Սարդարապատը՝ նոր Ավարայր. Վազգեն Առաջինի ուղերձը

 

Դեռևս 1950-ականների կեսից Խրուշչովյան Ձնհալով Խորհրդային Միությունում սկսվեց չափավոր ապաստալինացման քաղաքականություն։ Ընդհանուր կառավարման համակարգի մեծամասշտաբ փոփոխությունների հետ մեկտեղ Միության կազմում ընդգրկված հանրապետություններին սա հնարավորություն տվեց խոսելու իրենց ազգային հարցերից, հիշատակի օրեր նշելու, ազգային հերոսներին ոգեկոչելու։ Այս ալիքն է, որ 1968 թվականին Սարդարապատի ճակատամարտի հիսունամյակի տոնակատարությունն իր հնչեղությամբ առանձնահատուկ է դարձնում Խորհրդային Հայաստանում։

Ներկայացվող վավերագիրը 1968 թվականի մայիսի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ուղերձն է հայ ժողովրդին: Վեհափառ հայրապետն իր խոսքում կապ է հաստատում Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերի միջև և սրանք ի հայտ բերում որպես հայության՝ դարերով մղած միևնույն պայքարի հանգրվաններ։ Հոգևոր առաջնորդի ուղերձում Քրիստոսի օրինակով մահվամբ մահը հաղթահարելու՝ հինգերորդ դարի կրոնական պատերազմի տրամաբանությունն է հանդես գալիս իբրև հայերի դարավոր պայքարի հիմքը։  Անցնելով իր պատմական կոնկրետ ժամանակը՝ հայ ժողովրդին «առաջնորդող ոգի և մղիչ ուժ» է երևում քրիստոսակերպ այն սխրանքը, որ ենթադրում է ինքնազոհաբերման գնալ հանուն բարձր արժեքի, զոհ գնալու վտանգն ինքդ քո անձը զոհելով հաղթահարել։

Սա է վեհափառի համար Սադարապատի հաղթանակով դարձել այն վեմը, որի վրա խոյացել է «մայր Հայաստանը ամենայն հայոց»։ Հետաքրքրականորեն, կաթողիկոսի խոսքին հաջորդող խմբագրականից է միայն երևում, որ ընդհանուր այս արտահայտությամբ հայրապետը նկատի ունի Խորհրդային Հայաստանը՝ հայերի պետությունը։Անորոշ այս ձևակերպումն ի հայտ է բերում պետության ավելի ընդլայն ու իդեալական ըմբռնում, քան դրա կոնկրետ քաղաքական սահմաններն ու կարգավիճակը։ Ժողովրդի գոյատևման համար մղված, հայերին կյանք պարգևած կռվի և մահվամբ մահը հաղթահարելու, Քրիստոսի օրինակով նահատակության գնալու միջև վեհափառի խոսքում երևացող հակասությունն է թերևս, որ կարող է մեզ ճանապարհ տալ ՝բացահայտելու այս ըմբռնումը։ 

 Հրապարակվում է ըստ՝ «Նոր ավետիս հայության», Էջմիածին, 1968, թիվ Ե, էջ 3։

 

Նոր ավետիս հայության

         Հայոց սրտերը բոլոր, ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, ցնծությամբ կողջունեն հիսնամյակը Սարդարաբադի հաղթության։

         1915-ին՝ Եղեռն, 1918-ին՝ Սարդարաբադ։

         Մահ և վերածնունդ, ահեղ, բայց վսեմ ճակատագիր մեր ազգին։

         Հիսուսով փայլատակող տիեզերական խորհուրդը մահվան և հարության, անգամ մը ևս ճառագեց մեր ժողովրդի կյանքի փորձառության մեջ։

         Նոր Ավարայրի հայ քաջերը մահվամբ մահը հաղթեցին և կյանք պարգևեցին հայ ժողովրդին։

         Գերեզման իջած հայ ժողովուրդը Սարդարաբադով նոր կյանքի կոչվեցավ՝ իր քաջ որդվոց սուրբ արյունով։ Փրկվեցավ մեր փոքր ածուն ամբողջական բնաջնջումե։ Սկիզբ առավ նոր պատմությունը հայուն։

         Սարդարաբադի հաղթության վեմին վրա բարձրացավ և կշարունակե բարձրանալ մայր Հայաստանը ամենայն հայոց՝ հպարտ ու կենսալի։

         Պատմական դեպքեր, ինչպիսիք են Ավարայրի և Սարդարաբադի ճակատամարտերը, նշանակալից ու փրկարար եղած են ոչ միայն իրենց ժամանակաշրջանին համար, այլ դարձած են նաև առաջնորդող ոգի և մղիչ ուժ ամեն անգամ, երբ հայրենիքը գտնված է վտանգի առջև։

         Ավարայր և Սարդարաբադ կխորհրդանշեն հայ ժողովրդի պայքարը իր գոյատևման, իր հայրենիքին ու իր ազատության համար։ Այս իմաստով Ավարայրի և Սարդարաբադի ճակատամարտերը նույն մարտն են, որ տևապես մղված է ու կմղվի հանուն ազգին ու հայրենիքին։

         Հարգանք և օրհնություն Սարդարաբադի քաջերուն, նոր Վարդաններուն և Ղևոնդ Երեցներուն։

         Հարգանք և օրհնություն հայ ժողովրդին։

         Հարգանք և օրհնություն վերածնված մայր Հայաստանին։

 

Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց Վազգեն Ա.

28 մայիսի 1968

Ս. Էջմիածին