Մարտիրոս Սարյանը հին սերնդի առաջին արվեստագետներից էր, որին Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հրավիրել էր Հայաստան՝ տեղում պետության կայացման աշխատանքներին մասնակցելու համար։ 1920-ականներին պետության կայացման մասն էին կազմում նաև արվեստի ու մշակույթի հիմնարկման գործընթացները։ Սարյանը, նոր՝ խորհրդային արվեստի առաջամարտիկը լինելով, 1920-ականներին իր մտերիմ ընկեր, երկրի առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի առաջարկով ստանձնում է նաև մշակութային հաստատությունների (Հնությունների պահպանության կոմիտեի, Պետական թանգարանի, Գեղարվեստական դպրոցի, Կերպարվեստից աշխատավորների ընկերության) հիմնադրման գործընթացները։
1920-ականներին հիմնադրվող այդ հաստատությունների թվում էր նաև Ժողովրդական տունը (ներկայիս՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)։ 1931-ին Սարյանի վրձնած այս կտավը պատկերում է Ժողտան շենքի կառուցման աշխատանքները։ 1926-ին Թամանյանի կողմից նախագծված Ժողովրդական տունը կոչված էր արտացոլելու հեղափոխական «պաթոս ապրող» Խորհրդային Հայաստանի հասարակական ու քաղաքական «լիարյուն» կյանքը։ Մինչդեռ կտավից առաջին հայացքից դիտողը ստանում է ոչ այնքան քաղաքային կյանքի, որքան գյուղական մոտիվներով տեսարանի տպավորություն։ Սարյանն այս կերպ որսացել է երկրում քաղաքական նախագծի իրագործմանն ուղղված, հեղափոխական թափի տակ կարծես չնշմարվող աշխատանքի իրական պայմանները։ Այսպես երկրում մեծ թափով մեկնարկած մշակույթի հիմնարկայնացման գործընթացները տարվում էին այս շրջանում դեռևս կենսունակ՝ հայկական գյուղական կենցաղին ու բարքին բնորոշ ավանդական ձևերով։ Այս է պատճառը, որ քաղաքականության և բարքի միջև այս լարումը Սարյանը ոչ միայն վրձնել, այլև դիպուկ կերպով արտահայտել է իր հուշերում. «Թամանյանը տիտանական ջանքեր թափեց օպերայի շենքի կառուցման վրա։ Ամեն ինչ արվում էր ձեռքի աշխատանքով։ Շինարարությունը դեռ մեքենայացված չէր։ Քարշող ուժը եզները, ձիերը, գոմեշները և էշերն էին, իսկ տեխնիկան՝ բահը, քլունգը» (Մարտիրոս Սարյան, Գրառումներ իմ կյանքից (Երևան։ Հայաստան, 1966), էջ 191)։
Պատկերը՝ Մարտիրոս Սարյան, Պետթատրոնի կառույցի հողային աշխատանքները, 1931 թ., կտավ, յուղաներկ, 61 x 50, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան