Հայաստանի անկախ պետականությունն ավելի քան երեսնամյա պատմություն ունի, ինչը միանգամայն աննախադեպ փաստ է հայ քաղաքական մտքի ու իրականության համար։ Այսօր հասկանալ այս պատմության ներսում ձևավորված անկախության ու պետականության ըմբռնումները հնարավոր է, եթե հայացք ենք ձգում Ղարաբաղյան շարժման սկզբնավորման պատմության վրա։ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր ղեկավարների քաղաքական խոսույթում անկախության եզրույթն ինքը ի հայտ պետք է գար հենց Շարժման քաղաքական համատեքստում։
Ղարաբաղյան շարժումը սկզբնավորվեց 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի հետ «վերամիավորելու» քաղաքական պահանջով։ Շարժման բուռն ծավալումը Հայաստանում հնարավոր դարձավ 1980-ականների երկրորդ կեսին Խորհրդային Միությունում Միխայիլ Գորբաչովի կողմից մեկնարկած քաղաքական ու տնտեսական բարեփոխումների՝ Վերակառուցման քաղաքականությունների համատեքստում։ Երկրում ժողովրդավարական փոփոխություններով հատկանշվող Վերակառուցման այս քաղաքականություններն էին, որ Շարժման առաջնորդների աչքում հանդես էին գալիս իբրև հայ ժողովրդի իրավազրկության բարձրաձայնման և այդպիսով պատմական արդարության վերականգնման հնարավորություն։ Սրա մասն էր հենց կորսված պատմական հայրենիքի մի հատվածի՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը։ 1989-ի վերջերին, սակայն, երբ արդեն գործնականում պարզ դարձավ ԽՍՀՄ կազմում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման անհնարինությունը, Հայաստանի անկախությունը դրվեց Շարժման քաղաքական օրակարգում։ «Համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման» խնդիրը իբրև պետության առաջնահերթություն էր ամրագրվում 1990-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված հռչակագրում։ Անկախ պետականության կայացման գործընթացի սկիզբն ազդարարող առաջին փաստաթուղթը պաշտոնապես հենվում էր «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այսպես Հայաստանի հանրապետության հիմնադրումը կապվում էր հողային պահանջատիրության իրագործման նպատակի հետ։ Պետություն դարձած իր հայրենիքի սահմանների ներսում ապրող ժողովրդի բարեկեցության ու զարգացման նպատակը չէր Հայաստանի անկախության բուն իմաստը։
Ստորև ներկայացվող առաջին վավերագիրը 1988 թվականի հուլիսի 25-ին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անունից տարածված և, ըստ էության, Շարժման քաղաքական առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրվող թռուցիկի տեքստն է։ Թռուցիկի տարածման պատճառը 1988 թվականի հուլիսի 18-ին հրավիրված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստն էր, որտեղ մերժվեց Հայաստանի ու ԼՂ-ի «վերամիավորման» պահանջը։ Այսպես Տեր-Պետրոսյանը, հետահայաց ամփոփելով Շարժման հնգամսյա պատմությունը, վերջինիս սկզբնավորումը հստակորեն կապում էր «երկրի դեմոկրատացման համար ստեղծված առաջին իսկ հնարավորության» հետ, երբ «հայ ժողովուրդը վերջապես հնարավորություն էր ստացել թոթափելու տասնամյակներ շարունակ իր ազգային արժանապատվությունը վիրավորող ստրկական հոգեբանությունը և բացեիբաց արտահայտվելու իր ճակատագրի հետ կապված բոլոր էական խնդիրների վերաբերյալ»։ Ուրեմն՝ կորսված հայրենիքի վերականգնումը Շարժման առաջնորդների համար նախևառաջ «ազգային արժանապատվության» հարց էր, որը «ոտնահարվել էր» Հայաստանի խորհրդայնացմամբ, երբ վերջինս բռնել էր կոմունիստական երկիր դառնալու ճանապարհը։ Շարժման քաղաքական ղեկավարների աչքում կոմունիզմի՝ իբրև նախևառաջ ռուսական տիպի բռնատիրական քաղաքականության հետ նույնացումն ինքը, այդուհանդերձ, մեծապես պարտական էր ստալինյան քաղաքականությունների հաստատմանը, երբ Խորհրդային Միությունը փակվում և վճռապես հակադրվում է Արևմուտքին։ Հենց այս ստալինյան բռնատիրական համակարգը հաղթահարելու ուղեծրում էր իրեն տեղակայում Շարժումը։ Վերջինս իրեն խարսխում էր մի կողմից ազգային ավանդույթների (նախևառաջ՝ լեզու, մշակույթ), մյուս կողմից դեմոկրատական սկզբունքների (նախևառաջ՝ ազգերի ինքնորոշման իրավունք) վրա։ Ուրեմն Տեր-Պետրոսյանը նկատում էր, որ թեև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հուլիսի 18-ի որոշմամբ Շարժումը չհասավ իր քաղաքական նպատակին, այդուհանդերձ միայն «ձևական տեսակետից»։ Տեր-Պետրոսյանը հստակ էր, որ «հայ ժողովուրդն այլևս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ և նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչև մարզի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ»։ Այս նպատակը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող էր կենսագործվել միայն երկրի «դեմոկրատացման խորացման պայմաններում»։
Ներկայացվող երկրորդ վավերագիրը Հայաստանի Հանրապետություն թերթում 1992 թվականի հոկտեմբերի 2-ին տպագրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանի՝ «Անապահով հողը հայրենիք լինել չի կարող» վերնագրով հոդվածն է։ Բլեյանն ինքը 1988-ի Շարժման քաղաքական բովով անցած գործիչներից էր, իր իսկ խոսքով, ««մոլի» ՀՀՇ-ական»։ 1988 թվականին Բլեյանի կողմից ևս պաշտպանված «ազգային-հերոսական ռոմանտիզմի» այս ուղին, այդուհանդերձ, նորանկախ պետականության պայմաններում բախվել էր այն իրականությանը, որը թելադրում էր միջազգային քաղաքական իրադրությունը։ Ո՞րն էր այդ իրականությունը։ Բլեյանը հստակ է. «Արցախը Ադրբեջան պետության մասն է եղել յոթանասուն տարի։ ՄԱԿ-ի կողմից ճանաչված է որպես նրա օրինական տարածք ու այսօր այդպես էլ կմնա»։ Այսպես Բլեյանը զգուշացնում էր անկախ պետականության պայմաններում ղարաբաղյան շարժման «առաջին փուլի»՝ պահանջատիրության տրամաբանությամբ առաջնորդվելու՝ Հայաստանի համար հեռագնա վտանգների մասին։ Եթե այս «պահանջատիրությունը», ըստ Բլեյանի, որոշ չափով ընդունելի կարող էր լինել ԽՍՀՄ գոյության պայմաններում, ապա Ադրբեջանի և Հայաստանի անկախացմամբ դրա իրագործումն անհնար էր առանց պատերազմի ու զինական ուժի գործադրման։ Իսկ հայաստանյան կյանքում փաստացիորեն իր ողջ ծավալով իրողություն դարձած այս պատերազմը, Բլեյանի համոզմամբ, պատերազմ էր ոչ միայն Ադրբեջանի, այլև «այսօրվա մեծ աշխարհի» դեմ։
Բլեյանի հոդվածի հետնախորքն ուրեմն 1990-ականների սկզբի հայաստանյան իրականությունն էր, որն ուղեկցվում էր ղարաբաղյան պատերազմի քաղաքական ու տնտեսական աղետալի ողջ հետևանքներով՝ հայ-ադրբեջանական օրեցօր խորացող հակամարտությամբ, արտաքին աշխարհից Հայաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացմամբ, մարդկային բազմաթիվ կորուստներով, Արցախի հայաթափման ու հողի կորստի տագնապներով։ Այսպես Արցախի հայաթափման, հողի ու մարդկային կորստի ցավն ու կսկիծը իր սրտում ունենալով է, որ Բլեյանն արցախյան հակամարտության լուծման հարցում հստակ դիրքորոշում ուներ՝ «անկախ Ադրբեջան պետության կազմում իր նախնյաց հողում ու պապական տանը ապրող արցախցին»։ Սա՛ էր, ըստ Բլեյանի, հողի կորստի կանխման ու Արցախի պահպանման միակ երաշխիքը։ Բլեյանի այս խոսքերը 1990-ականների սկզբին ղարաբաղյան հարցի առնչությամբ ի հայտ եկած, ըստ էության, ամենաարմատական դիրքորոշումներից պետք է նկատել։ Այսքանով հանդերձ, այս դիրքորոշումն է, որ հնարավորություն է բացում անկախության այնպիսի ըմբռնման համար, որը անկախությունը կապում է «այս 30 հազար քառակուսի կմ տարածքով, 3.5 միլիոն ժողովրդով Հայաստան-պետության» կայացման հետ՝ Հայաստանը տեղակայելով միաժամանակ իր իսկ հարևանների հետ ապրելու ուղեծրում։
Ստորև ներկայացվող տեքստերը, այսպիսով, հնարավորություն են բացում Հայաստանի երրորդ հանրապետության կայացման համար վճռական նշանակություն ունեցած այս շրջափուլում ղարաբաղյան հարցի առնչությամբ ի հայտ եկած քաղաքական դիրքորոշումները պատմականորեն ըմբռնելու։
Տեքստերը հրապարակվում են ըստ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտրանի (Երևան։ Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի արխիվ, 2006), էջ 25-31; Աշոտ Բլեյան, Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք (Երևան։ Շաղիկ, 1992), էջ 40-49։
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ[1] Տարածվել է «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անունից:
(25 հուլիսի, 1988 թ.)
ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ս. թ. հուլիսի 18–ին կայացրած որոշմամբ ավարտվեց Ղարաբաղյան շարժման առաջին փուլը, որի բնորոշ հատկանիշն էր հայ ժողովրդի դրսևորած վճռականությունը՝ զուտ սահմանադրական շրջանակներում ընթացող պայքարում: Ձևական տեսակետից՝ հինգ ամիս տևած համաժողովրդական այդ պայքարը չհասավ իր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մնաց Ադրբեջանի կազմում, և դեռ ավելին՝ հայ ժողովուրդը ենթարկվեց հրեշավոր բռնությունների, որոնց հետևանքով եղան տասնյակ մարդկային զոհեր, հարյուրավոր վիրավորներ և հազարավոր քաղաքական գաղթականներ՝ զրկված կյանքի և գույքի ապահովության տարրական իրավունքից:
Դրանով հանդերձ՝ ամենևին չի կարելի հավասարության նշան դնել ս. թ. փետրվարի 20–ի և հուլիսի 18–ի իրավիճակների միջև, քանի որ այդ ընթացքում տեղի ունեցան այնպիսի նշանակալից իրադարձություններ, որոնց վիճակված է բախտորոշ դեր խաղալ հայ ժողովրդի ազգային նկարագրի հաստատման և նրա քաղաքական նպատակների իրականացման գործում: Միայն այն փաստը, որ ստալինյան և բրեժնևյան բռնապետության դաժան լծին ենթարկված մի փոքրիկ ժողովուրդ երկրի դեմոկրատացման համար ստեղծված առաջին իսկ հնարավորության դեպքում ամիսներ շարունակ համաժողովրդական ցույցերի, հարյուրհազարանոց միտինգների և տևական գործադուլների միջոցով կարողացավ հակադրվել աշխարհի հզորագույն ճնշիչ մեքենային և հաջողությամբ պաշտպանել իր դատը, բավական է տեսնելու նրա ներսում կուտակված, դարերի խորքից եկող կենսական ահռելի լիցքը, որ ցանկացած ազգի գոյատևման անհրաժեշտ պայմանն է հանդիսանում: Դրսևորելով բարձր գիտակցականություն և կարգապահություն՝ հայ ժողովուրդն անցավ դեմոկրատական պայքարի հիանալի դպրոց և հաստատեց քաղաքական պարտնյորի իր իրավունքը, որից զրկված էր շուրջ 70 տարի: Նա դարձավ մի ուժ, որի հետ այսօր ստիպված հաշվի են նստում և այսուհետև էլ պիտի հաշվի նստեն: Քաղաքական տեսակետից սա է Ղարաբաղյան շարժման առաջին փուլի խոշորագույն հաղթանակը, որ հիմք է տալիս լավատեսորեն գնահատելու հայ ժողովրդի ազգային պայքարի հետագա ընթացքը:
Իսկ պատմական առումով Ղարաբաղյան շարժումը հինգ ամսվա ընթացքում արձանագրեց այնպիսի կարևոր նվաճումներ, որոնք աննախադեպ են Սովետական Միության գոյության բոլոր տարիների համար.
— Երկրի պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի մարզային և Հայաստանի Գերագույն սովետները որոշումներ կայացրին ներքևից՝ ժողովրդի կամքով և ոչ թե վերևից իջեցված հրահանգներով, Ղարաբաղում և Հայաստանում հաստատվեց իսկական ժողովրդապետություն, բյուրոկրատական ապարատը անգործության մատնվեց, երևույթներ, որ բխում են վերակառուցման ոգուց և արժանի են լուրջ ուսումնասիրման և ընդօրինակման.
— Առաջին անգամ Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցան հարյուրհազարանոց ցույցեր և միտինգներ, որոնք իրենց հաճախակիությամբ, կազմակերպվածությամբ և զանգվածայնությամբ անգերազանցելի են ոչ միայն Սովետական Միության, այլ ողջ աշխարհի համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ զանգվածային միջոցառումների ժամանակ ժողովրդի մեղքով չի արձանագրվել օրինականության խախտման ոչ մի դեպք.
— ՍՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Ղարաբաղում և Հայաստանում կազմակերպվեցին քաղաքական բնույթ կրող տևական համազգային գործադուլներ, որոնց նպատակն էր սրել կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա և սահմանադրական միջոցներ ձեռնարկել այն բավարարելու համար:
Շարժման այս վճռականությունը, հետևողականությունը և կազմակերպվածությունը բացատրվում են ոչ թե մի քանի սադրիչների եռանդուն գործունեությամբ, ինչպես միամտաբար կարծում են նրա հակառակորդները, այլ այն պարզ հանգամանքով, որ մի ողջ ժողովուրդ միավորվել է միասնական գաղափարի շուրջ, որի արդարացիության նկատմամբ ոչ ոք տարակուսանք չունի: Պայքարի հզորությունը պայմանավորված էր նաև նրանով, որ հայ ժողովուրդը վերջապես հնարավորություն էր ստացել թոթափելու տասնամյակներ շարունակ իր ազգային արժանապատվությունը վիրավորող ստրկական հոգեբանությունը և բացեիբաց արտահայտվելու իր ճակատագրի հետ կապված բոլոր էական խնդիրների վերաբերյալ: Ղարաբաղյան շարժմանն այս կամ այն չափով իրենց մասնակցությունը բերին Ղարաբաղի և Հայաստանի հայության բոլոր խավերը, ինչպես նաև Սովետական Միության մյուս հանրապետություններում և Սփյուռքի գաղութներում բնակվող մեր հայրենակիցներից շատերը:
Շարժումը հատկապես միասեռ և հետևողական էր բուն Ղարաբաղում, որտեղ և՛ մարզի ղեկավարությունը, և՛ ողջ աշխատավորությունն ու մտավորականությունը միևնույն վճռականությամբ և միասնական գործողություններով պաշտպանում էին իրենց սահմանադրական պահանջը: Դա, անշուշտ, բացատրվում է նրանով, որ պատմական անարդարությունից բխող ազգային խտրականության բոլոր բացասական հետևանքներին ենթարկվել են նախ և առաջ հենց իրենք՝ ղարաբաղցիները, այդ իսկ պատճառով, բնականաբար, նրանց բողոքը առավել հզոր և միահամուռ պետք է լիներ:
Սովետական Միության մյուս հանրապետություններում և Սփյուռքի գաղութներում բնակվող մեր հայրենակիցները Շարժմանն իրենց բերած մասնակցության մեջ առայժմ սահմանափակվել են միայն տեղեկատվության տարածմամբ, համերաշխության ցույցերով և օտար միջավայրում Ղարաբաղի հարցի նկատմամբ դրական հասարակական կարծիք ստեղծելու գործով: Նրանց հնարավորությունները, սակայն, դեռևս սպառված չեն, և պետք է հուսալ, որ առաջիկայում, մանավանդ սփյուռքահայերը, միահամուռ կերպով կլծվեն մեր ազգի արդար պայքարին:
Շատ ավելի բարդ է Ղարաբաղյան շարժման մեջ Խորհրդային Հայաստանի հասարակության տարբեր խավերի՝ մանավանդ պետական–կուսակցական ղեկավարության և նոմենկլատուրային պաշտոնեության ցուցաբերած դերը: Փետրվարյան օրերից ևեթ պարզ դարձավ, որ լճացման տարիների նեխվածությամբ վարկաբեկված և աթոռներին կառչած հասարակական այդ խավն ավելի շուտ շահագրգռված է իր դիրքի պահպանմամբ, քան Ղարաբաղյան շարժմանն աջակցելու մտքով: Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը ժողովրդի ճնշման տակ ստիպված էր որոշ զիջումներ անել, այնուամենայնիվ, նրա համար ավելի կարևոր էր ենթարկվել կուսակցական կարգապահության տառին և անվերապահորեն իրագործել կենտրոնական իշխանությունների հրահանգները: Ցավոք, պետք է նշել, որ ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարությունը նախանձելի միասնություն հանդես բերեց իր ժողովրդի հետ՝ հովանավորելով նույնիսկ նրա բարբարոսական գործողությունները:
Ղարաբաղյան շարժումը, բնականաբար, ավելի լայն արձագանք գտավ հասարակության մյուս խավերի՝ աշխատավորության, ուսանողության և մտավորականության շրջանում: Գարնանային իրադարձությունների ժամանակ ակտիվ դեր խաղացին մայրաքաղաքի բուհերի ուսանողները, որոնք իրենց դասադուլներով, նստացույցերով ու երթերով մեծապես նպաստեցին Շարժման հզորացմանը և նրա հետագա ծավալմանը: Ամռանն իր վճռական խոսքն ասաց հանրապետության աշխատավորությունը, որի վառ արտահայտությունը հանդիսացան հունիսի 13–15–ի և հուլիսի 4–15–ի գործադուլները, ինչպես նաև հիմնարկ–ձեռնարկությունների ժողովներում ընդունված համարձակ որոշումներն ու բողոքի բանաձևերը: Աշխատավորական զանգվածներում մեծ ակտիվություն ցուցաբերեցին շարքային կուսակցականները: Բավական է նշել, որ Ղարաբաղի հարցի դրական լուծման պահանջով Հայաստանի կոմունիստների կողմից ՍՄԿԿ 19–րդ կոնֆերանսին ուղղված ուղերձի տակ դրված էր մոտ 40 հազար ստորագրություն: Ինչ վերաբերում է հանրապետության մտավորականությանը, ապա նա առաջին իսկ օրից Շարժման ղեկը վերցրեց իր ձեռքը և մինչև վերջ հավատարիմ մնաց հայ ժողովրդի ազգային շահերին: Տասնյակ հազարավոր գիտաշխատողներ, ինժեներներ, ուսուցիչներ, բժիշկներ, երաժիշտներ, դասախոսներ, նկարիչներ, իրենց ողջ եռանդը ներդնելով մեր արդար պայքարին, սրբորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի և ժողովրդի հանդեպ: Մտավորականության ծոցից անհրաժեշտաբար ծնվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որը կոչված էր ապահովելու զանգվածային շարժման կազմակերպվածությունը և, արձագանքելով ժողովրդի իղձերին, նախանշելու նրա գործողությունների հիմնական ուղղությունները: Կոմիտեի գործունեության հաջողությունն իր հերթին պայմանավորված էր այն վստահությամբ, որ տածում էր ժողովուրդը նրա նկատմամբ:
Մտավորականության մասին խոսելիս, դժբախտաբար, չի կարելի չանդրադառնալ նրա ավագ սերնդի ներկայացուցիչների դիրքորոշմանը, որը ցավ և արդարացի դժգոհություն է առաջացնում ժողովրդական լայն զանգվածների մեջ: Փետրվարյան օրերին մեր անվանի գրողները, նկարիչները, ակադեմիկոսները գտնվում էին Ղարաբաղյան շարժման առաջին դիրքերում և իրենց իմաստուն խոսքերով կողմնորոշում ու ոգևորում ցուցարարներին: Սակայն իրադրության սրման առաջին իսկ պահին նրանք կորցրին իրենց վճռականությունը, գործարքի մեջ մտան հանրապետության վարկաբեկված ղեկավարության հետ, վերադարձան սերնդին և իրենց հասարակական դիրքին հատուկ հարմարվողական վարվելակերպին՝ այդ ամենը փարիսեցիաբար կոծկելով ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ տոգորված բարոյախոսական քարոզներով: Սակայն առանձին բացառությունների՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի, թղթակից–անդամ Ռ. Ղազարյանի և գրող Ս. Խանզադյանի օրինակը հույս է ներշնչում, որ նրանք, այնուամենայնիվ, երբևէ կզգան իրենց սխալը և կվերադառնան իրենց ժողովրդի գիրկը:
Հայ ժողովրդի խաղաղ դեմոկրատական շարժմանը Ադրբեջանի ղեկավարությունը հակադրեց կազմակերպված եղեռնի և անվերջ ահաբեկումների, իսկ ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունները՝ մեր ազգային արժանապատվությունը վիրավորելու, Շարժումը ստալինյան պիտակներով վարկաբեկելու, երկրում հակահայկական կարծիք ստեղծելու և վերջապես՝ բռնի ուժով մեզ ճնշելու քաղաքականությունը: Հայ ժողովուրդը հաջողությամբ դիմագրավեց այս բոլոր փորձությունները և Սահմանադրության շրջանակներում կիրառած իր վճռական գործողություններով, այնուամենայնիվ, հասավ այն բանին, որ Ղարաբաղի հարցն առաջին անգամ քննության արժանացավ ՍՍՀՄ գերագույն իշխանության ատյանում: Անկախ քննության արդյունքից, դրանով Շարժումն ապացուցեց իր գոյության իրավունքն ու ներկայացրած պահանջի արդարացիությունը, քանի որ հակառակ դեպքում այն կխեղդվեր դեռևս սկզբնավորման պահին՝ չբարձրանալով տարերային դժգոհության մակարդակից: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հուլիսի 18–ի նիստում հայ ժողովրդի պահանջի արդարացիությունը հերքվեց ոչ թե ուղղակի փաստարկներով, քանի որ դրանք չկան, այլ Սովետական Միության ընդհանուր քաղաքականությանը վերաբերող կողմնակի շահադիտումներով, որոնցից գլխավորներն են.
ա) Սովետական Միությունն իր վերակառուցման քաղաքականությունը բխեցնում է պատմականորեն ձևավորված արդի իրականությունից և այդ պատճառով մտադիր չէ որևէ փոփոխություն կատարել երկրի վարչա–տարածքային կառուցվածքում:
բ) Ղարաբաղի հարցի լուծումը պատճառ կդառնա նմանատիպ հարցերի մի շղթայի առաջացման, որը երկիրը կկանգնեցնի անելանելի վիճակի առաջ:
Ինչպես տեսնում ենք, նման մոտեցման մեջ մոռացության է մատնվում ոչ միայն տարրական մարդկային արդարությունը, այլև ազգերի ինքնորոշման հանրահայտ սկզբունքն ու Սովետական Միության կողմից վավերացված միջազգային իրավունքի նորմերը: Սա բարոյական իրավունք է տալիս հայ ժողովրդին շարունակել իր պայքարը և չհաշտվել այն մտքի հետ, որ ինչպես 1920 թվականին Հայաստանի կեսը զոհաբերվեց հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի, այժմ էլ Ղարաբաղը զոհաբերվի հանուն Սովետական Միության թվացյալ ընդհանուր շահերի, մանավանդ համոզված լինելով, որ Ղարաբաղի հարցի դրական լուծումը ոչ միայն չի հակասում այդ շահերին, այլև՝ ընդհակառակը, կնպաստի դեմոկրատացման ուղին բռնած մեր երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում:
Հուլիսի 18–ից սկսած՝ Ղարաբաղյան շարժումը մտավ զարգացման նոր փուլ, որն, ի տարբերություն նախորդ շրջանի, առաջիկա ամիսներին հավանաբար կկրի խրամատային պայքարի բնույթ: ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության որոշման մեջ հայ ժողովրդի ընդվզման շնորհիվ մտցված որոշ դրական կետեր թերևս առաջիկայում հնարավորություն տան ինչ–որ չափով ապահովելու Լեռնային Ղարաբաղի ազգային ինքնուրույնությունը, ամրապնդելու նրա կապերը Հայաստանի հետ, բարելավելու մարզի տնտեսությունն ու աշխատավորության կենսամակարդակը: Սակայն պարզ է մի բան, որ հայ ժողովուրդն այլևս երբեք չի կարող հաշտվել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մտքի հետ և նույն միասնականությամբ ու վճռականությամբ կշարունակի իր պայքարը մինչև մարզի վերջնական վերամիավորումը Հայաստանի հետ: ՍՍՀՄ Սահմանադրությունն այդ նպատակին հասնելու համար դեռևս շատ հնարավորություններ է պարունակում, իսկ հայ ժողովուրդը իր հնգամսյա պայքարով արդեն ապացուցել է, թե ինչպես պետք է օգտվել այդ հնարավորություններից: Այն փաստը, որ Սովետական Միության ղեկավարությունն արագ ի վիճակի չեղավ դեմոկրատական լուծում տալու հայ ժողովրդի արդարացի պահանջին, դեռևս չի նշանակում, որ առաջիկայում երկրի վերակառուցման և մեր հասարակարգի դեմոկրատացման խորացման պայմաններում չի ուղղի իր սխալը:
Ղարաբաղյան շարժումն ամբողջ ՍՍՀՄ–ում առաջացրեց դեմոկրատական պայքարի մի նոր ալիք, որ ինքնին միակ երաշխիքն է երկրում հայտարարված առաջադիմական պրոցեսների տևականության ապահովման:
ԼԵՎՈՆ ՏԵՐ–ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀԱՆԱ, 12/25.070.88: Թռուցիկ, 25 հուլիսի, 1988 թ.:
ԱՆԱՊԱՀՈՎ ՀՈՂԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ
02.10.92 թ.
«Հայաստանի Հանրապետություն»
Կարդում եմ մեր բազմաքանակ ազատ, անկախ ու միացյալ պահանջատիրությամբ մամուլի ծանոթ ու անծանոթ համազգային գործիչների քաղաքական վերլուծություններն ու կանխատեսումները… ինձ օտար եմ զգում, խորթ ու ավելորդ: Պարզ գրեք հասկանանք ինչ եք ասում: Զուլալեք գալիքը տեսնենք: Թողեք մտքի ճախրանք ու վետվետումներ: Խորհուրդ խորին «եթեների» ու «հնարավորի» լեզվական բարդույթներից ազատեք մեզ սովորական մահկանացուներիս: Հաշեկ կարդացած ժողովուրդ ենք. գիտենք, որ եթե մորաքույրը տղամարդ է, նրան քեռի են անվանում: Մորաքո՞ւյր, թե քեռի, ո՞րն է ձերը:
Այս հողի իրական տերը ես եմ: Դուք պարզապես ձեր մասնագիտությունն եք դարձրել քաղաքական գործը, պինդ բռնել եք մամուլ ու եթեր, շատ եք թվում ու ժողովուրդ եք երևում: Այդպես էլ ներկայանում եք: Բայց ես ձեզ մեկիկ–մեկիկ հաշվել եմ, ձեր քանակը հաստատ գիտեմ հարյուրից թե ավելի եք, ապա հազարից պակաս ու պակաս:
Ո՞ր իրավունքով եք հեռուստատեսային եթերից մեր ընտանիքները հեղեղում ձեր քաղաքական մենախոսությունների, բանավեճերի ու հրատապ հարցազրույցների թյուր իմացությամբ ու ձանձրույթով: Մեր խռովված, մեր չարչարված հոգին ու միտքն ինչո՞ւ եք շարունակ պղտորում: Թումանյանով մեծացած սերունդ ենք՝ կարճ ասեք, պարզ ու խաղաղ: Թե չէ ես ինձ այլմոլորակային եմ զգում, ու հեռանալս գալիս է…
Կգնայի: Կճարեի մի հայտնի–անհայտ մոլորակ ու «իմ նամուսն ինձ հետ…»: Բայց այս մի քանի սար ու ձոր Հայաստանի պաշտամունքն ունեմ: Այս 30 հազար քառակուսի կիլոմետր հողակտորի մշակն եմ ու այս տան պահապան շունը:
Մեր զավակները կներեն մեզ տնտեսական մեծ ու փոքր անգրագիտությունների, քաղաքական վրիպակների ու ձախողումների համար: Կուղղեն, կճշտեն մեր արածը՝ ներված կլինենք: Համարձակ պիտի զբաղվենք մեր օրվա անելիքով: Հողի կորստի ու հայրենիքում ապրող մարդու կորստի համար ներում չի եղել ու չի լինի: Մենք չենք ներել մեր հայրերին, ու մեզ չեն ների մեր զավակները, որովհետև այսպիսի կորուստը, որպես կանոն, անդառնալի է: Սերունդների անփոփոխ պատգամը՝ անկորուստ փոխանցել հայրենի հողն ու հողի վրա ապրող մարդուն, պարտադրում է աչքի լույսի պես պահպանել քեզ ժառանգվածը ու դողալ ունեցածի համար: Մեծ Աշխարհի հզոր իրողությունները ամեն ժամանակ հայրենյաց հողի պահպանման իրենց կերպն են թելադրում: Հողի ու հողի վրա ապրող մարդու կորուստը չունի «մեղմացուցիչ դեպք» հանցանաց: Հանցագործ են և՛ ազգային ոգևորությունը, և՛ հաջորդ սերնդի գործն անելու աճապարանքը, և՛ ազգային ազնիվ–մաքուր ռոմանտիզմը, թե դրանք իրատեսության զավակներ չեն: Միայն արդյունքով են մեր արածը չափելու: Սա որպես ելակետ:
Քրիստոսի ծնունդից չեմ սկսելու: Իմ ապրած–տեսած ժամանակից ասեմ: Յոթանասուն տարի խորհրդային պետական կառույցը հզոր պարիսպների մեջ վանդակեց հայոց Հայրենիքը և հայոց գաղութները՝ ինքնավարությունների տեսքով կամ առանց դրա: Կորուստները թողնենք:
Մեզ փոխանցվել է այս. 30 հազար քառակուսի կմ տարածքով, 3,5 միլիոն ժողովրդով Հայաստան–պետություն ու հայոց հոծ գաղթօջախներ՝ անկախ Ադրբեջանում ու Վրաստանում, ոչ կենսունակ Խորհրդային սփյուռք նախկին Միության հանրապետություններում: Այսպիսի պարտավորություն, այսպիսի աստեղային ժամ՝ հայոց պետություն ստեղծելու, հավաք–ապահով–ամբողջական լինելու, չի հիշում մեր պատմությունը: Իմ սերնդի անելիքն այնքա՜ն պարզ է, այնքա՜ն վեհ ու իրական՝ կայացնել անկախ ու զորացող Հայաստան պետություն Մեծ Աշխարհի կողմից մերը ճանաչված 30 հազար քառակուսի կմ–ի վրա՝ մեր մահմեդական հարևան Ադրբեջանից ու մեր քրիստոնյա հարևան Վրաստանից ունենալով երաշխիքներ իրենց անկախ պետության հայ քաղաքացիների կյանքի ապահովության վերաբերյալ: Հաշտ մեր անմիջական հարևանների հետ, գոնե այսօր առանց հողային պահանջ–կռվի Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի դեմ, առանց նախապաշարումների վստահ հարաբերվելով մահմեդական աշխարհի հետ, չոգևորվելով քրիստոնյա Եվրոպայով, մեծ Ռուսիային անմնացորդ չտրվելով, տնտեսական–ստեղծարար աշխատանքում հաղթելու պատրաստ, արտադրելով–առուծախով Անդրկովկասը նվաճելու վճռականությամբ: Սրանցից որի՞ հետ համաձայն չեք: Ոնց չողջունես Հայոց համազգային շարժում քաղաքական կազմակերպությանը, որը գալիս էր ձևակերպելու ազգային–պետական այս առաջնահերթ խնդիրները, կազմակերպելու այդ խնդիրների լուծումը: Այո, ես «մոլի» ՀՀՇ–ական եմ, բայց այսքանով։ Ազգային–ազատագրական պայքարի ցեցով ինչպե՞ս խոցվեց– վարակվեց բոլշևիկյան թմիրից նոր–նոր արթնացող–զուլալվող ժողովուրդը։ Ինչպե՞ս ՀՀՇ–ն չկարողացավ կանխել ազգային–ազատագրական պայքարի մոլեգնացող թափը՝ պարզ տեսնելով, որ այն սպառնում է նոր–նոր ձևավորվող պետականության խարխլմամբ ու Արցախի հայաթափմամբ։ Արցախյան շարժման մեր ազգային–հերոսական ռոմանտիզմի առաջին փուլի (1988–90 թթ.) պոռթկումը ինչպե՞ս չենք կարողանում հաղթահարել, ինչո՞ւ հայոց նոր պետականության կերտման երդմամբ ժողովրդից իշխանություն ստացած ՀՀՇ–ն հանրապետության իր նախագահով ու խորհրդարանով միասնական չենք, որ հաշվի նստենք մեզանից դուրս գոյություն ունեցող աշխարհի ու նրա հզոր իրողությունների հետ, որ հաղթենք մեր տեսակին։ Ինչո՞ւ մեր սերունդը չի աշակերտում ոչ միայն իր հայրենի պատմությանը, այլև տակավին խուլ ու կույր ենք ահա արդեն 5 տարի շարունակվող մեր մաքառմանը։ Ազգովի մեր ձգտումը գտնվել է Տիեզերքի ուշադրության կենտրոնում, մի՞թե չենք հաղթահարելու։ Հողը ու հողի վրա ապրող մեր հայրենակիցներին կորցնելու կործանարար մահ կամ ազատություն միջոցից ե՞րբ ենք հրաժարվելու։ Իմ իմանալիքը չէ։ Մեր ժամանակի պատմագրին թողնեմ այս հարց–խնդիրների քննումը։ Իմ գիտցածն ասեմ։
Ոչ մի քառակուսի մետր հող մեր ունեցած 30 հազար քառակուսի կմ–ից Ադրբեջանի հետ պատերազմում, ի վերջո, չենք կորցնի։ Աշխարհն իր կառույցներով ու սահմանած իրողություններով թույլ չի տա։ Կավիրենք (ավիրում ենք) մեր շենքերը, կվերածենք դրանք ավերակների, կլքենք տասնյակ տարիների տքնանքով ստեղծած մեր սահմանային շեները, արյունաքամ կանենք մեր տնտեսությունը, մեր վայրի իրականությամբ կանջրպետենք մեզ քաղաքակրթությունից, ճարպիկն ու ընդունակը կգաղթեն հայրենիքից։ Ո՞վ է հաշվում։ Ո՞ւմ մեղադրես. ազգային մազոխիզմի դրսևորում՝ ուրիշ ոչինչ։ Անապահով հողը հայրենիք լինել չի կարող։ Ոչ մի թիզ հող Ադրբեջանից չենք կարող խլել. կսպանենք , կավիրենք, դարերի թշնամությունը կթարմացնենք։ Ինչո՞վ ենք մեզ մխիթարելու Ադրբեջանին հասցված վնասի մեծությա՞մբ։ Այսօր արդեն հպարտանում ենք։ Կարդացեք լրատվությունը՝ թշնամին տվեց այսքան զոհ, կան մեծ ավերածություններ, Ադրբեջանում սկսվել են խոշոր դժգոհություններ, լեզգիները պահանջում են, քրդերը սպառնում…
Արցախը Ադրբեջան պետության մասն է եղել յոթանասուն տարի։ ՄԱԿ–ի կողմից ճանաչված է որպես նրա օրինական տարածք ու այսօր այդպես էլ կմնա… Մեր սերնդի այսօրվա խնդիրը չէ։ Մեր սերնդի այսօրվա հնարավոր–լուծելիք, պարտադիր–լինելիք խնդիրը արցախցու իր հողում ապրելու իրավունքի ապահովումն է։ Չի կարելի այս խնդիրը նույնացնել անկախ Արցախ պետության հաստատման հետ։
Ամեն անգամ գրիչ վերցնելիս՝ ես ամաչում եմ, որ անտաղանդ կրկնելու եմ բոլորին հայտնի ու պարզ, քրիստոմատիական իրողություններ։ Մեր ժողովրդի դաժան պատմության դասերը վկա, աշխարհում վերջին քառասուն տարում կատարվածը տես, ՄԱԿ–ի և Եվրախորհրդի բոլոր փաստաթղթերն անընդհատ թերթիր։ Բայց մենք բացառիկ ենք նաև մեր ազգակործան հոխորտացող ռոմանտիզմով։ Երկու թարմ ապացույց։ Մեր հանրապետության քաղաքական կյանքի ամենամեծ ամոթը՝ ՀՀ ԳԽ հուլիսի 8–ի հայտնի որոշումը Լեռնային Ղարաբաղի մասին։ Ի՞նչ անես՝ պատգամավորական մանդատ վայր դնես, ներողություն խնդրեց, որ դու լարախաղաց չե՞ս… Եվրախորհրդարանում, ՀՀ արտաքին գործոց նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի սեպտեմբերի 14–ի ելույթը կարդացեք, տխուր մտածմունքի որքա՞ն նյութ։ Ամերիկա մեկնելդ գալիս է։ Ասենք՝ որտե՞ղ կարդամ. այդպես է մտածում նաև ընդդիմությունը, մտավորականությունը… Չի հրապաակվի։
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Հետո և՛ խաղաղության գինը։ Սրանք անցած հարցադրումներ են։ Ցանկացել ենք մենք, թե մերժել պատերազմն Ադրբեջանի հետ, նախապատրաստված ենք եղել, թե անպատրաստ պատերազմին, հայտարարված, թե թաքուն՝ երեկվա ու այսօրվա իրողություն է. Հայաստանը պատերազմում է Ադրբեջանի հետ ոչ միայն Արցախում, այլև Ադրբեջանին սահմանամերձ Հայաստանի 12 շրջաններում և 4 սահմանամերձ քաղաքներում։ Ի՞նչ է, պատերազմը պոզով–պոչո՞վ է լինում։ Հաշվեք հայ–ադրբեջանական առճակատման ողջ ընթացքում երկու կողմից էլ քանի՞ խաղաղ բնակիչ է զոհվել, տուն է ավիրվել ու շեն դատարկվել, քանի՞ զինվոր է զոհվել ու քանի՞ միլիարդ ռուբլու միջոցներ են ծախսվել զենք–զինամթերքի վրա, ինչպիսի՞ զինական տեխնիկա է օգտագործվել։ Գնահատեք կռվող կողմերի «թիկունքների» մասնակցությունն առճակատմանը… Իսկ կռիվը թեժանում է։ Ամեն օր զոհեր ու զոհեր։ «Լրաբերի» «բայղուշը» հայտնում է մեզ Կապանի ու Գորիսի, Ստեփանակերտի ու Հադրութի հերթական գնդակոծման ու ավիրումների մասին, մեր լավագույն զավակների մահն է գուժում, իսկ մենք այնքա՜ն անբարոյական ու անզգա ենք դարձել, որ կարծես մեզ չի վերաբերում, մերը չի, մեղավորն ու պատասխանատուն մենք չենք։ Ուշքի չե՞նք գալու։
Այս հոդվածը ես սկսել եմ գրել երեք ամիս առաջ և ամեն օր հետաձգում եմ այն՝ ինձ ասելով՝ չվնասես քո իրատեսությամբ (ես եմ ասում), քո վախկոտությամբ կամ բարեկեցիկ կյանքը չկորցնելու նկատառումով (դուք եք ասում)։ Ազատ մամուլ ու պաշտոնական եթեր հենց այդ են քարոզում։ Արցախի վերջնական հաղթանակին կասկածողները սեպ են խրում մեր ազգային միասնությանը, դավաճանում մեր ազգային նվիրական երազին, թուլացնում Արցախի դիմադիր ոգին։ Արցախի վերջնական հաղթանակի իմ ըմբռնումն ունեմ՝ անկախ Ադրբեջան պետության կազմում իր նախնյաց հողում ու պապական տանը ապրող արցախցին։ Ինչպես ջավախքցին՝ Վրաստան պետության կազմում։ Մեր արցախյան պայքարի այսպիսի «վերջի» համար պայքարը իրական է ու հաղթանակը՝ հնարավոր։
Արի ու «Արցախի վերջնական հաղթանակի» քո ըմբռնումով ջլատիր արցախցու դիմադիր ոգին, երբ ինքդ երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ համոզված ես Արցախում զինական դիմադիր ուժը անհրաժեշտ ուղեկիցն է մեզ համար ընդունելի բոլոր վճիռների։ Այո, ուղեկիցը, բայց ոչ երբեք ճանապարհը։ Ազգային–ազատագրական թեժացող պատերազմը իր թվացյալ–ժամանակավոր հաղթանակներով Արցախի վերջնական հաղթանակի ճանապարհը չէ, այլ Արցախի հայաթափման հավաստի ելքը։ Արցախցու զինական ինքնապաշտպանությունը պիտի ուղեկցի նրան իր հողում ապրելու իրավունքի հաստատման ընթացքում։
Ինձ ուղղված դաշնակցական ընկերների հայհոյանքը կմեղմեի ՀՀՇ–ական պարոնների քաղցր հորդորներով ու իմ անկեղծ–մաքուր, բայց անտեղի մտքերով չէի կազմալուծի Արցախի ինքնապաշտպանությունը։ Սակայն մեր աչքի առաջ երևանյան հրապարակներում գետաշենցի մեր հայրենակցին փոխարինեց շահումյանցին, հետո Մարտակերտի շինականը։ Այսօր Ստեփանակերտի բնակիչն է։ Կլռեի ընդմիշտ, թե համազգային միասնության, ազգային ուժեղ բանակի ու համաժողովրդական զորեղ պայքարի չթուլացող կոչերի ուղեկցությամբ օրը ցերեկով չդատարկվեր Արցախը։ Մխիթարե՞նք մեզ, թե Արցախից եկողը կռվող տղամարդը չէ, այլ առավելապես կին ու ծեր, վիրավոր ու երեխա։ Բայց թե Արցախում կռվող զինվորը իր տունն ու այդ տանը ապրող իր կնոջն ու քրոջը, մեծ ու պստիկին չէ որ պաշտպանում է. ի՞նչ կռիվ է դա, կամ ինչի՞ շատ շուտ կվերածվի այդ կռիվը, հանուն ինչի՞… Տղամարդկային թասիբի՞, իր զոհված ընկերո՞ջ, թե՞ նահատակ նախնու վրեժը լուծող ֆիդայու կռվի… Այս կռիվը հայտնի վերջ ունի՝ հերոսական պարտություն ու բարոյական հաղթանակ։
Կներեք, սա իմ կռիվը չէ։ Իմ նախնիների հերոսական պարտությունների ու բարոյական հաղթանակների կենսագրությունն իմ ամոթն է, իմ տառապանքն ու խոցը, որ խեղել–թույնել է ինձ թերաժեքության աստիճանի։ Իսկ արդյունքում հողի կորուստ ու գաղթական ազգ, ողբի երգեր ու անարդար աշխարհ, հարևան ելուզակներ ու անիծված աշխարհագրական դիրք… Իմ նախնիների բոլոր պարտությունները իմ պարտքերն են ու իմ Ուսուցիչը։ Ինձ պարտվել չի կարելի։ Դուք ինձ մեղադրում եք, թե իմ պարտվողական տրամադրությամբ թուլացնում եմ նրա պաշտպանությունը, հանձնում եմ Արցախը։ Կհամաձայնեի ու կլռեի, թե այս տարվա ապրիլ ամսին, նվաճելով ամբողջ Արցախը, Շուշվա մատույցների մոտ կանգնեինք, մեր առաջարկներով հնարավորություն ընձեռեինք Ադրբեջանին պատերազմից դուրս գալու տարբերակները ընտրել, թե Շուշվա ու Լաչինի գրավմամբ չտապալեինք իրանական միջնորդությունն ու պատերազմական գոտին չընդարձակեինք՝ ներառելով Կրասնոսելսկ, Կապան, Մեղրի… Կախարդական շրջան է՝ մեկ–երկու ռազմական հաջողություններից ոգևորվում ենք ու նշանակետ ենք ընտրում Աղդամը կամ Նախիջևանը։ Իսկ մեր պարտությունների դեպքում Ադրբեջանը չի կամենում բանակցել մեզ հետ…
Լսո՞ւմ եք՝ կարելի է և պատերազմել, եթե ճիշտ ես ընտրել ժամանակը ու զորավոր ես այնքան, որ ետ ես նվաճելու խլված հայրենիքիդ։ Նաև քո պապական հողում, քո սեփական տանը ապահով ապրելու իրավունքն ես պարտավոր և կռվում պաշտպանել։ Մեր նախնիք օգտագործել են պարտված պատերազմների ծայրահեղ քանակ։ Մեր այսօր տանուլ տված պատերազմը ոչ միայն խորհրդային կառույցի շնորհիվ Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս մնացած հայրենական հողի ու տան կորուստն է, այլև Հայոց համազգային բարոյալքումն ու Հայոց պետականության կայացման անդառնալի կորսված ժամանակը։ Մեզ պարտվել չի կարելի։
Իսկ Ադրբեջանի հետ պատերազմում մենք պարտվում ենք ամեն օր ու խոշոր հաշվով։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում։ Հիացած եմ արցախցու հերոսականությամբ, իմ սերնդի դիմակայությամբ, այսօրվա իշխանությունների անվախությամբ ու հաստատակամությամբ… Քաղաքական ընդդիմությունը հիացած չէ՞։ Անիմաստ վեճ է։ Ընդունենք, որ հանրապետության որևէ այլ նախագահի ու որևէ այլ ռազմական նախարարի, որևէ այլ իշխող կազմակերպությամբ կարելի էր ավելի լավ կռվել։ Բայց վախճանն այս պատերազմի հայտնի է։ Քանզի պատերազմը մեր հարևանի հետ դատապարտված էր պարտության ի սկզբանե, քանզի այսպիսի պատերազմում հաղթանակը մերը լինել չէր կարող։ Ի՞նչ էր մեր «համազգային ուզածը» 1988–89 թվականներին, մեր երբևէ չունեցած «ծովից ծով» Հայաստանի Արցախի բեկորն էինք միացնում մեր ունեցած Հայաստանին։ Ո՞ւմ էինք ապավինում։ Բոլշևիկյան Ռուսաստանը հիասթափեցրե՞ց մեզ, «հերթական անգամ չհասկացա՞վ մեր շահը», չվերականգնե՞ց իր իսկ կողմից ոտնահարած անարդարությունը։ Բայց «ավագ եղբոր» պատասխանատվությամբ թույլ չտվեց Ադրբեջանի ու Հայաստանի զինական ընդհարումը։ Խռովեցի՞նք մեր «ավագ եղբորից», անկախացանք, որ ռուսի տված զենքով դարերով կուտակած մահ ու թույն թափենք իրարու վրա, աշխարհին շարունակ մեր անմեղ–արդարի ապացույցներ բերելով, աչքներս միշտ ռուսաց դեմոկրատ թագավորի՞ն։ Կուղարկի ռուսաց թագավորն իր խաղաղարար զինվորներին, որ Կովկասի վայրենի ժողովուրդներիս թույլ չտա իրար ոչնչացնել՝ ստիպելով, որ խաղաղ գոյակցենք։
Այսօրվա Ռուսաստանը Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի հարազատ «ավագ եղբայրն» է։ Սրա համա՞ր են պատմականորեն հարևանության դատապարտված երկու ժողովուրդներ իրենց լավագույն զավակների արյունը հեղում իրենց հեթանոս հավատարմությամբ չվերջացող ապացույցներ բերելով։ Չե՞նք կարող դրկիցություն անել առանց Ռուսաստանի։ Թե ապավինելով մեր ուժերին, մահ կամ ազատություն պոռալով, միայն զենքով (օտարի զենքով) ենք ուզում բերել արցախցուն փրկություն, ազգային–ազատագրական պայքար ենք սկսել Արցախի հողը «Ադրբեջանցի ելուզակներից» մաքրելու համար։ Անկախ ազատ Հայաստան ու անկախ ազատ Արցախ՝ ուզում են միանան, ուզում են՝ ոչ։ Սա՞ է մեր հնգամյա պայքարի, «արցախյան պայքարի վերջնական հաղթանակի» հայտնագործած տարբերակը։ Երկու դեպքում էլ մենք պատերազմելու էինք այսօրվա մեծ Աշխարհի ու այդ Աշխարհի այսօրվա Հզոր Իրողությունների դեմ՝ արձանագրելով «խաղից դուրս վիճակը»։ Դատապարտված պարտության զգացումը (խոստովանես ինքդ քեզ, թե՝ ոչ) բարոյալքում է ու քայքայում։ Այդպես էլ կա։ Մենք մեկ էինք, մենք միասնական էինք մինչև իսկական պատերազմը, երբ արդար–անմեղ պահանջատեր էինք այն ֆիդայական կռվով պաշտպանելու վճռականությամբ։ Իսկ երբ այն ռոմանտիկ ֆիդայական կռվից վերածվեց իսկական պատերազմի… մեզ չեն փրկի անգամ Արգենտինան ու Վենեսուելան, ոչ էլ ՀՀՇ քաղաքական երկվությունը, ոչ ՀՀԴ հոխորտացող կեցվածքը, ոչ արտաքին գործոց նախարարի մեծկալիբրանոց ինքնավստահությունը՝ շփոթելով Հայաստանն ու Ամերիկան։
Շատ լավ՝ մենք չենք սկսել պատերազմը, մենք զոհն ենք, ու ագրեսորն Ադրբեջանն է։ Ադրբեջանը կարող էր կամենալ այս պատերազմը, կարող էր և չխուսափել պատերազմից, փորձել հայաթափել Արցախը, փակել հարցը բոլոր ժամանակների համար։ Մենք մի ելք ունեինք, մի հնար, մի հաստատ նպատակ՝ չպատերազմել։ Ասում եք՝ անհնար էր։ Չեմ վիճում, քանզի իրողություն է, որ պատերազմում ենք… Լավ ենք պատերազմում, հերոս ժողովուրդ ունենք, մի կասկածեք ու մի մեղադրեք՝ տվել ենք պայքարին լավագույնը, հնարավորը… Հարցի միջազգայնացմամբ զզվեցրինք աշխարհին, կորցրինք արժանապատիվ կեցվածք ու գոյ։ Պատերազմ և խաղաղություն։ Հիմա խաղաղության ժամն է։ Պարտադրված–դատապարտված խաղաղության ելակետն է. մենք ադրբեջանցիների կողքին չենք ապրում, այլ՝ իրար մեջ։ Ապարդյուն են սահմաններն ուղղելու մեր բոլոր ջանքերը. «չինական պարիսպ» սահմանի ողջ երկայնքով չես քաշի։ Առանց Ադրբեջանի հետ լավ դրկիցության կմաքառենք, բայց լիարժեք չենք ապրի։ Ափսոս, մոր մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական մտավորականությունը պարտադրված կամ իրեն կերակրող «ինտերնացիոնալիզմը» չփոխարինեց սովորական հումանիզմով, քաղաքակիրթ մարդու բարյացկամությամբ ու հանդուրժողականությամբ… Թումանյանի օրինական հոգեորդի չեղանք։ Երբ պատանու, իմ աշակերտի աչքերով, ականջներով, մտքով ու սրտով եմ ընկալում այս հինգ տարվա ընթացքում ադրբեջանցու հասցեին մեր թափած թույնն ու հայհոյանքը, մաղձն ու ատելությունը, սարսռում եմ՝ կկարողանա՞նք ամենակարճ ժամանակամիջոցում մաքրել մեզ ու մեր սերունդը այդ կեղտ ու թույնից, որ կարողանանք երկու դրկիցներ, իրար օգնելով լիարժեք ապրել… Սպիտակ դրոշ հաստատակամորեն պարզող ապրող մարդկանց ձեռքեր են պետք։ Մեզ ներս ու դրսից մաքրվել է պետք, խաղաղվել ու զուլալվել։
Զինվորը պիտի կռվի։ Մենք՝ մեծ ու փոքր իշխանավորներս, մտավորական ու աշխատավոր, պիտի խիզախենք պատերազմի ու խաղաղության միջև ընկած վիհը հաղթահարել, պիտի օգնենք իրարու խաղաղության վարքով, հոգեբանությամբ ու տրամաբանությամբ մի երկար ժամանակաշրջան ապրել ու գործել։ Փոքր նախաձեռնությունները, տեղային պայմանավորվածությունները ոչինչ չեն տալու, թե երկու ժողովուրդներով «պատերազմի ռեժիմը» չփոխենք խաղաղ կարգավորման ռեժիմով։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման ռեժիմի անցնելիս միջնորդներ պետք չեն, մասնակից պետություններ են պետք։ Հայաստանի իշխանությունները, զորացնելով Արցախի ռազմական ինքնապաշտպանությունը, պիտի Արցախի խնդրի կարգավորման տարբերակներ առաջարկեն Ադրբեջանին բոլոր տարբերակներում ճանաչելով–հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջությունը։ Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ ներկայացնելու, Ադրբեջան–Արցախ երկխոսությունն աշխատեցնելու ջանքերը կենսունակ չեն, ավելին՝ ենթադրում ենք զինական ուժի պարտադրանք Ադրբեջանին։ Միջնորդներ մեզ պետք չեն, ոչ էլ որևէ տեսակի խաղաղարար ուժ։ Հայաստանն ու Ադրբեջանը այդքան իմաստություն ու վճռականություն պիտի դրսևորեն՝ Արցախի համար ընդունելի լուծում գտնելու համար։ Արցախը պիտի գիտակցի, որ 1988 թվականի կարգավիճակին վերադառնալն էլ նվաճում է, քաղաքակիրթ աշխարհի իրողությունների ու օրենքների նվաճում։ Ո՞վ է մեղավոր, որ թանկ ենք վճարել։
Մենք մեզ պիտի հաշիվ տանք, թե ժողովուրդ ու պետություն տարանք փորձության՝ շփոթելով–խառնելով քաղաքական արկածախնդրությունը դատապարտվածության հետ։ Ի՞նչ եք առաջարկում. մի կողմից արյունաքամ լինել՝ փակելով տնտեսությունը սնող բոլոր երակները, ավելի կատարյալ դարձնելով շրջափակումն աշխարհից, մյուս կողմից՝ միջազգայնացնել–տիեզերականացնել մեր վեճը մեր հարևանի հետ՝ մաշելով փարիզների, նյույորքների ու վեներաների ճամփաները։ Մի կողմից ռուսից աղերսած զենքով շարունակել կռվել նույն զենքով զինված մեր հարևանի դեմ, շարունակ պոռալ անկախ ու ազատ Հայաստան՝ ստրկացնելով Հայաստանին աննախադեպ չափերի, հայաթափելով Արցախ աշխարհը։ Մինչև ե՞րբ։ Ի՞նչ հույսով։ Շարունակելո՞ւ ենք «ցնցել Ադրբեջանը», մեր ռազմական հաջողություններով ապակայունացնելով ադրբեջանցիների քաղաքական կյանքը, հրճվելով, որ Վեզիրովին հաջորդում է Մութալիբովը, Մութալիբովին՝ Սամեդովը, սրան՝ Էլչիբեյը։ Ո՞վ է հաջորդը։ Այսպես մինչև Ադրբեջանը նախագահի ճիշտ ընտրություն կատարի՞։ Այսպես շարունակեցինք՝ ռուսը գալու է։
Ադրբեջանի ու Հայաստանի միջև ամենատարբեր խմբերով ու վայրերում տարբեր միջնորդների օգնությամբ սկսված հանդիպումները հուսադրող են. ողջույնի և աջակցության արժանի։ Մնում է բարեկրթորեն ազատվել բոլոր տեսակի միջնորդներից։ Արցախը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման առաջին փուլում չպիտի պնդի բանակցություններում իր մասնակցության մասին։ Ադրբեջանն ու Հայաստանը, կարգավորելով համագործակցության իրենց փլված կամուրջները, խաղաղեցնելով իրենց սահմանները, կկարողանան հուսալի երաշխիքներ ստեղծել Արցախի ապահով գոյության համար Ադրբեջանի կազմում։
Թույլ տվեք մի անգամ ևս հիշեցնել հասարակարգից–հասարակարգ անցնելու, Մեծ պետության փլուզման ու անկախ Հայաստանի կայացման բախտորոշ փուլում, նոր–նոր ձևավորվող դեմոկրատիա–թողտվության մթնոլորտում անհրաժեշտ պետական վճիռները չթաղելու վճռականությամբ մենք պառլամենտական Հայաստանում Հանրապետության նախագահի պահանջ ունեցանք։ Ես հանրապետության մեր այսօրվա նախագահի ընտրողներից մեկն եմ՝ միլիոնից մեկը։ Ես կներեմ հանրապետության նախագահին ներհանրապետական կյանքին առնչվող ցանկացած մեծ ու փոքր բացթողում, սայթաքում ու անկատարություն։ Ամենքն էլ շտկելի են։ Նախագահին չի ներվի Արցախը արյունաքամելով հայաթափելը Արցախը հայաթափող չհայտարարված, բայց թեժացող պատերազմը։ Մենք առիթներ ունեցել ենք նախագահի քաղաքական իրատեսությամբ ու քաղաքական խիզախությամբ հիանալու։ Ժողովրդի վստահությունը վայելող նախագահը, ժողովրդից լիազորություններ ստացած նախագահը, ժողովրդի իրական ցանկություններն իմացող նախագահը պիտի անհրաժեշտ վճռականություն, հաստատակամություն ու որոշակիություն դրսևորի արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում։ Ընդդիմությունը և ոչ էլ խորհրդարանը չեն կարող անհաղթահարելի արգելք լինել այս խնդրի կարգավորման ճանապարհին։ Ժողովուրդը հոգու խորքում փայփայում է այս հնարավորության հույսը։