Ազգային պատարագ. Վարդանանց տոնը Նոր Ջուղայում

 

Ամեն տարի Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը հայ եկեղեցու կանոնի համաձայն նշվում է Վարդանանց նահատակների հիշատակման օրը։ Այս տոնը կանոնացրել է ութերորդ դարում Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը։ Հայերի արդիացման 19-րդ դարի հանգրվանում Եղիշեի դյուցազներգությամբ մեզ հասած Վարդանանց մարտիրոսության դրվագը հայ մտավորական շրջանակները դարձնում են նոր ձևավորվող արդի ազգային ինքնության հիմնաքարերից մեկը։ Տոնը դուրս է գալիս եկեղեցու գավիթից ու մտնում ազգային դպրոցներ։

Ներկայացվող վավերագիրը հրապարակվել է Արմենական կուսակցության ակունքներում կանգնած Մկրտիչ Փորթուգալյանի խմբագրությամբ Մարսելում հրապարակվող Արմենիա թերթում, 1888 թվականին։ Պարսկաստանի Նոր Ջուղայից Գեորգ Կ. Մ. Զօհրապեանցն այստեղ նկարագրում է Պարսկաստանում ամենամեծ հայկական համայնքի Ազգային կենտրոնական դպրոցում տեղի ունեցած Վարդանանց տոնակատարությունը։ Նամակ-թղթակցությունը մի նմուշ է՝ մոտիկից ու հստակությամբ տեսնելու, թե ինչպես է դարադարձին Վարդանանց ոգեկոչումը դառնում «ազգային ոգու» հառնեցման արարողություն՝ ազգային պատարագ։ Հատկանշականորեն թղթակիցը հատուկ նշում է տոնին մասնակցող հայ կաթոլիկ և բողոքական հայերի ներկայությունը՝ հայ առաքելական եկեղեցու կանոնացված տոնն ու դրանից ծնված ազգայնության ոգեկոչումը դարձնելով ազգայի՛ն արժեք։

Հրապարակվում է կրճատումներով ըստ՝ Գեորգ Կ. Մ. Զօհրապեանց, «Վարդանանց տօնն ի Պարսկաստան. Նոր-Ջուղա, 12/24 մարտ 1888», 2 մայիսի, 1888 թ.։

 

Վարդանանց տօնն ի Պարսկաստան

Նոր-Ջուղա, 12/24 մարտ 1888

Սրբոց Վարդանանց ազգիս անմահ բարերարաց տօնն այս տարի կատարուեցաւ տեղւոյս Ազգային Կեդրոնական դպրոցում։ Պ. Կարապետ Ս. Նահապետեան Տնօրէն Հոգաբարձուի յայտարարութեան համաձայն, 24 մարտ տօն աւուր առաւոտեան 10 ժամուն՝ դպրոցի դահլիճն արդէն համախուռն լցուած էին համազգի երկսեռ բազմութիւն։ Հանդիսասրահն շքեղապէս զարդարուած էր մեծադիր աշխարհացոյց տախտակներով ՝ զանազան պատկերներով՝ և դպրոցական արդուզարդով, բայց որ յաւել հանդիսականաց ուշադրութիւնն կը գրաւեր՝ մի բարձր յենարանի վերայ ծաղկեայ պսակով դէմ յանդիման դրուած կայր Քաջին Վարդանայ պատկերն, զոր Սուրբն Ղեւոնդ փրկչական խաչն ի ձեռին կ’առաջնորդէ դէպի Աւարայր դաշտն։ Սրբազան Առաջնորդի և հոգեւորականաց՝  սրահն մուտ գործելուն պէս հանդէսն սկսաւ «Վարդան մեր քաջ զօրավար» սրտազդեցիկ խմբերգով, ապա դպրոցի աշակերտներից մինն ամպիոն բարձրանալով՝ մաքուր արտասանութեամբ ասաց ի բերան ուսած մի ուղերձ նպատակայարմար հանդիսին։ Պ. Մկրտիչ Յ. Զորաբեան հայերենի ուսուցիչն ընթերցաւ մի ներբողեան ճառ՝ Սրբոց Վարդանանց և Ղեւոնդեանց առ Հայ ազգն ունեցած անմահ երախտիքն ապացուցանելով։ Սրան հետեւեցան քանի քանի հայրենասիրական երգեր, համառօտ ճառեր, և չափաբերական ուղերձներ, զոր դպրոցի մատաղատի աշակերտներ մի առ մի կ’արտասանէին ի շուք հանդիսին, որոց իմաստք ուղղուած էին առ Վարդանեան նահատակսն. ահա՛ փափուկ սրտի սրտազեղուածք՝ որ մանկական լեզուներից թոթովելով՝ ծնողաց և բոլոր ներկայից կ’ներշնչէին ազգային ոգի, զկնի հազար ու չորս հարիւր տարւոյ, յիշեցունելով հայրենեաց այդ քաջարի զաւակաց բարերարութիւնն։ Նամակս չերկարելոյ աղագաւ չեմ յիշել այն անգղիերէն և պարսկերէն բանահիւսութիւնքն և երգերն, մանաւանդ զաւեշտական ներկայացումներն որք ժամ առ ժամ տեղի ունեցան, ուսուցչաց հեղինակութեամբ՝ հանդիսին փայլ տալոյ համար, որ աւելի պատշաճ էր մի ուսումնական հանդիսի մէջ։

Յետ որոյ սրբակրօն Տ. Կիւրեղ Թ. Տէր Յովհանեան՝ իւր պերճախօսութեամբ ա՛յնպիսի մի եռանդուն և գրգռիչ ատենախօսութիւն արաւ՝ որ անհնար էր եթէ վերջին աստիճանի անզգայ անձն եւս չզգացուէր նորա արտասանած արտաբուղխ բառերէն, որ թէեւ համառօտ՝ սակայն Վարդանանց զօրավարաց ջերմ հայրենասիրութիւնն և Քրիստոնէական կրօնասիրութիւնն ջատագովելով ասաց. «իբրեւ մահկանացուք՝ մի օր պէտք էր մեռանէին. սակայն ի փրկութիւն Հայ ազգի և հայրենեաց և ի փառս Քրիստոսի լաւ համարեցան մեռանել, մի օր յառաջ, ուստի զոհեցին իւրեանց անձերն, վարդագոյն արեամբ ողողեցին Աւարայրն, նորոգ հիմնովին կառուցանելով՝ Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցին իւրեանց ապագայ սերնդոց համար։ Ո՜հ, եթէ հարազատ և ճշմարիտ Հայ և Հայի զաւակներ եմք, թո՛ղ փառաւորեմք այդ հայրենանուէր նահատակաց սուրբ յիշատակն»։ Սոյն ատենաբանութիւն, ինչպէս լսողաց սրտերն՝ նոյնպէս և նոցա բուռն ծափահարութիւնքն գրգռեց։ Գո՛հ եմք զի Հայր Յարութիւն Առաքելեան վարդապետն Հայ-կաթոլիկաց, ըստ հրաւիրանաց, որպէս և քանի Եւրոպացիք իւրեանց տիկիններով, հաճեցան ներկայութեամբ պատուել այս տօնահանդէս։ Ուրախ եմք զի Հայ-կաթոլիկք և Հայ-բողոքականք ոմանք եւս ազգային հոգւով ներկայանալով պատուեցին Վարդանանց Ս. նահատակաց յիշատակն ….