Գաղափարական պայքարի պարադոքսները. Միքայել Վարանդյանի Րաֆֆին 

 

1930-ական թվակնների վերջերին Սփյուռքում նշվող Րաֆֆու հարյուրամյա հոբելյանը խթան է դառնում ևս մեկ անգամ շոշափելու գրողի և 20-րդ դարասկզբին ծավալված ազատագրական շարժումների միջև գաղափարական սերտ կապերը: Դրանք հատկապես սրություն էին ստացել ազատագրական պայքարի հետևանքների և Առաջին հանրապետության անկման հետնախորքին: Այս առումով ուշագրավ է գրողին նվիրված դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանի մենագրությունը, որտեղ հեղինակը յուրովի բացելով Րաֆֆու գրական-գեղարվեստական և հրապարակախոսական գործունեության տարբեր կողմեր` միևնույն ժամանակ հետևողական է այն հարցում, որ ցույց տա Րաֆֆու ազատասիրական գաղափարների հիմնարար կարևորությունը ազգային ինքնուրույն կյանք ունենալու հույսը փայփայել շարունակող շրջանակների համար: 

Այս անելու համար Վարանդյանը նախ ելնում է նրանից, որ Րաֆֆու գրականությունը ոգեշնչել էր մի ամբողջ սերնդի` որդեգրվելու ազգային հեղափոխական պայքարին: Մենագրությունից ստորև ներկայացվող հատվածում լավագույնս երևում է, որ խոսքն այս դեպքում խորհրդանշական այն գործողության մասին էր, որով հայ պատանին, Րաֆֆու վեպերը կարդալով, մտքով ու մարմնապես կապվել էր ազգային կյանքն առաջ տանող գաղափարներին և, այն կողմ անցնելով իրեն սահմանափակող կյանքի պայմաններից, լծվել սեփական ժողովրդի ազատագրության սրբազան գործին: Այդպես էր ծնունդ առել գաղափարներն իրականություն դարձնող ազգային հեղափոխական գործիչների այն սերունդը, որոնք Վարանդյանի բնորոշմամբ գաղափարական գործիչներ էին: Նա գրեթե կասկած չունի, որ ազգային հեղափոխական գործիչները, նրանց թվում նաև` Րաֆֆին, իրենց պատմական ժամանակի ծնունդը լինելով` անդին են անցել իրենց կյանքի պայմաններից, որպեսզի հնարավոր դարձնեն ազգային կյանքի հեղափոխումը:

Գաղափարների  նյութականացման այս հետնախորքին, սակայն, Վարանդյանը տարվում է իր համար նվիրական գաղափարներով ու նրա գրչի տակ Րաֆֆին վերածվում է ազգային ազատագրական պայքարի ոգին վառ պահող հոգևոր մի առաջնորդի, իսկ գաղափարական գործիչները` նրա պատգամներն իրականացնող նվիրյալ հրձիգների: Այս հարթության մեջ թե՛ Րաֆֆու, թե՛ նրա գաղափարներով ոգեշնչված գործիչների գործունեությունն իդեալականացվում է այնպես, որ  հեղինակի աչքին ազգային ազատագրական պայքարին նրանց նվիրումը վերածվում է օրինակելի վարքի ու անտեղիտալի նորմի:   

Հրապարակվում է ըստ` Միքայէլ Վարանդեան, Րաֆֆի (Յահկոբ Մէլիք-Յակոբեան) (Պուքրէշ: Հայ մամուլ, 1938), էջ 9-13:

 

 

1888–ի աշնանային տխուր, չարաշուք օր մը, Հայոց Աշխարհի վշտակիր կռունկն անցաւ Շուշուայ մռայլ բարձունքներէն՝ գուժելու համար անակնկալ ու սասանեցուցիչ աղէտը. «Րաֆֆին կը մեռնի՜… Րաֆֆին մեռա՜ւ»:

Սուգ հագանք դպրոցական պատանիներս, որոնք գրեթէ ամէնքը մտեր էինք «ուխտեալներու» բանակը:

Ինչպէ՞ս հաւատալ, որ չկայ այլևս «Խենթ»ի, «Կայծեր»ի հեղինակը… Րաֆֆին – որ բռնակալօրէն տիրեր էր մեր սիրտերուն և ուղեղներուն: Րաֆֆին – միահեծան հրամանատարը հայ գաղափարական երիտասարդութեան խոհերու և տենչանքներու… Գրեթէ ամէնքս գրուած էինք րաֆֆիական, ամէնքս՝ ներկայ և գալոց սպասաւորներ ազատագրուող հայրենիքի:

Եւ այժմ ալ, քառասո՜ւն տարի յետոյ, անհուն վշտով, կը վերյիշեմ պատանեկութեան այն հեռաւոր ու երջանիկ օրերը, երբ դեռ այնքան վառ էին յոյսերն ու երազները, երբ մենք համակ գաղափար էինք և համակ անձնուիրութիւն…

Եւ վերստին առջևս է – «Կայծեր»ը: Երկրորդ անգամը՝ այն օրերէն ի վեր: Եւ դարձեալ առանց յուզմունքի չեմ կարող անցնել անոր խոնաւցած էջերէն… Ահա այն գիրքը, որ բոցավառեց ողջ հայութիւնը: Ահա՛ այն կարմրավառ Աստուածաշունչը, որ կարճ միջոցում թափանցեց ազգի բոլոր խաւերը, մտաւորականի առանձնասենեակէն մինչեւ գեղջուկի խրճիթն ու մեծատան դահլիճը, առաջ բերաւ տարերային հեղեղ մը, աննախընթաց հայոց դարաւոր պատմութեան մէջ – հեղեղ մը առնական առաքինութիւններու, հայրենասիրութեան, արիութեան և դիւցազնական անձնազոհութեան: Շարժում մը, որ Կռոնոսի պէս լափեց, այո՛, իր հարազատ զաւակները, բայց և ստեղծեց նոր, միաձոյլ հայութիւն մը, տոգորուած նոր գիտակցութեամբ, թօթափած դարերու ժանգն ու մուրը, զինուած ժամանակի ազատաշունչ գաղափարներով և միշտ պատրաստ մարտնչելու մարդկային ու քաղաքացիական իրաւունքներու համար:

Զուր չէ Վարպետը զարդարել «Կայծեր»ի առաջին գլուխը մարգարէի այս խորհրդաւոր ու նշանակալից բառերով.

«Բայց այն Սերովբէներից մէկը թռաւ դէպի ինձ եւ ձեռքումը կրակի կայծեր կային, որ սեղանի վրայից ունելիքով վեր էր առած եւ իմ բերանին դիպցնելով, ասաց. ահա՛ այդ քո շրթունքներիդ դիպաւ եւ քո անօրէնութիւններդ կը վերացնէ և քո մեղքերը կը սրբէ քեզանից»: Եսայի Զ. գլ., 6–7 համ.

Հեղեղը եկաւ – չ’անիծենք Րաֆֆին: Այն պիտի գար և արդէն իսկ ծայր տուած էր դեռ 70-ական թուականներուն, Խրիմեանի պատրիարքութեան օրով: Չլինէր Յակոբ Մելիք-Յակոբեանը – ուրիշ Րաֆֆի մը պիտի հանդէս գար ճակատագրօրէն… Միմիայն վատերը, հակայեղափոխական սոփեստներն և անբուժելի յիմարները կարող են պնդել, թէ հնարաւո՛ր էր կանգնեցնել հայոց պատմութեան գահավիժուող անիւը…

 

***

«Կայծեր»ը վերստին առջևս է: Ոգեւորութիւնն ու վհատութիւնը, վիշտն ու ազգային արժանապատուութեան և հպարտութեան զգացումը փոխն ի փոխ կը պաշարեն զիս: Այդ Կարօներն ու Ասլանները, որսորդ Աւօներն ու վարպետ Փանոսները, Մելիք Մանսուրներն ու Դալի Քէշիշները այլևս վիպական անձնաւորութիւններ չեն, որոնք ասկէ քառասուն տարի առաջ, մեր պատանեկան աչքերու առջև կը սահէին որպէս խաբուսիկ ուրուականներ,– որոնք իրական դէմքեր են, որոնց թիւը լէգէոն եղաւ հայոց մէջ, և եթէ Րաֆֆին վեր բարձրանար գերեզմանէն 1897, 1903, 904, 905, 915, 918 թուականներուն և տեսնէ՜ր մեր յեղափոխական առաքեալներն ու զինուորները իրենց բարոյական անհասանելի մեծութեամբ, տեսնէր մեր զինակիր, ինքնապաշտպան խումբերը, որոնք անհամար շարքերով կ’անցնէին հայրենիքի լեռ ու ձորերէն և ահաւոր պայմաններու մէջ, ամէն վայրկեան մահը աչքերնուն առած, կը կատարէին իրենց դժնդակ պաշտօնը, տեսնէ՜ր Ատանայ, Զէյթունի, Վասպուրականի գեղեցիկ ընդվզումները և ֆեդայիներու ստորերկրեայ աշխատանքը մութ ու խոնաւ նկուղներում, հազարաւոր վտանգներով շրջապատուած, տեսնէ՜ր հայ ըմբոստներու դաւադրական աքտերը, որոնցմէ մէկ քանիսը զարմանք ու հիացմունք յարուցին քաղաքակիրթ ազգերու մէջ, տեսնէր նոյն ռազմիկներու լէգէոնը Կովկասում թուրք-հայկական բախումներու մէջ, և ապա տեսնէ՜ր Սարդարապատի, Ղարաքիլիսի ճակատամարտերը – որոնցմէ ծնաւ հայոց առաջին Հանրապետութիւնը – տեսնէ՜ր, մի խօսքով, մեր ամբողջ ազատագրական հերոսամարտը վերջին քառսուն տարուան ընթացքին,– պիտի խորհէր, անտարակոյս, որ «Կայծեր»ի հերոսները գերազանցուած են լայնօրէն, որ հայկական փոքրիկ համայնքը, ցաք ու ցրիւ, դարերով ստրուկ ու հալածական, դարերով անմիաբան ու պառակտուած, դաւամոլ ու նիւթապաշտ, հրաշքներ է գործել ի դէմս իր մարտնչող տարրերու, հրաշքներ ոչ միայն անձնազոհութեան ու կորովի, այլ և ներքին համերաշխութեան ու համագործակցութեան, պիտի խորհէր, որ ազգային ազատութեան մեծ գործին լծուեր է հայոց պատմութեան մեծագոյն ու գեղեցկագոյն սերունդը…

Այո՛, իրականութիւնը գերազանցեց վէպը և այնուամենայնիւ – այստեղ է անողոք ու մտրակող վիշտը, երբ վերստին կը կարդամ «Կայծեր»ը – այնուամենայնիւ, չնայած հայ լէգէոններու արիութեան հրաշքներուն որոնք ամէնէն ալեկոծ և յորձանուտ ծովին մէջ քանի մը անգամ մօտեցուցին հայկական նաւը փրկարար նաւահանգիստին, անգամ մը նոյնիսկ տարան հասցուցին մինչև նաւահանգիստ (1918ին) չնայած այդ արիւնալի և անզուգական դիւցազնամարտին, մենք տակաւին ճամբու կէսին ենք և այս գիրքը յիսուն տարի յետոյ դեռ չէ՛ հինցած, տարաբախտաբար, դեռ չէ՛ մոռցուած, այլ կը պահպանէ յաւիտենական, տխուր, սարսափեցուցիչ այժմէութիւն մը… Րաֆֆին, որպէս քաղաքական, յեղափոխական վիպագիր, չէ մեռեր, չուզե՜ր մեռնիլ, նա ողջ է, ներկայ է ամենուրեք, գաղափարական երիտասարդութեան ժամադրավայրերում – շէքսպիրեան դաժանադէմ և պատգամող ուրուակներուն պէս – ներկայ է՝ թէ ցիրուցան գաղութներու և թէ նոյնիսկ տրակոնական օրէնքներու տակ հեծեծող բնաշխարհի հայութեան մէջ… «Խորհրդային Հայաստանի գրադարաններէն հայ պատանիները – աշակերտներ և ուսանողներ – շարունակ Րաֆֆի և Ահարոնեան կ’ուզեն» – այսպէս կ’ազդարարեն ահազանգի շեշտերով իրենք իսկ հայրենիքի նոր տէրերը…

 

***

Եւ վերստին կը յիշեմ 80ական թուականները, մեր Sturm und Drangի անմոռանալի շրջանը: Մին միւսի ետևէ հրապարակ կը նետուին Վիպասանի բեղմնաւոր գրչի արտագրութիւնները – Ջէլալէդդին, Խենթ, Կայծեր, Դաւիթ Բէկ, Խաչագողի Յիշատակարանը, Ղարաբաղի Աստղագէտը, Սամուէլ և այլն – որոնք անսովոր արագութեամբ կը տարածուէին ու կը սպառուէին. երիտասարդութիւնը անհուն խանդավառութեամբ կը դիմաւորէր իւրաքանչիւր հատորին և բառացի կը կլլէր հարիւրաւոր էջերը: Ձեռքէ ձեռք կ’անցնէին մանաւանդ «Կայծեր»ը: Օր մը Բարսեղ Զաքարեան – նոյն Շուշուայ արքունական դպրոցի դասընկերս – յուզուած ձայնով ըսաւ ինծի, որ մէկ գիշերուան մէջ վերջացուց այդ գրքի երկու հատորներու ընթերցումը: Սիրուն աչքերը մարեր էին յոգնութենէն և բիբերը կարմրեր արցունքներէն: Այդ այն Զաքարեանն էր, որ ատկէ չորս տարի յետոյ, 1891-ին անցաւ Ժընէվ, ընկերային գիտութիւններ ուսումնասիրելու, բայց երկու տարին չ’անցած, կիսատ ձգեց ուսումը, հրաժեշտ տուաւ իր սիրած համալսարանին, գնաց Աթէնք, Հնչակեաններու կենդրոնը՝ իր ոյժերը տրամադրելու ազատութեան կռուի համար: Եւ ղրկուեցաւ Փոքր Ասիա, Մարզուան…

Այդպէս էր տիրող տրամադրութիւնը, պսիխոզը… «Եւրոպան պատրա՛ստ էր միջամտելու, հարկ էր միայն հրահրել դժգոհութեան ու բողոքի «Կայծեր»ը… Անփորձ, քնքոյշ մեծցած երիտասարդ մը, գրեթէ պատանի մը, որ Շուշիի ու Բագուի ռուսական դպրոցներուն մէջ կը հիացնէր շրջապատը իր արտակարգ ընդունակութիւններով, զարգացումով ու պերճախօսութեամբ, որ կոչուած էր մեր մտաւոր կեանքի առաջնակարգ սիւներէն մէկը լինելու, երիտասարդ մը որ կեանքի մէջ ատրճանակի երես չէր տեսած, ղրկուեցաւ հոն, արցունքի և կռուի դաշտը, որպէս յեղափոխական գործիչ, առաջնորդ, խմբապետ և այրուեցաւ դէպի կրակ սլացող թիթեռնիկի պէս…[1]Հնչակեան ղեկավարները, ինչպէս եւ յետագայում Դաշնակցութիւնը, երկիր կը ճամբէին անխտիր ամէնքը եւ բնաւ չէին մտահոգուած իւրաքանչիւրին իր համապատասխան դերը յատկացնելու. բրիտանական իմաստուն ասուացքը «The right man in the right place» չէր ընդունուած հայ յեղափոխական ղեկավարող շրջաններում… գուցէ ոչ մի ուրիշ երկրի ազատագրական շարժման մէջ չէ եղած ոյժերու այնպիսի անողոք վատնումն (gaspillage) ինչպէս մեզ մօտ… Զաքարեանի տխուր ոդիսականը, անոր մահուան պարագաները տիպիկ արտայայտութիւններ են այդ հիւանդագին հոգեբանութեան: Չեմ գիտեր՝ սորվեցա՞ւ արդեօք խեղճ Բարսեղը գէթ … կարդալ ավելին

Անոր օրինակին հետևեց, երկու տարի յետոյ, մի այլ երիտասարդ, նոյն Շուշիի մեր ընկերներէն, Զաքարեանի հասակակից – Մարտիրոս Սարուխանեանը, որ 1895ին ձգեց Պետերբուրգի արհեստագիտական դպրոցը, անցաւ Լոնտոն, ապա Վան, ուր եղաւ Հնչակեան առաջնորդ ու խմբապետ Մարտիկ անունով և նահատակուեցաւ 1896ին մեր Պետօի ու Աւետիսեանի հետ Ս. Բարդողիմէոս վանքի մօտերը:

Երկայն ձգուեց շարանը ղարաբաղցի ուսանող և անուս երիտասարդներու – ամէնքը Րաֆֆիի Կրօնական Ուխտէն – որոնք թողին տուն, տեղ, հարազատներ, ուսում ու կառիէր և գնացին զոհելու իրենց մատաղ կեանքերը հայրենիքի ազատութեան սեղանին: Վարդանը 90ական թուականներու սկիզբներուն հոն էր արդէն, Վասպուրականի սահմաններու վրայ և Դերեկի վանքում, Թաւաքալեան վանահօր հետ միասին կը մարզուէր կռուելու արուեստի մէջ, քրդերու դէմ մղուած յաճախակի բախումներու ընթացքին: Հոն էր 1891էն ի վեր – մէկ ոտքը – Պարսկաստանում, միւսը Վասպուրականում – Նիկօլ Դումանը, Դաշնակցութեան ամենէն ընտիր ռազմիկներէն և միանգամայն մտաւորական առաջնորդներէն մէկը, նոյնքան ուժեղ իր իմացականութեամբ, որքան հոգւով ու խառնուածքով:

Հոն էր պարսկական Հայաստանի մէջ – որ միշտ նախադուռն էր բուն երկրի – մեր ողբացեալ Յոնան Դաւթեանը՝ ուսուցչի և միանգամայն քարոզչի հանգամանքով: Նիկօլի հետ միասին նա աւարտեր էր Շուշուայ թեմականը և այնտեղ փարեր էր Րաֆֆիի Ուխտին: Հոն էին Խաչէնի, Վարանդայի գիւղերէն բազմաթիւ պարզ զինուորներ, որոնցմէ մէկ քանիսը մասնակցեցին Խանասօրի կռուին՝ Վարդանի ու Դումանի առաջնորդութեամբ:

Քանի մը տարի յետոյ հետևեցին ղարաբաղցիներու ուրիշ շարքեր – Արամ, իշխան, (Վանի Իշխանը), Նիկօլ – կրտսեր Նիկօլը, որ ընկաւ 1897ին Վասպուրականի մէկ կռուին մէջ, Խէչօ (Մածուն-Խէչօն, Գիրջամալի յանդուգն ռազմիկներէն), Մենակ, Առստամեան, Թուման (որ իր ամբողջ խմբի հետ մորթուեցաւ ռուս թրքական սահմանագլխին, գնդապետ Բրկովի ներկայութեամբ), և այլն, և այլն:

Հարիւրաւորներ – միմիայն Ղարաբաղէն: Չմոռնանք և Եփրեմը, որ ուրիշ ղարաբաղցիներու հետ մասնակից էր Կուկունեանի արշաւանքին: Անթիւ են ուխտեալները Երևանի, Ալեքսանտրապոլի, Կարսի ու այլ աւելի հեռաւոր շրջաններէն, դեռ միայն անոնք, որ երկիր անցան իննըսունական թուականներուն, Րաֆֆիի կախարդիչ վէպերու ազդեցութեան տակ, անշուշտ, նաև երկրի ցնցող դէպքերու տպաւորութեան ներքոյ:

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Հնչակեան ղեկավարները, ինչպէս եւ յետագայում Դաշնակցութիւնը, երկիր կը ճամբէին անխտիր ամէնքը եւ բնաւ չէին մտահոգուած իւրաքանչիւրին իր համապատասխան դերը յատկացնելու. բրիտանական իմաստուն ասուացքը «The right man in the right place» չէր ընդունուած հայ յեղափոխական ղեկավարող շրջաններում… գուցէ ոչ մի ուրիշ երկրի ազատագրական շարժման մէջ չէ եղած ոյժերու այնպիսի անողոք վատնումն (gaspillage) ինչպէս մեզ մօտ…

Զաքարեանի տխուր ոդիսականը, անոր մահուան պարագաները տիպիկ արտայայտութիւններ են այդ հիւանդագին հոգեբանութեան: Չեմ գիտեր՝ սորվեցա՞ւ արդեօք խեղճ Բարսեղը գէթ ատրճանակ մարզելու արուեստը. յայտնի է միայն, որ երկիր մտնելով, առաջին իսկ քայլափոխին նետուեցաւ գայլի երախը: Երբ զապտիեները կը հետապնդէին զինքը, երիտասարդ առաքեալը թագնուեցաւ տան մը ծխնելոյզին մէջ: Եկան դահիճները վար քաշեցին կծկուած, վախէն կիսամեռ մարմինը եւ սպաննեցին, որպէս որսի անպաշտպան թռչուն մը…

Այդպէս վերջացուց իր կարճատեւ քառիէրը այդ դեռափթիթ ու շքեղ մտաւորականը, հազիւ միայն քսան երեք գարուն անցուցած: