«Արևմուտքի սերը»՝ որպես ծվատող ճակատագիր. Գալուստ Տեր-Մկրտչյանի բարքը

 

 

Ներածություն

Արևմուտքից պէտք է սպասենք ամեն բարիք, ինչպէս որ Արևմուտքից ստացանք քրիստոնէութիւն, գիր, մատենագրութիւն, գիտութիւն, ազգային գիտակցութիւն, մարդավայել աշխարհահայեցողութիւն։ Ճշմարիտ է, որ մեր մեկուսացած, բարբարոսների մէջ կղզիացած դիրքում, քրիստոնէութեան սահմանածայրում, Արևմուտքի սէրը նստեց և մինչև այսօր էլ մեզ շատ թանկ է նստում, բայց մեր պատմութեան, մեր ամբողջ գոյութեան ներքին իմաստը այդ մաքառման մէջն է, երբ զոհւում է անասնականը, մարմնաւորը հոգեկանի և գաղափարականի համար։[1]Գալուստ Տեր-Մկրտչյան, «Անանիա Շիրակացի», Արարատ, 1896, թիվ Է, էջ 344։

Ասվածը գրեթե հպանցիկ մի եզրահանգում է 1896 թվականին արդի հայագիտության սկզբնավորողներից՝ Մայր Աթոռի միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի (Միաբան)՝ Անանիա Շիրակացուն նվիրված ուսումնասիրությունում։ Հայ մատենագրության մեջ տոմարագիտության հիմնադիր Շիրակացու գործի շարունակողներին քննելով՝ հայագետը նկատում է, որ «մեր գիտական մատենագրությունը՝ ամբողջապես փոխ առնված քրիստոնյա Արևմուտքից» դարերի ընթացքում «նսեմանում» է՝ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների խզմանը զուգահեռ. «Մեր տգիտագույն դարերը համապատասխանում են ճիշտ այն խավար շրջաններին, երբ այդ հարաբերությունները կատարելապես ընդհատվում են։ Եվ մեր վերածնունդը սկսվում է այդ գիտական հարաբերությունների վերսկսելովը»։[2]Տեր-Մկրտչյան, «Անանիա Շիրակացի», էջ 344։ Արդի եվրոպական կրթություն ստացած հոգևորական գիտնականը նախ մի պարզեցնող հայացքով ընդհանրացնում է միջնադարից մինչև իր օրերը հայերին հասած Արևմուտքի «բարիքները»՝ կրթություն, գիր, գիտություն, «մարդավայել աշխարհահայեցողութիւն», որ պսակված է նախ և առաջ քրիստոնեության նշանով։ Արևմուտքի այս անհակասական պատկերի հանդեպ իր գրեթե անվերապահ սիրո կողքին, սակայն, հոգևորական գիտնականն ամենայն սրությամբ է զգում «բարբարոսների մեջ կղզիացած» ժողովրդին ծվատող «մարմնաւորի» ուժը։ Սա է թերևս թույլ տալիս Տեր-Մկրտչյանին հայերի համար ճակատագրական համարել ոչ թե այդ սիրո պտուղները, այլ դրա դիմաց վճարած թանկ գինը։ «Մեր գոյության ներքին իմաստն», ուրեմն, ըստ հոգևորական գիտնականի, քրիստոնեության, արևմտյան գիտության, կրթության, ազգային գիտակցության և տեղական իրականության՝ «մարմնաւորի» միջև «մաքառումն» է. դարեր ձգվող կատաղի հակադրություն, որ բնորոշում է հայերի բարքն ինքնին։ Պատառ-պատառ անող այս ներհակությունը գիտնականը մի կողմից դարձնում է իր գիտության առանցքային հարցերից մեկը, մյուս կողմից՝ Տեր-Մկրտչյանը գործնականում փորձ է անում տոկալ ու կրել տեղական կյանքում հաստատված ձևերի և արևմտյան «բարիքի» այս «մաքառումն» իր կոնկրետությամբ։

Ներկա հետազոտությունը ելակետ է ընդունում գիտնականի ձևակերպած այս «մաքառումն» ու քննության առնում իր՝ Գալուստ Տեր-Մկրտչյանի բարքը հայերի արդիացման դարադարձի հանգրվանում։ Հայ ազգային կուսակցությունների ձևավորման շրջանում հեղափոխական խմբակների ակտիվ մասնակից, նարոդնիկական սոցիալիզմի ազդեցությունը կրող գյուղական քահանայի որդի Միաբանն ակտիվորեն ներգրավված է տեղական ապրելակերպի ու տուրուառի ձևերի մեջ՝ հանուն հայերի ազգային լուսավորության, քաղաքական ազատագրման և արդի գիտություն ունենալու մեծ նպատակի։ Միաբանի դեպքը մեր հետազոտության մեջ հատկապես արժեքավոր է նրանով, որ հոգևորական գիտնականը լուրջ է ընդունում իր ձևակերպած հակասությունը, ականջալուր է հայերի կյանքում դարեր կուտակված ապրուստին, նիստուկացին ու ընդունված կարգին և անվերապահորեն նվիրված լինելով արդիացման բարձր իդեալներին՝ տեղական կյանքը հանուն «Արևմուտքի սիրո» մաքրելն օրակարգ չի դարձնում։ Գյուղական քահանայի որդու կրթական ու քաղաքական վերասլաց իդեալներն ինքնին ելնում են այդ նույն կյանքում դարեր ձգվող մաքառմամբ արմատացած «Արևմուտքի սիրո» հարացույցից։ Դեպի ժողովրդական լուսավորություն, արդի գիտություն և քաղաքական ազատագրում տանող ճանապարհն, ուրեմն, Տեր-Մկրտչյանի համար անցնում է իրեն իսկ կազմավորած այդ վարքուբարքի միջով։

Սա մի գործելաեղանակ է, որ անորոշ իր ելքերով, առաջ բերած անխուսափելի խնդիրներով հանդերձ՝ մեր առաջ բացում է հայերի արդիացման փորձն իր բարդությամբ ու ծվատող հակասություններով։ «Արևմուտքի սիրո» ընդլայն քաղաքակրթական այս հետագծի մեջ է, որ Տեր-Մկրտչյանն իր գործով կանգնում է հայ եկեղեցու, քաղաքական ազատագրության և արդի գիտության հատման խաչմերուկում՝ ձգտելով սրանք չհակադրել միմյանց։ Միաբանի դեպքն այս առումով թույլ է տալիս վերանայել մեզանում քաղաքական արդիացման, ազգային կուսակցությունների և Հայ եկեղեցու ավանդույթի միջև հետահայաց սուր ընկալված հակասություններն ու խորամուխ լինել սրանց հարաբերության ավելի բարդ հյուսվածքի մեջ։

Ամբողջական հետազոտությունը՝  այստեղ

 


Այս հետազոտությունն անհնար կլիներ առանց Բարք և քաղաքականություն նախագծի հետազոտողներ Իրինա Շահնազարյանի, Աշոտ Գրիգորյանի, Սիրանուշ Դվոյանի, Լուսին Շաբոյանի և ղեկավար Վարդան Ազատյանի, ովքեր իրենց արժեքավոր խորհուրդներով և զուգահեռ արվող աշխատանքներով հարստացրել են մեր գործն ու նրբացրել նյութին գցված մեր հայացքը։ Նախագիծն ինքն անհնար կլիներ առանց Լիաննա Աղամյանի, Լուսինե Չերգեշտյանի, Անժելա Հարությունյանի, Խաթուն Ատիկյանի, Իննա Խոլոդովայի և Հովհաննիսյան ինստիտուտի մյուս մեր ընկերների անգնահատելի ջանքերի։ Հետազոտության մեջ առկա որոշ նյութերի հայթայթմանն աջակցելու համար շնորհակալ ենք Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին, ինչպես նաև Արխիվի և արխիվագիտության բաժնի աշխատակիցներին։ Աշխատանքի նախնական տարբերակի շուրջ իր արժեքավոր դիտարկումների համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Ժիրայր Լիպարիտյանին։ Հետազոտությունը նվիրվում է Արմենուհի Մնացականյանին։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Գալուստ Տեր-Մկրտչյան, «Անանիա Շիրակացի», Արարատ, 1896, թիվ Է, էջ 344։
2 Տեր-Մկրտչյան, «Անանիա Շիրակացի», էջ 344։