Ժան-Ժակ Ռուսոն հայոց քաղաքակրթական արդիականացման ճանապարհին

 

 

Ներածություն

Կրթությունն ու հայ քաղաքակրթական բաղձանքները

Մեզանում կրթությունն ունի գրեթե սրբացված կարգավիճակ։ Քաղաքակրթական մեր մեծ ծրագրերում ու նպատակադրումներում դժվար է գերագնահատել բառիս լայն իմաստով կրթվելու, լուսավորվելու հետ կապված մեր ակնկալիքներն ու հույսերը։ Պատահական չէ, որ վերջին տարիներին կրթությունը պաշտոնապես հռչակվեց մեր երկրի առաջ ծառացած ամենալուրջ խնդիրների լուծման գլխավոր ճանապարհ, իսկ կրթության խթանումը` դարձավ ռազմավարական ամենակարևոր առաջնահերթություն։[1]Տե՛ս «Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը», ըստ՝ https://bit.ly/3WRbt5E, այց՝ 28.09.2022։ Դժվար թե նորություն ասենք՝ պնդելով, որ կրթությունն ու լուսավորությունը մեր` հայերիս քաղաքակրթական բաղձանքների՝ եվրոպական մոդելով ժողովրդավարական, ինքնիշխան ու գործող պետություն ունենալու երազանքի առանցքային մաս է, դրա իրագործման գլխավոր միջոցներից մեկը։ Կրթության խիստ կարևորման ու դրա հանդեպ մեծ հավատի մասին են խոսում, օրինակ, պետական ամենաբարձր մակարդակներում հնչած այս խոսքերը.

Կրթության, հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթությունների մեջ են և դրանք միշտ էլ մնալու են մեր առաջնահերթությունների մեջ։ Որովհետև մենք ելնում ենք այն համոզմունքից, որ …. այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, այս շենքի (կառավարության շենքի – Ա. Գ.) ներսում, այս շենքից դուրս, յուրաքանչյուր գյուղում, կներեք… մտնենք այգիներ, կներեք… մտնենք ֆերմաներ, մտնենք փոքր և միջին ձեռնարկություններ, ամենուր ինչ պրոբլեմ տեսնում ենք, բացարձակապես ամենուր, դա վերաբերում է կրթության ոլորտին։ Ցանկացած թերություն, որ մենք այսօր տեսնում ենք, բոլոր ոլորտներում` սկսած անվտանգությունից, շարունակած դիվանագիտությամբ, պետական կառավարմամբ …. ամեն տեղ ինչ բաց մենք տեսնում ենք, այդ բացի հետևից որ գնանք, հասնելու ենք կրթության ոլորտում …. ինչ-որ մի համակարգային խնդրի։ Եվ սրա համար կրթությունը մեզ համար հարցերի հարցն է։ Այսինքն կա կրթություն և կան մնացած բոլոր հարցերը:[2]Մեջբերումը 2022 թվականի ապրիլի 28-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի խոսքից. Տե՛ս https://bit.ly/3PV7DXb, այց՝ 17.09.2022։

Կասկածից վեր է, որ լուսավորվելն ու լուսավորությամբ սեփական ժողովրդի համար բարիք գործելը գրեթե ամեն հայ մտավորականի կամ գաղափարական գործչի ամենանվիրական մղումներից մեկն է։ Նկատենք, որ կրթությամբ ու լուսավորությամբ անկախ, ժողովրդավարական պետականության հիմքեր դնելու իդեալը ոգեշնչել է ոչ միայն այսօրվա ու վերջին տասնամյակների հայ մտավորական-քաղաքական գործիչներին, այլև կենտրոնական նշանակություն է ունեցել դեռ 19-րդ դարի մեր այնպիսի լուսավորիչների համար, ինչպիսիք էին, օրինակ, Միքայել Նալբանդյանը, Մատթեոս Մամուրյանը, Ռափայել Պատկանյանը և այլք։[3]Հմմտ., օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1955), էջ 129-164; 471-506; Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2 (Երևան։ Հայպետհրատ, 1956), էջ 105-147։ Հենց 19-րդ դարի լուսավորիչներից էին հետագա տասնամյակներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ոգեշնչվելու արդի ժամանակներում հայ իրականության մեջ գործած քաղաքական գրեթե բոլոր հոսանքներն ու ուղղությունները, որոնց մտավոր-քաղաքական ժառանգության կրողներն ենք նաև մենք այսօր։[4]Նալբանդյանի, Մամուրյանի և Պատկանյանի քաղաքական մտայնությունների նշանակության մասին տե՛ս, օրինակ, Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2, էջ 151-196, 105-127; Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, էջ 488-495; Աշոտ Հովհաննիսյան, «19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական-քաղաքական հոսանքները», (ՀՍՍՀ ԳԱ) Պատմա-բանասիրական հանդես, 1965, թիվ 4, էջ 55-78; 1966, թիվ 1, էջ 33-62; Աշոտ Հովհաննիսյան, «Արևելահայերի մասնակցությունը Ռուսաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումներին (1860-70-ական թթ.)», Պատմա-բանասիրական հանդես, 1968, թիվ 1, էջ 15-38; Աշոտ … կարդալ ավելին Թե՛ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, թե՛ Խորհրդային Հայաստանը, թե՛ ներկայիս Հայաստանի Հանրապետությունն առաջ են եկել քաղաքակրթվելու մեծ նպատակ հետապնդող մեր քաղաքական տարբեր ծրագրերի ու օրակարգերի մասամբ իրականացման, մասամբ ձախողման ու կերպարանափոխման բարդ ետնաբեմին։ Եվ որքան այսօր մեզ սովորական կարող է թվալ կրթվելու, լուսավորվելու սերտ կապը մեր արդի քաղաքական ծրագրերի հետ, այնքան է՛լ ավելի շատ մեզ պետք է հետաքրքրի այդ պատմական կապի բնույթը։ Չէ՞ որ, եթե ցանկանում ենք հասկանալ մեզ, ապա առաջնային խնդիր է դառնում հասկանալ ու հետազոտել մեզ ոգեշնչող նվիրական բաղձանքներն ու մեզ համակող իդեալները ոչ միայն իբրև միանշանակորեն ինքնակնհայտ դրական արժեքներ, այլև՝ երկար տարիների բարդ պատմություն ունեցող մշակութային իրողություններ։

Հատկապես այսօրվա դիտակետից մեր արդի քաղաքական պատմության մեջ կրթական գործի գերկարևորումն ու դրա անդադար առնչակցումը քաղաքական ծրագրերի ու նպատակադրումների հետ պետք է հուզի մեր հարցասիրությունը ու դառնա վերամտածման նյութ։ Վերջին տասնամյակներին է, որ մենք որպես իրողություն, այլ ոչ թե բաղձանք ենք փորձառել անկախ պետականության շուրջ երեսուն տարվա շրջափուլը՝ որքան էլ ցավոտ ու վայրիվերումներով լի, փխրուն ու տագնապալի։ Այս աննախադեպ փորձը մեզ հնարավորություն է տալիս պատմական խոր հիմքեր ունեցող և մինչ այսօր էլ մեզ ոգեշնչող բաղձանքները տեսնել ոչ միայն իրենց խոստումների, այլև իրական կյանքում իրագործման դժվարությունների ու անգամ անհնարինությունների տեսանկյունից։ Այժմ առավել քան երբևէ կարող ենք և կարիք ունենք շոշափելու մեր բաղձանքներն ու դրանցում կրթության պատկերացումներն՝ իրենց խնդիրներով։

Սույն հետազոտության մեջ կփորձենք ուսումնասիրել 19-րդ դարի հայ քաղաքակրթական մեծ ծրագրերում կրթության գերարժևորման մեր մտավորական ավանդույթի առավել մութ կողմերը։ Կփորձենք տեսնել այդ ավանդույթի այն երեսները, որոնք առաջ են եկել կոնկրետ իրողությունների ու մեծ գաղափարական հույսերի միջև լարումներից և իրենց հերթին նոր հակասություններ ծնել։ Իրողությունների ու գաղափարական քաղաքակրթական ծրագրերի միջև լարումն ու հակասությունը, բնականաբար, հատուկ չէ միայն հայ իրականության մեջ ծավալված արդիացման գործընթացներին։ Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր արդի քաղաքական գործընթացների պարագայում քաղաքական բարձր չափանիշները, դրանց հետ սերտորեն կապված քաղաքակրթական ու կրթական մեծ պահանջները հակասության մեջ են եղել այն պայմանների ու մշակութային ժառանգության հետ, որոնցում փորձ է արվել կենսագործել այս կամ այն քաղաքական ծրագիրը։[5]Հասարակական-քաղաքական արդիականացման և մշակութային արդիականացման միջև խորքային լարումների, որպես արդիության բնույթից իսկ բխող երևույթի քննարկման մասին տե՛ս, օրինակ, Jürgen Habermas, «Modernity: An Unfinished Project», ըստ՝ (խմբ.) Seyla Benhabib և Maurizio Passerin d’Entreves, Habermas and the Unfinished Project of Modernity (Cambridge, MA: MIT, 1997), էջ 42-46։ Նույն հարցը, թեև այլ հարթության վրա քննարկում է Ժան-Ֆրանսուա Լիոթարը տե՛ս Jean-François Lyotard, The Postmodern Condition: A Report on Knowledge, թրգմ. Goeff Bennington և Brian Massumi  (Minneapolis: University of Minnesota, 1984), էջ 18-31։ Վերջինիս ուշադրության կենտրոնում են, ոչ թե ինքնին ավանդական բարքերն ու արդի քաղաքական … կարդալ ավելին Սկսած Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից, մինչև Խորհրդային Միության ձևավորումն արդիացման նպատակ ունեցող քաղաքական գործընթացներում կրթվելու ու քաղաքակրթվելու պահանջներն ավել կամ պակաս սրությամբ միշտ էլ հայտնվել են իրական կյանքի, մարդկանց վարքուբարքի հետ սուր հակասության մեջ։[6]Հմմտ., օրինակ, Leora Auslander, Cultural Revolutions: Everyday life and Politics in Britain, North America, and France (Berkeley, Los Angeles: University of California, 2009); Leora Auslander, “Regeneration through the Everyday? Clothing, Architecture and Furniture in Revolutionary Paris”, Art History, 2005, թիվ 2, էջ 227-247; Lynn Hunt, Politics, Culture, and Class in the French Revolution (Berkeley, Los Angeles, London: University of California, 2004); Christina Kiaer և Eric Naiman (խմբ.), Everyday Life in Early Soviet Russia: Taking the Revolution Inside (Bloomington, Indianapolis: Indiana University, 2006)։ Մի կողմից՝ մեզ սույն աշխատության մեջ հետաքրքիր է, թե հենց հայերի արդիականացման նախագծերում ինչպե՞ս է քաղաքակրթվելու ու լուսավորվելու մղումը հակադրվել իրական կյանքին ու ժողովրդի բարքին։ Մյուս կողմից, կփորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է մեր պարագայում այս հակադրությունը բերվել մի ծայրահեղ մակարդակի, որն արդեն ոչ միայն գործնականում խոչընդոտել է արդիականանալու ծրագրերին, ինչն ավել կամ պակաս չափով դիտելի է արդի քաղաքական բոլոր նախաձեռնություններում, այլև անգամ սկզբից ևեթ գրեթե անհնարին դարձրել քաղաքակրթական նախագծի կենսագործումը։ Վերջում ուշադրություն կհրավիրենք այն հանգամանքի վրա, թե ինչպե՞ս են լուսավորական մեր խիստ արմատական մոտեցումներն ու դրանց հետ կապված հակասությունները ներթափանցում անգամ մեր՝ այդ ժառանգությունը քննադատելու ու վերամտածելու փորձերում։

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ

 


Այս հետազոտությունն իրականացնելու գործում մեզ մեծապես աջակցել են «Բարք և քաղաքականություն» հետազոտական ծրագրի մասնակիցները։ Նախագծի ղեկավար Վարդան Ազատյանը, հետազոտողներ Սիրանուշ Դվոյանը, Լուսին Շաբոյանը, Նարե Սահակյանը և Իրինա Շահնազարյանն իրենց արժեքավոր խորհուրդներով, լեզվական և հետազոտական բնույթի դիպուկ դիտարկումներով ու առաջարկներով հարստացրել և խորացրել են մեր ուսումնասիրությունը։ Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Անժելա Հարությունյանին՝ մի շարք կարևոր նյութերի հայթայթման համար։ Հետազոտության ընթացքը հաճելի և դյուրին դարձնելու առումով երախտագիտությամբ նշում ենք Հովհաննիսյան ինստիտուտի՝ ծրագրի հետազոտական մասին չմասնակցած, սակայն դրա բնականոն ընթացքն ապահովող անդամների՝ Լիաննա Աղամյանի, Լուսինե Չերգեշտյանի, Իննա Խոլոդովայի, Արմենակ Գրիգորյանի և Խաթուն Ատիկյանի կարևոր դերը։ Հետազոտությունը նվիրվում է Արշալույս Բարսեղյանին։

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Տե՛ս «Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը», ըստ՝ https://bit.ly/3WRbt5E, այց՝ 28.09.2022։
2 Մեջբերումը 2022 թվականի ապրիլի 28-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետի խոսքից. Տե՛ս https://bit.ly/3PV7DXb, այց՝ 17.09.2022։
3 Հմմտ., օրինակ, Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1 (Երևան։ Հայպետհրատ, 1955), էջ 129-164; 471-506; Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2 (Երևան։ Հայպետհրատ, 1956), էջ 105-147։
4 Նալբանդյանի, Մամուրյանի և Պատկանյանի քաղաքական մտայնությունների նշանակության մասին տե՛ս, օրինակ, Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2, էջ 151-196, 105-127; Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1, էջ 488-495; Աշոտ Հովհաննիսյան, «19-րդ դարի 50-60-ական թվականների արևելահայ հասարակական-քաղաքական հոսանքները», (ՀՍՍՀ ԳԱ) Պատմա-բանասիրական հանդես, 1965, թիվ 4, էջ 55-78; 1966, թիվ 1, էջ 33-62; Աշոտ Հովհաննիսյան, «Արևելահայերի մասնակցությունը Ռուսաստանի և Անդրկովկասի հեղափոխական շարժումներին (1860-70-ական թթ.)», Պատմա-բանասիրական հանդես, 1968, թիվ 1, էջ 15-38; Աշոտ Հովհաննիսյան, «80-ական թվականների առաջին կեսի արևելահայ ազգային նարոդնիկական խմբակները», Բանբեր Հայաստանի արխիվների, 1968, թիվ, էջ 127-146։
5 Հասարակական-քաղաքական արդիականացման և մշակութային արդիականացման միջև խորքային լարումների, որպես արդիության բնույթից իսկ բխող երևույթի քննարկման մասին տե՛ս, օրինակ, Jürgen Habermas, «Modernity: An Unfinished Project», ըստ՝ (խմբ.) Seyla Benhabib և Maurizio Passerin d’Entreves, Habermas and the Unfinished Project of Modernity (Cambridge, MA: MIT, 1997), էջ 42-46։ Նույն հարցը, թեև այլ հարթության վրա քննարկում է Ժան-Ֆրանսուա Լիոթարը տե՛ս Jean-François Lyotard, The Postmodern Condition: A Report on Knowledge, թրգմ. Goeff Bennington և Brian Massumi  (Minneapolis: University of Minnesota, 1984), էջ 18-31։ Վերջինիս ուշադրության կենտրոնում են, ոչ թե ինքնին ավանդական բարքերն ու արդի քաղաքական գործընթացները և դրանց միջև ներհակությունները, այլ՝ դրանց հետ կապված գիտելիքի բարձր տեսակների «անհամադրելիությունը»։ Տե՛ս Lyotard, The Postmodern Condition, էջ 23։
6 Հմմտ., օրինակ, Leora Auslander, Cultural Revolutions: Everyday life and Politics in Britain, North America, and France (Berkeley, Los Angeles: University of California, 2009); Leora Auslander, “Regeneration through the Everyday? Clothing, Architecture and Furniture in Revolutionary Paris”, Art History, 2005, թիվ 2, էջ 227-247; Lynn Hunt, Politics, Culture, and Class in the French Revolution (Berkeley, Los Angeles, London: University of California, 2004); Christina Kiaer և Eric Naiman (խմբ.), Everyday Life in Early Soviet Russia: Taking the Revolution Inside (Bloomington, Indianapolis: Indiana University, 2006)։