1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը որբերի կրթության ու դաստիարակության հարցն էր, որն ուղղակիորեն պետք է կապվեր երկրի մշակութային, տնտեսական ու սոցիալական կարիքների հետ։ Ապագայում՝ «սոցիալական չարիքի» վերածման վտանգին ենթակա որբերը կրթության միջով անցնելով միայն կարող էին դառնալ առաքինի սոցիալիստ քաղաքացիներ։ Կրթություն ստանալով՝ ընտանեկան միջավայրից դուրս հասակ առած որբերը մի կողմից իրենց նպաստը կբերեին նոր պետականության կայացման գործին, մյուս կողմից՝ իրենք իսկ ապագայում ապահովված կլինեին ինքնուրույն աշխատանքով։ Այս համատեքստում է, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը նախևառաջ խրախուսում էր գործնական գիտելիքների և մասնավորապես արհեստների ուսուցումը, սակայն, ոչ միայն երկրի արտադրողականությունը բարձրացնելու համար, այլև այն պատճառով, որ արհեստներն առավելագույն հեշտությամբ կյուրացվեին նաև կրթություն չունեցող որբերի կողմից։ Այս նպատակով է, որ 1921 թվականին Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հետամուտ է լինում Երևանում Գեղարվեստական դպրոցի հիմնադրմանը։ Որբերին նկարչական կրթություն տալով հանդերձ՝ դպրոցը շեշտ էր դնում հատկապես արհեստների (ոսկերչություն, բրուտագործություն, ասեղնագործություն, ձեռագործություն, գորգագործություն և այլն) ուսուցման վրա։
Ներկա վավերագիրը՝ գրված Գեղարվեստական դպրոցի հիմնադրման ակունքներում կանգնած նկարիչ Գաբրիել Գյուրջյանի կողմից, երևան է հանում դպրոցի ներքին խնդիրներն ու դրանից բխող գործնական հետևանքները։ Հոդվածի առանցքում Գեղարվեստական դպրոցի ու ոսկերչական արհեստանոցի միջև առկա փոխհարաբերությունների պարզաբանումն է։ Սուր քննադատելով «անկոնտրոլության գերիշխանությունը վայելող» ոսկերչական արհեստանոցի՝ դպրոցից «անջատողական նկրտումներ ունենալը»՝ Գյուրջյանի մտահոգության կենտրոնում դրա պատճառով տուժող որբերն էին։ Վերջիններս մոռացության էին տալիս նկարչական իրենց «պրյոմները» և «ինչ վոր բաներ» արտադրելով հանդերձ՝ ըստ էության հիմնովին չէին յուրացնում նաև իրենց արհեստը՝ ոսկերչությունը։
Հրապարակվում է ըստ՝ Գ. Գյուրջյան, «Միջմոլորակային հաստատություն», Խորհրդային Հայաստան, 13 հունիսի 1924թ.։
Հունիսի 8–ին բացվեց Պետական Գեղարվեստական Տեխնիկական դպրոցի աշակերտների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը հարուստ ե. աչքի յե ընկնում եքսպոնատների բազմազանությամբ: Մասնակցում են 1, 2, 3, 4–րդ նկարչական–գեղարվեստական արհեստանոցները, մասնակցում են անդրիագործական, բրուտային–կիրամիքական և ասեղնագործական արհեստանոցները:
Աչք ե ծակում դպրոցի կազմի մեջ մտնող վոսկերչական արհեստանոցների եքսպոնատների բացակայությունը:
Անցյալ տարի այդ արհեստանոցը մասնակցել ե ցուցահանդիսին իր վոսկերչական արտադրանքներով ու նկարներով, բայց նրա և դպրոցի միջև յեղած թույլ կապն այս տարի վերջնականապես խզվեց: Ցուցահանդեսն արդեն հինգ որ ե ինչ բաց ե, բայց վոսկերչանոցն իր արտադրությունները դեռևս չի ուղարկել: Յեթե նույնիսկ սրանից հետո վորեվե բան ուղարկի, համենայն դեպս, նկարներ չեն լինի, վորովհետև այս ուսումնական տարում վոսկերչանոցը նկարչության դասատու չի ունեցել: Պրակտիկայի բացակայության պատճառով աշակերտներն իրենց անցյալ տարվա սովորած նկարչության պրյոմները մոռացության են մատնել: Այս բոլորի պատճառն այն ե, վոր մինչև որս դեռևս արհեստանոցի ու գեղարվեստական դպրոցի փոխհարաբերությունների հարցը պարզված չե:
Մի կողմից արհեստանոցը մտնում ե գեղարվեստական դպրոցի կազմի մեջ և պետք ե յենթարկվի դպրոցի ընդհանուր արտադրողական ծրագրին, մյուս կողմից նա «ինքնագլուխ ե» և նրա ճակատին «Լուսժողկոմատի վոսկերչանոց» անունը կրող ցուցանակն ե փայլում:
Թեև Լուսժողկոմատում այդ բանը կարծես թե ուղղագրական թյուրիմացություն են համարում և վոսկերչանոցի վարիչը ժխտելով–ժխտում ե վորեվե անջատողական նկրտումներ ունենալը, բայց այնուամենայնիվ դպրոցի և արհեստանոցի միջև ինչ վոր «բարոյական կապ» պահպանելու մասին ե խոսում միայն (ավելի սերտ կապ ունենալ յերեվի անբարոյական համարելով): «Պլատոնական իդեալիզմը» կործանարար ազդեցություն ե թողնում գործի վրա:
Իր ծրագրով վոսկերչանոցը գեղարվեստական դպրոցի բաղադրիչ մասն ե, իր ցուցանակով նա Լուսժողկոմատի հովանավորության տակ ե գտնվում, ըստ իր վարիչի հայտարարության՝ բարոյական կապերով ե կապված գեղ. դպրոցի հետ, բայց փաստորեն դա անկոնտրոլության գերիշխանությունը վայելող մի ինքնաբավ ավտոնոմիա յե:
Ինչպես միշտ, «յոթը դայակ ունեցող յերեխան հսկողությունից զուրկ կը լինի»: Վորբ աշակերտները, այդքան խնամակալ ունենալով հանդերձ, առայժմ «բարեխնամորեն» շահագործվում են: Նրանք ինչ վոր բան են սովորում, ինչ վոր բաներ են արտադրում, արդյոք հիմնովին յուրացնում են իրենց արհեստը, սա նաև հարց ե:
Նկարչություն չեն սովորում, իսկ ինչ արհեստին ե վերաբերում, չե՞ վոր վոսկերչությունը «խորաթագուստ» գաղտնիքներ ունի, վորոնք գոյություն ունեցող տրադիցիաների համաձայն, այդ մոգական կաստայի անկանոնությունն են կազմում, և այդ շնորհը միայն ընտրյալներին ե հաղորդվում: Բայց վորբերը դժվար թե կարողանան ընտրյալների թվին պատկանել:
Իսկ փոխ–հարաբերությունները շարունակում են «պարզվել»:
Այսպիսով 2–րդ տարին ել անցավ պարզելու աշխատանքների մեջ: Մնում ե պարզելու աշխատանքների 3–րդ տարվա նախապատրաստական «աշխատանքներին» անցնել:
Գ. Գյուրջյան