Պարսիկ մեծ հրամանատարը դիմում է իրենց աշխարհը փոխող հայերին․ Միհրներսեհի նամակը «հայոց մեծաց»

 

Եղիշեի Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին երկի երկրորդ գլուխը վերնագրված է «Արևելքի իշխանի ձեռնարկած գործերը»։ Հեղինակն այստեղ մոլեգնող փոթորկի պես էջ առ էջ հասունացնում է Հազկերտ երկրորդի զայրույթը քրիստոնյաների հանդեպ, որը հաջորդ գլուխներում պայթելու էր արյունալի ճակատամարտով։ Շանթ ու կրակի, օձ ու վիշապի հետ համեմատելով «Արևելքի իշխանին»՝  Եղիշեն հասունացնում է հայերին պատժելու պահը՝ միաժամանակ ներկայացնելով նրանց ուղղված պարսից արքունիքի պահանջները։ Ներկա վավերագիրն արքայից հետո պետության բարձրագույն պաշտոնյայի՝ Միհրներսեհ հրամանատարի՝ հայ մեծամեծերին ուղղված նամակն է, որն այս գլխում մեջբերում է Եղիշեն։

Միհրներսեհ վզրուկ, կամ մեծ հրամանատարն իր պաշտոնն ստանձնել էր դեռ Հազկերտ առաջինի ժամանակ։ Վկայված է, որ նա մեծ ակնածանք էր վայելում թե՛ արքունիքում և թե՛ ժողովրդի մեջ՝ առանձնանալով իր կրթությամբ ու իմաստությամբ։ Հայերին ուղղված իր նամակում համբավավոր այս պաշտոնյան կարծես խոսում է իրենց հետ նախկինում նույն աշխարհը կիսած մարդկանց հետ. «Չէ՞ որ դուք ինքներդ պետք է դատաստան անեիք այդպիսի անարժան ուսմունքների համար»։ Նոր կրոնով հպատակ ժողովրդի մեջ առաջ եկած արժեքների կտրուկ շրջադարձը խելացնորություն է թվում Միհրներսեհին։ Սա իր հերթին մեր առաջ բացում է այն աշխարհի արժեքները, որից շրջադարձ էին կատարում հայերը։ Կենսական բարիքների՝ հաջողության, իշխանության, փառքի ու պատվի, մարմնի առողջության ու գեղեցկության, հաճույքի ու կյանքի մերժում է թվում նոր վարդապետությունը պարսից հրամանատարին՝ հօգուտ մահվան, աղքատության, սուղ կյանքի ու «անզավակության»։ «Քրիստոսի ուխտով միաբանված» հայերի՝ նամակում ինքնակնհայտ երևացող այս «խելացնորության» առանցքային կետն է մահը կյանքից գերադասելը․  որին հայ եպիսկոպոսները պատասխան նամակում վերահաստատելով արձագանքում են. «Քո կողմից տանջանք, իսկ մեր կողմից հանձնառություն. քո սուրը և մեր պարանոցները»։ Հայերի դարձի պատմության այս հատկանշական դրվագը ցույց է տալիս կյանքի ու մահվան սահմանների՝ քրիստոնեությամբ կայացած այն մեծ վերանայումը, որն այլևս անդառնալի իրողություն է մեզ համար։

Հրապարակվում է Երվանդ Տեր-Մինասյանի աշխարհաբար թարգմանությամբ, ըստ՝ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին (Երևան։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 1989), էջ 49-55։

 

ՄԻՀՐՆԵՐՍԵՀ ՎԶՐՈՒԿ հրամանատար Երան և Աներան, Հայոց Մեծաց շատ ողջույն.

Իմացած եղեք, որ ամեն մարդ, ով բնակվում է երկնքի տակ և չունի դենիմազդեզն կրոնը, խուլ է և կույր և Հարամանիի դևերից խաբված։

Որովհետև քանի դեռ չկային երկինքն ու երկիրը, մեծ աստված Զրվանը հազար տարի զոհ էր անում և ասում էր. «Թերևս ինձ մի որդի լինի Որմիզդ անունով, որ ստեղծի երկինքն ու երկիրը»։ Եվ հղացավ երկու հոգի [իր] որովայնում. մեկը՝ զոհ մատուցանելու և մյուսն էլ՝ թերևս, ասելու համար։ Երբ իմացավ, որ որովայնի մեջ երկուսն են, ասաց. «Որը շուտ դուրս գա, նրան կտամ թագավորությունս»։

Բայց նա, որ թերահավատությունից էր հղացած, պատառեց որովայնը և դուրս եկավ։ Ասում է նրան Զրվանը. «Ո՞վ ես դու»։ Ասում է՝ «Քո որդին եմ՝ Որմիզդը»։ Զրվանն ասում է նրան. «Իմ որդին լուսավոր է և անուշահոտ, դու խավարային ես և չարասեր»։ Եվ երբ խիստ դառնապես լաց եղավ, թագավորությունը նրան տվեց հազար տարով։

Երբ ծնավ մյուս որդին ևս, անունը Որմիզդ դրեց. թագավորությունը խլեց Արհմնից և տվեց Որմզդին, և ասում է նրան. «Մինչև այժմ ե՛ս քեզ զոհ արի, այժմ դո՛ւ ինձ արա»։ Որմիզդն ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ Արհմնը [նրա] դեմ չար գործեց։

Եվ արարածներն այսպես են բաժանվում. հրեշտակները Որմզդինն են, իսկ դևերը՝ Արհմնինը, և այն բոլոր բարիքները, որոնք երկնքից գալիս են երկիր, Որմզդինն են, իսկ այն բոլոր վնասները, որ գործվում են այնտեղից այստեղ, Արհմնի արածներն են։ Նմանապես երկրիս վրա ինչ որ բարի է, այն Որմիզդն է ստեղծել, իսկ ինչ որ բարի չէ, այն Արհմնն է ստեղծել, ինչպես որ մարդուն Որմիզդն է ստեղծել, իսկ ախտերը, հիվանդություններն ու մահը Արհմնն է ստեղծել։ Եվ բոլոր թշվառություններն ու փորձանքները, որ լինում են, և դառն պատերազմները չարի մասի արարածներն են. իսկ հաջողություններն ու իշխանությունը և փառքն ու պատիվները, և մարմնի առողջությունը, դեմքի գեղեցկությունը և ճարտարախոսությունն ու երկարակեցությունը, – սրանք բարիից են [իրենց] գոյությունն առնում. իսկ այն ամենը, որ այդպես չէ, նրա մեջ չարի գործ է խառնված։

Եվ մոլորված են այն բոլոր մարդիկ, որ ասում են, թե «Մահն աստված է ստեղծել, և չարն ու բարին նրանից են լինում»։ Մանավանդ, ինչպես քրիստոնյաներն են ասում, թե «Աստված նախանձոտ է. ծառից մի թուզ ուտելու համար աստված մահ ստեղծեց և մարդուն այդ պատժին ենթարկեց»։ Այսպիսի նախանձ մարդն էլ չունի մարդու նկատմամբ, ո՛ւր մնաց թե աստված [ունենա] մարդկանց նկատմամբ. որովհետև ով ասում է այս բանը, նա խուլ է և կույր, և Հարամանիի դևերից խաբված։

Մի ուրիշ մոլորություն էլ. ասում են՝ «Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, եկավ և ծնվեց մի կնոջից, որի անունն էր Մարիամ և նրա մարդու [անունը] Հովսեփ». իսկ ճշմարտությունն այն է, որ նա Բանթուրակ անունով մեկի որդին է եղել, անկարգ խառնակությունից [ծնված]։ Եվ ա՛յդպիսի մարդու հետևից են մոլորված շատերը։

Եթե Հոռոմների աշխարհը մեծ հիմարության պատճառով տգիտաբար մոլորվել է և զրկվել մեր կատարյալ հավատից, իրենց անձերին են պատճառում իրենց վնասը. էլ դուք ինչո՞ւ եք նրանց մոլորության հետևից գնալով խելացնորվում։ Այլ՝ ինչ կրոն որ ձեր տերն ունի, դուք էլ նույնն ունեցեք. մանավանդ որ աստծու առաջ էլ ձեզ համար հաշիվ պետք է տանք։

Մի հավատաք ձեր առաջնորդներին, որոնց նածրացի եք անվանում, որովհետև սաստիկ խաբեբաներ են. ինչ որ խոսքերով ուսուցանում են, գործով հանձն չեն առնում։ Ասում են՝ «Միս ուտելը մեղք չէ», և իրենք չեն ուզում ուտել. «Կին առնել պետք է», բայց իրենք նրա վրա նայել էլ չեն ուզում. «Հարստություն ժողովելը, ասում են, շատ մեղք է», բայց աղքատությունը չափից ավելի են գովում։ Հարգում են թշվառությունը և պարսավում հաջողությունը. ծաղրում են բախտի անունը և խիստ պախարակում են փառավորությունը. սիրում են անշուք հագուստը և անարգ բաներն ավելի են հարգում, քան պատվականները. մահը գովաբանում են և կյանքը պարսավում. մարդու ծնունդն անարգում են և գովում են անզավակությունը։ Եվ եթե մարդ դրանց լսի և կանանց չմերձենա, շուտով կհասնի աշխարհի վերջը։

Սակայն ես չկամեցա ամեն բան մանրամասն գրել ձեզ, որովհետև ուրիշ շատ բաներ էլ կան, որ խոսում են դրանք։ Այս բոլոր գրածներիցս ավելի վատթարագույնն այն է, որ քարոզում են, թե աստված մարդկանց ձեռքով խաչ բարձրացվեց, նույնը մեռավ և թաղվեց, և ապա հարություն առավ ու երկինք վերացավ։ Չէ՞ որ դուք ինքներդ պետք է դատաստան անեիք այդպիսի անարժան ուսմունքների համար։ Դևերը, որ չար են, չեն բռնվում ու տանջվում մարդկանց կողմից, ո՛ւր մնաց աստված, բոլոր արարածների արարիչը. այսպիսի բաներ ասելը ձեզ համար ամոթ է, իսկ մեզ համար՝ խիստ անհավատալի։

Արդ, երկու բան կա ձեր առաջ. կա՛մ կետ առ կետ պատասխան տվեք այս նամակին և կա՛մ վեր կացեք Դուռն եկեք և ներկայացեք Մեծ ատյանին։