1835 թվականին Խաչատուր Աբովյանն իր դորպատյան կրթությունն ավարտելուց հետո Պետերբուրգում էր։ Նորավարտ լուսավորիչ հոգևորականն այստեղ հանգրվանել էր Արևելահայաստանում դպրոցական-կրթական հաստատություններ հիմնելու համար միջոցներ հայայթելու և իր լուսավորական գործունեությանն օժանդակ կապեր հաստատելու համար։ Դորպատի համալսարանի ռեկտորի և պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի միջնորդությամբ Աբովյանը ծանոթացել էր ռուս հեղինակավոր գրող, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Վասիլի Ժուկովսկու հետ։ Ներկայացվող վավերագիրն Աբովյանի խնդրագիր նամակն է իր նորահայտ բարեկամին։ Այստեղ «արևելյան [MOU1] հայրենակիցների» լուսավորության գաղափարով խանդավառ գործիչն ըստ էության հիմնավորում է հայերի շրջանում արդի արվեստի կայացման անհրաժեշտությունը և միջնորդում Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու բախտին արժանացնել իր հայրենի Երևան քաղաքից ժամանած երիտասարդ նկարիչ Ստեփանոս Ներսիսյանին։
Աբովյանն այս նամակը գրելու միջոցին դեռևս միայն լսել է Ներսիսյանի՝ Պետերբուրգում լինելու ու նրա բարդ ճակատագրի մասին։ Եվ հետաքրքրականորեն, առանց նկարչին հանդիպելու Աբովյանին է հասել նրա «դիմանկարչության համար խոշոր ձիրք» ունենալու համբավը։ Հայաստանի «արտակարգ մարդկանց» մոռացության փոշուց հանելու և նրանց պատկերը տալու կարողություն է տեսնում Աբովյանն այս ձիրքի մեջ։ Անցյալի լուսավոր հայրերի պատկերին զգայականորեն հաղորդակից լինելն է երևում «արևելցու կրակոտ, երևակայությամբ հարուստ հոգին» ամենաարագ և լավ ձևով լուսավորելու ճանապարհը Աբովյանի խոսքում։ Այս ետնախորքին առանձնահատուկ լույսով են երևում ոչ միայն Ներսիսյանի՝ ուշ շրջանում արված Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև աշխատանքները, այլև մեզ հասած այն կցկտուր վկայություններն, ըստ որոնց՝ ինքը՝ Ներսիսյանն է Վարդան Մամիկոնյանի առաջին դիմանկարի հեղինակը։
Նամակի բնագիրը գերմաներեն է, թարգմանությունը որոշ մանր շտկումներով հրապարակվում է ըստ՝ Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 10 (Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961), էջ 166-168։
***
Ձերդ գերազանցություն,
Ամենաողորմած պարոն,
Բարի եղեք թույլ տալ առաջադրելու Ձեզ մի հանգամանք, որն ինձ վաղուց զբաղեցրել է, իսկ երեկվանից սկսած՝ ավելի սաստիկ և որը Ձեր ուշադրության համար պակաս արժեքավոր չի լինի։
Որովհետև որոշ չափով ինձ հայտնի են իմ արևելյան հայրենակիցների՝ հայերի և ուրիշների, մտածելակերպը և կյանքը, ուստի բազմակողմանի փորձերով ապացուցված եմ համարում, որ նրանք ուրիշ ո՛չ մի այլ միջոցով չեն կարող ամենից լավ և արագ իսկական կրթության և լուսավորության հասնել, քան գեղեցիկ արվեստների՝ բանաստեղծության, երաժշտության և նկարչության միջոցով։ Եվ երբ ես Եվրոպայում առաջին անգամ տեսա այդ արվեստներն իրենց իսկական լույսով և զգացի նրանց ներգործությունը նախ և առաջ՝ եվրոպացիների, և հետո էլ՝ ինձ վրա, ապա իմ առաջին և ամենագեղեցիկ ցանկությունն այն եղավ, որ ես աշխատեմ տարածել այդ արվեստներն իմ հայրենի երկրում ևս։ Այդ ցանկությունն ես արտահայտել եմ ո՛չ թե մի, այլ շատ անգամներ, և այն բարյացկամորեն ընդունվել ու հաստատվել է այդ հրաշալի արվեստներին հմուտ մարդկանց կողմից։ Եվ երբ ես պատկերացնում եմ այդ արվեստների երկնային, սիրտ ազնվացնող, հմայիչ ուժը, երբ ես նկատի եմ ունենում արևելցիների կրակոտ, բուռն երևակայությունը, ապա այդ բոլորից այնպիսի սերտ ներդաշնակություն է ստացվում, որ ես այլևս չեմ երկբայում, որ որևէ մեկը կարող է կասկածել այդ ճշմարտության վրա։ Ո՛չ միայն հայերը, այլև ամբողջ Ասիան, որպես մանկությանս օրրան, ինձ վրա պարտականություն են դնում ո՛չ մի դեպքում չհրաժարվել այն ծառայությունից, որ ես ի վիճակի եմ կատարելու և կկարողանամ կատարել։ Դա կլիներ անհաջող ձեռնարկություն, եթե ես համարձակվեի հիշյալ արվեստներն այդ նպատակով յուրացնել մի այսպիսի հասուն տարիքում և այսքան կարճ ժամանակում։ Սակայն օր ու գիշեր ես պատրաստ եմ ապագայում ամեն հնարավորություններ գործ դնելու, եթե իմ հայրենիքում գտնվեին երիտասարդ մարդիկ, որոնք այդ տաղանդն ու ցանկությունն ունենային Եվրոպա գնալու և կատարելագործվելու։
Ոչինչ այնպես չէր բորբոքում իմ միտքը եվրոպական կրթության համար, ոչինչ այնպես բուռն կերպով չէր համապատասխանում իմ ձգտումներին, ինչպես բանաստեղծությունը, երաժշտությունը և նկարչությունը։ Որքան էլ քիչ են զբաղվում մեզանում այդ չքնաղ արվեստներով, որքան էլ քիչ հասկանայի ես այդ արվեստները, այնուամենայնիվ նրա՛նք իմ ամենագեղեցիկ մտքերի ղեկավարն էին։
Երբ ես բախտ ունեցա եվրոպական հողում առաջին անգամ տեսնելու այդ արվեստներն իրենց իսկական լույսով, ապա առաջին ցանկությունը, որ ես ունեցա, այն էր, որ դրանք փոխադրեմ ասիական երկրները։ Եթե Ասիան պիտի ստանա լուսավորության իսկական լույսը, ասում էի ես իմ մտքում, ապա այդ բանը ոչ մի այլ միջոցով չէր կարող ամենից լավ և արագ կատարվել, քան դրանց միջոցով, և իմ այս կարծիքը, ավելի հաճախ, քան մեկ անգամ, հաստատվել է դրանք իմացողների կողմից։ Ո՜վ չի ճանաչում այն երկնային, սիրտ ազնվացնող, հմայիչ ուժը, որ գտնվում է արվեստների մեջ և ո՞ր հոգին կարող է ամենից ավելի զգայուն լինել նրանց հանդեպ, եթե ոչ արևելցու կրակոտ, երևակայությամբ հարուստ հոգին։
Դա կլիներ մի անհաջող ձեռնարկություն, եթե ես համարձակվեի մի այսպիսի հասուն տարիքում և այսքան կարճ ժամանակում յուրացնելու դրանք հիշյալ նպատակի համար։ Սակայն օր ու գիշեր ես պատրաստ էի ապագայի համար ամեն հնարավորություններ գործ դնել և գտնել իմ հայրենիքում նման տաղանդի տեր երիտասարդ մարդիկ՝ նրանց այստեղ ուղարկելու համար։
Այժմ արդեն ներկայանում է ինչքան զարմանալի, այնքան էլ անհասկանալի մի առիթ, որն այս կապակցությամբ գեղեցիկ հույսեր է խոստանում ինձ։ Մի քանի օր առաջ այստեղ է եկել իմ հայրենի Երևան քաղաքից մի երիտասարդ՝ Ստ. Ներսիկով անունով, որին ես ճանաչում եմ և որի մասին գիտեմ, որ նա ո՛չ միայն բուռն ձգտում, այլև խոշոր ձիրք ունի դիմանկարչության համար և որը միևնույն ժամանակ ո՛չ թե որևէ վարպետի <օգնությամբ>, այլ սոսկ ինքնակրթությամբ այնքան է առաջադիմել, որ ի վիճակի է բավական հաճելի գաղափարներ իրագործելու։ Ես նրան ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ նրա հետ խոսել, սակայն ինչ որ երեկ բոլորովին պատահմամբ նրա մասին իմացա, նրա օգտին է խոսում։ Միայն արվեստի նկատմամբ ունեցած այդ բուռն ձգտումից դրդված՝ նա թողել է իր հայրենիքը, ծնողներին և այս երկար ճանապարհորդությունը կատարել մի օտարերկրացու հետ, իբրև ծառա, որպեսզի այստեղ կատարելագործվի նկարչական արվեստի մեջ և, ինչպես լսել եմ, մինչ այժմ էլ նա անօգնական ու անապաստան է և կամենում է բախտն անձամբ փորձել։
Ո՞վ կարող է նման արվեստի սերը գնահատել, եթե ոչ նույն այդ արվեստն իմացողը, այն խրախուսողը։ Եթե մեր բարերար կառավարության ողորմածության մի կաթիլը կարող է և պետք է ընկնի մի այսպիսի անօգնական, երիտասարդ մարդու սիրտը, ապա ես կցանկանայի, որ այդ բանը կատարվի միայն Ձերդ գերազանցության, և ուրիշ ոչ ոքի միջոցով։ Սրանով ի չարը չենք գործ դնում Ձեր բարյացակամ վերաբերմունքը իմ ազգի և իմ հանդեպ, այլ կատարյալ վստահություն ենք տածում դեպի Ձեզ. բարին ու գեղեցիկը կարող են միմիայն բարու միջոցով ճանաչվել և զարգանալ։ Նա իր բախտին արժանացած կլինի, եթե միայն կարողանա մտնել Գեղարվեստների ակադեմիա, և այն բարիքը, որ կստացվի ձեր միջնորդության շնորհիվ, կծառայի հազարավոր մարդկանց օգտին։ Իսկ Հայաստանը քի՞չ արտակարգ մարդիկ է ստեղծել, որոնց գործերը և կենսապատկերը մի թիզ հողով է ծածկված, որովհետև այնտեղ ոչ ոք չի եղել, որը հավերժացներ նրանց ապագա սերունդների համար։ Որքան ընկճում է ինձ այս միտքը։ Իսկապես չգիտեմ, թե ինչպե՞ս կարող եմ իմ ժողովրդի երիտասարդ սրտերը կենդանացնել և ոգեշնչել ու մղել դեպի առաքինություն ու դեպի նման նախատիպերի կրկնօրինակում։ Թե՛ լավը, թե՛ վատը պառկած են մոռացվածների միևնույն շարքում։ Թո՛ղ չքնաղ մուսաներն ուժ շնորհեն նրանց արժանիքները լույս աշխարհ բերելու համար։ Ես կարող եմ միայն այսքան ասել, որ նա նրանց բարեկամն է. իսկ միայն նկարիչն է ի վիճակի նրանց կյանքը պատկերել մեզ։ Որքա՜ն բախտավոր կլիներ, եթե այդ երիտասարդ մարդուն, առանց իր գիտենալու, առանց իր խնդրելու այդ ուրախ լուրը տանեմ և նրանից անդրժելի երդում առնեմ՝ հայրենիքին ծառայելու, նրա անունը փառավորելու, նրա զավակների համար իր ամբողջ ուժն ու կարողությունը գործ դնելու և ամբողջ կյանքում շնորհակալ լինելու այն մարդուն, որ նրա բախտի պատճառն է եղել։
Այս ցանկությամբ և խորին հարգանքով մնում եմ
Ձերդ գերազանցության
խոնարհ ծառա
Խ. Աբովյան
1835, 21 հունվարի,
Պետերբուրգ