Ժան-Ժակ Ռուսոն և 19-րդ դարի հայ «մանր-բուրժուական» քաղաքական միտքը

 

19-րդ դարի հայ քաղաքական մտքի ասպարեզում ֆրանսիական լուսավորիչ Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքական գաղափարները արժանացել են զգալի ուշադրության։ Ռուսոյի քաղաքական ու մանկավարժական երկերը ոչ միայն հրապուրել են ու ոգեշնչել հայ այնպիսի լուսավորիչների ինչպիսիքն էին Խաչատուր Աբովյանն ու Նիկողայոս Զորայանը, Ղազարոս Աղայանն ու Մատթեոս Մամուրյանն, այլև այդ երկերից մասնավորապես Հասարակական Դաշինքն ու Էմիլը միայն 19-րդ դարում երկուական անգամ մասնակի կամ ամբողջական թարգմանվել են հայերեն։ Ֆրանսիական հեղափոխությամբ առանձնահատուկ քաղաքական կշիռ ու իրականություն ստացած Ռուսոյի գաղափարենրը ծառայել են հայ ազգային-հեղափոխական շարժումների համար հիմքում կանգնած,  օրինակ՝ Միքայել Նալբանդյանի ու Մատթևոս Մամուրյանի համար իբրև գաղափարական հենակետեր։ Այս լույսի ներքո կարելի է խոսել լայն իմաստով հայ «ռուսոյական» քաղաքական մտքի՝ այսինքն Ռուսոյի և նրա հետագա եվրոպական հեղափոխական վերամեկնաբանությունների հայկական ընթերցման մասին։

Ուրեմն հարց է առաջանում որտե՞ղ է պետք փնտրել ռուսոյական քաղաքական մտքի հայկական ընթերցումների առանձնահատկությունը՝ իրենց հնարավորինս ընդհանուր ու ներառող գծերով։ Այս հարցին մոտենալու մի եղանակ է մեր ուշադրությունը սևեռել հայ քաղաքական մտքի ետևում ընկած նյութական պայմանների յուրահատկության վրա. մի հայացք, որի հետևողական ծավալման գործում արժեքավոր հուշումներ է տալիս Աշոտ Հովհաննիսյանը։ Վերջինս արևմտյան քաղաքական մտքի 19-րդ դարի հայկական յուրացումները տեղակայում է ժամանակի հայ իրականության մանր արտադրական տնտեսությամբ բնորոշվող նյութական ետնախորքին։ Եվրոպական քաղաքական մտքի հայ ընթերցումները Հովհաննիսյանը դիտարկում է իբրև դրանց «մանր-բուրժուական» փորձեր։ Մի կողմից, նույն մանր-բուրժուականությամբ է նա բացատրում հայ իրականության մեջ հիշյալ եվրոպական գաղափարախոսությունների վրա հենված քաղաքական գործունեության ձախողումը՝ որպես նյութական իրական հենարանից զուրկ նախագծեր։ Մյուս կողմից, Հովհաննիսյանը առանց այդ էլ խարխուլ նյութական հենքի հետզհետե քայքայմամբ է բացատրում եվրոպական քաղաքական իդեալներով ոգեշնչված հայ քաղաքական շարժումների ծայրահեղացման ուժգնացող միտումը 19-րդ դարի վերջում։

Հրապարակվում է հատվածաբար ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան,«Դաշնակցության սոցիալական ծագումը», Նորք, 1927, պրակ 1, էջ 168։

 

 

Դաշնակցության սոցիալական ծագումը

Կապիտալիստական արևմուտքում բուրժուական հեղափոխության հետնակետն ու շարժիչը արդյունաբերական կապիտալն եր: Այդ հեղափոխությունը ղեկավարում եյին հասարակական այն դասակարգերը, վորոնք, ծնունդ առնելով արտադրության կապիտալիստական հարաբերություններից, ձգտում եյին վերացնել կապիտալիստական հասարակության արտադրական ուժերի զարգացման խոչնդոտները: Այդ ուժերը և նրանց վրա հենվող դասակարգերը հեղափոխության ռեալ, կենդանի, շարժուն գործոններ եյին, վոր բաղխվում եյին հասարակության զարգացման պրոգրեսսիվ ընթացքը խանգարող կարգերի ու դասակարգերի հետ, խորտակում նրանց տիրապետությունը: Այդ պայմաններում ե, վոր մշակվում եր նաև հեղափոխական իդեոլոգիայի ընդհանուր կերպարանքը. ռացիոնալիզմ, եմպիրիզմ, մատերիալիզմ՝ ահա գաղափարական այն ֆոնը, վորի վրա գծագրվում եր հեղափոխական իդեոլոգիայի ուզորը:

Բոլոր այս գործոնները բացակայում եյին մեզանում: Կովկասահայ մանր բուրժուազիան կապիտալիզմի զարգացման բարձր թռիչքներից չե, վոր տառապում եր, այլ նրա զարգացման ցածր ընթացքից: Նա յենթարկված եր կուլակների ու վաշխառուների կեղեքումներին մի կողմից, և քաղաքի առևտրական կապիտալի նախնական կուտակման պրոցեսներին՝ մյուս կողմից: 60–70 թթ. հայ նարոդնիկները պայքարում եյին հենց կապիտալիստական շահագործության խստաչար ու վայրագ այս ձևերի դեմ: Նրանց իդեալն եր հասարակականորեն կազմակերպված աշխատանքի կապիտալիստական շահագործման ձևը: Այսպես եր մոտենում «տնտեսական խնդրին» անգամ հայ նարոդնիկներից ամենից արմատականը՝ Մ. Նալբանդյանը:

Դաշնակցականները, ինչպես նաև նրանց նախորդները, հայ լիբերալները, ձգտում եյին հաստատել «յերկրում» կարգեր, վոր պիտի նվիրագործեյին կապիտալիզմի տիրապետությունը: Բայց վորո՞նք եյին հասարակական այն կենդանի, շարժիչ գործոնները, հեղափոխության այն ռեալ ուժերը, վորոնք ճանապարհ պիտի բացեյին կապիտալիզմի տիրապետության առաջ:

….

Անցյալ դարի 80–90–ական թվականներին, «հայկական շարժման» «հերոսական» շրջանում, կովկասահայ մանր բուրժուազիայի քաղքենի ուղեղը կարող եր միայն պատրանքներ հղանալ Հայաստանի արտադրության «յեվրոպական», «կիրթ ու լուսավոր» ձևերի մասին: «Խենթի» յերազը մանր–բուրժուական, քաղքենի այդ ուղեղի արտադրական կարողության գրական նախատիպարն եր: Յերազ, վորի իրագործողն ազգային պետությունը պիտի լիներ և այն գլխավորող կապիտալիստական բուրժուազիան: