19-րդ դարակեսից հայության մեջ տարածված քաղաքական ինքնուրույնության իդեալները խարսխված էին այն համոզման վրա, որ ինքնուրույն գիր ու գրականությունը, որպես քաղաքակիրթ ազգի ցուցիչ հանդես գալով, միևնույն ժամանակ ճանապարհ են հարթում նրա քաղաքական ինքնավարության առջև: Թե ինչ կապերով էին ըստ այս պատկերացման գիրն ու քաղաքական ինքնավարությունը կապված միմյանց, վառ երևում է 1913 թվականին Հորիզոն թերթում լույս տեսած Գևորգ Խատիսյանի «Ազգ և գրականություն» փոքրիկ գրության մեջ:
Գրությամբ հեղինակը ողջունում է Թիֆլիսում 1912 թվականին ստեղծված Հայ գրողների կովկասյան ընկերությունը` նրա գործունեության կարևորությունը դիտարկելով ոչ թե գրական-մշակութային կյանքի աշխուժացման, այլ հայության քաղաքական հեռանկարների տեսանկյունից: Ուշագրավ է այն, որ հեղինակի համար ակնհայտ է կարծես գրի ու գրականության առկայության պայմաններում մոտեցող քաղաքական ինքնավարությունը. այն շնորհող Եվրոպան դա անում է կարծես զարգացած մշակութային կյանքի նշան հանդես եկող գրավոր մշակույթի գոյության փաստին ենթարկվելով: Թե ինչպես է երևակայվում նման հարաբերությունը, վառ կերպով երևում է նրանում, որ հեղինակը, խիստ շեշտելով հոգևոր զարգացման քաղաքական անհրաժեշտությունը, ակամայորեն անգիտանում է ազգի մշակութային զարգացման ճանապարհին նյութական պայմանների դերն ու նշանակությունը: Այս համատեքստում, ինքնաբերաբար, միմյանց հակադիր բևեռներում են հայտնվում նյութական կյանքն ու հոգևոր զարգացումը` միաժամանակ գծելով գրով օժտված քաղաքակիրթ ժողովուրդների ու հեղինակի բառերով ասած վայրենի ցեղերի միջև սահմանը:
Հրապարակվում է ըստ` Գևորգ Խատիսեան, «Ազգ եւ գրականութիւն», Հորիզոն, 14 ապրիլի 1913 թ.:
Երբ որ մի ազգ խնդրում է իրան աւտոնոմիա կամ ֆեդերացիա տան, առաջին հարցը, որ տալիս է նրան Եւրոպան, այս է` «իսկ դու գրականութիւն ունե՞ս»:
Համագումարում կամ պառլամենտում մասնակցութեան իրաւունք ստանալու համար պասպորտի տեղ ծառայում է գրականութիւնը:
Եթէ մի ազգ գրականութիւն չունի, ինչքան էլ հարուստ լինի նա ազգ չէ. նա ցեղ է, ինչպէս չուկչիներն ու ալուետներն են:
Դպրոց մայրէնի լեզւով ունենալու իրաւունք նրանք չունին, որովհետեւ միայն գրականութիւն ունեցող ազգերն են, որոնց վերաբերմամբ պետութիւնը ճանաչում է և պարտաւոր է կուլտուրայի առաջ ճանաչել այս իրաւունքը:
Այն ցեղերու մասին, որոնք գրականութիւն չունին, աշխարհագրութեան դասագրքերի մէջ կամ չեն գրում կամ գրում են պետիտով և էն էլ մասխարա բաներ, ցոյց տալու համար, թէ ինչ է տգիտութիւնը, վայրենութիւնը:
Ամենից մեծ ծառայութիւն անում են ազգին ոչ հարուստ բարերարները, ոչ ազդեցիկ գեներալները և ոչ հասարակական գործիչները, այլ միայն գրողները և գրողները, որոնցից ամեն մէկը մի-մի էջ է աւելացնում ազգային պասպորտի մէջ:
Հայ Գրողների ընկերութիւնն է այս պասպորտի դաւթարը պահելու իր վստահելի ձեռքերում, և հայ ազգին ցանկանում ենք սիրով և խնամքով վերաբերւել այդ ամենաթանգագին արժէքներին: