Նոր տնտեսական քաղաքականությամբ իշխանության եկած հին մեծամասնական ղեկավարության (Ալեքսանդր Մյասնիկյանի, Ասքանազ Մռավյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Արտաշես Կարինյանի) համար, որոնք որդեգրել էին տեղական կարիքներից ելնող առավել շրջահայաց քաղաքականություն, խորհրդայնացումից հետո առաջնային կարևորություն ձեռք բերեց երկրում մշակութային հեղափոխության կենսագործումը։ Կանանց ազատագրման, եկեղեցին պետությունից անջատելու, նոր կենցաղի հաստատման խնդիրների հետ մեկտեղ՝ 1920-ականներին մշակութային հեղափոխության կարևոր երեսակներից էր նաև համատարած անգրագիտության վերացումը։ Համաշխարհային կոմունիզմի գրավական՝ սոցիալիստական հասարակարգ կերտելու ճանապարհին ժողովրդի մասսայական անգրագիտությունը Հայաստանի խորհրդային իշխանություններին կանգնեցրել էր հին կրթահամակարգի վերափոխման և նոր՝ խորհրդային դպրոցների բացման անհրաժեշտության առջև։ Այդուհանդերձ, տնտեսական լրջագույն մարտահրավերներ առերեսող նոր պետականությունը բազմաթիվ խոչընդոտների էր բախվում կրթական նախագծերի իրագործման ժամանակ։ Այսպես, պետական միջոցների սղությունն իր ազդեցությունն էր ունենում կրթական գործի վրա։ Բացված դպրոցների թիվը բավարար չէր զանգվածային անգրագիտության վերացման «հրամայական» պահանջն ամբողջապես իրագործելու համար։ Սովորողների և դպրոցից դուրս մնացած երեխաների տոկոսային հարաբերությունն ահռելի էր «յուր դառնությամբ»։
Այսպես, ստորև ներկայացվող վավերագիրը վեր է հանում լուսավորության հեղափոխական նախագծերի հակառակ երեսը. այն ի ցույց է դնում խորհրդայնացման սկզբնաշրջանում դպրոցական կյանքի ծանր պայմանները՝ երևան բերելով Հայաստանում լուսավորական քաղաքականություններն իրենց գործնական ու հակասական արդյունքների անկյան տակ։
Հրապարակվում է ըստ՝ «1921-1922 ուսումնական տարվա դպրոցական կեանքը Երեվանում», Խորհրդային Հայաստան, 21 մայիսի 1922 թ.:
1921 –2 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
1921–2 սեպտեմբեր 26–ի ուսումնական տարին վերսկսվեց միանգամայն անբարենպաստ պայմաններում: Ամառային դադարի ժամանակ դպրոցական շենքերի մի մասը, ինչպես օրինակ, նախկին Հռիփսիմեան գիմնազիայի ամբողջ շենքը, վոր դպրոցական միակ հարմարին շենքն եր Երևանում, տղայոց գիմնազիայի շենքի մի մասը, Նորք քաղաքամասի դպրոցի ամբողջ շենքը, նախկին Գայանեան դպրոցի շենքի մի մասը և այլն, գրավված լինելով զինվորական իշխանութեան և մասնավոր անհատների կողմից, Լուսբաժնին չհաջողվեց վերսկսել սեպտեմբերից — տարվա սկզբից — բոլոր գոյութիւն ունեցող դպրոցների պարապմունքները:
Տարվա սկզբից (սեպտեմբերի վերջերից մինչև նոյեմբերի սկզբները) վերաբացվեցին նախկին 26 դպրոցներից միայն, 14 դպրոց առաջին աստիճան և 5 դպրոց բ. աստիճանի: Միւս դպրոցները չվերաբացվեցին շենքեր չլինելու պատճառով:
Լուսբաժնի բոլոր ջանքերը, ազատել բռնագրավված շենքերը, կամ նրանց փոխարեն ստանալ նոր շենքեր, ամենուրեք խորտակվեցին: Անվերջ խոստումներից և սովորական ձգձգումներից զատ Լուսբաժինը վոչինչ չստացավ:
Թեև Կոմիսարների Խորհրդի դեկրետների համաձայն, բոլոր գրավված դպրոցական շենքերը պիտի 3 օրվա ընթացքում ազատվեին բռնագրավողների կողմից, բայց և այնպես դեկրետը մնում եր թղթի վրա և բնակվողները իրենց տեղերում, դուրս թողնելով մի քանի դպրոցներ, հազարավոր ուսման ծարավ երեխաներով: Այդ շենքերից մեկը նախկին Հռիփսիմեան գիմնազիան դեռ մինչև այժմս էլ զբաղեցվում ե զինվորական հիվանդանոցի կողմից:
Նոր դպրոցական շենքեր ստանալու հույսը կտրելով, Լուսբաժինը կատարեց տարվա կեսերին դպրոցների խտացումն, վորով հնարավորութիւն ստեղծեց վերաբացելու մի շարք, մինչ այդ չբացված, բայց աշակերտներով լի դպրոցները:
Դեռ տարվա սկզբներին, դպրոցական շենքերի պակասման պատճառով, Լուսբաժինը կատարեց, հակառակ իր ցանկութեան և համոզմունքներին, մի շարք, միանգամայն տարբեր պայմաններում, տարբեր ծրագիրներով, տարբեր մեթոդներով և տարբեր մթնոլորտում երկար տարիների կեանք ունեցող, դպրոցների միացում:
Այս միացումը հետապնդում եր միայն մի նպատակ, թույլ չտալ շենք չունեցող մի քանի դպրոցների աշակերտութեան, մեր ապագա քաղաքացիներին, զոհ գնալ ստեղծված պայմանների շնորհիվ, պատահականութիւնների, գիտակցելով հանդերձ, վոր այդպիսի անբնական և արհեստականորեն կատարված միացումը տարբեր դպրոցների, անպայման վնասելու ե դպրոցական նորմալ պարապմունքներին:
Միացված դպրոցների աշխատավորների ջանքերը, գտնել մի ընդհանուր լեզու այդ աշակերտների համար, բերել նրանց գիտութեան մակարդակը մոտավոր մի հայտարարի, ապարդիւն անցան, վորի հետևանքով և չարաչար տուժեց դպրոցական գործը:
Շենքեր չլինելու պատճառով գոյութիւն ունեցող 26 դպրոցները զետեղվեցին ութը անհարմար և փոքրիկ շենքերում:
Բոլոր շենքերը մեծ կարիք ունեն վերանորոգումների և մաքրութեան, վորի վրա հրավիրվում ե համապատ. հիմնարկութեան ուշադրութիւնը, բավարար քանակութեամբ դասարաններ չլինելու պատճառով, վորպեսզի մի շենքում զետեղված բոլոր դպրոցները միաժամանակ սկսեին իրենց պարապմունքները, սահմանվեց երկսեռ նվագ պարապմունքներ:
Այն դպրոցները, ուր դիցուք պարապմունքները պիտի տևեին 4–6 ժամ, տևում եին ընդամենը 1–3 ժամ, այն էլ ժամը հաշվելով 30 րոպե, այսպիսով միայն հնարավորութիւն եր տրվում այդ շենքում պարապող և հաջորդ դպրոցներին 1–2 ժամ պարապել:
Պարզ ե ընթերցողին, վոր նման պայմաններում դպրոցական կեանքը միանգամայն աննորմալ ե եղած:
Դպրոցական պարապմունքներ խանգարող վերոհիշեալ բոլոր երևույթների վերա պիտի ավելացնել և մի երևույթ՝ այն ե փայտի չլինելը: Ձմեռային ամիսներին դպրոցների պարապմունքները մերթ ընդ մերթ ընդհատվում եին. շնորհիվ այն բնական հանգամանքի, վոր վոչ ուսուցչութիւնն և վոչ ել կիսամերկ աշակերտութիւնը, չի կարողանում չլինել չտաքացրած, դուռ ու լուսամուտներից զուրկ սառնամանիք սենեակներում: Ձմեռվա պարապմունքները գլխավորապես կախված եին արևի քմահաճույքից, եթե նա ժպտար և երեսի քողը բաց աներ և իւր ճառագայթներով տաքացներ դասարանները և երեխաներին, դպրոցներում պարապմունքներ տեղի կունենային, հակառակ պարագային երեխաները տուն կարձակվեին: Այս բոլորը տեղի եր ունենում նրա համար, վոր դպրոցները ժամանակին փայտով չապահովեցին:
Վոչ պակաս վատ վիճակումն եր գտնվում և շարունակվում ե գտնվել դպրոցների սանիտարական վիճակը: Դպրոցները չունենալով վորոշ գումար զրկվում եին հնարավորութիւնից մաքրել դպրոցական շենքերը: Դպրոցները նույնիսկ ի վիճակի չեին դասարաններում վերականգնել ամենատարրական մաքրութիւնը: Նրանք — դպրոցները — չունեին վոչ ավել, վոչ խոզանակ, վոչ շվաբրին և վոչ ջնջոց անգամ, պարզ ե, վոր առանց վոչինչի մաքրութիւն ստեղծել և պահպանել անհնարին ե:
Այս բոլորը պարզում ե, վոր դպրոցները այն պայմաններում, վորոնց մեջ գործում են, չեին կարող շոշափելի արդիւնք տալ:
Մի տեղ, ուր բացակայում ե ամենատարրական հարմարութիւնը դպրոցական գործ ստեղծելու, ուր դպրոցները դրված են խիստ նեղ շրջանների մեջ, ուր 4–6 ժամի փոխարեն հազիվ թույլատրվում ե պարապել 2 ժամ, այն էլ 30–ական րոպեից, ուր միևնոյն շենքում խռնվում են մի քանի դպրոցներ իրենց բազմազան տեմպերամենտ ունեցող աշակերտներով, ուր ժամանակին չի հոգացվում դպրոցական կարիքները, վորոնք կախված են զբաղմունքների շարունակման հետ, չի կարող և նորմալ պարապմունքներ լինել: Դպրոցական գործին խանգարող բոլոր հանգամանքների վրա հրավիրվում ե բարձր մարմինների ուշադրութիւնը, վորպեսզի այս տարվա բացերը ընդունելով վորպես փորձնական դաս առաջիկա 1922–3 ուսումն. տարում դպրոցները դրվեն իրենց կոչման վրա:
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ ե այժմեանից մտածել (և մտքից գործի անցնել) համապատասխան քանակութեամբ դպրոցական շենքեր ձեռք բերելու, այդ շենքերի պակասավոր կողմերը լրացնելու, եղած դպրոցական շենքերը վերանորոգելու և մաքրելու, կոտրատված դասարանական իրերը պատրաստելու և դասարանները կահավորել, անհրաժեշտ ե օր առաջ միջոցներ ձեռք առնել դպրոցները ապահովելու փայտով, գրքերով, և այլ դասական ու դասարանական պիտույքներով, և ամենից անհրաժեշտ ե, վոր միջոցներ ձեռք առնվեն դպրոցական աշխատանքների ընտանեկան ծանր դրութիւնը քիչ թե շատ ապահովելու: Հակառակ պարագային, եթե դպրոցները մնան նոյն վիճակում և դպրոցական աշխատավորները չբավարարվեն. դպրոցական գործը կլինի մի ֆեկցիա:
Անհրաժեշտ ե բավարարել դպրոցական աշխատավորներին, վոր նրանք համապատասխան իրենց ստացածի և աշխատանք գործ դնեն մեր մատաղ սերնդի կրթական գործում, վեր հանելով մեր այժմեան հին ուսուցման, բայց աշխատանքի դպրոցի ցուցանակ կրող դպրոցը և դնել այն համապատասխան այժմեան պահանջների իւր կոչման վրա:
Հարկավոր ե բավարարել դպրոցական աշխատավորներին գեթ մինիմում չափերով, համապատասխան ներկայիս շուկային, վորպեսզի նա դասարանում իւր տրամադրութեան տակ ունեցած բոլոր ժամանակը գործ դնի աշակերտների գիտութեան մակարդակը բարձրացնելու, աշակերտին մի քայլ կեանքի մեջ առաջ տանելուն և վոչ թե ամբողջ դասի ընթացքում նրա ուղեղը գործի նրա շուրջ, թե ինչպես, վորտեղից այդ օրը մի կտոր ցամաք հաց ճարի իւր փոքրիկների համար:
Պետք ե բավարարել, վոր դպրոցական աշխատավորը կապված լինի միայն և միմիայն իւր դպրոցի հետ, և վոչ թե մի քանի բոլորովին տարբեր բնույթ կրող հիմնարկութիւնների հետ: Պետք ե վարձատրել, վոր հնարավոր լինի ազատորեն պահանջելու: Այդ ե պահանջում թե դպրոցի և թե աշակերտութեան շահը:
Երևանում ներկայիս գործում են՝ Ա. աստիճ. 18 դպր. վորոնցից 1–ը ռուսական, 2–ը թուրքական և 15 հայկական, 5 Բ. աստիճ. վորից 1–ը ռուսական և 2 մանկ.։
Աշակերտների թիվը բոլոր դպրոցներում և մանկապարտ. հասնում ե 4586, իսկ աշխատավորների թիվը — 203: