Դաշնակցություն կուսակցության «տակտիկայի գաղտնիքը». Աշոտ Հովհաննիսյանի գնահատականը

 

1920-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Դաշնակցություն կուսակցության դեմ գաղափարական պայքարը քաղաքական առաջնահերթություն էր: 1920-ականներին Դաշնակցության դեմ բացված պայքարի այդ ճակատում Աշոտ Հովհաննիսյանի պատմաքաղաքական գործունեությունն առանցքային կարևորություն ուներ: 1922-ին Հովհաննիսյանն ընտրվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար: Կոմունիստական կուսակցության հատկապես գաղափարաբանական գծի համար պատասխանատու քաղաքական պաշտոնում Հովհաննիսյանը միաժամանակ այդ գիծը վարում էր ելնելով իր պատմաքննական ուսումնասիրություններից:

Սույն վավերագիրը տպագրվել է 1920-ականներին Հովհաննիսյանի խմբագրությամբ հրատարակված Նորք հանդեսի 1923-ի երրորդ համարում և, ինչպես հուշում է վերնագիրը, նպատակ ուներ պարզելու «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը»: Քաղաքական իշխանության ղեկը ստանձնած կուսակցության դիրքից է Հովհաննիսյանը սկսում հոդվածը՝ պնդմամբ, թե «Դաշնակցությունը պարտված է անշուշտ»: Սակայն նույն Հովհաննիսյանի պատմաբանական մոտեցումն է երևան բերում ձգտումը ուրվագծելու «հակամարտ հեռանկարների մեջ» պարուրված Դաշնակցության գալիքը: Ոչ թե քաղաքական հռետորաբանությունն է որոշում Դաշնակցության դեմ դիրքորոշումը, այլ Հովհաննիսյանի պատմաբանական մոտեցումն է որոշում Դաշնակցության քաղաքական գնահատականը: Հովհաննիսյանի հայացքում Դաշնակցությունը կապվում է դրան ուժ տվող հայ կյանքին հատուկ քաղաքական, հասարակական, սոցիալական իրականության հետ: «Հայաստանի քաղքենու»՝ մանր վաճառականի, քաղաքի ու գյուղի մտավորականության, արհեստավորի ու գյուղացու տնտեսական, սոցիալական անհաստատ կացությունն էր, ըստ Հովհաննիսյանի, ծնում վերջինիս քաղաքական տատումները: ««Հայը», իմա′ քաղքենին», իր տատանման մեջ քաղաքական բախտը կապել էր խորհրդային իշխանության հետ, բայց նույն այդ տատանումը կարող էր որոշել նրա «նոր դիմադարձությունը» դեպի Դաշնակցությունը: Դաշնակցության ու հայ իրականության տատանվող խավերի կապն էր, որ Հովհաննիսյանին երևում էր իբրև հակահեղափոոխության իրական հիմք: Հենց հայ իրականությանը հատուկ քաղաքական, հասարակական, սոցիալական այս «գաղտնիքի» քննությամբ է, ուրեմն, որ Հովհաննիսյանը բացահայտում է Դաշնակցության «տակտիկայի գաղտնիքը»:  

 Հրապարակվում է 1-3-րդ գլուխները հատվածաբար ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», Նորք, 1923, թիվ 3, էջ 162-166:

 

Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը

I

Դաշնակցությունը պարտված է անշուշտ: Նա ջարդ է կրել քաղաքացիական պատերազմի ֆրոնտներում: Հայկական բնաշխարհում մասսանները յերես են դարձրել նրանից: Իր տիրական դիրքը գաղութներում խախտվել ե մեծապես: Հարազատ շարքերում քայքայում և լքում: Առաջնորդներին զբաղեցնում ե հաճախ հին մեղքերի հաշվեհարդարը: Անջատողական շարժումն Ամերիկայում և Պարսկաստանում զգալի հարված հասցրեց կուսակցությանը: Վեննայում գումարված արտասահմանյան մարմինների խորհրդաժողովը դրսևորեց իր ներքին յերկպառակությունը: Կուսակցության գալիքը պարուրված ե տակավին ներկայիս գծվող հակամարտ հեռանկարների մեջ:

…. Անմիջական վտանգ Դաշնակցությունից չի սպառնում մեզ,այդ վեր ե կասկածից: Սակայն միամտություն կլիներ կարծել, թե յերգված ե իսպառ իր յերգը, թե անելու այլևս վոչինչ չունի նա, թե կրած պարտությունից հետո պայքարն սպառված պիտի համարել առմիշտ: Ինչքան ել սնամեջ չլինի դաշնակցական թեորիան և խայտաբղետ իր պրակտիկան, ինչքան ել զգալի չլինի իր անկումը և խոր իր լքումը, Դաշնակցությունը կարող ե վերագրավել գործողության նոր հենակետներ: Պոկ գալով սոցիալական հարազատ հանգրվանից՝ Դաշնակցության քաղաքական նավը, հողմահար ու հողմավար, հածում ե հիմա պատմական ահավոր ալիքների վրա: Բայց կարող ե փոխվել քամիների ընթացքը, հին նավը կարող ե մտնել բանուկ հունի մեջ: Հարազատ անկարությունն ու ոտար ուժերի աննպաստ դասավորությունը հարկադրեցին Հայաստանի քաղքենուն կապել իր բախտը պրոլետարական հեղափոխության հետ: Սակայն պրոլետարական հեղափոխության համաշխարհային կռիվը բուրժուական հակահեղափոխության դեմ դեռ չի ավարտված: Հեղափոխությունը հաղթական ե միայն վերջին հաշվով: Պայքարի ընթացքում հնարավոր ե նահանջ, հնարավոր ե ուժերի նոր դասավորություն: Նշանակում ե հնարավոր ե նաև քաղքենու նոր դիմադարձությունը: Նա դավաճանեց բուրժուազիային, կարող ե դավաճանել և պրոլետարիատին:….

 

II

Հեղափոխության ընթացքում Դաշնակցության կրած պարտությունն ամենավճռականն եր այն պարտությունների շարքում, վոր կրել ե յերբ յեվ ե այդ կուսակցությունն իր գոյության բովանդակ ընթացքում: Ամենավճռական պարտությունն եր այդ, սակայն վոչ միակը: Իմպերիալիստական պատերազմի ընթացքում փաստորեն ջուրն ընկավ քառորդ դար շարունակ Թուրքաց Հայաստանում կուսակցության թափած աշխատանքը: Դաշնակցական քաղաքականության անկարությունը կատարյալ եր: Քառորդ դար փայփայած գաղափարական ու գործնական իր սիստեմի սնանկությունն ակընբախ՝ ջարդի յեվ ավերի, գաղթի ու վարակի ահավոր այդ տարիներին: Հուսախաբության մղձավանջի ներքո ձեռնարկելով հիշողությունների արձանագրության՝ Արամըժամանակաշրջանի դաշնակցական ամենից կարկառուն դեմքըհարկադրված եր սկսել իր գործը դառն խոստովանություններով: «Ամեն շրջանի գործունեյություն, գրում ե նա, միշտ լավ ե իր արդյունքով: Իսկ յես չեմ կարծում, թե մեր ջանքերը պսակվելու յեն հաջողությամբ: Տաճկահայաստանի սոսկալի կոտորածները ամեն բան տակն ու վրա արին: Պատերազմից հետո հայերի համար պիտի ստեղծվեն շատ սոսկալի պայմաններ. հասարակական տրամադրությունը պիտի յերթա դեպի հետ. մի բարեբախտ անակնկալ միայն կարող ե փրկել մեզ, վորը շատ անհավանական ե: Բոլոր արժեքները պիտի վերագնահատվեն: Նոր դարագլուխ պիտի բացվի մեզ համար: Հին արժեքներից շատերը պիտի ընկնեն: Կարճ՝ մեր ամբողջ հին գործունեյությունը պիտի դառնա պատմություն» («Հայրենիք ամսագիր», 2, եջ 23): Ի՞նչ պետք ե բերեր Արամի գուշակած «դարագլուխը», ի՞նչ իմաստ կարող եր ունենալ «հայերի դավանած արժեքների» վերագնահատությունը:….

Թուրքահայ կատաստրոֆը անշուշտ քաղաքական պարտություն եր Դաշնակցության համար, սակայն մահացու հարված նրան դեռ չեր հասցնում: Թուրքահայ վերապրող քաղքենին վերջ ի վերջոյ հրաժարվեց, ճիշտ ե, ազգային յերազանքից ու բռնեց տիրողների հանդեպ խոհեմության ուղին: Իրագործվեց այդ առումով այն, ինչ հրահանգում եր սկզբից և եթ բուրժուազիան՝ համակերպումն և հավատարմություն հանդեպ տաճիկ պետականության: Դաշնակցությունը պատմականորեն ճանապարհ եր հարթել բուրժուական այդ մտայնության հաղթանակի առաջ: Բայց վերացա՞վ արդյոք ինքը Դաշնակցությունը: Դաշնակցությունը կորցնում եր միայն քաղաքական եքսպերիմենտների հին թատերաբեմը, բայց վոչ գործողությունների սոցիալական հենակետները: Նա եր և շարունակում եր լինել կովկասահայ քաղքենիության մարտական կազմակերպությունը, ինչպես թուրքահայ կատաստրոֆից առաջ, նույնպես և դրանից հետո: Դեպքերը չփոխեցին այն դասակարգի վիճակը, վորի վրա Դաշնակցությունը վորպես կուսակցություն հենվում եր: Մանր բուրժուազիան կովկասահայ գյուղում կամ քաղաքում վոչինչ չեր կորցնում դեպքերի նոր դասավորությունից: Թուրքաց Հայաստանի ամայացած դաշտերը փոխում եյին գուցե քաղաքական-տնտեսական իր հին հեռանկարները, աշխարհագրական և պետական նոր շրջանակների մեջ դնում իր հասարակական յեռանդը, սակայն կրած պարտությունը չեր նվազեցնում կովկասահայ քաղքենու ինքնագործության մղումը, չեր կերպարանափոխում հասարակական քաղաքական իր ուրույն մտայնությունը:

Ռուսական վերահաս հեղափոխությունը «բարեբախտ» այն «անակնկալն » եր, վոր բաց եր անում քաղքենու առաջ ինքնագործունեության նոր ասպարեզ: Առաջ մղվելով քաղաքական անգործությունից՝ Դաշնակցությունը հնարավորություն ստացավ փոխված պայմաններում շարունակել կովկասահայ քաղքենու ազգային քաղաքական հին ուղեգիծը, կենսագործել այդ պայմաններում «հին գործունեյության» պատգամները: Պրոլետարական ծավալվող հեղափոխության ազդեցությունից մասսաներին ապահովագրել կարող եր միայն «ազգային պաշտպանության» հարկադրանքը: Դաշնակցությունը հասկանում եր այդ: Փոխադրելով ազգայնական իդեալների իրականացման ասպարեզն Անդրկովկաս, Դաշնակցությունն առաջնորդում եր հայ քաղքենուն դեպի հակապրոլետարական ճակատ, թումբ կազմում հեղափոխության առաջ:…. 

 

III

Ներկայումս պատմության գիրկն ե մտել նաև Դաշնակցության անցյալի այդ շրջանը: «Ազգային դատը» պարտություն կրեց նաև կովկասահայ քաղքենու «ազատ ու անկախ» հայրենիքում:…. 

Կատարել մնայուն ստեղծագործական աշխատանք, տնտեսական կուլտուրական շինարար գործ Դաշնակցությունն անկարող եր անգամ «ազատ ու անկախ» իր տիրապետության միջոցին: Նախընթաց շրջանում իր գործունեությունը կապված չեր առորյա նվաճումների հետ: Տաճկահայ մասսաների տնտեսական քաղաքական կացության աստիճանական բարելավումը, նրանց կուլտուրական մակարդակի աստիճանական բարձրացումը չեր մտնում Դաշնակցության պրոգրամի մեջ ու չեր բղխում իր գործնական ընթացքից: Փրկությունը պիտի գար միանգամից, վորպես բարեբեր հետեվանք յեվրոպական միջնորդության, վորի համար ներքին ապստամբությունը միայն շարժառիթ պիտի լիներ: Յերիտասարդ թուրքերի հետ հարթած համագործակցության ընդհանուր պլատֆորմն ոսմանյան հեղափոխության շրջանում՝ փոխադարձ անվստահության ու ատելության դուռ բացեց հայ ու թուրք նացիոնալիստների առաջ: Համակգործակցության մեղրամսից հետո գոցվեց ազգային խնդրի լուծման րեֆորմիստական ճանապարհը: Թուրք նացիոնալիստների տեսակետից տաճկահայ կոտորածները կոչված եյին լուծել ազգային հարցը Դաշնակցության իսկ գործած մաքսիմալիստական մեթոդներով: Հետագայում, փոխադրելով իր գործունեությունն Անդրկովկաս, դաշնակցական թեորիան ու պրակտիկան դուրս չեկավ հին ըմբռնումների հարթված ուղիներից:….

«Մեր քաղաքական բախտի վորոշումը, գրում եր մայիսյան ապստամբությունից հետո դաշնակցական տիրող մտայնության ամենից ազդեցիկ արտահայտիչներից մեկը, Ռ. Դարբինյանը, գերազանցապես, չասեմ բացառապես, կախված ե Անգլիայից… Դաշնակից պետությանց և առանձնապես Անգլիայի համար, վոր ստեղծում են Հայաստանը, հայկական պետությունն այն չափով արժեք կունենա, վոր չափով վերջինս հակում չի ունենա վոչ դեպի Տաճկաստանը, վոչ ել դեպի Ռուսաստանը» («Բոլշեվիզմը և Հայաստանը» Յերեվան, 1920 թ. եջ 34-36): Այս մտայնությունը վոչ միայն պետք ե նետեր Դաշնակցությունը հակահեղափոխական սերվիլիզմի գիրկը, այլ և դաստիարակեր հայ քաղքենուց մարդկային մի սերունդ, վոր հարազատ յերջանկությունը ոտարից ե սպասում: Քաղքենին «դատ» ուներ առտնին վոսոխի հետ և «դատը» պիտի վճռեր յերրորդը՝ իմպերիալիստական Յեվրոպան: Հայաստանի շինարարության ներքին խնդիրը չեր մտնում «Հայաստան ստեղծող» Անտանտի հաշիվների մեջ: Իսկ իր «արդար վճռահատությունն» արագացնելու համար անհրաժեշտ դաշնակցական ստրկամտությունն ու ջարդարար յեռանդն առաջ եյին բերում կովկասյան Հայաստանում նյութական և բարոյական նույն ամայությունը, վորպիսին առաջ եր յեկել տարիներ առաջ Թուրքաց Հայաստանում: Այստեղ ամփոփվում ե սակայն «ազատ ու անկախ» Հայաստանի անկման հին, առասպելական շրջանը և բացվում իր կենսագործման նոր պատմական դարագլուխը: Գործիք ոտար ու հարազատ բուրժուազիային, քաղքենին չորացրեց սեփական բարեկեցության աղբյուրները: Սակայն բռնելով դասալքության ու սոցիալական դեգրադացիայի ուղին՝ այն կամուրջ դարձավ բուրժուազիայի դեմ ծառացած պրոլետարիատի ագրեսսիվ գործողությունների համար: Հայաստանի պրոլետարական հեղափոխության հաղթանակի սոցիալական գաղտնիքը պետք ե վորոնել «նայիրյան» աշխարհի ծոցում առաջացած այդ բեկման մեջ: Սակայն նույն այդ փաստի մեջ պետք ե վորոնել նաև հակահեղափոխական հոսանքների և ամենից առաջ Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսի և դրանից բղխող տակտիկայի գաղտնիքը: