«Ճիշտ և ճիշտ 1928 թ. և 1930-ական թվականների որոշումների ոգով». Նորայր Սարուխանյանի հուշերը Աշոտ Հովհաննիսյանի Ուրվագծերի մասին 

 

Աշոտ Հովհաննիսյանը Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի Նոր բաժնին հրատարակման ներկայացրեց իր Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմության հատորը 1967 թվականին: Թեպետ աշխատության մեծ մասն առանձին հոդվածներով լույս տեսավ գիտական մամուլում, 1969-ի դրությամբ բուն գրքի հրատարակության հարցը մնացել էր առկախված:

Ստորև ներկայացվող վավերագիրը պատմաբան Նորայր Սարուխանյանի հուշերն են Հովհաննիսյանի գրքի հրատարակման «ոդիսականի» մասին: Սարուխանյանն այստեղ մի դրվագ է վերապատմում 1969-ին գրքի շուրջ սկսված գիտական ու քաղաքական այն քաշքշուկից, որ հարուցել էր Հովհաննիսյանի ուսումնասիրության հրատարակման «աննպատակահարմարությունը»: Ուշ 1960-ականներին՝ բրեժնևյան «լճացման» տարիներին վերհառնած ստալինիզմը դեմ էր ելել Հովհաննիսյանի՝ հայ քաղաքական մտքի պատմությունը գրելու ձեռնարկին: Այդ ձեռնարկի իրագործումն ինքնին հավակնում էր վիճարկել կեղծված ու աղճատված հայ քաղաքական մտքի այն պատմությունը, որը 1960-ականները ժառանգել էր ստալինիզմից: 1960-ականների պատմագիտական ու քաղաքական մտքի ստալինյան հիմքերն է բացահայտում Սարուխանյանի այն դիտարկումը, թե Հովհաննիսյանը մեղադրվում էր 1928 թվականին Հայաստանի Կոմունիստական կուսակցության պլենումում Դաշնակցություն կուսակցությանը տրված գնահատականը վերանայելու համար։ Սա մեղադրանք էր, որ հնչում էր «ճիշտ և ճիշտ 1928 թ. և 1930-ական թվականների որոշումների ոգով»: 

Թեև Սարուխանյանի հուշերում Հովհաննիսյանի գրքի անտիպ մնալը կապվում է «նախանձի կերպարանք ստացած վրեժխնդրության» ու «Նորին միջակության» գործելու հետ, այնուամենայնիվ Հովհաննիսյանի գրքի հրատարակության հարցը ոչ այլ ինչ էր, եթե ոչ 1920-ականների վերջին սկսված ստալինիզմի ու Հովհաննիսյանի շարունակվող առճակատման հավաստումը: Հենց 1928-ին Դաշնակցությունը բուրժուական կուսակցություն հռչակած ստալինյան հատուկ որոշմամբ էր, որ կեղծվել էր հայ քաղաքական մտքի պատմությունը: Իր սոցիալական ծագմամբ մանրբուրժուական՝ քաղաքային ու գյուղական մտավորականության կուսակցությունը խոշոր արդյունաբերական բուրժուազիայի կուսակցություն հռչակելով՝ ստալինիզմը կտրել էր հայ քաղաքական միտքը դրան ծնունդ տված կոնկրետ սոցիալ-տնտեսական պայմաններից՝ հայաստանյան մանրբուրժուական իրականությունից: Գրքում Հովհաննիսյանը վերականգնում էր դեռևս 1920-ականների սկզբին առաջադրած Դաշնակցության մանրբուրժուականության իր տեսությունը՝ այդ կերպ կուսակցության պատմությունը քննելով պատմականորեն, այլ ոչ ըստ քաղաքական հրամայականի: 1960-ականների «տակից գործող» ստալինիզմը, սակայն, կանխում էր Հովհաննիսյանի գրքի հրատարակությունը՝ թույլ չտալով վերանայել հայ քաղաքական մտքի պատմությունը: Պատահական չէ, որ ոչ ոք՝ «ո՛չ ակադեմիայի մեծ դահլիճում երկու տարի առաջ Հովհաննիսյանի հասցեին գովեստներ շռայլողները, ո՛չ էլ վերև կանգնածները» ճանապարհ չէին բացելու պատմաբանի գրքի հրատարակության համար:   

Հրապարակվում է ըստ՝ Նորայր Սարուխանյան, Մտորումներ և հուշեր ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի մասին (Երևան: Գիտություն, 2012), էջ 73-76:  

 

 

…. ԳԱ հրատարակության 1969 թ. պլանում նախատեսված էր Աշ. Հովհաննիսյանի «Ուրվագծեր XIX դարի երկրորդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմության» մենագրության տպագրությունը: Սակայն այդ մենագրությունն այդպես էլ լույս աշխարհ չեկավ և մինչև օրս գտնվում է գիտնականի անձնական արխիվում (Մատենադարանում):

Շատ օրինաչափ հարց՝ ինչո՞ւ: Գիտակցաբար խուսափելով մանրամասներից, նշեմ միայն, որ 1969 թ. ուշ աշնանը հանկարծակի, իրոք շատ անսպասելի, գրքի շուրջը մոգոնվեցին ինչեր ասես՝ շրջանցելով նույն պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի և գիտական խորհրդի դրվատական որոշումները՝ գիրքը հրատարակության երաշխավորելու մասին: Հենց այդ ժամանակ էլ գրքի գիտագաղափարական արժեքը նենգափոխված և միտումնավոր մեկնաբանություններով տեղափոխվում է Հայաստանի կոմկուսի կենտկոմ՝ գաղափարախոսական աշխատանքի գծով քարտուղար Ռոբերտ Խաչատրյանի կաբինետ: Գրքի տպագրության աննպատակահարմարության «հիմնավորումը» Աշ. Հովհաննիսյանին մեղադրում էր 1928 թ. Հայաստանի կոմկուսի պլենումում դաշնակցությանը տված գնահատականը վերանայելու, այսպես կոչված դաշնակցությանը «ռեաբիլիտացիայի» ենթարկելու մեջ… Ճիշտ և ճիշտ 1928 թ. և 1930-ական թվականների որոշումների ոգով: Եվ դա այն ժամանակ, երբ աքսորից ազատվելուց հետո Աշ. Հովհաննիսյանը ընտրվել էր հանրապետության ԳԱ ակադեմիկոս, արժանացել գիտության վաստակավոր գործչի կոչման, ստացել Լենինի շքանշան… բոլորի աչքի առաջ նախանձի կերպարանք ստացած վրեժխնդրությունը հոշոտում էր ազնվագույն գիտնականի հոգին՝ գիտական ճշմարտությունը բացահայտելու նրա շիտակության, իրերն իրենց անունով կոչելու նրա հանդգնության համար: Սուտը ճշմարտության պատկեր էր կրում և արձակ ու համարձակ գործում էր Նորին միջակությունը, իսկ վերջինս լավ գիտեր, որ գիտության մշակին սպանում են ոչ միայն ֆիզիկապես… Ե՛վ ոչ ոք չէր ըմբոստանում, ո՛չ ոք մատը մատին չէր խփում բացելու համար պատմաբանի գրքի հրատարակության ճանապարհը՝ ո՛չ ակադեմիայի մեծ դահլիճում երկու տարի առաջ նրա հասցեին գովեստներ շռայլողները, ո՛չ էլ վերև կանգնածները:  

Ընդսմին, երկու խոսք վերև կանգնածների «չեզոքության» մասին: 1969 թ. սեպտեմբերին ընտրվել էի ինստիտուտի կուսակցական կազմակերպության քարտուղար: Մի օր, կարծեմ նոյեմբերի վերջերին կամ դեկտեմբերի սկզբներին էր, ինստիտուտի դիրեկտոր Գ. Գալոյանն ասաց, թե վաղը ժ. 10-ին երկուսով պետք է լինենք կենտկոմի քարտուղար Ռ. Խաչատրյանի մոտ: Գնացինք: Մեզ ընդունեց շատ բարեկիրթ ձևով: Այդ պահին ներս մտավ գիտության բաժնի վարիչ Ջոն Կիրակոսյանը: Սկսվեց զրույցը: Ռոբերտ Խաչատրյանը դիմեց Գալոյանին, հիշում եմ բառացի.

– Հարգելի ընկ. Գալոյան, էս ի՞նչ շիլա-շփոթ է, հիմա էլ ակադեմիայում տարածվել է, թե Աշ. Հովհաննիսյանի գրքի տպագրությանը դեմ է կենտկոմը: Ո՞վ է ձեզ խնդրել, որ գիրքը բերեք կենտկոմ: Ինստիտուտի դիրեկտորը դուք եք չէ՞, դուք էլ որոշեք այդ հարցի վերջնական լուծումը, այստեղ ի՞նչ գործ ունի կենտկոմը: Ակադեմիայի հրատարակչական թեմատիկ պլանը մենք տարվա սկզբին նայել ենք, Ջոն Կիրակոսյանն էլ կարող է հաստատել, Աշ. Հովհաննիսյանի գրքի մասին ոչ միայն դիտողություն չենք ունեցել, այլև ուրախացել ենք, որ ծերուկը 83 տարեկանում նոր գիրք է տպագրում: Վաղը, կարծեմ կուսակցական ժողով ունեք, այնտեղ հայտարարեք, որ կենտկոմը այդ գրքի տպագրությամբ չի զբաղվելու: Կարծեմ ունեք գիտխորհրդի որոշումը, դրանով էլ առաջնորդվեք: Այս տեսակետը պաշտպանեց նաև Ջոն Կիրակոսյանը: Ընդ որում, վերջում Խաչատրյանը խնդրեց Ջ. Կիրակոսյանին տեղի ունեցածի մասին իրազեկել Աշ. Հովհաննիսյանին: Դրանից հետո եկան խառն ու խրթին ժամանակներ (բրեժնևյան լճացման խորացում, գորբոչովյան վերակառուցում, ղարաբաղյան շարժում, Սպիտակի երկրաշարժ, Ադրբեջանից հայերի նոր բռնագաղթ… և այլն):

Գրեթե երկու տասնամյակ անց, Ռ. Խաչարյանի հետ հանդիպեցի բոլորովին նոր պայմաններում: 1989 թ. մարտին Գևորգ Խուդինյանի «XIX դարի 70 – 80-ական թվականների հայ ազգային-ազատագրական պայքարը խորհրդահայ պատմագրության մեջ» դիսերտացիայի օպոնենտներ էինք նշանակված Ռ. Խաչատրյանը և տողերիս հեղինակը: Հայաստանի կոմկուսի 20 տարի առաջվա քարտուղարն արդ բարձրադիր պաշտոն չուներ, աշխատում էր պատմության ինստիտուտում, որպես ավագ գիտական աշխատող, իսկ ես՝ «Հայգիրք» միավորման վարչության պետն էի: Խուդինյանի դիսերտացիայի պաշտպանությունը գիտական խորհրդում անցավ միաձայն: Հաջորդ օրը Գևորգը երկու օպոնենտներիս և Վլ. Բարխուդարյանին հրավիրեց հյուրասիրության՝ նեղ շրջանակով նշելու իր դիսերտացիայի իրոք փայլուն պաշտպանությունը: Մեր կրտսեր գործընկերոջը ջերմորեն շնորհավորելուց հետո սկսեցինք զրույցն ամենատարբեր հարցերի շուրջ (նշեմ, որ Ռ. Խաչատրյանը հարուստ տեղեկատվության տիրապետող գերազանց զրուցակից էր): Հանկարծ որտեղից-որտեղ, զրույցը գնաց դեպի Աշ. Հովհաննիսյանի գրքի ոդիսականը: Խաչատրյանն այդ ժամին ասաց այն, ինչ ասել էր 20 տարի առաջ կենտկոմի իր կաբինետում: 

Ո՞վ էր ձեզ խանգարում, ասաց Ռ. Խաչատրյանը դիմելով Վլ. Բարխուդարյանին, տպագրել հայ մարքսիստական պատմագրության հսկայի վերջին գիրքը: Տպագրեիք, ինչո՞ւ էիք հասցնում կենտկոմ: Կենտկոմը ինչու պետք է դեմ լինի ամենագաղափարական մարդու գրքի տպագրությանը: Այժմ էլ կարծիքս մնում է անփոփոխ Աշ. Հովհաննիսյանի գրքի տպագրության կասեցումը տեղի է ունեցել ակադեմիայում: Սեփական պատասխանատվությունից խուսափելու համար հենց այստեղ էլ չարաշահվել է կենտկոմի անունը: