Խորհրդայնացման սկզբնաշրջանում երկրի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար առաջնային է դառնում համատարած անգրագիտության վերացումը և պետության կայացմանը նպաստելու նպատակով երիտասարդ նոր կադրերի պատրաստումը։ Այս համատեքստում է նաև, որ կարևորվում է Հայաստանում առաջին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Պետական համալսարանի դերը։ Վերջինս կազմավորվում է Առաջին հանրապետության շրջանում հիմնադրված Երևանի Պետական համալսարանի հիման վրա։ Վերակոչվելով Երևանի ժողովրդական համալսարանի՝ սկզբնական շրջանում այն գործում է երկու՝ բնագիտական և հասարակագիտական ֆակուլտետներով։ 1920 թվականի դեկտեմբերի 17-ի լուսժողկոմի հրամանով փակվում են նախկին համալսարանի ֆակուլտետները, արձակվում նախկին աշխատակիցները։ Նոր համալսարանի կազմակերպության հիմունքները, ծրագիրն ու դասախոսական կազմը որոշելու համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով։
Ժողովրդական համալսարանում կրթության ու գիտության ըմբռնումներն, այդուհանդերձ, էապես տարբերվում էին հայության կյանքում արմատավորված նախընթաց շրջանի ըմբռնումներից. ըմբռնումներ որոնք մեծ իմաստով ընկած էին նաև Երևանի համալսարանի հիմքում։ Այսպես, ի տարբերություն Առաջին հանրապետությունում և 19-րդ դարում մեծապես գործող կրթության «բարոյական» ըմբռնմանն ու կոչմանը, որը, կապվելով հայերի՝ կրթությամբ ու գիտությամբ քաղաքակիրթ ազգերի շարքում սեփական տեղն ունենալու վաղեմի բաղձանքների հետ, մեծ իմաստով հակադիր էր նաև «ցածում գտնվող» առօրյա կենցաղավարությանն, ապա խորհրդահայ իրականությունում կրթությունն ու գիտությունն իջնում են հողին՝ կապվելով ժողովրդի անմիջական կարիքներին ու սեփական կյանքը հոգալու առօրյա աշխատանքին։
Ներկա վավերագիրը մեկն է ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի՝ կնոջը՝ Վառվառա և դստերն՝ Էլեանորա Մանանդյաններին ուղղված նամակներից, որոնք հետաքրքրական տեղեկություններ են պարունակում նաև խորհրդային առաջին տարիներին Ժողովրդական համալսարանի գործունեության վերաբերյալ։ Հակոբ Մանանդյանն, Առաջին հանրապետության շրջանում լինելով Երևանի համալսարանի Պատմա-լեզվաբանական ֆակուլտետի դեկանը, խորհրդայնացումից հետո շարունակել է իր գործունեությունը՝ վարելով Պատմա-գրականական ֆակուլտետի աշխատանքները։ Գիտնական-մտավորականի դիրքից գրված այս նամակն ուշագրավ է նրանով, որ երևան է հանում համալսարանի գործունեությունն ու նպատակները ոչ թե քաղաքական, այլ առօրյա-կենցաղային մակարդակներում։ Որքան էլ ոգևորիչ լիներ տասնամյակներով բաղձած բարձրագույն կրթական հաստատություն ունենալու փաստն ինքնին, Մանանդյանի նամակի առանցքում համալսարանական կյանքը սեփական զոհողությունների գնով հնարավոր դարձնող մարդկանց կենցաղային ծանր պայմաններն են. պայմաններ, որոնք կիսում էր նաև ինքը Մանանդյանը, երբ անդրադառնում էր կառավարության ո’չ փող և ո’չ էլ բավարար չափով մթերք ունենալու պատճառով համալսարանում դասավանդող պրոֆեսորների ծանր կացությանը։ Հատկանշականը, սակայն, այստեղ այն է, որ Մանանդյանը, նկարագրելով հանդերձ սեփական կյանքի վատթար կացությունը, միաժամանակ չի վարանում արտահայտել իր ոգևորությունը, երբ խոսում է համալսարանում իր դասերի, իր շուրջը խմբված ու նեցուկ կանգնած երիտասարդ ուսանողության մասին։ Ուրեմն, վավերագիրը բացահայտում է գիտնականի ծանր կենցաղային պայմանների և այդ պայմաններում գիտության զարգացման հնարավորությունների միջև լարումները. լարումներ, որոնք առհասարակ ուղենշային պետք է համարել 1920-ականների համար, երբ մտավորականությունը կանգնած էր սեփական կյանքի ծանր պայմանների միջոցով ստեղծագործելու բարդ մարտահրավերների առջև։
Վավերագիրն ըստ՝ Բանբեր Երևանի համալսարանի, թիվ 3, 1972, էջ 154։
[Մանանդյանի նամակը]
11/3–1922 թ.
Երևան
Սիրելիք Վարյա և Նելլիկ, ուղարկել եմ մի նամակ, սակայն մինչև այժմ պատասխանը չեմ ստանում: Վերջին ժամանակներս շուտ–շուտ հիվանդանում եմ և թեև թեթև, սակայն շարունակ ինձ թույլ եմ զգում: Այստեղ շատ աշխատեցի, որ ձեզ ևս ուղարկեն հարվածային փայերի փոխարենը նշանակված նպաստը: Թեև մի անգամ մերժել էին, սակայն համառ ջանքերից հետո հաջողվեց: Երևի փողն արդեն ստացած կլինիք: Պրոֆեսորների դրությունը շատ ծանր է, որովհետև հունվար ամսից սկսած այլևս մեզ հարվածային փայ չեն տալիս: …Հունվար, փետրվար և մարտ ամիսներին ստացել եմ ընդամենը, այն էլ վերջերս, մոտ 2 միլիոն ռ. կենտրոնական դրամով, որն, ի նկատի ունենալով փողի այժմյան արժեքը, չնչին մի գումար է: Հայաստանի դրությունը խիստ ծանրացել է: Սկսվել է չորս կողմը սովը. կառավարությունը, ըստ երևույթին, փող չունի և ոչ էլ բավարար չափով մթերք: Ի՞նչ է լինելու մեր երկրի վերջը, շատ դժվար է գուշակել…
Փետրվար ամսին հայտնեցին ինձ, որ նշանակված եմ թոշակավոր: Մի քանի օր առաջ ստացա մթերքները հարվածային փայի կեսի չափով: Ինձ համար այդ միանգամայն անսպասելի էր: Այդ նպաստն է, որ դրություններս մի փոքր լավացրեց: Վերջերս եղբորս էլ շատ քիչ բան են տալիս, որովհետև «Հայկոոպը» ևս շատ ծանր դրության մեջ է գտնվում և արդեն սպառել է թե իր միջոցները և թե իր մթերքները: Համալսսրանի ռեկտորն այլևս Պ. Քալանթարյանը չէ, այլ Աշ. Հովհաննիսյանի եղբայրը՝ Հակոբ Հովհաննիսյանը: Նա աշխատում է մեր դրությունը բարվոքել: Խոստանում են մեզ տալ բավարար ռոճիկ: Հենց որ դրությունս լավանա, իսկույն փող կուղարկեմ: Գրքերն անհնարին է ծախել, որովհետև ոչ կառավարությունը փող ունի, ոչ էլ «Հայկոոպը»:
Չնայած այս ծանր պայմաններին «Արևելագիտական ֆակուլտետը», որի վարիչն եմ ես, օրըստօրե զորեղանում է: Մի քանի շաբաթ առաջ ֆակուլտետում մտցրի անգլերեն և գերմաներեն: Անգլերենի համար հրավիրեցի ամերիկացի միստր Մեյնարին, որը շատ ոգևորված պարապում է, իսկ գերմաներենի համար՝ Կ. Մելիք–Օհանջանյանին: Այս կիսամյակին բաց եմ արել երեք պրոսեմինար՝ լեզվական, գրական ու պատմական: Պատմական պրոսեմինարն ես եմ վարում: Մի քանի օր առաջ համոզեցինք Ռոմ. Մելիքյանին՝ ուղարկել համալսարանին դաշնամուր. շուտով կազմելու ենք ուսանողական երգեցիկ խումբ: Ֆակուլտետն ունի այժմ 69 ուսանող, տեխնիկական ֆակուլտետը – 32, գյուղատնտեսականը – 36, մանկավարժականը – 22, խորհրդային շինարարությանը – 20: Ուսանողների մեծագույն մասը ձգտում են մտնել «Արևելագիտական ֆակուլտետ», սակայն մոտ 15 հոգու ստիպված եղա մերժել, որովհետև ուսանողության թիվը մեր ֆակուլտետում խիստ շատ է: Ուսանողության մեջ կան շատ լավ տղաներ և բարեխղճորեն պարապում են և ինձ շատ են օգնում ամեն կերպ: Տպագրում եմ այժմ վիմագրով դասախոսություններիս առաջին մասը: Միակ իմ մխիթարանքն այստեղ այն կենդանի գործն է, որ հաջողությամբ գլուխ է գալիս:
Ողջույններ՝ Հ. Մանանդյան