Վկայություններ Հնչակյան կուսակցության մեջ Ղազարոս Աղայանի ներգրավվածության վերաբերյալ

 

19-րդ դարի վերջի հայ ազգային կուսակցություններին միավորող կետերից մեկն այն էր, որ դրանք հենվել են նախընթաց շրջանների հայ լուսավորիչների քաղաքականության ու պետության ըմբռնումների վրա` փորձելով դրանք կյանքի կոչել։ Լուսավորական ժառանգության, կուսակցական գործունեության և պետության ըմբռնման փոխադարձ կապերը բացահայտելու մի հետաքրքիր հնարավորություն է ընձեռում լուսավորական Ղազարոս Աղայանի քաղաքական գործունեության հետազոտումը։ Հայտնի է, որ մանկավարժի և հեքիաթագրի համբավ ձեռք բերած Աղայանը հարել է հնչակյան կուսակցությանը. կուսակցություն, որը, ի տարբերություն այլ ազգային կուսակցությունների, իր մոտակա բացահայտ նպատակն էր համարում անկախ պետության ստեղծումը։

Նշանակալից է, սակայն, որ Աղայան – քաղաքական գործչին դրվագայնորեն անդրադարձած երկրորդային գրականության մեջ չկա միակարծություն անգամ ամենաառաջնային հերցերում։ Հնչակյան կուսակցության մեջ Աղայանի ներգրավվածության ժամանակահատվածի ու ձևի վերաբերյալ կոնկրետ հարցերը մեծ ուշադրության չեն արժանացել, մասնավորապես՝ խորհրդահայ պատմագրության մեջ։ Այս հարցում արժեքավոր է Արսեն Կիտուրի խմբագրությամբ Բեյրութում լույս տեսած Պատմութիւն Ս. Դ. հնչակեան կուսակցութեան աշխատությունը։ Վերջինիս համաձայն՝ Աղայանը կուսակցության հիմնադրման առաջին իսկ տարիներից՝ 1890-ականներից եղել է ակտիվ անդամ, զբաղեցրել ղեկավար պաշտոններ։ Ավելին հատորում ընթերցում ենք, որ Աղայանը տպագրվել է հնչակյան օրգաններում։ Հաշվի առնելով, որ Աղայանի երկերի վերջին խորհրդահայ ակադեմիական հրատարակության մեջ (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հ. 1, 2, 3, 4 (Երևան։ Հայպետհրատ, 1962, 1962, 1963, 1963)) ներառված չեն հնչակյան պարբերականներում հրապարակված աշխատություններ, վերջին տեղեկությունը, առանձնապես արժեքավոր է։ Այն վկայում է Աղայանի՝ բացահայտ կուսակցական երանգ ունեցող աշխատությունների գոյության մասին ու հուշում թե որտեղ է դրանք պետք փնտրել։ Ստորև ներկայացնում ենք հիշյալ աշխատության երկու հատված՝ որոնք անդրադառնում են Աղայանի կուսակցական գործունեությանն ու նրա հրապարակումներին։

Հրապարակվում է ըստ՝ Արսեն Կիտուր, Պատմութիւն Ս. Դ. հնչակեան կուսակցութեան, հ. Ա. (Պէյրութ։ Շիրակ, 1962), էջ 38, 253։

 

[Էջ 38]

ՀՆՉԱԿի առաջին թիւը լոյս կը տեսնէ 1887 թուի Նոյեմբեր ամսուն։ Թերթը կը շարէ ինք Նազարբէկեան։ Յօդուածներն ալ գրեթէ ամբողջութեամբ ինք կը գրէ։ Թերթը բաժնեգին չունէր և ձրի կը ղրկուէր ամէն կողմ։

Այդ օրերուն Մոնփելիայի ուսանողներէն ագուլիսցի Սարգիս Աղամիրզեանց (Սաքօ) Ժընեւ կ’անցնի և կը միանայ ՀՆՉԱԿի խումբին։ Կովկասէն նոր եկած ուրիշ ուսանող մը, Շուշեցի Ալեքսանդր Աթաբէկեան, Կաֆեանի մանկութեան ընկերը, կեանքոտ ու եռանդուն երիտասարդ մը՝ կը տարուի ՀՆՉԱԿի գաղափարներով և կը մտնէ կազմակերպութեան մէջ։ Հետագային ղեկավարութեան կը միանան ՌուբԷն Բէրբէրեան, Ղազարոս Աղայեան, Շիրվանզադէ և Պետրոս Մարիմեան։

Այս կերպով խմբակը նորէն կը զօրանայ և թերթի հրատարակութիւնը կանոնաւոր կերպով կը շարունակուի։ ՀՆՉԱԿի թիւերէն մաս մը կը տպագրուի շատ բարակ թուղթի վրայ և զանազան տեղեր կը ստացուին համակրական նամակներ, սակայն շատ չնչին դրամական օգնութիւն։

 

[Էջ 253]

Մեր խօսքը պիտի սահմանափակենք միայն Ռուսաստանի Թիֆլիս քաղաքի ամէնէն սարսափազդու Մետեխի բանտին մէջ արգելափակուած հնչակեան ղեկավարներու մասին։

1895ին հոն բանտարկուած հնչակեան ղեկավարներն էին՝ Ռուբէն Խանազատ, Ռուբէն Բէրբէրեան, Շիրվանզադէ, Ղազարոս Աղայեան, Ատրպետ, Խաչիկ Վարդանեան, Տէր Միրագեան,Սեւ Սանդրոն, Նիկոլա Զաքարեան, Սարգիս Աղամիրեան (Սաքօ), երիտասարդ բանաստեղծ Աւետիք Իսահակեան։

Ասոնցմէ Խանազատ, Ռուբէն Բէրբէրեան, Ղազարոս Աղայեան, Սաքօ, 1890էն առաջ և ետքը եղած են Կեդրոնի անդամ և գործօն դեր ունեցած են հնչակեան գործն ու խօսքը տարածելու տաճկահայ ու ռուսահայ հատուածնրուն մէջ։ Ասոնք գրած են յօդուածներ, գրքոյկներ, վէպեր՝ «Հնչակ»ի, «Վերածնունդ»ի, «Գաղափար»ի և «Ապտակ»ի մէջ, որոնք հնչակեան գրական, ընկերային և երգիծական օրգաններ էին։