Հանուն համայնքի նահատակվողը. Ջրվեժի ժողովրդական մի ստուգաբանություն  

 

Հայ ժողովրդական ավանդությունների՝ որպես առանձին ժանրի համակարգված ուսումնասիրության առաջնեկներից Արամ Ղանալանյանը «ստուգաբանական ավանդություն» անունն է տալիս ներկայացվող վավերագրում ավանդվածին։ Լեզվաբանների համար հաճախ անընդունելի համարված ժողովրդական այդ ստուգաբանություններից շատերը «հասարակական գիտակցության մեջ բեկված առարկայական իրականությունը» բացահայտելու հնարավորություն են հետազոտողի համար։ Նման մի հնարավորություն է մեզ երևում Ջրվեժ գյուղի՝ «ջրի վեճ» ժողովրդական ստուգաբանությունը։ Երաշտի տարում գյուղի հողերը ոռոգելու շուրջ ծագած վեճը երևան է հանում նահատակության ժողովրդական հատուկ մի ըմբռնում, որը հակառակ է դրա եկեղեցական ըմբռնումից։ Ի տարբերություն խորհրդանշական արժեքի համար նահատակվելու ու երկնային արքայություն մտնելու եկեղեցական բարոյականության՝ Ջրվեժի նահատակն իրեն զոհում է հանուն իր համայնքի ու դրա ապահով կյանքի։ 

Երկու գյուղերի միջև մրցություն է, թե ումն է լինելու կյանքի պայմաններն ուղիղ իմաստով հնարավոր դարձնող առվի ջուրը և հարցը պետք է վճռվի հօգուտ նրա, ով առաջինը ջրին մատաղ կանի։ Ըստ Ղանալանյանի՝ սա «ամենայն հավանականությամբ սկզբնապես կապված է եղել ջրին մատուցվող զոհաբերության հնօրյա սովորույթի հետ»։ Ժողովրդական ավանդության ժանրին հատուկ, առավել լոկալ և պակաս էպիկական այս պատումի սովորական, առօրեական տոնի մեջ իրականում ամբողջ համայնքի գոյության խնդիրն է լուծվում. պարտվող գյուղն ընկնելու է երաշտի բերանն ու ամբողջ տարին սովահար մնալու։ Սա է դրդում ջրվեժցի երիտասարդին զոհել իր կյանքը՝ հանուն իր գյուղի կյանքի. մինչև մյուսները զոհաբերման կենդանին կհասցնեին առվի մոտ, նահատակ պատանին ինքն իրեն դնում է զոհասեղանին։

Առվի մոտ գյուղացիները խաչարձան են դնում ու դրան ուխտի գնում երաշտ տարիներին. հին հավատքի կենսատու ուժերի ու քրիստոնեական սովորության՝ մեզանում հաճախ հանդիպող մի հատում, որով և բնորոշվում է հայերի հավատի առանձնահատկությունը։ 

Ավանդությունը հաղորդել է Սեդրակ Բարխուդարյանը, գրի է առել Արտաշես Մարտիրոսյանը 1958 թվականին։ Հրապարակվում է ըստ՝ Արամ Ղանալանյան, Ավանդապատում (Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1969), էջ 167։

 

 431․ Ջրվեժ

Գտնվում է Կոտայքի (Աբովյան) շրջանում

Մի տարի այս կողմերում երաշտ է լինում։ Արտերը չհասած չորանում են։ Գյուղի ծերերը որոշում են լայնացնել մոտակա առվի հունը։ Մի երկու օրում հունը բավական լայնացնում են։ Ջուրը թեև ավելանում է, բայց դարձյալ չի բավարարում երկու գյուղի։ Սրանց բնակիչները սկսում են վիճել, թէ ով առաջ ջրի։ Ծերերից մեկը առաջարկում է ջուրը տալ նրան, ով առաջինը կարողանա մատաղ անել աղբյուրի ակին։ Երկու գյուղից էլ երիտասարդները թռչում են դեպի իրենց նախիրները։ Անցնում է մի փոքր ժամանակ։ Բոլորը սրտատրոփ սպասում են, թե ով առաջինը կբերի։ Հանկարծ երևում է հարևան գյուղից մի երիտասարդ՝ ուսին մի ոչխար։ Այդ տեսնելով ջրվեժցի երիտասարդներից մեկը հանում է գրպանից դանակը և մորթում ինքն իրեն։ Ջուրը հասնում է ջրվեժցիներին։ Այն տեղը, ուր ընկնում է ջրվեժցի երիտասարդը, համագյուղացիները խաչարձան են կանգնեցնում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ջրվեճ, որը բերնից-բերան դառնում է Ջրվեժ։