Հայ միապետի պատկերը. 19-րդ դարասկզբի ռուսահայերի՝ միապետական ժառանգության ըմբռնումն արդի հայ պետականության ակունքներում

 

2009 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հանրապետությունում շրջանառության է դրվում մեկ հարյուր հազար անվանական արժեքով թղթադրամը: Առանձնապես աչքի է ընկնում երրորդ հանրապետության տնտեսական ու քաղաքական անկախությունը փաստող հայկական դրամի այս օրինակի պատկերազարդումը: Դիմերեսին որպես կենտրոնական ֆիգուր պատկերված է Աբգար հինգերորդ թագավորը՝ առաջինը հայ թագավորներից, ով, պատմագիր Խորենացու հավաստմամբ, հավատացել էր իր ժամանակներում ծնված Քրիստոսին, մկրտվել և փակել «կուռքերի մեհյանների դռները»: Դարձերեսին, ըստ բանկի խորհրդի՝ թղթադրամը շրջանառության մեջ դնելու որոշման, պատկերված է «Թադեոս առաքյալի կողմից Աբգարին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը»: Լուսընդդեմ դիտելիս պատկերները միաձուլվում են՝ խորհրդանշականորեն միմյանց կապելով հայերի երբեմնի թագավորությունը մարմնավորող կերպարն ու քրիստոնեական հավատքի հետ հայերի առաջին առերեսման իրադարձությունը: Մի կողմից՝ այս պատկերները, ներկայացված պետության խորհրդանիշ թղթադրամի վրա, ամփոփում են անկախ պետականության մասին մեր ըմռնումները՝ հենված անցյալի՝ քրիստոնեական կրոնին հյուսված ինքնիշխան պետականության գաղափարի վրա: Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության՝ 1995 թվի սահմանադրությամբ «ինքնիշխան պետության վերականգման ազատասեր նախնիների սուրբ պատգամն» էր, որ դրվում էր հանրապետության հիմնադրման ակունքներում: Մյուս կողմից՝ այս պատկերներն իրե՛նք ներգործում են մեր ընկալումների վրա՝ կառուցելով անցյալի պետականության դրվագների վրա խարսխված արդի պետության մեր պատկերացումները:

Մեր երևակայությունը սնող այսպիսի պատկերները, որ ներկայացնում են հայ նախնիներին, արքաներին և նրանց առնչվող իրադարձությունները, ունեն իրենց ձևավորման պատմությունը: Այդ պատմության հետքերով է, որ ընթանալու է մեր երկամյա հետազոտությունը: Այսպես՝ Աբգար թագավորի վերոհիշյալ պատկերին ենք հանդիպում 19-րդ դարի առաջին կեսի ռուսահայության շրջանում. մի ժամանակաշրջան, որն արձանագրում էր հայերի՝ թուրք և պարսիկ տիրապետողներից ազատագրվելու դարավոր բաղձանքի իրագործումը: Ռուս-պարսկական պատերազմներում Ռուսական կայսրության հաղթանակով ռուսական տիրապետությունը տարածվում էր ինչպես վրացաբանկ, այնպես էլ հայաբնակ մի շարք վայրերում: Քաղաքական այս շրջադարձային փուլը հայ քաղաքական մտքի պատմության մեջ ըմբռնվում է իբրև բարենորոգումների մի շրջան, երբ քաղաքական նոր դրությունը պայմաններ էր ստեղծում մշակութային զարգացման համար: Հովանավորչական խոսքով էր ռուսաց կայսր Ալեքսանդր առաջինը 1801 թվականին դիմում «ազատագրված» վրացական տարածքներում ապրող բնակչությանը՝ խրախուսելով նվիրվել «սեփական և հասարակական լավագույն օգուտներին, ազատ և անարգել վարժվել» արհեստների ու արվեստների մեջ «ամենքին հավասար կերպով հովանավորող օրենքների պաշտպանության տակ»: Ռուս-պարսկական երկրորդ պատերազմն արդեն 1820-ականների վերջերին պարսկական տիրապետությունից ազատում էր նաև Երևանի ու Նախիջևանի խանությունների հայությանը:

Այս քաղաքական իրադարձությունների համատեքստում էր գործում Պետերբուրգում կրթություն ստացած թիֆլիսահայ նկարիչ Մկրտում Հովնաթանյանը, ում՝ յուղաներկով կտավի վրա արված հայ նահապետների ու արքաների շարքերում ենք հանդիպում Աբգար թագավորի վերոհիշյալ պատկերի բնօրինակը՝ կատարված 1830-ական թվականներին. գործեր, որոնցից մի քանիսը ներկայումս ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում: Այս գործերից ոչ բոլորի թվականն է հստակ, և, ինչպես երևում է, նկարիչն իր առաջին փորձից հետո վերանկարել էր դրանցից մի քանիսը՝ պահպանելով կոմպոզիցիոն լուծումները՝ որոշ պատկերագրական դետալային փոփոխություններով: Թե կոնկրետ ինչ հանգամանքներում և ինչ նպատակով են արվել այս պատկերներն ու դրանց տարբերակները, կարոտ են դեռևս ուսումնասիրության:

Նույն ժամանկամիջոցում պատմական իրադարձությունների ու կերպարների թեմատիկան դուրս չի մնում նաև գրաֆիկական արվեստից: Այսպիսի շարքի ենք հանդիպում նաև 1827 թվականին Մոսկվայում լույս տեսած և այնուհետև 1863 թվականին վերահրատարակված Հակոբ և Դավիթ Արզանովների՝ Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ գրքում՝ ձոնված ռուսաց կայսր Նիկոլայ առաջինին: Նոր քաղաքական դրությունը եղբայրներն ըմբռնում էին որպես մշակույթի ու դպրության զարգացման պայման և իրենց գիրքը որպես «զոհ էին մատուցում» կայսրին, որի «ամուր և բարերար հովանու ներքո գտնվելու» և գործելու շնորհիվ էր հնարավոր երևում այս աշխատանքի հրապարակումը: Լազարյան ճեմարանում ուսանած Արզանովների ռուսալեզու գիրքը մի փորձ էր ժամանակագրական կարգով շարադրելու հայերի պատմությունը՝ առաջին քաղաքական կազմավորումներից մինչև թագավորությունների անկումը: Հայոց միապետական անցյալը վերհառնող նրանց երկի մեր ուսումնասիրությունն, ուրեմն, կարող է ճանապարհ բացել հասկանալու այն համատեքստը, որում գործում էին եղբայրները: Քաղաքական նոր դրության պայմաններում պետականության ի՞նչ գաղափարներ էր արծարծում գիրքը. արդյո՞ք հայտնում էր այն հայերի հպատակությունը իր նոր «տերերին», թե՞ շոշափում նախորդ դարում հայերի՝ քաղաքականապես ազատագրվելու ու անկախ պետություն ունենալու մտորումները: Կամ գուցե թե այն զուտ պատմագիտական աշխատա՞նք էր, գիտական հրատարակություն՝ Լազարյան ճեմարանի կրթական նախագծերի շրջանակում:

Գրքի էջերում հեղինակները պատմական անցքերի նկարագրություններին զուգահեռ կարևոր էին համարել նաև զետեղել հայ թագավորների ու հայերի պատմական անցյալի հաղթական դրվագների փորագրություններ, ինչը նպատակ ուներ ընթերցողին հնարավորություն տալու «տեսնել հայ թագավորների, նահապետների, զորապետների և այլ գործիչների հագուկապը, գահավորակը, զենքերը, զինանշանները և այլն»: Անհայտ նկարչի այս գործերի հիմքում, հեղինակների հաղորդմամբ, մի կողմից ընկած էին Վենետիկի մխիթարյան միաբանության կողմից պատվիրված փորագրությունների բնօրինակները, մյուս կողմից՝ «իրենց սեփական պատմական աղբյուրների փնտրտուքները»: Ինչպես այս, այնպես էլ Հովնաթանյանի գործերը, որ ծնունդ են նույն ժամանակների, մեր հետազոտության առանցքում են:

Մեր հետազոտությունն, այսպիսով, նպատակ ունի գնալու 19-րդ դարի առաջին կեսին հայ կերպարվեստում միս ու արյուն առած հայ թագակիրների և հայերի պատմության հաղթանակած ըմբռնվող դրվագների պատկերագրության հետքերով: Մի կողմից՝ կփորձենք պարզել վերոհիշյալ պատկերների միջև գոյություն ունեցող արվեստային կապերը իրենց քաղաքական ու մշակութային համատեքստում, և մյուս կողմից՝ այդ պատկերների սրտում տրոփող գաղափարներն ու ավանդույթները: Քաղաքական նոր կացության պայմաններում ինչպիսի՞ քաղաքական բաղձանքներ էր ի ցույց դնում տեսողական արվեստը, ի՞նչ ձևերով էր այն ուժ գործադրում նոր դրությունը տեսանելի դարձնելու համար, և ինչպիսի՞ պատկեր պետք է ընկալեր ազատագրված, սակայն դեռևս պետականությունից զուրկ հայ ժողովուրդը ՝ «հավատալու» իր ճշմարիտ թագավորին ու թագավորությանը: Այս հարցերն են, որ առաջնորդում են մեր հետազոտությունը: