Գրքի հրատարակությունն իբրև քաղաքական հարց. Հովհաննիսյանի «բացճակատ քննադատության» կոչն ու կուսակցական տեսակետը

 

 

1960-ականների վերջին Աշոտ Հովհաննիսյանը հրատարակության է պատրաստում Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության աշխատությունը, որը սակայն այդպես էլ լույս չի տեսնում: 1960-ականների վերջից ընդհուպ մինչև Հովհաննիսյանի մահը` 1972-ը, թե′ Գիտությունների ակադեմիայի, թե′ կոմունիստական կուսակցության ներսում գրքի հրատարակությունը վիժեցնելուն միտված քայլերը երևան են բերում բրեժնևյան կառավարման տարիներին պատմագիտության և քաղաքականության ստալինացման նոր ալիքը: 

1960-70-ականներին Հովհաննիսյանի գրքի շուրջ քննարկումների ու դրա հրատարակության կասեցման առանցքում Հովհաննիսյանի՝ դեռ 1920-ականներին Դաշնակցությանը տված գնահատականն էր: Ըստ սոցիալական ծագման Դաշնակցությունը մանր-բուրժուական՝ հայ դեմոկրատիայի կուսակցություն գնահատող Հովհաննիսյանի դեմ 1920-ականների երկրորդ կեսին սկսված քաղաքական արշավն ըստ էության բյուրեղացնում էր հայ քաղաքական մտքի զարգացման բարդ ընթացքը հետահայաց մաքրել-զտելու ստալինյան հավակնությունը: Դաշնակցությունն առևտրա-արդյունաբերական բուրժուազիայի կուսակցություն ճանաչելու ստալինյան հրամայականի կենսագործումը նշանակում էր դիվացնել Դաշնակցությունը, դարձնել այն մեծամասնականների քաղաքական ամենամեծ թշնամին, հետևաբար և չեզոքացնել երկու կուսակցությունների միջև որևէ կապ անցկացնելու հնարավորությունը: 1920-30-ական թվականներին Դաշնակցության պատմության ու հենց իր պատմաբանության ստալինյան վերաքննումից հետո հետստալինյան շրջանում ոչ միայն 19-րդ դարի հասարակական-քաղաքական հոսանքների քննական պատմությունը, այլև իր՝ Հովհաննիսյանի 1920-ականների քաղաքական ու պատմագիտական ժառանգությունը ստալինյան մաքումների ենթարկված պատմություն էր, որը քաղաքականապես այլևս ժամանակավրեպ էր:

Ստորև ներկայացվող արխիվային նյութերը բազմաթիվ այն վավերագրերից են, որոնք բացահայտում են տարիներ շարունակ Հովհաննիսյանի գրքի հրատարակման կասեցման, Հովհաննիսյանի դեմ հնչող քաղաքական մեղադրանքների ու Հովհաննիսյանի՝ հայ քաղաքական մտքի պատմությունը հետահայաց մաքրումների ենթարկելու դեմ շարունակվող կռիվը: 1969-ին անձամբ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին ուղղված նամակում Հովհաննիսյանն արձագանքում է գրքի հրատարակման շուրջ քննարկումներում ««դաշնակցության ռեաբիլիտացիայի» փորձ» ձեռնարկելու իր դեմ հնչող մեղադրանքին: Այս մեղադրանքի անհեթեթությունը, բայց և ընդգծված քաղաքական ենթատեքստն է ակնարկում Հովհաննիսյանը, երբ նշում է, թե «դյուրին չէ «դաշնակցականների ռեաբիլիտացման» մեջ կասկածել մեկին, որի ամբողջ գիտակցական կյանքը ուղղված է եղել և հիմա իսկ ուղղված է այդ կուսակցության դեմ լենինյան դիրքերից մղվելիք գաղափարական պայքարի խնդիրներին»: Հովհաննիսյանի դիրքն այս բանավեճերում սակայն միանշանակ չէր: Ի վերջո, ոչ այլ ում, քան Դաշնակցության նախկին համակիրին էին ուղղված այս մեղադրանքները, որի գիտակցական կյանքը լենինյան հայացքներին հասել էր դաշնակցական ու սպեցիֆիկյան հայացքների յուրացման բովով անցնելուց հետո միայն: Մյուս կողմից սակայն նույն այդ անցյալի հակասալից ընթացքն է բացահայտվում Հովհաննիսյանի՝ իրեն մեղադրողների հասցեին հնչող քննադատության մեջ, որոնք «իրենց կյանքում կենդանի «դաշնակի» երես չէին տես[ել]»: Այնինչ Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչների սերնդից էր, ովքեր ներակա կերպով կապված էին իրենց կողմից քննադատվող Դաշնակցություն կուսակցության հետ, ուրեմն և դրա հետ միասին պատկանում էին հայ քաղաքական մտքի կայացման միևնույն պատմությանը:

Հովհաննիսյանի համար իր աշխատությունը «գիտական բացճակատ քննադատության ենթակա նյութ» էր: Սակայն 1970-ին Հովհաննիսյանի գրքի հրատարակության հարցը կրկին քննող Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի նիստի արձանագրությունը վեր է հանում գրքի շուրջ հնարավոր քննարկումը փակուղի բերած քաղաքական ասպեկտը: Ստալինիզմը վճռապես չեզոքացրել էր հայ քաղաքական միտքն իր բարդությամբ հասկանալու հնարավորությունը: Հայ պատմաբանական ու քաղաքական միտքն այլևս ստալինյան մաքրումների ենթարկված պատմության ժառանգն էր, որ սեփական բարդ անցյալի հետ կարող էր հարաբերվել միայն պարզ հակադրությունների վերածված ստալինյան եղանակների հիման վրա: 

Հովհաննիսյանի գրքի հրատարակման շուրջ 1960-70-ականներին ընթացած քննարկումն, ուրեմն, այն թելն է, որով բացահայտվում է ոչ միայն արդեն անաքրոնիստական դարձած հայ քաղաքական մտքի կայացման պատմությունը, այլև նույն այդ քաղաքական մտքի ու դրա պատմության հետահայաց մաքրման ստալինյան փորձը: 

Հրապարակվում են ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթապանակ 24413, վավերագիր 302 և թղթապանակ 24419, վավերագիր 86: Բնագրերում կատարվել են մասնակի միջամտություններ: Հովհաննիսյանի ձեռքով գրիչով կատարված հավելումները ներառնվել են տեքստի մեջ փակ փակագծերում: Իսկ տեքստի մեջ սպրդած վրիպակները շտկվել են: