Հայերի քաղաքական ազատագրության Րաֆֆու պատկերացումները և Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքական իդեալները  

 

Հայ արդի քաղաքական մտքի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինս գլխավորապես ձևակերպվել է ազատագրության գաղափարի շուրջ։ Այս առումով պատահական չէ, որ հատկապես 19-րդ դարի հայ քաղաքական մտքի պարագայում ինքնին պետության կամ անգամ հասարակական-քաղաքական ինքնուրույն կյանքի շուրջ մտորումները առաջին պլանում չեն եղել։ Դրանք լծորդված են եղել ազատագրության առավել լայն գաղափարի հետ։ Ուրեմն հասարակական-քաղաքական ինքնուրույն կյանքի մասին հայ լուսավորիչների պատկերացումերն առաջին հերթին պետք է որոնել ազատագրական շարժումների նրանց ընկալումներում։Երբ մեր հայացքը մասնավորապես ուղղում ենք հայ լուսավորիչների առավել արմատական՝ խորհրդային պատմագրության լեզվով ասած դեմոկրատական թևի վրա, ապա տեսնում ենք, որ դրանում ազատագրությունն ու ապագա հասարակական-քաղաքական կյանքի տեսլականը մեծապես ոգեշնչված էր ֆրանսիական մեծ հեղափոխության ու դրա հիմքում ընկած լուսավորիչների՝ մասնավորապես Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։

Այս առուսով հետաքրքրական օրինակ է Րաֆֆու Կայծեր վեպի շուրջ հեղինակի և նրա սուր քննադատ Հայկունու միջև ծագած բանավեճն ու դրանում Ռուսոյի հետ կապված անդրադարձը։ Րաֆֆու «ռուսոյականության» մասին են վկայում թե՛ իր վեպերում հավասարության գաղափարով տոգորված նրա ազատագրության պատումները, թե՛ Ռուսոյին ու նրա քաղաքական հայացքներին ուղղակի հղումները, օրինակ, իր անդրանիկ Սալբի վեպի առաջաբանում  (այս մասին տե՛ս այստեղ)։ Վիպագրի մտքի ռուսոյական ասպեկտին անդրադարձել է Բաքվի ավագ քահանա Գեղամյանը, ով Րաֆֆուն համարում է Ռուսոյի հետևորդ․ հետևորդություն մի մեղադրանք, որը հաճախ էին օգտագործում 19-րդ դարի երկրորդ կեսի հայ պահպանողականները։ Հատկանշական է, որ քննադատը Րաֆֆուն մեղադրում է ռուսոյական ազատագրական իր բաղձանքներում հայ կյանքից հեռանալու և իրականության փոխարեն ընթերցողին իդեալներ հրամցնելու մեջ։ Հետաքրքրականը Հայկունու քննադատության մեջ այն է, որ թեև ակնհայտ հետապնդելով նեղ քաղաքական նպատակներ, և կրկնելով իրեն նախորդած պահպանողականների՝ լուսավորիչներին սևացնելու եղանակը, նա կապ է անցկացնում մասնավորապես իդեալականացման Րաֆֆու միտման և Ռուսոյի գաղափարների միջև։ 

Հրապարակվում է ըստ՝ Հայկունի, «Երկրորդ պատասխանս», Մեղու Հայաստանի, 1883, թիվ 104, մարտ 25; թիվ 108, հոկտեմբեր 30։

 

Երկրորդ պատասխանս. Մատենախօսութիւն

Պ․ Փաւստոսը պնդում է, որ «Կայծերը» կատարեալ ժամանակակից վէպ է։

Պատասխանում եմ․ այդ վէպի մեջ, նրա գլխաւոր գործողների մէջ, ցոյց տուէք ինձ մի անձնաւորութիւն, որ իւր ամբողջ հասակով, իւր բոյ ու բուսատով, իւր բնաւորութեամբ կազմակերպուած լինէր հայ ժողովրդի ժամանակակից (կամ պատմական) պայմաննների ազդեցութեան տակ, որ հայ կեանքի ճշգրիտ արտայայտիչն ու նեկայացուցիչը լինէր։

Րաֆֆին լսեց․ լրագիրներում կարդաց, որ Եւրոպայում այսպիսի և այնպիսի գործողներ են դուրս եկել, արի այդպիսի գործողներ մեզ համար ես շինեմ, ասաց նա, և շինեց։ Րաֆֆին ինքն էլ անշուշտ հասկանում է, որ իւր Ավօներն հայ ժամանակակից կեանքի ներկայացուցիչներ չեն, և չեն կարող լինել, այլ դրանք այդ կեանքի համար իբր մի իդէալներ են։

Խեղճ վիպասան, չը գիտէ, որ ժամանակակից վիպասանութիւնից մենք կեանքի իդէալներ չենք պահանջում, այլ նոյն ինքն կեանքը։

Րաֆֆին կամ Փաւստոսը չը գիտեն նմանապէս, որ Ժ․ Ժ․ Ռուսօներն ու Հիւգօներն — այդ փոքր ու մեծ ռօմանտիկներն — չեն կարող ում և իցէ դէմ բողոքել, որովհետև նրանք մեռած են։ Նրանց, մանաւանդ վերջինի, բանաստեղծական հանճարը այսուհետև մեզ հարկաւոր չէ գալի, այլ միմիայն պատմութեանը, ուր նոցա տեղը, ի հարկէ, շատ փառաւոր է։

Խաթրիչուն ենթադրենք, որ պ. Րաֆֆիի ասածը ճիշդ է, որ տաճկահայաստանը բացի ամբոխից, ոչ ոք չ’ունի և ուրեմն, կամայ ակամայ, իր բոլոր յոյսը պէտք է որ այդ ամբոխի վրայ դնէ։

 

 — Գիտ՞ք արդեօք ամբոխ ասածը ինչ բան է, հարցնում եմ ես «մեր տաղանդաւոր վիպասանից»։

— Ի՞նչպէս չէ, պատասխանում է նա ինձ, «ամբոխը մի մեծ և անմշակ զօրութիւն է»։

— Անմշա՞կ, ուրեմն պէտք է նրան մշակել։

— Ժամանակ չը կայ։ Այդ բանը մինչև անգամ աւելորդ ու վնասակար է, նորից ասում է ինձ պ. Րաֆֆին, որին ես, կարծեմ, Ժան–Ժակ Ռուսսօի էի անուանել առաջին անգամ։