20 ապրիլի
(Թղթակցութիւն «Մեղու հայաստանի» լրագրի)

 

Ի՞նչ գրեմ ձեզ Փարիզից։

Կարելի է ուսանողների մասին խօսել, որոնք մեր առաջին և վերջին յոյսն են, բայց այժմ Եւրօպայում գտնուած հարիւրի չափ մանրուխոշոր հայ ուսանողները մի այնպիսի անկապ անգոյն ժողովածու են կազմում, որի մասին լռելն աւելի լաւ է քան թէ խօսիլը։ Հաւատացնում եմ ձեզ ընթերցողներ, որ մեր Ռուսաստանի ուսանողները անհամեմատ աւելի բարձր են, թէև նոցա ինչ պտուղ լինելն էլ յայտնի է (խօսքս բացառութեանց վերայ չէ)։ Անշուշտ Եւրօպան չէ մեղաւորը, որ մեր ուսանողները այսպէս են։ Ի՞նչ ենք սպասում մենք, ի՞նչ է սպասում ազգը, և ի՞նչ ենք գտնում իսկապէս։

        Պարո՛ն, ի՞նչ է ձեր մասնագիտութիւնը, հարցնում ես մէկին։

        Բժշկութիւն։

        Իսկ ձե՞րը, պարո՛ն։

        Նոյնպէս բժշկութիւն։

        Իսկ դո՞ւք, պարոն, ի՞նչ եք դառնալու։

        Բժիշկ։

        Իսկ դո՞ւք։

        Ծիծաղով պատասխանում է. – «Բժիշկ»։

        Դուք նո՞յնպէս, – այո՛, բժիշկ։

Բոլորը բժիշկ, խնդրեմ հիւանդանաք բոլոր հայերդ պարոնների խաթրը չը կոտրելու համար և սոքա կը գան ձեզ բժշկելու։ Բայց ինձ ծուռ չը հասկանաք, խօսքս քաղաքների, մայրաքաղաքների վերայ է, գաւառներում, գիւղերում չը հիւանդանաք, որովհետև սոքա գիւղ եկողներ չեն. բոլորն էլ պատրաստւում են Պօլսի, Թիֆլիսի և կամ գոնէ միւս նշանաւոր քաղաքների համար, իսկ հայաստանցիների ֆիզիքական և մտաւոր բժշկութիւնը թողնում են…

Չը կարծէք թէ ես կանխակալ կարծիքներ ունիմ բժշկութեան դէմ և կամ հայերիս համար անպէտք եմ համարում բժշկութիւնը. ոչ երբէք։ Այլ աւելի խորին և հաստատուն մի պատճառ կայ, որ իրաւունք է տալիս ինձ այս անախորժ պաշտօնը կատարելու – Եւրօպայի հայ ուսանող ընդհանրութեան վերայ խօսելու։ Բոլորը այստեղ պատրաստւում են փառաւոր, կակուղ պաշտօնների, հազարով ռոճիկների, մեծ բաժինքով հարսնացումների և տխմար հասարակութեան կողմից «ովսաննայ ազգասէրներ, ովսաննայ հայրենասերներ» տիտոսների համար։ Բոլորը այս մի բանում լիովին համաձայն են։

«Ի՞նչ, դուք կամենում էք որ քրդերի դէմ կռուելու երթանք կամ Հայաստանի գոմերը». – ասում էր անցեալ օրը մի նորատի պարոն բժիշկ, իւր փայլուն շափօի վերայից մաքուր թաշկինակով փոշին սրբելով։ Եւ նկատեցի որ այդ միտքն անգամ անպատւում էր նորան։ Նորա կանացի զգայուն դէմքը զզուանք էր արտայայտում գոմ բառը արտասանելիս և անգիտակցաբար, կարծես թէ գոմում լինէր պարոնը, ուր կարող էր կեղտոտել, անցուց մաշկեայ նոր ձեռնոցները և մեծ ջանքով աշխատում էր կոճկել։

Ո՛չ, սիրելի բժիշկ, հանգստացրի նորան, ձեզ ինչ հարկ կայ Հայաստան գնալ, ձեր ապագան շատ փառաւոր է, Ս., Օ., Տ., էֆէնտիների նման բարեկամներ ունիք Պօլսում և եթէ չ՛ունենայիք էլ մի՞թէ բաւական չէ ձեր դօկտօրութիւնը, ձեր քաղաքավար ձևերը, ձեր (ուզում էի ասել գեղեցիկ ու դատարկապորտ անձը) ազգասիրութեան հռչակը, մանաւանդ որ ամբողջ Հայաստանում մի դաշնամուր անգամ չը կայ, իսկ ձեզ անհնար կը լինի առանց դաշնամուրի և առանց ընտիր հասարակութեան ապրել։

Անցեալ օրերը լուր տարածուեցաւ թէ պ. Ք-էն վերադառնում է հայրենիք։

        Պ. դօկտօր Կովկաս էք գնում, շատ բարև կ’անէք ծանօթներիս – ասացի ես։

        Մեծաւ ուրախութեամբ, պատասխանեց դօկտօրը (սա բժիշկ չէ), բայց դժբաղդաբար ես Կովկաս չեմ գնում, այլ Ռուսաստան՝ Մոսկվա կամ Պետերբուրգ։

Պարոնը, (այս դեռ մեր մէջը մնա, որովհետև կարող է չը յաջողուիլ) ձգտում է պրօֆէսսօրի ամբիօն ձեռք բերելու, կամ գոնէ առայժմս գէթ պրօֆէսսօրի օգնական դառնալ։ Այս բոլորը անում է նա ի հարկէ ազգասիրութիւնից, մանաւանդ այժմ, որ լուսաւորութեան այնպիսի մեծ կարօտութիւն կայ Հայաստանում։ Աչքի առաջ ունեցի՛ք, որ նա չէ կամենում ազգի իրաւացի յոյսերը ի դերև հանել, նա աշխատում է ոչ իւր, այլ ազգի փառքի համար անուն ձեռք բերել, և այն ժամանակ մենք փոխանակ վեց պրօֆէսսօր ունենալու Եւրօպայում, ինչպէս հաշուել էր «Մշակը», կ’ունենանք եօթը, ութը իննը, տասը… Այն ժամանակ մենք ամենայն իրաւամբ կարող կը լինինք պարծենալ (այժմս էլ պարծենում ենք) ամբողջ Եւրօպայի առաջ մեր ընդունակութիւններով և մեր ազգային դիւցազների՝ Լօրիս-Մելիքովների, Լազրովների, Շէլկովնիկների, Մադաթեանների, արղութեանների, Օտեանների, Պէղճեանների, Տատեանների հետ զուգընթացաբար հաշուել և գիտութեան հայ ներկայացուցիչների անունները։ Լօնդօնում այբը, Փարիզում պրօֆէսսօր բենը, Վիէննայում գիմը, Մադրիդում դան, Բէկինում եչը, Հօնօլուլում զան, Բէրլինում էն… Վերջապէս եթէ Թիֆլիսումն էլ համալսարան բացուի, կարծեմ շատերը հայերից պատրաստ կը լինին այդտեղ էլ գիտութեան ղեկը ստանձնելու և շատերը հէնց միայն այդ նպատակով էլ ցանկացած կը լինին համալսարանի բացումը։

Իսկ եթէ դուք սխալմամբ Հայաստանի մասին խօսիք, այդ բոլորովին աւելորդ է։ ա) որովհետև Հայաստանը լոկ պատմական (հնագիտական) երկիր է և բ) որ այնպիսի նշանաւոր մի տեղ չէ և յայտնի մայրաքաղաք էլ չ’ունի։

Իբրև ապացոյց. – անցեալ օրը մի ֆրանսիացի օրիորդ հարցնում էր ընկերիս թէ որ երկրից ենք մենք – ընկերս պատասխանեց, Հայաստանից։ (Մենք խօսում էինք Փարիզի վերայ) – «Ձեր մայրաքաղաքը Բուխարէստն է, այնպէս չէ՞» – կրկնեց օրիորդը։ – Այո՛, օրիորդ, պատասխանեցի ես։

Վերջապէս ես կը վերադառնամ նորից այն անմռունչ ոչխարներին, որոնք հօտերով բնակվում են Հայաստանի գիւղերում։