Եկեղեցու տնտեսական հիմքերն ու Ֆրանսիայի հանրապետությունը. Գալուստ Տեր-Մկրտչյանի թղթակցությունը

 

1881 թվականին Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) ընդունվեց Փարիզի քաղաքական գիտությունների ազատ դպրոց՝ քաղաքագիտություն ուսանելու։ Ապագա հայտնի հայագետ հոգևորականի կյանքի այս շրջանի, ունկընդրած դասախոսությունների և կրած ազդեցությունների մասին տեղեկությունները շատ սուղ են։ 1882 թվականի ընթացքում Մեղու Հայաստանի շաբաթաթերթին ուղարկած Տեր-Մկրտչյանի թղթակցությունները մեծամասամբ վերաբերում են կովկասահայության կյանքին կամ ֆրանսիայի հայ ուսանողության դրությանը։ Հրապարակված թղթակցությունների մեջ ներկայացվող հոդվածն այն եզակիներից է, որ թույլ է տալիս հաղորդակից լինել քաղաքագիտության ուսանողի մտքի ընթացքին կամ առնվազն ծանոթանալ այս շրջանում նրա ընթերցած գրականությանը։  

Հոդվածի թեման, բխելով Ֆրանսիայի ներքաղաքական խնդիրներից, միաժամանակ պատահական չպետք է համարել. Գևորգյան ճեմարանի նախկին ուսանող, քահանայի որդի և միաժամանակ Կովկասում նարոդնիկ հեղափոխական գործիչների հետ կապեր ունեցող քաղաքագիտություն ուսանող Տեր-Մկրտչյանի անցած ճանապարհի համար էական է թվում եկեղեցու, պետության և ժողովրդի հարաբերության խնդիրը։ Էջմիածնի ապագա միաբանի խոսքում մի կողմից երևում է հանրապետական արժեքների հանդեպ վստահությունը, մյուս կողմից այն կարևորությունը, որ ինքը տալիս է եկեղեցու և ժողովրդի կենդանի կապին։ Հոդվածագիրը ջերմորեն պաշտպանում է եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը հանրապետության մեջ՝ հանուն նույն այդ եկեղեցու և ժողովրդի կապի ամրապնդման։ Եվ հատկանշորեն, այս կապը հոդվածում նախ և առաջ ի հայտ է գալիս իր տնտեսական երեսակով. եկեղեցու ծախսերը հոգալու ֆինանսական աղբյուրից է Տեր-Մկրտչյանը բխեցնում թե՛ դրա կապն իր հոտի հետ և թե կախվածությունը պետությունից։  Նույն տնտեսական հողի վրա է դիտարկում ուսանողը և Հայ եկեղեցուն, որի «ազգային» բնույթը հոդվածում ոչ թե կապվում է գաղափարական, այլ պարզ տնտեսական գործոնների հետ. մի հայացք, որտեղ հաշտ են երևում Միաբանի մոտ նարոդնիկական ագրարային սոցիալիզմի ազդեցություններն ու հավատավորի բարքը։

Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Տ. Ս., «Տէրութիւն եւ եկեղեցի» լրագրի)», Մեղու Հայաստանի, 25 ապրիլ, 1882 թ.։ Գալուստ Տեր-Մկրտչյանի հայրական ազգանունն է Տեր-Սարգսյան, որի առաջին տառերով՝ «Տ.Ս.»  գիտնականը ստորագրել է 1882 թվականին Մեղու Հայաստանիում հրապարակած բոլոր հոդվածները։

 

Տէրութիւն եւ եկեղեցի*

Ֆրանսիայի հասարակութեան պատկանած բոլոր երկիրների մէջ այժմ օրինական կերպով ճանաչուած վեց եկեղեցի, վեց կրօնք կայ։ Դրանցից առաջին տեղն է բռնում ամենայն բանով՝ թէ՛ հարստութեամբ, թէ՛ բազմաթիւ հետեւողներով և թէ՛ իւր վաղեմիութեամբը կաթօլիկ եկեղեցին։ Երկրորդ և երրորդ տեղը բռնում են կալուինականների եկեղեցին և լուտէրականներինը։ Ալժիրին տիրելուց յետոյ, մահմէդականութիւնը նոյնպէս դարձաւ տէրութիւնից, այսպէս ասել, վաւերացուած և թոյլ տրուած կրօնք, իսկ Կօխինխինում (Չինաստանում) – բուդդայականութիւնը։ Մոռացանք յիշել մովսիսականութիւնը, որի վերջին թոյլատւութիւնը և օրինական վավերացումը կատարուեցաւ Նապօլէօն Ա.-ի ժամանակ կօնկօրդատի ընդունուելուց և գործադրուիլ սկսուելուց վեց տարի յետոյ, այն է՝ 1808 թուին, առանձին արքունի հրովարտակով։

Այսպէս ուրեմն, Ֆրանսիական հասարակապետութիւնը յայտնի օրէնքներով որոշ յարաբերութիւններ ունի տէրութեան մէջ օրէնքով ընդունուած վեց կրօնքների, կաթօլիկութեան, կալուինականութեան, լուտէրականութեան, մովսիսականութեան, մահմէդականութեան և բուդդայականութեան հետ։

Ինչպէս ասացինք, այս կրօնքներից Ֆրանսիայում ամենանշանաւոր տեղն է բռնում կաթօլիկութիւնը, ուստի և մենք բաւականանալու ենք խօսելով միայն նրա և հասարակապետութեան յարաբերութեան վերայ։

Այս տարի առաջարկուած խնդիրներից, որոնք դեռ լուծման են սպասում, առաջնակարգ տեղ կարելի է տալ պ. Բուասէի առաջարկութեանը կօնկօրդատի զեղջման մասին։ Այս առաջարկը թէև կարող է դեռ երկար տարիներ իւր լուծումը չ՛ստանալ հակառակորդների բազմաթիւ լինելուն պատճառաւ, սակայն իւր նշանաւորութեամբը և կարևորութեամբը, բոլոր լրագիրների, բազմաթիւ ժողովքների և ցոյցերի նիւթ է դարձել սկսեալ մարտի 7-ից (Բուասէի առաջարկութեան օրից) և շուտով կատաղի վիճաբանութեան նիւթ կը դառնայ դէպուտատների ժողովքում։

Այս առաջին անգամ չէ, որ Բուասէն առաջարկում է 1801-ի կօնկօրդատի զեղջումը։ Դեռ 1879 յուլիս 30-ին նա ուրիշ 17 դէպուտատների համաձայնութեամբ բարձրացրեց նոյն այդ հարցը։ Գամբէտտան և Ժիւլ Ֆէրին 1869 թուին իւրեանց ընտրողների առաջ նոյնպէս խոստացել էին առաջարկել – բաժանել բոլորովին եկեղեցիները տէրութիւնից – և այս առաջարկութիւնը մինչև վերջը պաշտպանել, թէև խոստմունքները չը կատարեցին։

Վերջապէս եկեղեցիների տէրութիւնից բաժանելու խնդիրը մեր ԺԹ դարում արծարծուած ամենանշանաւոր խնդիրներից մէկն է իւր թէ՛ քաղաքական և թէ՛ բարոյական նշանակութեամբը։ Այս մասին բաւական շատ է գրուել վերջին դարումս յայտնի գրողների և քաղաքագէտների կողմից։ (Տե՛ս Ժիւլ Սիմօնի «De la liberte’ conscience» գրքին մէջ 1857. և կամ նոյն հեղինակի «La Politique radicale 1868»[1]Ժյուլ Ֆրանսուա Սեյմոնը (1814-1896) Ֆրանսիայի երրորդ հանրապետության պետական գործիչ է, փիլիսոփա։ Հեղինակի նշած աշխատությունները տե՛ս  Jules Simon, De la liberté de’ conscience (Paris: Hachette, 1857); La politique radicale (Paris: Librairie internationale, 1868):, Եդուարդ Լաբուլէի «Le Parti liberal, son programme et son avenir» գիրքը 1864. նոյն հեղին. «Questions constitutionnelles» գիրքը 1872.[2]Էդուարդ Ռենե Լաբուլյեն (1811-1883) ֆրանսիացի իրավաբան է, պոետ։ Հեղինակի նշած աշխատությունները տե՛ս Édouard René de Laboulaye, Le Parti liberal, son programme et son avenir (Paris։ Charpentier, 1863); Questions constitutionnelles, (Paris: Charpentier, 1872): և կամ Prevost- Paratol-ի 1868-ին գրած «La France nouvelle» գիրքը[3]Լուսիե-Անատոլ Պրեվո-Պարադոլը (1829-1870) ֆրանսիացի լրագրող է։ Հեղինակի նշած աշխատությունը տե՛ս Lucien-Anatole Prévost-Paradol, La France nouvelle (Paris: Michel Lévy Frères, 1868): և այլն)։

Հասարակապետական տէրութեան բուն նշանակութիւնն է հսկել հպատակների յարաբերութեանց կարգաւորութեանը և նրանց մէջ արդարութիւն, խաղաղութիւն և հաշտութիւն հաստատել։ Նրա իշխանութիւնը տարածվում է միայն արտաքին մարդուն վերայ, բայց ներքին մարդը ոչինչ կախումն չ’ունի նրանից։

Նրա գործը չէ թափանցել իւրաքանչիւրի սիրտը, նրանց խղճի և անհատական մտածողութեան հաշիւը տեսնելու համար։ Նրան ի՞նչ գործ, թէ ով ի՞նչ հաւատքի կամ ի՞նչ կարծիքների է պատկանում։ Եւ կրօնական արտաքին արտայայտութիւնները պէտք է ազատ լինին մինչև այն աստիճան, որ չը դիպչեն ուրիշների ազատութեանը։ Կրօնքը, ինչպէս ասել է Միրաբօն 1791-ին, չէ և չը պիտի լինի արտաքին ընկերական (սօցիալական) յարաբերութիւն, կրօնքը պատկանում է ներքին և առանձնական մարդուն, ինչպէս և խղճմտանքը։

Եթէ կամենում էք կրօնքը ենթարկել արտաքին քաղաքական օրէնքների, նախապէս ենթարկեցէք այդ բանին խղճմտանքը։ Հասարակապետութեան մէջ խղճմտանքի ազատութիւնը ըստինքեան կարելի է միայն եկեղեցիների տէրութիւնից բաժանելովը։ Ֆրանսիական հասարակապետութիւնը, որ ոչ մի կրօնք չ՛ունի, կօնկօրդատի և կրօնական օրէնքների հիման վերայ խառնվում է ընդունուած վեց կրօնքների ներքին գործերին, որև խղճմտանքի բռնաբարութիւն է։ Սոյնպէս և դեռ մինչև այսօր մէթօտիստները աղօթատուն չ’ունին Ֆրանսիայում, նոյնպէս և կրկնակնունքները ( բապտիստները) և ուրիշ շատ աղանդաւորներ։

Մինչդեռ կրօնական ազատութիւն կարելի է միայն այն ժամանակ, երբ հասարակապետութիւնը բոլորովին կը բաժանէ եկեղեցիները տէրութիւնից, և ինչպէս Միացեալ-Նահանգներում, իւրաքանչիւր կրօնքի հետևողներ իւրեանց ծախսովը կը պահեն իւրեանց հոգևորականներին և իւրեանց աղօթարանները։ Եւ այն ժամանակ Ֆրանսիական հասարակապետութիւնը կ’ազատուի այն միլիօններից, որ իւրաքանչիւր տարի տալիս է հոգևորականներին. միւս կոմից եկեղեցիները կ’ազատուին տէրութեան միջամտութիւնից։

Այնուհետև իւրաքանչիւր քահանայ կամ րաբբի և կամ մօլլա գործ կ’ունենայ իւր ծուխի հետ, որի նիւթական տուրքով պէտք է ապրի ինքը և պահէ աղօթատունը. կը վերանան եպիսկոպոսների բռնութիւնները և քահանաները աւելի կախումն կ’ունենան ժողովրդից, քան թէ եպիսկոպոսից։

Եւ դուք կարծում էք, թէ դրանով կը թուլանա՞յ եկեղեցին. ամենևին ոչ։ Ոչ մի երկրում այնպէս ծաղկած չեն կրօնքները, ինչպէս Միացեալ-Նահանգներում, ուր եկեղեցիները բոլորովին բաժանուած են տէրութիւնից և իւրաքանչիւր կրօնական հասարակութիւն հոգում է իւր ծախսերը։ Անգլիայում եպիսկոպոսական եկեղեցին պաշտպանուած է տէրութիւնից և ունի արտոնութիւններ ու առանձնաշնորհութիւններ, բայց օրից օր աւելի թուլանում է, մինչդեռ կաթօլիկ եկեղեցին այնտեղ աւելի կենդանութիւն է ցոյց տալիս և աւելի բարգաւաճում է։ Վեր առէ՛ք օրինակ հայերիս։ Ահա մի դէպք, որ Ֆրանսիացիք մեզանից լաւ օրինակ կարող են առնել։ Ինչո՞վ պակաս է մեր եկեղեցին մեր դրացիների, թիւրքերի կամ վրացիների եկեղեցիներից, կարծեմ աւելի զարգացած է և աւելի ազգային, մինչդեռ մեր հոգևորականները ոչնինչ չեն ստանում ո՛չ ռուսաց, ո՛չ պարսից և ո՛չ թիւրքաց տէրութիւնից և հայ հաւատացեալ հասարակութիւնն է պահում իւր եկեղեցիները, իւր վանքերը, նաև իւր ուսումնարանները։ Եւ այնպէս երկուստեք է օգուտը. տէրութիւնը ազատվում է եկեղեցական ծախսերից, իսկ եկեղեցին տէրութեան միջամտութիւնից։

….

Եկեղեցիները տէրութիւնից բաժանելու միտքը ոչ թէ ծնուել է անհաւատների, ծայրայեղների գլխում միայն, ոչ, այլ ամենաջերմ հաւատացեալներ անգամ, թէ՛ կաթօլիկներից և թէ՛ բողոքականներից, համաձայն են այդ բաժանմանը և համակրում են, աչքի առաջ ունենալով ոչ միայն տէրութեան, այլ և եկեղեցու օգուտները։

Վարձկան հոգևորականութիւնը շատ քչով է տարբերվում վարձկան պաշտօնեաներից, մինչդեռ ոչ մի հաւատացեալ չէ ցանկանում տեսնել իւր քահանայի մէջ մի վարձկան, մի հասարակ պաշտօնեայ։

Եւ վերջապէս՝ ի՞նչ արդարութիւն, ի՞նչ իրաւունք է Ֆրանսիայի պէս մի տէրութեան մէջ, ուր կան և բազմաթիւն ազատ մտածող անուանածներ, ստիպել ամենքին վճարել հոգևորականներին։ «Եթէ ծխախոտ ես գնում, վճարում ես. գնում ես եկեղեցի աղօթելու, վճարի՛ր քեզ համար, կարծեմ ես պարտական չեմ քո փոխանակ կամ քեզ հետ միասին վճարելու», գոռում են ձախակողմեանները։

Միով բանիւ այս նշանաւոր հարցի վերջնական որոշումը, ինչպէս երևում է, դեռ շատ տարիներ պիտի քաշէ, քանի որ Ֆրանսիական հասարակապետութիւնը ինքն է տալիս լատին կղերին այն նիւթական և բարոյական ոյժը, որով նա օրից օր աւելի զօրանում է։ Այս մասում Ֆրանսիան ոչ միայն Միացեալ-Նահանգներից, այլ և Իտալիայիցն էլ ետ է մնացել, որովհետև իտալական թագաւորութիւնը իւր առաջանալու առաջին օրերից արդէն վերջացրեց կօնկօրդատը։

Բաժանման կարծիքին են եղել շատ նշանաւոր կրօնաւորներ, եպիսկոպոսներ, մանաւանդ գալլիական (ազգային գաղղիական) եկեղեցուն պատկանողներից, որոնց թիւը այժմս բոլորովին պակասել է անդր-լեռնականների համատարած տիրապետութեամբը։

Բաժանման կարծիքն է արծարծում Տօքուիլը իւր «De la Democratie en Amerique» հեղինակութեան մէջ։[4]Տե՛ս Alexis de Tocqueville, De la Démocratie en Amérique (Paris: Pagnerre, 1848)։ Այս կարծիքին էին Լամարտինը, Ժիւլ Սիմօնը, Եդուարդ Լաբլուէն և վերջապէս ԺԹ դարու ամենանշանաւոր մարդկանցից մէկը – Կաւուրը, որ վերջին շունչը տալու ժամանակն անգամ մրմնջում էր. «ազատ եկեղեցի ազատ տէրութեան մէջ»։

 


*Ծանօթ.։ Մենք այս յօդուածը գրելիս օգուտ ենք քաղում գլխաւորապէս Lois Amiable-ի «La Separation de L’Etat et des Eglises» յօդուածիցը։

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Ժյուլ Ֆրանսուա Սեյմոնը (1814-1896) Ֆրանսիայի երրորդ հանրապետության պետական գործիչ է, փիլիսոփա։ Հեղինակի նշած աշխատությունները տե՛ս  Jules Simon, De la liberté de’ conscience (Paris: Hachette, 1857); La politique radicale (Paris: Librairie internationale, 1868):
2 Էդուարդ Ռենե Լաբուլյեն (1811-1883) ֆրանսիացի իրավաբան է, պոետ։ Հեղինակի նշած աշխատությունները տե՛ս Édouard René de Laboulaye, Le Parti liberal, son programme et son avenir (Paris։ Charpentier, 1863); Questions constitutionnelles, (Paris: Charpentier, 1872):
3 Լուսիե-Անատոլ Պրեվո-Պարադոլը (1829-1870) ֆրանսիացի լրագրող է։ Հեղինակի նշած աշխատությունը տե՛ս Lucien-Anatole Prévost-Paradol, La France nouvelle (Paris: Michel Lévy Frères, 1868):
4 Տե՛ս Alexis de Tocqueville, De la Démocratie en Amérique (Paris: Pagnerre, 1848)։