Ցանկության ու նպատակի միջև. Վանում կազմակերպված ազատագրական պայքարից մի դրվագ Արտակ Դարբինյանի հուշերում

 

Վանում գործող արմենական ու դաշնակցական կուսակցությունների միջև հարաբերությունները հարթ չեն եղել: Իրենք` գործիչները, տարբեր առիթներով  վկայում են այն մասին, որ ոչ այնքան ազատագրության ձգտումների, որքան դրանք կյանքի կոչելու եղանակների  տարբերության պատճառով են լարումներ առաջացել երկու կուսակցությունների միջև: Արմենական գործիչ Արտակ Դարբինյանի` ստորև ներկայացվող հուշն այդպիսի մի դրվագ է: 

Կուսակցությունների միջև լարումներին հեղինակն անդրադառնում է հետահայաց, ազատագրության իդեալները կյանքի կոչելու ճանապարհին ժողովրդին պատուհասած աղետի հետնախորքին: Պատահական չէ, ուստի, որ դաշնակցական կուսակցության որդեգրած գործելակերպի հանդեպ քննադատական վերաբերմունքի ֆոնին շահեկանորեն առանձնանա արմենական գործիչների գործելակերպը: Դարբինյանը «թեթևություն» է համարում դաշնակցականների այն մտայնությունը, որով վերջիններս զինված՝ ընտանիքներ մտնելով ու ժողովրդին էլ բռնի զինելով, փորձում էին մասնակի ապստամբության ճանապարհով հարկադրել օսմանյան կառավարությանն ու եվրոպական պետություններին` գոհացնել հայության պահանջները: Հեղինակը սրան հակադրում է  արմենականների «դանդաղաքայլ» ընթացքը, որտեղ կրթության միջոցով ազատագրության գաղափարները հասունացնելն ու պատեհ հանգամանքների մեջ գործելու համբերություն ցուցաբերելն են արժանանում լռելյայն գնահատանքի: 

Դժվար չէ նկատել, որ երկու կուսակցությունների միջև հակասությունները իսկապես չեն վերաբերում նպատակին: Ուրվագծված հակասություններում, սակայն, ուշադրության է արժանի այն, որ ազատագրության հեռահար նպատակը մոտենում և ժողովրդին մատչելի էր դառնում ոչ այլ կերպ, քան հեղափոխական գործիչների բարքով: Դարբինյանի ուշադրությանն արժանացած գործիչների վարվելակերպն այս դեպքում առավել քան կարևոր է դառնում այն իմաստով, որ բացում է ազատագրական ցանկությունների ու դրանք կյանքի կոչելու պայմանների մեջ ի հայտ եկող անհամապատասխանությունները, որոնց հետնախորքին ազատագրողն ու ազատագրվողն ակամայից կարող են հայտնվել նպատակի հակառակ կողմերում:

Հրապարակվում է ըստ` Արտակ Դարբինեան,  Հայ ազատագրական շարժման օրերէն (Յուշեր 1890էն 1940) (Փարիզ, 1947), էջ 152-154: 

 

Նպատակին շուրջ պայքար չկար դաշնակցականներու եւ արմենականներու միջեւ: Պայքարը որդեգրուած միջոցներուն շուրջն էր: Հնչակեանները իբր միջոց ընտրեր էին ընդհանուր ապստամբութիւնը, որ միայն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան կովկասահայ հիմնադիրներուն երեւակայութեան մէջ գոյութիւն ունեցաւ, իսկ դաշնակցականները այդ միջոցը մասնակի ապստամբութեան մէջ պիտի փնտռէին: Ոեւէ Ա. Մանուկեան մը, Վ. Փափազեան մը, Նիկոլա մը կամ Ս. Բարսեղեան մը, որ իր ծննդավայր քաղաքին կամ գիւղին մասին անգամ գաղափար չունէր, Թիֆլիսի մէջ նստած «Արեւելեան Բիւրոյ»ին կողմէ կ’ուղարկուէր Վան, այնտեղ մասնակի, տեղական ապստամբութիւն մը բռնկցնելու եւ հարկադրելու թուրք կառավարութիւնը եւ եւրոպական մեծ պետութիւնները որ գոհացնեն հայկական պահանջները: Արմենականները կը պայքարէին դաշնակցականներու այդ թեթեւութեան դէմ:– Ժողովուրդը նախ պէտք է դաստիարակել, զինել եւ յետոյ պատեհ հանգամանքներու մէջ շարժիլ, եթէ այդ հանգամանքները, հակառակ մեր ցանկութեան կ’ուշանան, պէտք է համբերատարութեամբ շարժիլ, կ’աղաղակէին անոնք դաշնակցականներու քով:

Ահա պայքարին հիմնական աղբիւրը: Արմենականներուն այդ հայեցակէտը իր հակակշռողի ազդեցութիւնը ունեցաւ դաշնակցականներուն գործելակերպին վրայ: Շատախ իր լեռնային դիրքովը եւ իր լեռնական զաւակներուն խիզախութեամբ կրնար Վասպուրականի Սասունը դառնալ, անոր կրնար միանալ «Լեռնապարի շրջանը» (Գաւաշ եւ Կարճկան գաւառները), բայց արմենականները, որ դաշնակցականներէն առաջ գործի սկսած էին Վանի մէջ եւ անոնցմէ առաջ մտած էին Շատախ, այս վերջիններուն գերզօրութեան օրերուն անգամ` իրենց ազդեցութիւնը զգալի կ’ընէին այնտեղ: Դաշնակցականները չյաջողեցան մասնակի ցոյցեր ընել Վան-Վասպուրականի շրջանի մէջ եւ երէկուան կրակ ու բոց ժայթքող Արամները, Բժիշկները, Սարգիսները, Իշխանները, երեք-չորս տարի ապրելով թրքահայկական իրականութեան մէջ, իրենք ալ համոզուեցան թէ իրենց մասնակի ապստամբութեան գաղափարը նոյնքան ցնորամտութիւն է, որքան հնչակեան ընդհանուր ապստամբութիւնը: Եւ Վան զերծ մնաց Զէյթունի (Կիլիկիոյ) եւ Սասունի (Պիթլիսի նահանգի) ճակատագրէն: Բայց պայքարը միշտ շարունակուեցաւ երկու կուսակցութիւններու միջեւ: Դաշնակցականները միշտ հակամէտ էին ցուցամոլութեան, արմենականները ընդհակառակն ցուցամոլութիւնը կը համարէին լուրջ գործունեութեան մեծագոյն արգելք: Դաշնակցական գործիչները, խմբապետները, խումբերը մեծ գոհացում կը զգային «ոտքից գլուխ զինուած» փոխադրուիլ տունէ տուն, գիւղէ գիւղ եւ այդ «սպառազինութեամբ» մտնել ընտանիքներու մէջ: Արմենականները կը քննադատէին անոնց այդ սնապարծութիւնը: Դաշնակցական շրջուն գործիչները, «մօրուք» Տիգրանները, Կազարները, Յարութիւնները գիւղացիութիւնը «ոտքի կանգնեցնել»ու համար կը դիմէին բռնի միջոցներու, ատրճանակներու սպառնալիքին տակ կը համախմբէին գիւղացիները գիւղի եկեղեցիին կամ մեծ ախոռի մը մէջ, կը հրամայէին անոնց զինուիլ, «յօրինակ այլոց» կը ծեծէին կամ կը բանտարկէին գիւղին «պուրժուա»ները, կը պարտադրէին որ իւրաքանչիւր գիւղացի տար իրեն համար սահմանուած տուրքը` գիւղը զինելու համար: Արմենականները հակայեղափոխական կը համարէին այդ գործելակերպը, որովհետեւ գիւղացիութիւնը զզուանք կը զգար այդ վարվելակերպէն եւ ատելութիւնը կը զօրանար անոր մէջ ոչ թէ միայն դաշնակցական գործիչներուն, այլ նաեւ յեղափոխութեան դէմ: Դաշնակցական շրջուն գործիչները այս ու այն գիւղէն յաճախ կը հեռանային դրամով բեռնաւորուած տոպրակներով, փոխարէնը զէնք տալու խոստումով: Հազարաւորներ, որ պարտքով եւ տոկոսներով հարկադրուած էին հայթայթել իրենց համար սահմանուած այդ գումարները, բնաւ չտեսան իրենց համար խոստացուած զէնքը, ուրիշ շատեր ալ ստացան անպէտ դարձած զէնքեր: