1927-1928 թվականները վճռորոշ եղան ստալինյան քաղաքականությունների հաստատման համար: Հայաստանում վճռական այդ բեկումն ազդարարող իրադարձությունը Աշոտ Հովհաննիսյանին կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոնից հեռացնելն էր: Հովհաննիսյանի հեռացմամբ երկրում մեկնարկած քաղաքական կուրսի փոփոխությունը, սակայն, սուր գաղափարական պայքարի կողմն ուներ:
Հովհաննիսյանն ու ազգային կոմունիստներից կազմված Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավարությունը 1920-ականների կեսին մեղադրվեց «իդեոլոգիական ֆրոնտում» թույլ տված կոպիտ սխալների, մասնավորապես նացիոնալիզմի դեմ թույլ պայքարի ու «աջ ազգայնական» թեքման մեջ: Գաղափարական ճակատում Հովհաննիսյանի դեմ սկսված այս պայքարի առանցքային կետը Դաշնակցություն կուսակցությանը տված վերջինիս գնահատականն էր: Հովհաննիսյանի գնահատմամբ Դաշնակցությունը հայ իրականության ծնունդն էր իր սոցիալական ծագմամբ ու հանդիսանում էր քաղաքային ու գյուղական մտավորականության ու մանր սեփականատերերի կուսակցությունը: Հովհաննիսյանի՝ Դաշնակցությունը մանր-բուրժուական կուսակցություն համարելու դիրքորոշումն այլ բան չէր նշում, քան կուսակցության գնահատման հարցում տեղական սոցիալ-հասարակական, տնտեսական գործոնները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Մանր-բուրժուականությունն էր բացահայտում հայ քաղաքի ու գյուղի մանր-սեփականատիրական ու մտավորական այն անկայուն, տատնվող դիմագիծը, որի թերագնահատումը Հովհաննիսյանը վտանգավոր էր համարում հենց խորհրդային իշխանության համար:
Ստորև ներկայացվող վավերագիրը 1928-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 5-րդ պլենումի ժամանակ գաղափարական պայքարում կուսակցության հիմնական ելակետերն ամրագրող փաստաթղթից մի հատված է: Ի տարբերություն Հովհաննիսյանի որակման, այն հստակ ամրագրում էր, որ նացիոնալիստական իդեոլոգիան մարմնացնող կուսակցությունը՝ Դաշնակցությունը, «հայ բուրժուազիայի կուսակցությունն ե»: Դաշնակցությանը տրված ստալինյան այս գնահատականը նշանակում էր կուսակցությունը կտրել դրան ծնունդ տված հասարակական խավերից ու այն կապել ազգային նկարագիր չունեցող արտադրական խոշոր կապիտալին: Հենց այս որակումն էր, որ պետք է որոշեր ստալինյան կուսակցության նոր՝ «անսխալ օրիենտացիան»: Ըստ այդ «օրիենտացիայի» Դաշնակցությունը հռչակվում էր խորհրդային իշխանության ու աշխատավորության «առավելագույն վտանգավոր թշնամին». գնահատական, որ քաղաքականապես ուռճացնում էր նացիոնալիզմի ու Դաշնակցության վտանգը և դրանով հենց արդարացնում ստալինյան քաղաքական հաշվեհարդարի կոպտությունն ու սրությունը:
Հրապարակվում է ըստ՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 8, գործ 8, էջ 161-166: Տեքստը մեքենագիր է, որի վրա կատարվել են ձեռագիր փոփոխություններ: Վերականգնվել են այն ջնջումները, որոնք բովանդակային նշանակություն ունեն՝ նշելով փակ փակագծերում: Կատարված բովանդակային հավելումներն առնված են սուր չակերտում: Ձեռագրով կատարված ընդգծումները նշվել են շեղատառով: Առանձին սրբագրական փոփոխությունները չեն նշել:
[ /Հ.Կ.Կ./բ/ Կենտկոմի 5-րդ. /նոյեմբեր 1928 թ./ պլենումի
բանաձևը/]
Հայաստանի Կոմ. Կուսացության /բ/ խնդիրներն իդեոլոգիական ֆրոնտում
<(ընկ. Կասյան)>[1]1928-ի 5-րդ՝ նոյեմբերյան պլենումի ժամանակ «Իդեոլոգիական ֆրոնտի խնդիրները» քննարկվող առանցքային հարցերից էին, որոնց մասին զեկույցով հանդես է եկել Սարգիս Կասյանը: Ներկայացվող վավերագիրը Կասյանի զեկույցի և դրա շուրջ ծավալված քննարկման արդյունքում ընդունված փաստաթուղթն է:
Իդեոլոգիական պայքարի հիմնական յելեկետերը
III
Ռազմատենչ նացիոնալիզմն ամենացայտուն կերպով արտահայտվում ե դաշնակիզմով: Այդ իդեոլոգիան իր մեջ մարմնացնող կուսակցությունը՝ դաշնակների կուսակցությունը՝ հայ բուրժուազիայի կուսակցությունն ե, հայ իրականության հակահեղափոխական կուսակցություններից ամենաազդեցիկն ու ամենավտանգավորը: Այդ պատճառով էլ դաշնակիզմի ճիշտ գնահատումն ու վորակումը բացառիկ կարեվորություն ունի մեր կուսակցության անսխալ որիենտացիայի համար:
Դաշնակցությունը պատմական ասպարեզ ե իջել վորպես տաճկական Հայաստանի «անկախության մարտիկ», վորպես Տաճկաստանի հայ զարգացող բուրժուազիայի դժգոհության արտահայտիչն ընդդեմ տաճկական կես-ավատական կապանքների, վորպես Անդրկովկասի հայ առեվտրական բուրժուազիայի՝ ռուս արդյունագործական կապիտալի այդ հնազանդ գործակատարի – Տաճկահայաստանի խոշոր հնարավորություններով հարուստ շուկաներին տնտեսապես տիրանալու անզուսպ ցանկության իրագործման պայքարի ղեկավար: Հայ ընդարձակ զանգվածների քաղաքական, իրավական յեվ տնտեսական դրությունը թե Տաճկաստանում յեվ թե Անդրկովկասում հնարավորություն եր տալիս այդ կուսակցությանը «համազգային» յեվ «համաժողովրդական» մորթով խաբեբայաբար ծածկել իր դասակարգային բնույթը: Տասնյակ տարիների ընթացքում հայ բուրժուազիայի նպատակների համար հայ ժողովրդի զանգվածները թնդանոթի միս դարձնող Դաշնակցությունն ինքը մի խաղալիք եր իմպերիալիստների ձեռքին: Առավել պարզորոշությամբ, քան յերբեվիցե, համաշխարհային պատերազմը հրապարակ հանեց մի կողմից ռուսական, իսկ մյուս կողմից՝ անգլո-ֆրանսիական իմպերիալիզմի ղեկավարող ձեռքը Դաշնակցության գործունեության նկատմամբ:
Մեր կուսակցությունը միշտ պայքարել ե դաշնակիզմի դեմ վոչ միայն վորպես ռեակցիոն ազգայնական իդեոլոգիայի, այլյեվ այդ իդեոլոգիան կրող կուսակցության յեվ սրա քաղաքականության դեմ, յեվ այդ վոչ միայն այն պատճառով, վոր այդ կուսակցությունը քակում եր հայ յեվ թյուրք զանգվածների կապերը, մեկուսացնում եր հայ ժողովրդի ազատագրական շարժումը, բաժանում այդ շարժումը թյուրք ժողովրդի հեղափոխական կռվից յեվ այն հակադրում վերջինիս, այլ յեվ այն հիմնական պատճառով, վոր դաշնակները հայ բուրժուազիայի իղձերը կենսագործելու համար իրենց քաղաքականությունը յենթարկում եյին յեվրոպական իմպերիալիստների շահերին՝ առանց վորյեվե խտրություն դնելու միջոցների միջեվ, դառնում նրանց կամակատարը՝ հայկական հարցը իմպերիալիստական խավերի հակահեղափոխական գործիք դարձնելու յեվ միշտ գործիք պահելու խնդրում:
Դաշնակներն Անդրկովկասում կազմակերպված բանվորական շարժման հենց առաջին որից անխնա կռիվ եյին մղում՝ հայ բանվորներին այդ շարժմանը մասնակից անելու դեմ: Նրանք պայքարում եյին նրանց դեմ, վորոնք հորդորում եյին հայ բանվորությանը՝ տոգորվել դասակարգային կռվի անհաշտությամբ, յեվ ընդհակառակը, տիրացուական քարոզ խոսում դասակարգային խաղաղության, դասակարգային հաշտության մասին: Նրանք պայքարում եյին նրանց դեմ, վորոնք կոչ եյին անում հայ բանվորությանը՝ մտնել բանվորական կուսակցության հեղափոխական դրոշի տակ ընդդեմ ցարական բռնակալության յեվ ընդհակառակը, քարոզում քաղաքական անտարբերություն «այստեղ», վորպեսզի կարելի լինի ռուս ցարի յեվ ռուս կադետական բուրժուազիայի վողորմությունը հայցել «անդիի», այսպես կոչված՝ ազգային–ազատագրական շարժման նկատմամբ։ Վորքան ավելի յեր ընդարձակվում յեվ խորանում բանվորական դասակարգային–հեղափոխական շարժումն Անդրկովկասում, այնքան ավելի եյին դաշնակներն ուժեղացնում իրենց կռիվը հայ բանվորության մասնակցության դեմ՝ այդ շարժմանը, այնքան ավելի յեվ այնքան մեծ յեռանդով եյին նրանք պաշտպանում հայ կապիտալի շահերն ու դիրքերը, յեվ վորքան ավելի յեր <դասակարգային անտոգոնիզմը, այնքան ավելի յեր> հայ բուրժուազիան գնում ռուսական ցարի յեվ իմպերիալիզմի գիրկը՝ իր հետ տանելով իր հավատարիմ գամփռին՝ Դաշնակցությունը։ Վերջին իմպերիալիստական պատերազմի ընթացքում դաշնակները դարձել եյին իսկական ռուս սեվ-հարյուրակայիններ վորպեսզի պրոլետարական հեղափոխության սուր ժամանակաշրջանում դառնան ռուս կապիտալի յեվ միջազգային իմպերիալիզմի ամենակատաղի ագենտներն Անդրկովկասում։
Պատերազմը յեվ հեղափոխությունն ամբողջապես մերկացրին Դաշնակցության վողջ եյությունը։ Հայ կապիտալի «հոգեկան ապրումները» գտնում եյին իրենց ամենանուրբ արտահայտությունը Դաշնակցության մեջ։ Յեթե դաշնակները դեմ եյին Անդրկովկասի անջատմանը Ռուսաստանից, ապա դա հայ կապիտալի սերտ կապի թելադրանքն էր ռուս կապիտալի հետ։ Յեթե դաշնակները «արցունք եյին թափում» Անդրկովկասի անդամահատության առիթով, ապա դա հայ կապիտալի սարսափի հետեվանքն եր, սարսափի, վոր առաջ եր յեկել Անդրկովկասի տնտեսական կյանքում իր բռնած բարձրունքների խորտակման հեռանկարից։ Դաշնակները միշտ «հակասական» վերաբերմունք են ունեցել դեպի ռուսական Հայաստանի խնդիրը։ Դա իրապես յերկրորդական խնդիր եր նրանց համար։ Տնտեսապես հետամնաց, տնտեսապես անգրավիչ Ռուսական Հայաստանը միայն քաղաքական արժեք ուներ նրանց աչքում, վորպես քաղաքական բազա ռուս կապիտալի առաջխաղացության ծարավը հագեցնելու ստոր ծառայականությունն ստանձնած հայ կապիտալի քաղաքական ու տնտեսական եքսպանսիայի համար՝ դեպի հարավ։
Ռուսական իմպերիալիզմի շահերը զուգորդվում եյին հայ բուրժուազիայի շահերին, ավելի ճիշտ՝ հայ բուրժուազիայի շահերը յենթարկվում եյին իմպերիալիզմի շահերին։ Թե ռուսական հակահեղափոխության յեվ թե Անտանտայի իմպերիալիզմի համար դաշնակների «Արարատյան հանրապետությունը» ուրիշ վոչինչ չեր, բայց յեթե վորյեվե ինքնուրույն նշանակությունից զուրկ, քաղաքական մի գաղութ, վոր ծառայում եր վորպես հենակետ այս կամ այն իմպերիալիստական նպատակների համար։
Դաշնակները գործադրել են միշտ քաղաքական պայքարի բազմազան մեթոդներ, սկսած 2–րդ ինտերնացիոնալի յեվ սրա դրոշակի օգտագործումից մինչեվ ռեակցիոն յեկեղեցու հետ սեթեվեթումը յեվ միջնադարյան խմբապետական սիստեմի պատվաստումը, մեթոդներ, վորոնք վկայում են վոչ թե դաշնակցական իդեոլոգիայի յերերուն ու անհաստատ վիճակը, այլ այն, վոր նրանք ունեն հաստատուն քաղաքական գիծ, մի գիծ, վոր բղխում եր իմպերիալիզմին սպասարկող հայ բուրժուազիայի շահերից։ Այդ բազմազան մեթոդների նպատակն եր՝ ըստ հնարավորին՝ լայն զանգվածներ գրավել Դաշնակցության ազդեցության տակ։ Յեվ իրոք, Դաշնակցության մեջ յեվ նրա ազդեցության տակ եյին գտնվում մանր-բուրժուազիայի հսկայական ջոկատներ։ Այդ տարրերի շնորհիվ հաճախ խլրտումներ եյին տեղի ունենում կուսակցության մեջ, սակայն միշտ հաղթողը հանդիսանում եյին խոշոր բուրժուազիայի իդեոլոգները, վորոնք յերբեմն զիջումներ անելով նրանց ֆրազեոլոգիայի մասում, շարունակում եյին մնալ կուսակցության ղեկի մոտ։
Դաշնակցության ընթացիկ քաղաքական գիծն ավելի յե վորոշ ու ամուր՝ անկախ նրա սովորական ֆրազաբանությունից։ Այդ բնորոշվում ե յեվ պայմանավորվում հայ բուրժուազիայի համար ստեղծված դրությամբ Անդրկովկասում։ Պրոլետարական հեղափոխությունը մահացու հարված ե հասցրել նրա տնտեսական ուժին։ Այդ պատճառով ել առավել մեծ ե դարձել դաշնակների կախումն իմպերիալիզմից։ Այդտեղից ել բղխում են Դաշնակցության նպատակներն ու անելիքները այսոր – կռվել պրոլետարիատի դիկտատուրայի դեմ, սպասարկել իմպերիալիզմին յեվ մուրալ «մեծ» Հայաստան։ Այդ վերջին «պահանջով» դաշնակները ձգտում են թոզ փչել ամբողջ աշխարհը ցրված ու փոշիացած հայ աշխատավոր զանգվածների աչքին, վորպեսզի գաղտնի պահեն իրենց կատաղի կռվի ճշմարիտ նպատակը – վերականգնել հայ բուրժուազիայի իշխանությունը յեվ Խորհրդային Հայաստանը դարձնել ռազմական ավանտյուրաների հենակետ՝ ոտար իմպերիալիստների համար։ Այդ իրականացնելու համար նրանք ջանք են թափում հենվել կապիտալիզմի ծիլերի՝ կուլակների ու նեպմանների վրա։ Յեվ վորքան ավելի յե խորանում սոցիալիստական հարձակումը քաղաքում յեվ գյուղում, վորքան ավելի յե սրվում դասակարգային կռիվը, վորքան ավելի յեն սահմանափակվում կապիտալիստական տարրերն ու տնտեսական աճումից հուսազուրկ լինում, այնքան ավելի սերտորեն են համախմբվում այդ տարրերը դաշնակիզմի շուրջը։ Պատրաստվելով խորհուրդների դեմ զինված պայքարի, յերբ իմպերիալիստական պետությունները պատերազմ սկսեն ԽՍՀՄ դեմ, ձգտելով առայժմ «պաշտպանել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը», վորպեսզի հետագայում զոհաբերեն նույն այդ ժողովրդին, յերբ դա հաճելի լինի իմպերիալիստներին, դաշնակներն իրենց արտասահմանյան մամուլի եջերում խորհրդային իշխանությունը զինված տապալելու փորձերից ձեռնպահ մնալու մասին են խոսում՝ նկատի ունենալով «թյուրքական վտանգը»։ Այս «խաղաղասիրական քաղաքականության» դրոշակի տակ նրանք նեպմանային-կուլակային տարրերին հրահրում են պրոլետարիատի տնտեսական յեվ քաղաքական ձեռնարկումների դեմ թե ամբողջապես յեվ թե առանձին-առանձին վերցրած (հարկային քաղաքականություն, ազգային քաղաքականություն, վերաբերմունք դեպի յեկեղեցին յեվ այլն)։ Այդպիսով, ընդարձակ զանգվածներին խաբելու համար մի շարք անցման նշանաբաններ առաջադրելով՝ նրանք անշեղ գնում են դեպի իրենց հիմնական նպատակը – աշխատավորության արյան մեջ խեղդել պրոլետարիատի դիկտատուրան յեվ հաստատել բուրժուազիայի դիկտատուրան։
Այսպիսով՝ Դաշնակցությունը յեղել ե յեվ ե հայ բուրժուազիայի իղձերի ու ձգտումների արտահայտիչն ու մարտական կուսակցությունը։ Նա կատարել ե յեվ կատարում ե համաշխարհային իմպերիալիզմին սպասավորելու ամենաստոր պաշտոնը։ Դաշնակիզմը բուրժուական-ազգայնական-շովինիստական-հակահեղափոխական իդեոլոգիա յե։ Նա հայ իրականության Ֆաշիզմն ե։ Յեվ հենց այդ իրականության մեջ Դաշնակցությունն ամենահակահեղափոխական ուժն ե, խորհրդային իշխանության ու մեր յերկրի աշխատավորության առավելագույն վտանգավոր թշնամին, վոր միջազգային իմպերիալիստների վոսկիներով կաշառված ու զենքերով սպառազինված՝ պատրաստ ե իր իմպերիալիստական տերերի առաջին իսկ հրամանով հարձակվել ԽՍՀՄ յեվ Խորհրդ. Հայաստանի վրա։ Յեվ ինչպես վոր բոլոր թշնամական իդեոլոգիաներից ամենավտանգավորը համապարփակ նացիոնալիզմն ե, այնպես ել այդ նացիոնալիզմի ամենահետեվողական արտահայտիչը՝ Դաշնակցությունը՝ հակահեղափոխական ճակատի հեգեմոնն ե ու ղեկավարը։
Ծանոթագրություններ
↑1 | 1928-ի 5-րդ՝ նոյեմբերյան պլենումի ժամանակ «Իդեոլոգիական ֆրոնտի խնդիրները» քննարկվող առանցքային հարցերից էին, որոնց մասին զեկույցով հանդես է եկել Սարգիս Կասյանը: Ներկայացվող վավերագիրը Կասյանի զեկույցի և դրա շուրջ ծավալված քննարկման արդյունքում ընդունված փաստաթուղթն է: |
---|