1797 թվականի նոյեմբերի 20-ին վրաց թագավոր Հերակլ երկրորդը վավերացնում է իր երկրի սահմանների հարավը զբաղեցնող Գուգարաց աշխարհը՝ Լոռի քաղաքով, հնդկաստանաբնակ վաճառական Շահամիր Շահամիրյանին շնորհելու վերաբերյալ հրովարտակը: Վերջինս դեռևս 1790 թվականին իր թագաժառանգի կողմից կազմված հրովարտակի բարեփոխված տարբերակն էր, որը, ի տարբերություն նախորդի, ընդլայնում և կարգավորում էր Շահամիրյանի և նրա ժառանգների իրավունքները տվյալ տարածքում: Ստորև ներկայացված է տվյալ հրովարտակի հայերեն թարգմանությունը, որը վրացերեն բնագրից կատարել է արևելագետ, պատմաբան Պավել Չոբանյանը:
Օժտելով Շահամիրյանին և նրա սերունդներին «մինչև ավարտն աշխարհի» Լոռին տիրելու իշխանությամբ՝ Շահամիրյանը միայն հետմահու է ստանում սեփական կալվածքը: Եվ չնայած իր ժառանգների ջանքերին՝ 1800 թվականին տարածքը հանձնվում է ոմն մելիք Ջիմշիդին: Շահամիրյանի համար հրովարտակով սահմանվում էր հողի նկատմամբ մասնավոր իրավունք՝ որպես հայ «իշխանի սեփական տիրույթ»: Արգելելով վերջինիս դրա վաճառքը կամ նվիրատվությունը՝ վրաց թագավորը զրկում է հողի «տեր» Շահամիրյանին ու նրա ժառանգներին հողի տնօրինության բացարձակ իրավունքից: Չնայած հարկահանության վերացմանը՝ հրովարտակը միտված էր պաշտպանելու միայն տվյալ հողերում ստեղծված «արդյունքը» Շահամիրյաններից յուրացնելու որևէ փորձից՝ թե՛ իշխանական, թե՛ արքունական: Սույն հրովարտակը չէր հստակեցնում հողի հանդեպ վրաց արքունիքի իրավունքները. ո՞ւմ էր ի վերջո դե յուրե պատկանելու Լոռին՝ Շահամիրյաններին, թե՞ Վրաստանին:
Հետաքրքրական այս հրովարտակը վավերացրել էր Պարսկաստանի հարձակումներից սասանվող վրաց երկրի թագավորը: Վերջինիս և հեռավոր Հնդկաստանում նույն պարսկական տիրապետությունից պատսպարված հնդկահայ գործիչների փոխադարձ քաղաքական «մտերմությունը» թերևս պատմականորեն է հիմնավորվում: Շահամիրյանների համար վրաց թագավորը, որն «իր ազգից մեր հայ ազգը չի տարբերում ու զանազանում», որպես Բագրատունիների տոհմի մի շառավիղ, հայտնի «հանուն Քրիստոսի հավատքի բարի գործերով» (Տետրակ, որ կոչվում է Հորդորակ), արյունակցական ուժով չէր կարող անմասն մնալ հայերի ազատագրության գործից:
Վավերագիրը հրապարակվում է ըստ՝ Պ.Ա. Չոբանյան, Հնդկահայ գաղթօջախի պատմությունից, Պատմաբանասիրական հանդես (խմբ.՝ Մ.Գ. Ներսիսյան), հ. 1, 1988, էջ 187:
Հերակլ II–ի հրովարտակը Շ. Շահամիրյանին
Ողորմությամբ աստուծոյ մենք Յեսեյան, Դավիթեան, Սողոմոնեան, Բագրատունեան երանելի Թեյմուրազ թագավորի որդի Հերակլ Երկրորդ, թագավոր Քարթլիի, Կախեթի և այլոց և այլոց, վերանորոգեցինք նորին պայծառափայլություն մեր որդի և մեր թագավորության գահաժառանգ Գիորգիի շնորհատվությունը, որ կատարել էր նա նորջուղայեցի իշխան Շահ[ա]միր Սուլթանումին, այն է՝ իր սեփական տիրույթ Լոռե քաղաքն իր ողջ ձորահովիտներով. որ է Գուգարաց աշխարհը, ստորագրված և կնքված իր հրովարտակով մարմնանալու բանին աստուծոյ 1790 թվականի նոյեմբեր ամսի 16–ին: Մենք, այնուհետև, ի հավելումն հաստատեցինք, որ այն Լոռե քաղաքը լինի ոչ միայն տեր Շահմիր Սուլթանումի տիրույթը, այլև [որպես այդպիսին] մնալով անցնի նրան ժառանգաբար՝ սերնդից սերունդ, մինչև ավարտն աշխարհի: Վերացրինք ուստի ամեն տեսակի հարկ, մաքս ու հատուցումն արքունական և թե իշխանական ու ընդհանրապես հարկատու ժողովրդի և այլն, որպեսզի ոչ ոք իրավասու չլինի վերցնելու Լոռե քաղաքի և ոչ էլ նրա ձորահովտի ոչ մի արդյունքը իշխան Շահմիր Սուլթանումից ու նրա ժառանգներից:
Եվ եթե նրանց մեջ գտնվի մահապարտ մեղավոր մեկը և կամ ոսկու կամ արծաթի և այլի պարտապան ոմն, ով էլ լինի՝ միայն նրա անձը թող պատժվի և պարտապանի այն ինչքը, որը կգտնվի սյդ ժամանակ, այն կվճարվի պարտապաններից, իսկ պարտապանի մահվանից հետո նրա որդիները Լոռե ձորահովտին տիրեն անպարտ որևէ մեկին:
Եվ այդպես, նաև ոչ ժառանգները, ոչ էլ ազգականները և տոհմակիցները իրավասու չեն վաճառելու և նվիրելու որևէ մեկին այդ հողից ոչ մի ոտնաչափ, այլ միայն տնօրինելու նրա արդյունքը իրենց կենդանության ժամանակ:
Եվ մենք, ի հաստատումն մեր այս խոսքերի, սեփական ձեռքով ստորագրեցինք և մեր թագավորական կնիքով կնքեցինք: Գրվեց այս գիրը մեր փեշքաշ նիվիսիի, մդիվան Սուլխան Թումանովի որդու՝ Շիոշի, ձեռքով 1797 թվականի նոյեմբերի 20–ին, իսկ վրացական քրոնիկոնի չորս հարյուր ութսուն հինգին:
(ութանկյուն կնիք)
ՄՄ, Նոր փաստաթղթեր, թղթ. 1, վավ. 12: