Պատկեր՝ թողարկված Հայաստանի անկախության ութերորդ տարելիցի առիթով

 

1988-ին Հայաստանի անկախությունը չի եղել Ղարաբաղ կոմիտեի և ՀՀՇ ղեկավարների քաղաքական օրակարգում։ Վերջիններիս առաջնահերթ և գերիշխող նպատակը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն էր։ Անկախությունը Ղարաբաղյան խնդրի լուծման միջոց էր, որի գաղափարն ի հայտ էր եկել ԽՍՀՄ կազմում ԼՂ-ի և Հայաստանի վերամիավորման ձախողման փորձից հետո։ Հայաստանի անկախությունն այսպիսով հողային պահանջատիրության նպատակի իրականացման գործոն էր։ Սա Հայաստանի անկախության հիմքում ընկած հիմնարար մի հակասություն է, որ մեր պետության գոյության օրից իսկ ծվատել է մեզ։ Ստորև ներկայացվող վավերագիրը 1999-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի առիթով Ազգ պարբերականի առաջնորդող էջում նկարիչ Գեորգի Յարալյանի հեղինակած պատկերն է։ Այն, որ նորանկախ պետականության ութերորդ տարում ղարաբաղյան հիմնահարցը ոչ միայն չէր կորցրել իր այժմեականությունը, այլև ուղղակիորեն շարունակում էր կապվել անկախ պետականության հիմնադրույթների հետ, փաստում է պատկերն ինքը։ Պատկերում Հայաստանի «քայլող» քարտեզն է, որն իր աջ ձեռքով բռնել է դրոշը, իսկ ձախով՝ իր ետևից քայլող ու Ղարաբաղը խորհրդանշող առավել փոքր քարտեզի ձեռքը։ Հակառակ մանկան դիմագծերով աչքի ընկնող Ղարաբաղի քարտեզին՝ Հայաստանի քարտեզն առանձնանում է առավելապես հասուն կնոջ՝ մոր կերպարանքով։ Այսպես «Մայր Հայաստանը» կարծես ուղեկցում, «սատար է կանգնում» Ղարաբաղը խորհրդանշող իր «մանկանը»։ Քարտեզների այսպիսի ոճավորումը պատահական չէ։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ 1999-ին, թե՛ հայաստանյան և թե՛ ղարաբաղյան վերնախավի աչքում պե՛տք է հանդես գար իբրև Արցախի գոյության ու անվտանգության «միակ երաշխավորը»։

Պատկերը դիտարկելիս, այդուհանդերձ, հարկ է ուշադրություն հրավիրել էական այն հանգամանքին, որ թեև Հայաստանի և ԼՂ-ի՝ միմյանց ձեռքը բռնած լինելուն՝ դրանք չեն ներկայացնում մեկամբողջական, միացյալ քարտեզ։ Արցախը ոչ միայն միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն չէր, այլև փաստացիորեն Հայաստանի կազմում չէր։ Արցախյան հակամարտության լուծումն ու վերջինիս կարգավիճակի հարցը շարունակում էր մնալ նորանկախ Հայաստանի առաջնահերթությունը։ Ի վերջո այս հակամարտության լուծման տարաձայնությունների հետնախորքին էր, որ 1998-ին Հայաստանում տեղի էր ունեցել իշխանափոխությունը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականում արդարացիորեն նկատում էր, որ իշխանության ճգնաժամն այլևս կապված չէր սոսկ Արցախի հարցի, այլ «շատ ավելի խորը»՝ «պետականության հիմնադրույթների» հետ։ Իսկ վերջինիս այդ պաշտոնում փոխարինած Ղարաբաղի նախկին պաշտոնյա Ռոբերտ Քոչարյանը անկախության շնորհավորական ուղերձում Հայաստանի առջև ծառացած քաղաքական գլխավոր խնդիրը համարում էր Ղարաբաղյան հակամարտության «արդարացի կարգավորումը»՝ այդ կերպ 1999-ին կարծես կենսունակություն հաղորդելով Հայաստանի անկախության բուն իմաստին։

Պատկերը հրապարակվում է ըստ՝ Ազգ, 21 սեպտեմբերի 1999 թ.։