«Այն, ինչ կատարվեց ինձ հետ, թերևս չունի օրինակ». Հովհաննիսյանի նամակը Գրիգոր Հարությունյանին

 

Ստալինիզմի հաստատմամբ 1930-ականներին ֆիզիկապես վերացվեց 1920-ականներին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ստանձնած ազգային կոմունիստների ամբողջ սերունդն ու նրա քաղաքական և գիտական մտքի ավանդույթը: Հովհաննիսյանը պատկանում էր այդ սերնդին. 1937-ին նա ենթարկվեց ստալինյան բռնաճնշումների, դատապարտվեց ու ի վերջո աքսորվեց։ Սակայն ի տարբերություն իր գաղափարակից ընկերների՝ Հովհաննիսյանն այն եզակիներից էր, որ հաջողեց վերապրել աքսորը:

1937-ին Կոմի հանրապետություն, ապա Միջին Ասիա աքսորված Հովհաննիսյանը 1943-ին տեղափոխվում է Կիրովական (այժմյան Վանաձոր)՝ մնալով, սակայն, չռեաբիլիտացված: Ստորև ներկայացվող վավերագիրը 1944-ին Կիրովականից Հովհաննիսյանի ուղարկած նամակն է Խորհրդային Հայաստանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին: Հայաստան վերադառնալուն պես իր գիտական աշխատանքը վերասկսել ջանացող Հովհաննիսյանի այս նամակը վերաբերում է 1937-ին ձերբակալության ժամանակ բռնագրավված իր գիտական աշխատությունները հետ վերադարձնելու խնդրին: Նամակի բովանդակությունը վեր է հանում ավերիչ այն հետևանքները, որ թողել էր ստալինիզմը ոչ միայն Հովհաննիսյանի, այլև ողջ հայաստանյան պատմագիտության վրա: Արդի հայոց պատմության ուսումնասիրմանը նվիրված Հովհաննիսյանի բռնագրավված աշխատությունների կորուստը, ինչպես նամակում նկատում է ինքը՝ հեղինակը, միայն անձնապես իր գիտական ժառանգության կորուստը չէր:

Այդ ժառանգությունը մոռացության տալով էր, որ 1930-ականներին վեր հառնեց ստալինյան պատմագիտությունը՝ հետահայաց ջնջելով ու աղճատելով հայ հասարակական-քաղաքական մտքի պատմությունը: Հովհաննիսյանի ժառանգությունը գիտականորեն բացահայտում էր քաղաքական հրահանգին ենթակա ստալինյան պատմագիտության կեղծումները և վերականգնում արդի հայ հասարակական-քաղաքական մտքի քննական պատմությունը: Այն, ինչ կատարվել էր Հովհաննիսյանի հետ, իրապես Խորհրդային Հայաստանում օրինակ չուներ, սակայն ոչ միայն այն պատճառով, որ նրա գիտական ժառանգությունը կորսվել էր, այլև այն բարեբախտության, որ Հովհաննիսյանը ողջ էր մնացել՝ փաստելով հայաստանյան պատմագիտության վրա երևացող ստալինիզմի կնիքը: 

Հրապարակվող վավերագիրը ռուսերեն ձեռագիր է: Այն հավանաբար սևագիր տարբերակ է, քանի որ գրված է բազմաթիվ ուղղումներով ու խմբագրումներով: Այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև ընթերցումը դյուրացնելու նպատակով՝ նամակը թարգմանել ենք՝ ելնելով տեքստի վերջնական խմբագրված տարբերակից, առանց այդ խմբագրումները հատուկ նշելու:

Հրապարակվում է ըստ Մատենադարան, Աշոտ Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ. 24416, վավ. 507:

 

Մեծարգո Գրիգոր Արտեմովիչ,

 

Դիմեցի Ձեզ նամակով սույն տարվա սկզբին: Նամակն այդ, հնարավոր է, Ձեզ չի հասել: Գրում եմ կրկին ու էլի նույն բանի մասին. հայ հասարակայնության և գրականության պատմության շուրջ աշխատությունների ձեռագրերի մասին, որոնք կորել են Հայկական ՆԳԺԿ-ում (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ՝ Ի. Շ.):  

Կրկնում եմ հակիրճ. այդ ձեռագրերը բազմաթիվ արխիվային և այլ գիտական նյութերի հետ միասին առգրավել են ինձնից 1937թ. Մոսկվայում իմ ձերբակալության ժամանակ և ուղարկել են Հայաստան: 1940 թվականի փետրվար-ապրիլին Հայկական ՆԳԺԿ-ի կազմած փորձագիտական հանձնաժողովը դրանք ենթարկել է ստուգման: Հանձնաժողովը դրանցում դատապարտելի ոչինչ չի գտել, հակառակը՝ փաստել է արձանագրությամբ դրանց գիտական արժեքը:

Աքսորից վերադառնալուց հետո, 1943 թվականի վերջում ինձ վերադարձրին այդ ձեռագրերի մի մասը: Սակայն, ամենից արժեքավոր, ընդ որում տպագրության պատրաստ բոլոր ձեռագիր իմ աշխատությունները և տպագրության պատրաստվող սևագրերը (մի քանի հարյուր տպագրական թերթերի չափով) չվերադարձվեցին: Գլուխներն ազատեցին հայտարարությամբ. «դրանք կորել են անհետ»:

Ձեզ ուղղված նախորդ իմ նամակին ես կցել էի ինձ չվերադարձված ձեռագրերի ու նյութերի ցանկերը: Չցանկանալով ծանրաբեռնել Ձեր ուշադրությունը՝ այս անգամ զերծ եմ մնում դրանից: Կնշեմ միայն, որ դրանց մեջ էին XIX և XX դարերում Հայաստանի հասարակական հոսանքների պատմության, հայ ժողովրդի հետ Պետրոս Առաջինի ունեցած կապերի պատմության, հայ միջնադարյան ազատագրական գաղափարների պատմության շուրջ մեծածավալ և բազմահատոր աշխատությունները, Իսրայել Օրու և Զաքարիա Ագուլեցու մասին մենագրությունները, Հայոց պատմության ընդհանուր դասընթացը, ինչպես նաև մեծաթիվ բնագիր, պատճեն ու ցուցակագրված արխիվային և գրքային նյութերը:

Բոլոր այդ աշխատություններն ու նյութերն ունեն, համարձակվում եմ առանց ավելորդ համեստության պնդել, մեծ արժեք պատմագիտության համար: Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի առավել գիտակ և հասկացող պատմաբաններն ու գրականագետները կարող են տալ Ձեզ տեղեկություն իմ աշխատանքի բնույթի ու մակարդակի մասին առհասարակ:

Անցյալում բռնադատվել են շատերը, այդ թվում և ես: Բայց զրկված լինելով իմ ձեռագրերից, ես, ի տարբերություն ուրիշների, օբյեկտիվորեն զրկված եմ նաև նախասիրած թեմաներին վերադառնալու իրավունքից ու հնարավորությունից, որոնց ուսումնասիրման վրա տասնյակ տարիների լարված գիտական աշխատանք է տարվել: Ես կորցրեցի լավագույնն այն ամենից ինչ երբևէ գրել կամ հավաքել էի: Այն, ինչ կատարվեց ինձ հետ, թերևս չունի օրինակ, առնվազն մեզ մոտ Խորհրդային Հայաստանում: Ի լրումն Հայկական ՆԳԺԿ-ն գտավ հասարակության համար օգտակար և քաղաքականապես նպատակահարմար ինձ հեռու պահել Հայաստանի գիտական կենտրոններից՝ թթվեցնելով ինձ, ահա արդեն կլինի մեկ տարի, քաղաք Կիրովականում, որտեղ ես տառացիորեն զգում եմ հոգևոր սով՝ զրկված գրքերից ու այլ գիտական աղբյուրներից՝ ուսումնասիրման ու մշակման համար…

Կրկին դիմում եմ Ձեզ թախանձալի և միակ խնդրանքով՝ առաջարկել ՆԳԺԿ-ին հայտնաբերել և վերադարձնել ինձ իմ ձեռագրերն ու նյութերը դրանց վրա աշխատանքի շարունակման և գիտության մեջ դրանց հնարավոր ներդրման նպատակով:       

 

Խորին հարգանքով՝ Ա. Հովհաննիսյան
1944․ սեպտեմբերի 5. Կիրովական.
Իմ հասցեն. ք. Կիրովական.
Աշոտ Հովհաննիսյանին

 

*) Կրկնում եմ. չգերագնահատելով ամենևին իմ համեստ արժանիքները պատմագիտության ասպարեզում՝ կարծում եմ ամեն դեպքում, որ իմ հանդեպ նման վերաբերմունքով Հայկական ՆԳԺԿ-ն հարված է հասցնում ոչ միայն ինձ անձնապես, այլ օբյեկտիվորեն նաև գիտության այն ոլորտին, որին ես տասնյակ տարիների ընթացքում ծառայեցրել եմ իմ համեստ ուժերը: