1930-ական թթ. սկզբներին ինքնակենսագրական պատումին զուգահեռ Գուրգեն Մահարին գրել է սկսում Գուրգեն խանի տոհմը վեպը, որից մի հատված` Անհետացած ոստանը վերնագրով, տպագրվում է Վերելք ամսագրի 1933 թ. հաջորդական երեք համարներում (թիվ 2-5): Ամսագրում տպագրված այս հատվածի ընդլայնմամբ է 1960-ական թթ. սկզբին գրողը ձեռնմուխ լինում հայրենի աշխարհը` 20-րդ դարասկզբի Վանը պատկերող Այրվող այգեստաններ վեպի ստեղծմանը: Մահարին վեպը կառուցում է որպես սեփական փորձառությունից սերող, բայց ոչ ինքնակենսագրական գործ, որը ծնունդ էր առնում Խորհրդային Հայաստանում 1960-ական թթ. ազգային աղետը վերհիշելու գրական այլ փորձերի հետ խոսակցության մեջ:
Վեպից ներկայացվող հատվածն ամփոփում է գործի ստեղծման շարժառիթները: Դրանց մեջ առանձնակի ուշադրության է արժանի իր տեսածն ու ապրածը գրելու հարցում հեղինակի բռնած յուրօրինակ դիրքը: Որքան էլ Մահարին հենվում է իր տեսածն ու ապրածը վերապատկերելու վրա, նա դրանց հասու է դառնում վեպի առանձին հերոսների գեղարվեստական փորձառության միջով: Այս համատեքստում է, որ հեղինակն իր հերոսներին սեփական ժամանակից ու պայմաններից սերող և պատմության մեջ դինամիկորեն շարժվող սուբյեկտներ է ըմբռնում, որոնք գեղարվեստական լինելով` միևնույն ժամանակ իրենց ժամանակի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի բովով անցած խառնվածքներ են հանդես գալիս: Մահարու ըմբռնման մեխն այն է սակայն, որ հերոսներն այդպիսին լինելով, այսինքն` պատմական ժամանակի խտացումները լինելով են իրենց կենդանի տեղը գրավում սերունդների հիշողության մեջ ու վերաճում պատմական կերպարների:
Հրապարակվում է ըստ` Գուրգեն Մահարի, Երկերի լիակատար ժողովածու, հ. 6 (Երևան: Անտարես, 2015), էջ 387-390:
Վասպուրակա՛ն, երկի՛ր որդոց մեծամեծաց, Բիայնա ծով ու սխրալի Վա՛ն, այդ դու ես հիմա, որ, մեծ բանաստեղծի խոսքերով՝ քնել ես քնքուշ թագուհու նման: Քեզ ո՛չ արքայաբար, այլ անարգաբա՛ր դրին գերեզման, խուժ-դուժ հորդաներ սրատեցին քեզ ու թրատեցին, և ի՞նձ է վիճակված այսօր օրօ՛ր երգել քեզ, նստած հեռավոր Բալթիկ ծովի ափին.– «Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ»,– ասել է նույն բանաստեղծը,– ո՛չ ողոք, ո՛չ բողոք,– ասում եմ ես՝ նվաստս, որովհետև… Որովհետև (ամեն, ամեն ասեմ ձեզ…) պետք է լսել ոչ միայն անցած և ներկա սերունդների ձայնը և այն ստեղծագործաբար շարունակել և կատարելագործել, այլև պետք է կարողանալ կանխալսել գալիք սերունդների ձայնը. ինչո՞ւ կանխատեսել կարելի է, իսկ կանխալսել՝ ոչ:
Եվ ի՞նչ պատասխան ես պիտի տամ… հող ու ծաղիկ տվողի՞ն, ո՛չ. ասենք թե, մի կերպ, ես խաբեցի հող ու ծաղիկ տվողին, սակայն և այնպես, այնուամենայնիվ, ի՞նչ պատասխան ես պիտի տամ գալիք սերունդներին, եթե նրանց չհասցնեմ հետագա դեպքերի արագ ընթացքը և իմ մեծ ու փոքր, անանուն և անվանի հերոսների ճակատագրին նրանց չդարձնեմ հաղորդակից: Հեշտ կլիներ թե՛ իմ և թե գալոց սերունդների բեռը, եթե գոյություն ունենար մե՛կ, այն էլ քնարական հերոս. իսկ մեր այս պատումի մեջ որքան շնչող արարած, այնքան հերոս, որոնք անխտիր ձեռք են բերել կենսական անհրաժեշտ տարածություն ապրելու, ապա մահանալու իրավունք և մանավանդ՝ անմահանալու կարողություն:
Ի տվնջյան և ի գիշերի, առանց հաշվի առնելու հանգստի օրն ու կիրակին, եթե ոչ հինգ, ապա ապահովաբար չորս տասնամյակ է ինչ՝ նրա՛նք, իրե՛նք, անձամբ ծեծում են իմ դուռը և խնդրում են, հրամայում, հարկադրում, կարգադրում, որ ես գրեմ իրենց մասին, որ արձանագրեմ նրանց գործերն ու անունները փառաց մատյանում: Նրանք փնտրել և գտել են իմ հասցեն անկախ նրանից, ես տա՞նն եմ թե ճամբորդության մեջ, հարո՞ւստ եմ թե աղքատ, աշխատունա՞կ եմ թե անդամալույծ: Նրանցից ազատվելու համար, ես երկար տարիներ փոխեցի իմ հասցեն, նստեցի բազում կողպեքներով և ժանգոտ փականքներով դռներից ներս, բայց ոչինչ չօգնեց:
Մի գիշեր, երբ ես, օրվա քաղցր աշխատանքից չհօգնած, հանգստանում էի, երբ ձեռք էր առնված ամեն միջոց, որպեսզի ոչ մի կողմնակի անձնավորություն չխանգարի իմ երջանկությունն ու հանգիստը, երբ ամենաապահով պայմաններում՝ հանգստանում էի ես, հանկարծ դուռը չոր, թաց, սուր, բութ ճռինչով բացվում է և հրա՜շք…– ներս է մտնում առաջից ինքը՝ Հակոբ աղա Կանդոյանը, ապա Օհանես աղա, Փանոս աղա, իմ սարսափելի հերոսները, ոչ միայն քնարական, այլև արմենական, առևտրական, կուսակցական, ընտանեկան, հոգևորական, կրթական, ելևմտական, զինվորական, պաշտպանողական, միապետական, հանրապետական, մի խոսքով, իմ բոլոր երկսեռ հերոսները, բոլոր նրանք, որոնք ինձ հաշվում էին իրենց ուխտադրուժ պարտապանը…
Տեսակցությունը, ավելի շուտ՝ հանդիպումը ջերմ էր և պետք եղածից ավելի սրտառուչ. լինելով նրանց ոչ անարժան հայրենակիցը և ոչ պակաս դիվանագետ, ես այնպես ցույց տվի, որպես թե չափազանց երջանիկ եմ այդ հանդիպման համար և որ առանց նրանց իմ կացությունը ողբալիության աստիճանի տխուր էր: Նրանք, այդ թաբունը, տեղավորվեցին այն ապարանքում, ուր ես էի ապրում, սակայն այնտեղ ապրողների թիվը չբարձրացավ: Նրանց հայտնվելը չկարողացավ առիթ տալ վարչական-կազմակերպչական գործողությունների, որովհետև նրանք, իմ բազմատեսակ հերոսները միայն իմ աչքին էին տեսանելի. նրանք չէին աշխատում ու չէին պահանջում ո՛չ հաց, ո՛չ ջուր, սակայն շատ էին խոսում Վանի կերակուրների, հատկապես տառեխի և ջլբուրի մասին: Նրանք ինձ ուղեկցում էին աշխատանքի գնալիս, հաճախ խանգարում էին ինձ, երբեմն օգնում… և այս՝ այն դեպքում, երբ ես հոգնում էի ծանր աշխատանքից և չէի կարող այլևս աշխատել, նրանցից մեկնումեկը սկսում էր խոսել, պատմել անցած, գնացած օրերի մասին, ես ոգևորվում էի անցյալով և նոր լիցք ստացած՝ աշխատում: Լավ գործերի համար չէին վարձատրվում նրանք, ոչ էլ զանցանքների համար պատժվում, որովհետև նրանք, մարդիկ լինելուց ավելի, հուշեր էին և ստվերներ, հոգեփոխություններ էին և տեսիլքներ, վերապրուկներ էին և անդրադարձումներ, մի տեսակ անգո գոյություններ էին և անիրական իրականություններ:
Այսպես հետևեցին նրանք ինձ տարիներ ու տասնամյակներ շարունակ ու հետևում են մինչև այսօր: Նրանք ակնդետ հետևում են ինձ և հիմա՛, երբ ես լեցված եմ նրանց հետ հաշիվներս փակելու անհուն վճռականությամբ:
Ես հաշվետու եմ նաև գալիք սերունդների առաջ: Անցյալի ու ներկայի հանդեպ դեռ կարելի է մեղանչել, իսկ նա, ով չի լսում ապագայի ձայնը, կամ լսում է, բայց չլսելու է տալիս, նա զրկում է ինքն իրեն ձայն ունենալու իրավունքից և ինքն իրեն դատապարտում ձայնազրկության:– Ձայնազո՛ւրկ մարդիկ, անպե՛տք մարդիկ,– կասեր երևի Փարամազը:
Հիրավի, կար մի քաղաք ու չկա այդ քաղաքը: Մի՞թե հիսուն տարվա ընթացքում կարելի է ձեռք բերել մի Պոմպեյ կամ մի Անի: Այդ ի՜նչ զարմանալի Պոմպեյ է և ինչ զարմանալի Անի, երբ նրա պատվավոր քաղաքացիներից Միքայել աղա Պարոնիկյանը և նույնքան աղա Վարդան Միրիջանյանը, նստած հիմա Երևան քաղաքում՝ նարդի են խաղում և գանգատվում շոգից:
Եվ այնպես, ինչպես կույր Համբարձում Երամյանը տեսնում էր մեր սխրալի ապագան, այդպես էլ ես լսում եմ գալիք սերունդների ձայնը.– Ի՞նչ եղավ Վանը, ինչո՞ւ Վանը դադարեց Վան լինելուց, մի՞թե Վանը Արսեն վարդապետի մատի մատանի՞ն կամ Մուշեղ Բալտոշյա՞նն էր, որ կորավ:– Մատանին ինչ մատանի էր, այնուամենայնիվ չկորավ, կան մարդիկ, որոնք տեսել են այդ չարաբաստիկ մատանին Գևորգ վարժապետի մոտ, Մուշեղ Բալտոշյանը Թավրիզում ժամագործի արհեստանոց է բացել և կարգի է բերում Պարսկաստանի խանգարված ժամանակը…