Հայության քաղաքական ինքնուրույնության արդի ձգտումները, ծնունդ առնելով նրանց իսկ կյանքի պայմաններից և ձևակերպվելով գրականության մեջ` գրականությունից իջել են գործնական քաղաքական կյանք ու շաղախվելով նրան` վեր հառնել որպես հայության կյանքն ակոսող և դինամիկորեն փոփոխվող ազատասիրական ձգտումների մինչև այսօր հասնող տոկուն մի ուղեգիծ: Ուշագրավ է, որ 19-րդ դարում գրականության մեջ ձևավորված այս իդեալները, պատմականորեն, հրապարակ են իջնում և լայնորեն ուշադրության արժանանում մտավորական շրջանակներում հատկապես այն պահերին, երբ հայությունը վճռորոշ քաղաքական փոփոխություններ է ապրում:
Այս առումով ուշագրավ է Րաֆֆու դեպքը, որի գրականությամբ ձևակերպված ազատասիրական գաղափարները տարբեր առումներով թե՛ 20-րդ դարասկզբին, թե՛ դարավերջին ուժ էին տալիս մտավորականությանը Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների կայացման ճանապարհը ուղեգծելու հարցում: Եթե դարասկզբին անկախ պետականության փորձի բացակայության պայմաններում Րաֆֆին ազգային հեղափոխական գործը ոգեշնչող և այն գործնականորեն ավարտին հասցնող մի առաջնորդ էր հանդես գալիս, ապա 20-րդ դարավերջին խորհրդային կյանքի փորձով բեկված Առաջին հանրապետության նախադեպի հետնախորքին կայացող Հայաստանի երրորդ հանրապետության առաջին տարիներին նա պետության գաղափարական հիմքերն ամրապնդող գաղափարախոս է ներկայանում: Երկու դեպքում էլ դեպի ազգային պետություն գնացող հայության կյանքում տեղի ունեցող ներքին խմորումների համատեքստում էր Րաֆֆին իր փայփայած գաղափարներով վերահառնում և ուժ տալիս հայության տարբեր շրջանակներին` կյանքի կոչելու ինքնուրույն քաղաքական կյանք ունենալու նրանց ձգտումները` իր հերթին ինքն էլ այս ճանապարհով կապվելով կոնկրետ հանգամանքներում ծնունդ առնող ազգային երկու պետությունների գաղափարական հիմքերին:
Այս պայմաններում ազգային պետության գաղափարական հիմքերի քննությունից ոչ պակաս կարևոր է դառնում ազգային պետության ու գրականության միջև պատմականորեն ձևավորված այս սերտ փոխհարաբերությունների ուսումնասիրությունը: Ներկա ուսումնասիրությունը, ուստի, ուշադրության կենտրոնում պահելով ինչպես նախախորհրդային, այնպես էլ ուշխորհրդային շրջաններում Րաֆֆու ազատասիրական գաղափարների ծավալման դինամիկան և փորձելով բացել դրանք պատմականորեն կոնկրետ հանգամանքներում` միևնույն ժամանակ քննության է առնելու գրականության ու քաղաքականության միջև պատմականորեն ձևավորված բարդ հարաբերություններն իրենց բազմաշերտությամբ:
1860-ական թվականներին գրական ու հանրային ասպարեզ մտած Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) իր գործունեությամբ ուղենշում է հայ լուսավորական մտքի նոր մի հանգրվան, որտեղ նրա անմիջական նախորդներ Ստեփանոս Նազարյանցի, Ռափայել Պատկանյանի և Միքայել Նալբանդյանի` եվրոպական լուսավորության իդեալներով տոգորված հայության արդիական ազգ դառնալու գաղափարները հայտնվում են այլ անկյան տակ: Նա, մի կողմից, հետևողականորեն առաջ է քաշում այն միտքը, թե հայության կյանքը հարկավոր է քննել ապրվող առօրյայում ձևավորված կենսակերպերի մեջ, մյուս կողմից` 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հետնախորքին, ազգային կյանքը ներսից ճանաչելով բարեփոխելու լուսավորական ուղին բռնած գրողի համար տիրապետող է սկսում դառնալ դեռևս 1860-ական թվականներին ծնունդ առած այն միտքը, թե հայության ազատագրությունը չի կարող կյանքի կոչվել առանց տաճկահայության հարցի լուծման:
Հպատակության մեջ ապրող ժողովրդի կյանքի պայմանները պատկերելով` Րաֆֆին ժողովրդական կյանքում բողբոջող ազատասիրական ձգտումների արմատը տեսնում էր նրանց թշվառ կյանքի մեջ, բայց միևնույն ժամանակ դիմադարձում դեպի ազգային ազատագրական պայքար այն համոզումով, որ ժողովրդական կյանքը կարող է բարվոքվել ինքնուրույն քաղաքական կյանք ունենալու պայմաններում: Այս ճանապարհին է, որ ոգեշնչված մի կողմից` ռուս իրականության մեջ ձևավորված նարոդնիկական շարժումներից, մյուս կողմից` բալկանյան ժողովուրդների ազատագրության փորձից` նա հակվում է հայության քաղաքական ազատագրության գաղափարին և ձեռնմուխ լինում իր Ջալլալեդին, Խենթը, Կայծեր ծրագրային վեպերի ստեղծմանը: Պատմական տարբեր հանգամանքներում միմյանցից տարանջատ, մասնատված կենսակերպերով հատկանշվող հայության խնդիրների լուծումը Րաֆֆին տեսնում է համայնքային սեփականության անցնելու և համայնքային բարիքն արդար վերաբաշխելու ճանապարհով, որը որպես ազգային ինքնուրույն կյանքի ուտոպիա նա պատկերում է Խենթ և Կայծեր վեպերի ավարտին:
Րաֆֆու գեղարվեստական այս երկերում առաջ քաշված գաղափարները 1890-ական թվականներից ի վեր մեծապես ոգեշնչել են հայ երիտասարդությանը` լծվելու հանուն ինքնուրույն քաղաքական կյանքի մղվող ազգային ազատագրական պայքարին: Ազատագրության գաղափարները նրանց հոգիներում տեղ էին գտնում նախ որպես իրենց անմիջական կյանքի պատկերներ և ազատատենչ զգացումներ բորբոքելով` մղում նրանց թողնել իրենց տուն ու տեղը, ընտանիքն ու ուսումը և լծվել ազգային կյանքը փոխելու նվիրական գործին: Այս հողի վրա էր դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանի բնորոշմամբ ձևավորվում «Րաֆֆիի կրօնական ուխտը», գաղափարական մարտիկների այն նոր դաշինքը, որին միացած գործիչների համար հայրենիքի ազատագրության գաղափարը որպես նվիրական գաղափար սնում էր նրանց ինչպես գեղարվեստական, այնպես էլ քաղաքական երևակայությունը: Վեպերով ու Րաֆֆու կերտած կերպարներով ոգեշնչվելու հետ մեկտեղ համայնական կյանքի ու ազգային բարօրության Րաֆֆու պատկերացումներն էին, որ իրենց արձագանքներն էին գտնում ազգային կուսակցությունների ծրագրերում: Իր հերթին, 1960-ական թվականներին, քաղաքական ինքնուրույնության իր պատկերացումներով նա արձագանքում էր ուշխորհրդային շրջանում ձևավորվել սկսած ազատասիրական ձգտումներին:
Րաֆֆու գործունեության այս տարաթեքումների ու դրանք ծնունդ տվող հանգամանքների ուսումնասիրությամբ հնարավոր կլինի բացահայտել, թե գրականության ու քաղաքականության սերտ կապերի պայմաններում ձևավորված ինչ իրողությունների հետ ենք գործ ունենում` շոշափել ազգային քաղաքական կյանքում հավաքական ազատասիրական իդեալների ձևակերպումից մինչև դրանք գործնականորեն կյանքի կոչելու ճանապարհին ի հայտ եկած խնդիրները: