Նարդի՞, թե՞ շախմատ. հայ կոմերիտականին վայել խաղը  

 

1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը միաժամանակ երկրում ազդարարեց մշակութային հեղափոխության մեկնարկը: Քաղաքական նախագիծ լինելով՝ մշակութային հեղափոխությունը ենթադրում էր քաղաքական, վարչական միջոցների գործադրմամբ վերափոխել տեղական կենցաղն ու հաստատել նոր՝ կոմունիստական վարքուբարք:

Ստորև ներկայացվող վավերագիրը երևան է բերում կենցաղի արդիականացման նախագծի կենսագործման ընթացքը՝ մի ուշագրավ դեպքի բերումով: Այն սուր քննադատություն է՝ ուղղված Երևանի կոմերիտականների շրջանում տարածված սովորության՝ նարդի «շխկացնելու» դեմ: Առանցքայինն այս անդրադարձում սակայն ոչ այնքան բուն քննադատությունն է, որքան դրանում ի հայտ եկող հստակ հակադրությունը. նարդի խաղալու փոխարեն կոմերիտականները պետք է խաղային շախմատ: Այս հակադրությունը սահմանում է ինքնին խաղերի անցկացման նպատակը. դրանք պետք է կազմակերպեին երիտասարդների ընդունակությունները և զարգացնեին նրանց միտքը: Սահմանված այս չափանիշի համեմատ է, որ նարդի խաղալը համարվում է «ժամանակի անբարեխիղճ վատնում», «չարչիխանաներին» վայել սովորություն:

Արդիականացված կենցաղն ու նոր սովորություններն, ուրեմն, կապված պետք է լինեին մտքի ու նրա զարգացման հետ: «Չարչիխանաներին» վայել տեղական հին վարքուբարքում, այս անկյան տակ դիտված, միտք չկար: Մտքի ու կենցաղի այս հակադրությունն է, որ ի հայտ է բերում խորհրդային արդիականացման նախագծի ներքին լարումը: Տեղում ապրվող կյանքն ու կենցաղը միտք բովանդակելուց ու ներկայացնելուց զրկելու, միտքն ու կենցաղը միմյանց արմատապես հակադրելու արդիականացման տրամաբանությունն է, ուրեմն, ի հայտ բերում ընտրությունը. նարդի՞, թե՞ շախմատ:

Հրապարակվում է ըստ՝ Վ. «Պետք ե նարդին փոխարինել շախմատով», Ավանգարդ, 21 օգոստոսի 1925 թ.:

 

Յերևանի ԼԿՅԵՄ ակումբն ունի 4 նարդի, 4 պատիժ կոմյերիտականների գլխին:

Ամեն յերեկո, ժամը 6-ից12-ը, մեր կոմյերիտականները նարդի են շխկացնում. տասնյակ հոգիներ ել հերթի են սպասում:

Ժամանակի այդպիսի անբարեխիղճ վատնումն անթույլատրելի յե, մանավանդ, վոր այդ խաղը վոչինչ չի տալիս:

Խաղերն առհասարակ մենք կազմակերպում ենք յերիտասարդության ընդունակություններն ու միտքը զարգացնելու համար. նարդին, վորպես այդպիսին հեռու յե այդ նպատակին ծառայելուց:

Նարդին վայել չե Կոմյերիտմիության ակումբին, ուր պիտի ծաղկեն գիտություններն ու գեղարվեստական խաղերը: Նարդին վայել ե չարչիխանաներին, վորպես հաճախորդ գրավելու միջոց: Պետք ե վերջ տալ նրան:

Միաժամանակ միջոցներ ձեռք առնել, վորպեսզի շախմատը մասսայականանա:

Նյութական միջոցները կստեղծվեն, յեթե ակումբի վարչությունն ուշադրություն դարձնի: