Հետազոտական մեր գալիք երկամյա ծրագրի մեջ մեր նպատակը կլինի հնարավորինս կոնկրետ ձևակերպել քաղաքական փիլիսոփայության պատմության համար առանցքային նշանակություն ունեցող Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքական մտքի և Դեյվիդ Հյումի գլխավորապես անտեսված ու միայն վերջերս ուշադրության արժանացած քաղաքական տեսության սկզբունքային տարբերությունները, դրանց խորդուբորդ հարաբերությունն ու փոխառնչությունը։ Վաղարդի եվրոպական տարբեր փիլիսոփայական ավանդույթներ կրող կարևորագույն այս մտածողների քաղաքական տեսությունների համեմատական ուսումնասիրությունը մենք համարում ենք արդի հայ քաղաքական մտքն ու դրա առաջ ծառացած մարտահրավերները ոչ այնքան պատմական, որքան փիլիսոփայական հարթության վրա ճանաչել փորձելու մի ճանապարհ։
Արդի հայ հասարակական-քաղաքական միտքը ձևավորվել է հայկական ինքնուրույն պետության բացակայության պայմաններում։ Հայ մտավորական շրջանակներն այն սահմանել են իբրև ազատագրության մեծ բաղձանքի մաս՝ դրա մի դրսևորում՝ ապագա ինչ-որ պահին ինքնուրույն քաղաքական կյանք ձեռք բերելու երազանք։ Սակայն իրադարձություններն անցել են մեր մտքից առաջ։ Արդեն շուրջ երեք տասնամյակ է, ինչ հայկական անկախ պետականությունն առկա փաստ է և ոչ թե ապագայի բաղձանք, մինչդեռ հայ հասարակական-քաղաքական կյանքի մեր ըմբռնումները շարունակում են մնալ նախկինում ձևավորված մեր ընկալումների շրջանակում։ Քաղաքական մտքի նոր հորիզոններ շոշափելու ներկայումս հաճախ բարձրաձայնվող կարիքը հուշում է իրականության ու մեր մտածողության ձևերի անհամապատասխանության մասին։
Նշանակալի է, որ երբ հայ արդի քաղաքական մտքի հիմնադիրներն ու առաջնեկները փորձում էին տեսական ձևակերպումներ տալ հասարակական-քաղաքական իրենց գաղափարներին, նրանք մեծապես, ուղղակիորեն, թե անուղղակիորեն հենվում էին 18-րդ դարի ֆրանսիական լուսավորական մտքի վրա։ Մեզանում, այս առումով, հատկապես վառ արձագանք են գտել Ռուսոյի քաղաքական ու մանկավարժական հայացքները։ Պատահական չէ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի ու ազգային-դեմոկրատ Մատթևոս Մամուրյանի հրապուրվածությունը ժնևցի փիլիսոփայի քաղաքական գաղափարներով։ Պատահական չէ նաև արևելահայ ու արևմտահայ մանկավարժության հիմնադիրներ Խաչատուր Աբովյանի ու Նիկողայոս Զորայանի հիացմունքը Ռուսոյի կրթական մոտեցումներով։ Չենք սխալվի, եթե ասենք, որ հիշյալ հայ գործիչների մտավոր ավանդույթը շարունակող հայ հասարակական-քաղաքական միտքն այսօր իսկ չի անցել ռուսոյական քաղաքական-փիլիսփայական ըմբռնումների սահմանը։ Ռուսոյի ոգով, պետության ու քաղաքականության մեր ըմբռնումները ելնում են այն հիմնարար կանխադրույթից, որ իրական հասարակական կյանքի ու պետական-քաղաքական կառույցների հիմքում պետք է դրվի պետության իդեալը։ Այլ կերպ ասած պետության հիմքում պետք է լինի բաղձալի պետության տեսլականը, իսկ քաղաքական գործունեության հիմքում՝ անվերապահ նվիրումն այդ տեսլականին. տեսլական, որի նպատակն է, ըստ Ռուսոյի, քաղաքացիների գիտակից հասարակական դաշինքով իրականացնել ժողովրդի կամքն ու այդպիսով ապահովել մարդու բնությունից տրված ազատությունը։ Ու թեև տարբեր հայ լուսավորիչներ տարբեր կերպ են ըմբռնել Ռուսոյի «հասարակական դաշինքի», «ազատության», «ընդհանուր կամքի» հասկացությունները, ինքնուրույն պետականության գործնական փորձառություն չունեցած և հիմնականում չարքաշ կյանքից դուրս եկած հայ այս մտավորականների սրտին դիպել էր գաղափարական նվիրումի հիման վրա՝ պետություն ստեղծելու տեսլականը։
Բայց ապագայի իդեալների վրա հենված պետական-հասարակական կառույցները և այդ իդալներին նվիրմամբ սահմանված գործունեությունը միշտ չէ, որ հնարավոր է լինում իրականացնել առկա պայմաններում։ Պետք է կարծել, թերևս, որ պետության ու քաղաքական գործունեության լայն իմաստով ասած «ռուսոյական» պատկերացումների գործնական արդյունավետության ու կենսունակության սահմանափակության մասին է վկայում քաղաքական մտքի նոր հարթություններ շոշափելու մեզանում նկատվող անհարժեշտությունը։ Իսկ եթե այդպես է, ուրեմն կարիք կա ճանաչելու մեր ռուսոյական քաղաքական մտքի սահմանները, շոշափել այն, ինչ անդին է այս սահմաններից ու փորձել համապատասխանաբար վերանայել մեր միտքն ու գործը։
Մեր համոզմամբ այս սահմաններն առավել ցայտուն են ուրվագծվում, երբ ռուսոյական քաղաքական փիլիսոփայությունը դիտարկում ենք Ռուսոյին ժամանակակից, ընդհանուր առմամբ նույն մտավոր մթնոլորտում գործած, բայց սկզբունքորեն տարբեր ելակետային մոտեցումներով առաջնորդվող շոտլանդացի լուսավորական Դեյվիդ Հյումի քաղաքական փիլիսոփայության հետ խոսակցության մեջ։ Հասարակական-քաղաքական համանման պայմաններ կիսող այս երկու մտածողների համար էլ պետական-քաղաքական կյանքը ենթադրում է բարոյական-հասարակական բարձր իդեալների ու արժեքների որդեգրում, դրանց հանդեպ նվիրում։ Սակայն ի տարբերություն Ռուսոյի, Հյումի քաղաքական միտքը ելնում է հասարակական կյանքի ու պետության պատմականորեն ժառանգված, բայց ներկայում առկա փորձառությունից։ Պետության ու քաղաքական կյանքի ներկա փորձի, այլ ոչ թե բաղձալի ու միայն անորոշ ապագայում հասանելի իդեալի անկյան տակ է Հյումը տեսնում պետության հիմքերը, ջանում շոշափել ու քննել պետությունն արդեն հնարավոր դարձրած ու դարձնող սկզբունքները և միայն այդ՝ փաստացի գոյություն ունեցող հիմքի վրա կառուցել քաղաքական իր տեսությունը։
Եվրոպական արդի փիլիսոփայության համար առանցքային այս երկու մտածողների փիլիսոփայական խոսակցությամբ ռուսոյական քաղաքական-հասարակական մտքի սահմաները հետազոտելու մոտեցումը մեզ հատկապես տեղին է թվում, երբ հաշվի ենք առնում երկու լուսավորականների իրական հանդիպումը, նրանց կարճ, բայց սերտ ընկերությունն ու գժտությունը։ Սա մի հանդիպում էր, որը տեղի է ունեցել, երբ հասարակական իրողությունների հետ հակասության, քաղաքական հետապնդումների արդյունքում իր հայրենիքում, այնուհետև Ֆրանսիայում հալածվող Ռուսոն ապաստան է գտել Բրիտանիայում՝ անգլիացի իշխանավորներին ժնևցի փիլիսոփայի համար երաշխավորագրեր հղող Հյումի տանը։ Ռուսոյի տեսանկյունից, կարելի է ասել, այս հանդիպման հանգամանքը նրա փիլիսոփայական հայացքների տրամաբանական շարունակություն է, երբ հաստատված քաղաքական իրողությունները հանուն վերացական իդեալների մերժող ու հարցադրող մտածողը ենթարկվում է քաղաքական հետապնդումների։ Հյումի տեսակետից, կարելի է ասել, որ Ռուսոյին ձեռք մեկնելն իր հերթին լիովին համահունչ է նրա փիլիսոփայական ըմբռնումներին։ Հյումը ելնելով հասարակական-քաղաքական գոյություն ունեցող իրողություններից, իշխանական հարաբերություններից ու կապերից, առանց դրանք մերժելու փորձում է առաջ մղել իր դավանած արժեքները, պաշտպանել ազատամտության իր իդեալը, դարմանել հասարակական անարդարությունը՝ ապաստան առաջարկելով հետապնդվող մտածողին։ Ուրեմն, արդեն իրենց հանդիպման հանգամանքներում իսկ կարելի է նշմարել երկուսի քաղաքական մտածողության հիմքում ընկած հակադիր մոտեցումներն ու դրանց հետևանքները. մոտեցումներ, որոնք իրենց զգացնել են տալիս երկուսի հարաբերության գրեթե ամեն դրվագում, նամակագրության մեջ, մեկմեկու մասին արտահայտած դիպուկ, թեև երբեմն ծայրահեղ կարծիքներում ու պնդումներում։
Ավելին, այս երկու լուսավորականների փիլիսոփայական հակադիր մոտեցումների սահմանները երևան են գալիս ոչ միայն իրենց քաղաքական տեսություններում ու անձնական հարաբերության մեջ։ Մտքի տարբեր, բայց սերտորեն կապված ֆրանսիական ու բրիտանական վաղարդի ավանդույթների հանդիպադրումն ինքնին կարևոր անկյուն է բացում ռուսոյական քաղաքական ըմբռնումներն իրենց պատմական ժառանգությամբ հասկանալու համար։ Չէ որ ֆրանսիական Լուսավորությունը ձևավորվել է արդի ժամանակների բրիտանական բնագիտական ավանդույթի և դրա հետ սերտորեն կապված, այսպես կոչված, էմպիրիստական փիլիսոփայության հետ էական խոսակցության մեջ։ Ֆրանսիական լուսավորության կորիզը կազմող էնցիկլոպեդիստների ողջ փիլիսոփայական նախագիծն իրեն մեծապես հենում է բրիտանական էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեքոնի և վաղարդի բնագիտության մեծագույն ձեռքբերման՝ Նյուտոնի բնագիտական համակարգի վրա։ Բրիտանացի մեկ այլ խոշոր էմպիրիստ Ջոն Լոքը ֆրանսիական լուսավորության ու հատկապես Ռուսոյի քաղաքական ու մանկավարժական մտքի թերևս գլխավոր ոգեշնչման աղբյուրն է։ Ուրեմն փորձելով ռուսոյական քաղաքական մտքի սահմանները ճանաչել Ռուսոյի և էմպիրիստական մտքի կրող Հյումի խոսակցության մեջ միաժամանակ նշանակում ճանաչել Ռուսոյի միտքը՝ իր մեջ պատմականորեն առկա ֆրանսիական լուսավորության և բրիտանական էմպիրիզմի առավել լայն խոսակցության ետնաբեմին։ Ըստ էության, վերջին խոշոր էմպիրիստ մտածողը համարվող Հյումի և ֆրանսիական լուսավորության ներքին քննադատ Ռուսոյի այս փիլիսոփայական հանդիպումը կարելի է համարել վաղարդի շրջանում երկու փիլիսոփայական ավանդույթների խոսակցության ավարտական գլուխը։
Այսպես, մտքի այս երկու ավանդույթների և մասնավորապես Հյումի ու Ռուսոյի քաղաքական տեսությունների հարաբերության ու համեմատության մեջ մենք կփորձենք շոշափել իր հայացքը դեպի ապագա ուղղած ռուսոյական քաղաքական մտքի հորիզոնը և կփորձենք տեսնել թե դրանից անդին, ներկա հայաստանյան իրականության մեջ քաղաքականությանն ու պետությանը մոտենալու ինչ եղանակներ ու ճանապարհներ են ուրվագծվում։ Թերևս կարելի է հույս ունենալ, որ սրանք կարող են օգտակար լինել ռուսոյականությամբ ոգեշնչված և իր սահմաններին ընդհուպ մոտեցած հայ քաղաքական մտքին թարմ օդ տալու ու ստեղծագործելու փոքր-ինչ առավել լայն ասպարեզ բացելու գործում։