Դաշնակցություն կուսակցության դատը. Աշոտ Հովհաննիսյանի պաշտպանականը  

 

1921 թվականի վերջին խորհրդային կառավարությունը հանրային դատ է կազմակերպում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության դեմ: Հայաստանի խորհրդայնացման առաջին տարելիցի օրերին կազմակերպված այդ իրադարձությունը նպատակ ուներ «անաչառ յեվ անողոք կերպով» դատել Դաշնակցությանը: 15 կետից բաղկացած մեղադրականը նշում էր Դաշնակցության հայաջինջ ու դավադրական քաղաքականությունը և հայ աշխատավորության դեմ գործած հակահեղափոխական գործունեությունը: 

Հանրային այս դատավարության ընթացքում Դաշնակցության պաշտպանի դերը վերապահվել էր Աշոտ Հովհաննիսյանին: Դատավարության ընթացքում հենց Հովհաննիսյանն է, որ քաղաքական մեղադրանքների կողքին պատմաբանական հայացք է նետում Դաշնակցության եռեսնամյա գործունեությանը: Ի վերջո մեղադրյալի աթոռին նստած Դաշնակցության այդ գործունեության հետ ներակա կերպով կապված էին նաև իրենք՝ ազգային կուսակցություններից ելած հայ ազգային կոմունիստները: Պատահական չէ, որ Հովհաննիսյանի պաշտպանականը պարզ արդարացում չէ Դաշնակցության դեմ հնչած մեղադրանքների, այլ հայ ազգային կուսակցության ծնունդն ու գործունեությունը պայմանավորած սոցիալ-հասարական պայմանների վերլուծություն: Այդ պայմաններում էր կայացել արդի հայ քաղաքական միտքը, որի մի հանգրվանն էին նաև իրենք՝ Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար գործիչները:   

Հայ քաղաքական մտքի զարգացման հետնախորքն է ի հայտ բերում Հովհաննիսյանի՝ իբրև Դաշնակցության պաշտպանի հնչեցրած փաստարկը, թե Դաշնակցությունը ոչ թե հայ բուրժուազիայի, այլ հայ մանր-բուրժուազիայի կուսակցություն է: Դաշնակցության գոյությունն ու գործունեությունը կապելով տեղական մանր-սեփականատիրական ժողովրդական խավերի հետ՝ Հովհաննիսյանի պաշտպանականը վեր էր հանում Դաշնակցության սոցիալական ծագման պատմությունը: Բայց նույն այդ պատմությունն էր, որ թույլ էր տալիս Դաշնակցության հարցը նոր իրավակարգի պայմաններում վերածել ոչ թե քաղաքական հռետորաբանական մեղադրանքի, այլ քաղաքական հարցը չկտրել Դաշնակցությանը ծնունդ տված հայ իրականության սոցիալ-հասարակական պայմաններից: Արդյո՞ք սա չէր հուշում Հովհաննիսյանի այն դիրքորոշումը, որ Դաշնակցությանը պետք է դատեր ոչ թե խորհրդային իշխանության կազմակերպած դատը, այլ «պատմության դատը»:

Հրապարակվում է դատավարության ժամանակ Աշոտ Հովհաննիսյանի ելույթն ըստ՝ ««Դաշնակցութիւն կուսակցութեան դատը»», Խորհրդային Հայաստան, 13 դեկտեմբերի 1921 թ.: 

 

Պաշտպան ընկ. Աշ. Յովհաննիսեանի ճառը

Ընկերներ, ներկա մեղադրականը ինձ ամենից առաջ հետաքրքրում է որպէս գրական յերևոյթ: Եթե կամենայի մատնանշել Ձեզ այն աղբիւրը, որից քաղել է այդ ակտի հեղինակը, կստացւէր կատարեալ մի կուրեօզ: Տարիներ առաջ Թիֆլիսում հրատարակւում եր «Հովիւ» (յետագայում «Հովիտ») թերթըհայ կղերականութեան օրգանը: Թերթի խմբագիրը, նրա աշխատակիցները իրենց բոլոր գրութիւններով ջանք էին թափում ապացուցել, թէ Դաշնակցութիւնը, հայ ազատագրական շարժումը առհասարակ, ծնունդ են առել հայ բուրժուական լիբերալիզմից, և ինչպէս վերջինս, նոյնպէս և հայ յեղափոխական կուսակցութիւնները հաւասարապէս գործիք են եղել ցարական կառավարութեան: Այդ միտքն է, ընկերներ, որ կարմիր թելով անցնում է նաև ներկա մեղադրականում և յուզում կասկած այն մասին արդեօք դրա հեղինակը չունի՞ որևէ առնչութիւն «Հովիտ» թերթի կամ նրա խմբագրութեան հետ: Այստեղ անհրաժեշտ եմ համարում հերքել նախ և առաջ այն թիւր կարծիքը, որ իբր թէ Դաշնակցութիւնը կամ ազգային յեղափոխական նման կուսակցութիւնները հարազատ ծնունդ են «մուսուլմանական երկրների և անդրկովկասեան հայ բուրժուազիայի»: Վերագրել հայ բուրժուազիային քաղաքական նման առաքինութիւն, կնշանակէր ուղղակի ծիրանի հագցնել խոզին: Հայ բուրժուազիան և մանաւանդ հայ առևտրական կապիտալը, որի մասին խօսւում է մեղադրականում, ծագման ու զարգացման պարագաներով զուրկ են եղել ազգայինքաղաքական որևէ նկարագրից: Առևտրական կապիտալը նոր դարերում զարգացել է մեզանում որպէս գաղութային կապիտալ: ՆորՋուղայի, ՆորՆախիջևանի, Մոսկւայի, Պետերբուրգի, Պօլսի, Զմիւռնիայի և այլ գաղութներում հայ կապիտալը կարող էր զարգանալ, կորցնելով հետզհետէ իր ազգային նկարագիրը և համակերպւելով տիրող ռեժիմներին սուլթանական, ցարական և այլն: Հայաստանը չի ներկայացել հայ առևտրական բուրժուազիայի համար որպէս գրաւիչ շուկա:

Հետևաբար, քաղաքականօրէն հայկական բնաշխարհը ոչինչ շահագրգռութիւն չէր ներկայացնում հայկական բուրժուազիայի համար: Մասնաւորապէս 1880–90-ական թւականներին, երբ Անդրկովկասում հայ կապիտալը թևակոխել էր արդէն իր զարգացման արդիւնաբերական շրջանը, շահերով նա կապւած էր բացառապէս Բաթումի, Թիֆլիսի և Բագւի տնտեսական կեանքի հետ: Հայ բուրժուազիան իւր զարգացման այդ շրջանում ոչինչ կապ չունէր Վանի, Բիթլիսի կամ Էրզրումի ներքին շուկաների հետ: Նոյնը պէտք է ասել նաև տաճկահայ բուրժուազիայի մասին: Պօլսահայ սեղանաւորները իրենց շահերով և քաղաքական սիմպատիաներով միանգամայն կապւած էին սուլթանական ռեժիմի հետ: Բնորոշ է այս տեսակետից 60ական թւականներին պօլսահայ թերթերից մէկում Պանտուխտի յայտարարութիւնը այն մասին, որ հայ տարրը տաճկահայ վիլայէթներում տառապում է ամենից առաջ և ամենից շատ այն հայ վաշխառուներից, որոնք կապալով վերցնում էին Տաճկահայաստանի պետական հարկերը: Եթե ազատւենք ազգային այդ հարստահարիչների ձեռքից, ասում էր Պանտուխտը, կառավարութեան պաշտօնեաների հետ ընդհանուր լեզու գտնելը դժւար չի լինի: Բնորոշ է նաև այն վերաբերմունքը, որ ունէր տաճկահայ լիբերալիզմը դէպի այն «ազատարար» պատերազմը, որ յայտարարել էր ցարի կառավարութիւնը Տաճկաստանին անցեալ դարի 50ական թւականներին: Ստ. Ոսկանը «Արեւլք»ում վարկաբեկում էր ցարի կառավարութիւնը յայտարարելով, որ տաճկահպատակ քրիստոնեաներին ազատելուց առաջ լաւ կլինէր ազատութիւն տալ դեռ այն ռուս ճորտերին, որոնք Ռուսաստանի ազգաբնակչութեան 90 տոկոսն են կազմում:

Ընկերներ, 1876–78 թւականներին ռուսահայ բուրժուազիան և ռուսահայ լիբերալիզմը, յանձին Գր. Արծրունու իրօք գործիք էին ցարական կառավարութեան ձեռքին. սակայն այդ դէպքում նրանք արտայայտում էին միայն ռուսական իմպերիալիզմի նւաճողական ընդհանուր տենդենցները: Բնորոշ է, որ Գր. Արծրունին մտահոգւած էր ոչ այնքան Տաճկահայաստանի ինքնավարութեամբ, որքան տաճկահայ նահանգները Ռուսաստանին կցելու հոգսով: Տաճկահայաստանի նկատմամբ ազգայինքաղաքական հեռանկարներ սնում էր ոչ այնքան հայ լիբերալիզմը, որքան ռուսահայ պահպանողականութիւնը և մանրբուրժուազիան:

Սպ. Սպանդարեանը առաջիններից մէկն էր, որ մատնանշում էր հողի և հայրենիքի նշանակութիւնը ազգային կուլտուրայի զարգացման տեսակէտից: Աբգ. Յովհանիսեանը տաճկական ֆէս էր դնում և սիրով ընդունում ազգային ժողովներում տաճկահայերի ներկայացուցիչ լինելու առաջարկները: Հիասթափւելով ռուսական ռէժիմից հայ կղերականութեան ներկայացուցիչներից շատերը լքեցին Ռուսաստանը և անցան սուլթանի մայրաքաղաքը կամ Տաճկահայաստան: Աւելի կարևոր է կանգ առնել ռուսահայ մանր բուրժուազիայի վրա: Քաղաքային մանր բուրժուազիան Անդրկովկասում կրում էր զարգացող կապիտալի հարւածները: Կորցնելով հետզհետէ գոյութեան ռէալ յենակէտեր, հայ մանր բուրժուազիան սկսում է հետզհետէ տարւել քաղաքական րոմանտիզմով և «Աւետեաց երկրի» մէջ որոնել իւր բարեկեցութեան աղբիւրները: Քաղաքական նոյն րոմանտիզմով պէտք է տարւէր նաև հայ գիւղացիութիւնը: Մեզանում սովորաբար անտես են առնում այն ագրարային ծանր տագնապը, որպիսին ապրում էր Անդրկովկասեան հայ գիւղացիութիւնը ռուսական տիրապետութեան շրջանում. մի երևոյթ, որ չէր կարող չառաջացնել հայ գիւղացիութեան շրջանում ազգային յեղափոխական ուրոյն մտայնութիւն: Ցարիզմը զարկ տւեց Անդրկովկասում ճորտատիրական կարգերի զարգացման: Ցարի կառավարութիւնը ստեղծեց Անդրկովկասեան նահանգներում թրքական կալւածատիրութիւն, որից ամենից շատ տուժում էր հայ գիւղացիութիւնը: Սակաւահողութիւնը, գիւղական տնտեսութեան քայքայումը խրոնիքակական երևոյթ դարձաւ յատկապէս Շիրակում, Լօռիում և Ղարաբաղում. և հէնց այդ գաւառներն են, որ մեծ րեկուրտ[1]Բառը մասամբ անընթերնելի է: Գուցե պետք է լինի րեկրուտ: պէտք է տային տաճկահայ ազատագրական շարժմանը:

Մեղադրականը յեղափոխական այդ շարժումները կապում է ռուսահայ չէթնիկների գործունէութեան հետ:[2]Չեթաները Բալկաններում պարտիզանական խմբերն էին, որոնց անդամներ էին չեթնիկները: Այս տեսակէտը հիմնովին սխալ է, և արժէ, որ դրա վրա կանգ առնենք այստեղ: Եթէ կամենաք որոշել տաճկահայ յեղափոխական շարժման սկզբնաւորութիւնը՝ պէտք է իջնենք Տաճկահայաստանի խոր անցեալը: Տաճկահայ ազատագրական շարժման մասին արժէքաւոր տւեալներ կան 1617րդ դարերի պատմական աղբիւրների մէջ: Յովսէփ Էմինը, 18րդ դարի հայ նշանաւոր գործիչներից մէկը, կանգ է առնում իւր «Յիշատակարան»ի մէջ այն շարժման վրա, որի կենտրոն էր դառել Սուրբ Կարապետի վանքը: Նոյն 18րդ դարի վերջերում այդ շարժումը հայդուկային գործողութիւնների կերպարանք է առնում Մուշի և Բիթլիսի շրջաններում: Յայտնի է ամենքիդ Զէյթունի ապստամբութիւնը անցեալ դարի 60ական թւականներին: Այդ ապստամբութեան ծագումը կապւում է Միք. Նալբանդեանի անւան հետ, որ ներկա դէպքում ոչ թէ հայկական լիբերալիզմի թարգման էր կամ ցարական կառավարութեան գործակալ, այլ մանր բուրժուազիայի իդէօլոգը և Բակունինի հետ մօտիկ առնչութիւն ունեցող մի անձնաւորութիւն: 1863 թւականից մեր ձեռքն է հասել ուշագրաւ մի դոկումենտ. ոմն Նորատունկեան և բանաստեղծ Մ. Պէշիկթաշլեանը բանակցութիւնների մէջ են մտնում Չարտորսկիի հետ, որը առաջարկ էր արել նրանց Տաճկահայաստանում յեղափոխական չէթաներ կազմակերպել՝ հարւածելու ռուսական ցարիզմին, յարձակումն գործելով Անդրկովկասի վրա և այդպիսով նպաստելու Լեհաստանում բռնկւած ապստամբութեան: Ծրագիրը գլուխ չեկաւ: Սակայն, Նորատունկեանը շարունակում էր որոճալ այն միտքը, թէ անհրաժեշտ է կազմակերպել այդպիսի չէթաներ տաճկահայ ժողովուրդին ազատութիւն բերելու նպատակով: 1872 թ. Տաճկահայաստանում առաջ է գալիս հայ յեղափոխական մի կազմակերպութիւն «Փրկութիւն և միութիւն» անունով, որը կապ է հաստատում ռուսահայ գիւղական մասսաների հետ և նպատակ ունէր փրկել տաճկահայ ժողովուրդը տիրող ռէժիմի հարստահարութիւններից:

Այդ միութիւնը պատրաստւում էր սրբազան պատերազմ յայտարարել սուլթանի կառավարութեան և նրա կազմակերպած քրդական հրոսկախմբերին: 1882 թւականին ստեղծւել է Բարձր Հայքի գաղտնի ընկերութիւնը, որը նոյնպէս ազգայինքաղաքական նպատակներ էր հետապնդում

Յայտնի է այնուհետև, որ Դաշնակցութիւնից առաջ Տաճկահայաստանում գործում էին Արմենականները և Հնչակեանները: Այդ շրջանի մարդիկ էին այն չէթնիկները, որ գործում էին Տաճկահայաստանում՝ Ժիրայրը, Յունոն, Ագրիպասեան, Գօլօշեան սրանք բոլորը չէթաների գլուխ անցան նախ քան երևան եկաւ Դաշնակցութիւնը: Գալով Դաշնակցական գործունէութեան հարկ ենք համարում շեշտել, որ այդ կուսակցութեան հիմնադիրները՝ Քր. Միքայէլեան, Զաւարեան, Ռոստոմ, քաղաքական դաստիարակութիւն էին ստացել ոչ թէ հայ լիբերալիզմի կամ ցարական օխրանկայի շրջանում, այլ ռուս նարոդնիկական շարժման մէջ: Բնորոշ է թէ ինչպէս հայ լիբերալիզմի և հայ բուրժուազիայի ներկայացուցիչները (Կ. Խատիսեան և Լ. Սարգսեան), որոնք սկզբում մասնակցութիւն էին ունեցել Դաշնակցութեան մէջ, հետզհետէ հեռացան այդ կազմակերպութիւնից, երբ որ նա սկսեց բացայայտել իւր ազգային քաղաքական նկարագիրը: Բնորոշ է այն հալածանքը, որին ենթարկւեց Դաշնակցութիւնը ցարական կառավարութեան պատճառով: Յիշեցէք Կուկունեանի պրոցէսը, Թուման Թումեանին, Վահան Գայլին և ուրիշներին, որոնք զոհ դարձան ռուս ոստիկանութեան:

Դաշնակցութիւնը իդէական ժառանգ կարող է համարւել Րաֆֆիի, որ ի դէպ ասած, 80ական թւականներին հեռացել էր լիբերալ «Մշակ»ից և նախապատւութիւն էր տալիս պահպանողական «Արձագանք»ին և «Փորձ»ին, որտեղ տպւում էին նրա ծրագիրվէպերը: Նոյն Րաֆֆին առաջիններից մէկն էր, որ դեռ ևս 1857 թւին «Սալբիում» արգահատանքով էր արտայայտւում ռուսական ռէժիմի մասին:

Հայ բուրժուազիան ոչ միայն իդէական, այլ և նիւթական տուրք չի տւել Դաշնակցութեան կազմակերպութեանը: Տարիներ շարունակ «Դրօշակի» էջերում յայտարարում էին դրամական այն նպաստների մասին, որ ուղարկւում էին կուսակցութեանը: Ամենախոշոր նպաստները Դաշնակցութիւնը ստանում էր քաղքենիական պիկնիկներից, երեկոյթներից և այլն: Խոշոր նպաստներ են տւել կուսակցութեանը եւրոպական սոցիալիստական կազմակերպութիւնները: Հայ բուրժուազիայից Դաշնակցութիւնը դրամներ էր կորզում տերրորի միջոցով. խոշոր դրամական նւէր Դաշնակցութիւնը ստացաւ մի անգամ 15 000 ֆրանկ վրացական ծագումն ունեցող ոմն Ջանումեանից:

Տաճկահայաստանում Դաշնակցութիւնը չի գործել որպէս սոցիալիստական կազմակերպութիւն և չէր էլ կարող գործել, որովհետև չկային օբիեկտիւ նախադրեալներ: Կարիկատուրային կերպարանք ստացաւ տաճկահայ պայմաններում Հնչակի սոցիալիզմը, որից հրաժարւեցին այդ կուսակցութեան ղեկավարներից շատերը, 1896 թւին առաջ բերելով «Վերակազմեալ Հնչակեան» հոսանք: Միւս կողմից խաղաղ լուսաւորական պրոպագանդ քարոզող Արմենականները իսկ պէտք է համոզւէին, այդ միջոցով ոչինչ քաղաքական շահ տաճկահայ ժողովուրդը սպասել չէր կարող: Ինչ միջոցներով կարող էր կռւել քաղաքական որ և է կազմակերպութիւն Տաճկահայաստանում, քան այն, որոնցով կռւում էր Դաշնակցութիւնը: «Համերաշխութիւն» քրդական հրոսակախմբերի հետ քարոզել կարող էին միայն այն պացիֆիստները, որոնք անընդունակ են ըմբռնել հայ քրդական ընդհարումների խոր պատճառները: Այստեղ ընդհարումը տեղի ունէր տնտեսական երկու տարբեր իրար խորթ ու ներհակ կազմակերպութիւնների միջև. մի կողմից քրդական բնակենցաղ համայնքը, չունենալով նստակեաց կենցաղ, նա չէր կարող նաև բնականոն տնտեսական յարաբերութիւններ ստեղծել հարևան նստակեաց ժողովուրդների հետ, միւս կողմից հայերը, որ ապրում են երկրագործութեամբ, ունէին քաղաքային մանր բուրժուական կենցաղ: Թուրք կառավարութիւնը իւր հերթին թոյլ չէր կարող տալ, որպէսզի որ և է համերաշխութիւն ստեղծւէր հայ և քուրդ ժողովուրդների միջև: Քրդական հրոսակախմբերը լաւագոյն միջոց էին ոչ միայն ճնշելու հայ ազատագրական շարժումները, այլ և միջոց՝ զսպելու անկախութեան այն տարրերը, որ գործում էր քրդական մասսայի մէջ դարերից ի վեր վտանգելով Օտտոմանեան կայսրութեան հանգիստը:

Շատերը նախատում են դաշնակցականներին թէ ինչո՞ւ նա գործակցութիւն չստեղծեց թուրք յեղափոխականների հետ: Սակայն, ովքե՞ր էին այդ յեղափոխականներըայն երիտասարդ թուրքերը, որոնք կռւում էին չէ թէ սուլթանիզմի դէմ, այլ միայն Սուլթան Համիդի անձնական ռեժիմի դէմ: Վէճը հին ու նոր թուրքերի մէջ աւելի շուտ դինաստիական էր, քան սոցիալքաղաքական: Յետագայում, 1908 թւին, երբ դաշնակցականները գործակցութեան մէջ մտան այդ երիտասարդ թուրքերի հետ, դրա արդիւնքը աւելի դրական չեղաւ տաճկահայ ժողովուրդների համար, քան այն մեկուսացումը, որ յատուկ էր տաճկահայ յեղափոխական շարժմանը 90ական թւականներին: Դժբախտաբար ժամանակ չկա ծանրանալ Դաշնակցութեան ռուսահայ գործունէութեան վրա. ժամանակս կարճ է: Եկեղեցական կալւածքների գրաւումը առիթ տւեց Դաշնակցությանը փոխադրել իւր գործունէութիւնը Անդրկովկաս: Այս երևոյթը բացատրելու համար պէտք ե նկատի ունենալ այն հարւածը, որ ստանում էր հայ գիւղացիութիւնը եկեղեցական կալւածքների գրաւումով: Դաշնակցութիւնը թարգման հանդիսացաւ ներկա դէպքում ռուսահայ գիւղացիութեան և այն ագրարային ճգնաժամին, որ ստեղծւել էր Ռուսահայաստանում ցարի կառավարութեան վարած քաղաքականութեան հետևանքով: Նոյն ագրարային շարժումներն էին, որ պատճառ դարձան յետագայում հայթրքական ընդհարումների ժամանակ

Նախագահ.— Ընկեր պաշտպան յիշեցնում եմ, որ դուք ունէք մի րոպէ ժամանակ:

Պաշտպան Աշ. Յովհաննեսեան.Այդ դէպքում թոյլ տւէք ժամանակի սղութեան պատճառով ձևակերպել միայն իմ վերջին խօսքը: Առաջադրած մեղադրանքը ընդգրկում է Դաշնակցութեան 30ամեա գործունէութիւնը: Դաշնակցութեան կատարած յանցանքները կատարւել են մի հասարակարգի շրջանում, որ ներկայումս գոյութիւն չունի: Սակայն, իւրաքանչիւր յանցանք պէտք է քննւի այն իրաւակարգի սահմաններում, որի դէմ նա մեղանչում է: Այդ է պատճառը, որ իւրաքանչիւր յեղափոխութիւն սկզբնաւորում է իւր աշխատանքը ամնիստիայի ակտով: Եւ այդ տեսակէտից ներկա դատավարութիւնը պէտք է նկատել որպէս թիւրիմացութիւն, քանի որ եթէ դատավարութիւնը դասակարգային պայքարի միջոց է ներկա դէպքում, այդ միջոցը գործադրւում է մի հակառակորդի դէմ, որ հրապարակի վրա չէ: Դաշնակցության գործունէութիւնը այսօր հայոց պատմութեան սեփականութիւնն է. և այդ գործունէութիւնը պէտք է ենթակա լինի մի ուրիշ դատի, աւելի ահեղ քան ներկա դատը. դա պատմության դատն է: (Երկարատեվ ծափեր):

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Բառը մասամբ անընթերնելի է: Գուցե պետք է լինի րեկրուտ:
2 Չեթաները Բալկաններում պարտիզանական խմբերն էին, որոնց անդամներ էին չեթնիկները: