1960-70-ականների քաղաքականությունն ու պատմագիտությունը ստալինիզմից ժառանգել էին հայ արդի քաղաքական մտքի կեղծված ու աղճատված պատմություն: Հայ իրականության մեջ բարդ և հակասալից ընթացքով նշագծված ազգային կուսակցությունների (Դաշնակցություն և Հնչակյան կուսակցություններ) կայացման պատմությունը ստալինիզմը վերածել էր պատմական իրադարձությունների սխեմատիկ մի հաջորդափոխության: Իր նախկին դաշնակցական հարումներով մեծամասնական Աշոտ Հովհաննիսյանը, սակայն, հետստալինյան իրականության պայմաններում անձնապես էր վկայում արդի հայ քաղաքական մտքի զարգացման ներհակությունները: 1930-ականների ստալինյան աքսորը վերապրելուց հետո Հովհաննիսյանի հետաքսորական շրջանի պատմագիտությունը հետևողականորեն հարցադրում էր ազգային կուսակցությունների ծագմանը տրված ստալինյան քաղաքական գնահատականը:
Ստորև ներկայացվող վավերագիրը Հովհաննիսյանի՝ «Դաշնակցության ռեակցիոն վերասերման հարցի շուրջը» անտիպ հոդվածից մի հատված է, որ պատմաբանը գրել է 1960-ականների վերջին: Հոդվածում Հովհաննիսյանը պարզում է հայ արդի քաղաքական մտքի զարգացման համայնապատկերը՝ լույս սփռելով արևելահայ կուսակցությունների՝ այդ թվում Դաշնակցության նարոդնիկական ծագումնաբանության վրա։ Սա ենթադրում էր տարբերանշել կուսակցության մանրբուրժուական՝ «դեմոկրատական» ու բուրժուական՝«ռեակցիոն» շրջանները: Ելնելով նարոդնիկությանն ու դաշնակցականությանը տված Լենինի ու հատկապես Ստեփան Շահումյանի գնահատականներից՝ Հովհաննիսյանն ըստ էության հերքում էր դեռ 1928-ին ընդունված ստալինյան այն որոշումը, որն անտեսել էր Դաշնակցության մանրբուրժուական կամ նարոդնիկական հիմքերն ու այն ի սկզբանե խոշոր արդյունաբերական բուրժուազիայի կուսակցություն հռչակել: Հովհաննիսյանի հոդվածը, սակայն, հետամուտ չէր միայն երևան բերելու ստալինիզմով ջնջված արևելահայ ազգային կուսակցությունների պատմությունը, այլև ինքնին փաստելու պատմության ջնջման ստալինյան արարքն ու ստալինիզմի ստվերը 1960-70-ականների պատմագիտության վրա: Պատահական չէ, որ հոդվածում Հովհաննիսյանը վկայակոչում է Շահումյանի՝ Դաշնակցության գաղափարական էվոլյուցիան առաջադրող հոդվածը, որն «առանց որևէ պատճառաբանության» տեղ չէր գտել Շահումյանի հրատարակված երկերում:
Մեքենագիր տեքստի վրա Հովհաննիսյանը կատարել է խմբագրումներ: Տեքստի ընթեցումը սահուն դարձնելու համար հրապարակվող բնագրում խմբագրումներն ու լեզվական շտկումներն արդեն իսկ ներառված են: Ջնջված կամ փոփոխված հատվածները տրված են տեքստի վերջում փակ փակագծերի մեջ: Տեքստում առկա ընդգծումները Հովհաննիսյանինն են:
Հրապարակվում է ըստ՝ Մատենադարան, Աշոտ Հովհաննսյանի ֆոնդ, թղթ. 2444, 12 գ, թթ. 9-13:
Դաշնակցության ռեակցիոն վերասերման[i] հարցի շուրջը[ii]
…. Սովետահայ պատմագիտության հետագա զարգացման համար այժմեական խնդիր պիտի համարել մանավանդ ուսումնասիրել գաղափարական այն էվոլյուցիան, որ հայ իրականության մեջ կատարեց հեղափոխական նարոդնիկությունը՝ վերածվելով դեպի արևմտահայ ազգային–ազատագրական շարժումը կողմնորոշված յուրատեսակ ազգային–նարոդնիկական գաղափարախոսության:
«Բանբերի» էջերում տպագրված վերը հիշատակված մեր հոդվածում արդեն առիթ ենք ունեցել հիշատակելու, որ 80-ական թվականների ընթացքում կազմավորված են եղել դեպի արևմտահայ ազգային–ազատագրական շարժումը կողմնորոշված ազգային նարոդնիկական խմբավորումներ, որոնք խոր հետք են թողել հայ ժողովրդի 80-90-ական թվականների պատմության մեջ:[iii] Դրանցից մեկը 80-ական թվականների սկզբներին Մոսկվայում առաջ եկած հայ ուսանողների «Միություն Հայրենասիրաց» կազմակերպությունն էր և նրա հրատարակած «Ազատության ավետաբեր» տպագիր օրգանը: Երկրորդը՝ 1887 թվականին Ժընևում ստեղծված Հնչակյան կուսակցությունն էր և 1888 թվականին լույս տեսած նրա օրգանը «Հնչակ» թերթը և երրորդը՝ 1890թ. Թիֆլիսում կազմակերպված «Հայ հեղափոխականների (sic!) դաշնակցություն» կազմակերպությունն էր և նրա «Դրոշակ» օրգանը: Բոլոր այս կազմակերպություններին բնորոշ էր այն, որ սկիզբ էին առել 80-ական թվականներին արևելահայ ուսանող երիտասարդությանը համակած ռուս նարոդնիկական շարժման ընդերքից և ապա այն, որ դիմադարձ լինելով Ռուսաստանի հեղափոխության շարժումից, հետագայում նրանք բոլորն էլ նվիրվեցին Արևմտահայաստանի ազատագրման գաղափարին: Նարոդնիկական շարժումից ու գաղափարաբանությունից բոլոր այդ խմբավորումներն ու կազմակերպությունները սկզբնապես առինքնել էին հողի համայնատիրության հարցում նարոդնիկներին բնորոշ հայացքները, նրանց տեռորիստական տակտիկան և կազմակերպչական որոշ հայացքները: Սրանից զատ նվազ հատկանշական չէր, որ արևմտահայ ժողովրդի ազատագրումը նրանք շաղկապում էին 1877-1878 թվականի ռուս–թուրքական պատերազմից հետո Բեռլինի վեհաժողովի խոստացած հայկական ռեֆորմների հետ: Եվրոպական մեծ տերությունների նախաձեռնությամբ կատարվելիք այդ ռեֆորմների իրագործումը արագացնելու նպատակով էր հենց, որ վերը նշված կազմակերպությունները նպատակահարմար էին գտնում արևմտահայ գավառներում ծավալվելիք իրենց «հեղափոխական» գործունեությունը, որը զուրկ լինելով հեղափոխական բովանդակությունից, ըստ էության հայկական հեղափոխությունը դիտում էր սոսկ որպես ցուցարակական նպատակով ձեռնարկված գործունեություն:
Մերձենալով հայ ազգային–նարոդնիկական կուսակցությունների զարգացման ընթացքին, անհրաժեշտ է հաշվի առնել, մանավանդ, այն խոշոր շրջադարձը, որ կատարեցին այդ կուսակցությունները կապիտալիզմի զարգացման իմպերիալիստական շրջանում, երբ հատկապես արևմտահայ ազատագրական շարժումը մինչև այդ ղեկավարող ամենազդեցիկ կուսակցությունը՝ դաշնակցությունը, ավարտելով իր զարգացման (մանրբուրժուական) դեմոկրատական կամ նարոդնիկական էտապը 20-րդ դարում թևակոխեց իր գաղափարական էվոլյուցիայի ռեակցիոն շրջանը:
Դաշնակցության նոր այդ շրջանում կատարած էվոլյուցիայի մասին սպառիչ բնութագրում ենք գտնում Ստ. Շահումյանի մի շարք հոդվածներում: Այսպես 1916թ. վերջին «Ինտելիգենցիան և նացիոնալիզմը» հոդվածում, խոսելով արևելահայ բուրժուական նացիոնալիզմի և լիբերալիզմի մասին, Շահումյանը գրում էր. «լիբերալիզմից առաջ բուրժուազիան ապրել է դեմոկրատիզմի շրջան, այժմ նա ապրում է իմպերիալիզմի շրջանը, որ բուրժուազիայի տիրապետության վերջին շրջանն է. նացիոնալ–դեմոկրատիզմ, ապա նացիոնալ–լիբերալիզմ և այժմ նացիոնալ–իմպերիալիզմ: Նացիոնալիզմը եղել է ու կա այն տարբերությամբ միայն, որ նախկին առաջադիմական և ռևոլյուցիոն նացիոնալիզմը դարձել է այժմ մի ծայրահեղ հետադիմական իդեոլոգիա: Բացի այդ՝ նացիոնալիզմը հասնելով իմպերիալիզմի շրջանում իր գագաթնակետին, միաժամանակ հենց իմպերիալիզմի մեջ բացասում է ինքն իրեն: Պատմական այդ կենդանի դիալեկտիկան հասկանալու համար – գրում է Շահումյանը – վերին աստիճանի հարուստ և հետաքրքրական նյութ է տալիս ներկա համաշխարհային պատերազմը»:[1]Ստ. Շահումյան, Երկեր, հատ. 2, էջ 398:
Նույն տարում, խոսելով հնչակյանության և դաշնակցության գաղափարական էվոլյուցիայի մասին և անդրադառնալով նրանց քաղաքական էվոլյուցիային, «Ազգային հարցը և հեղափոխական սոցիալ–դեմոկրատիան» հոդվածում Շահումյանը գրում էր դարձյալ. «Մենք ասել ենք նրանց. «Դուք, պարոններ, ունեք բարի ցանկություն, բայց ձեր ճանապարհը կորստաբեր է հայ ժողովրդի համար»»[2]Ստ. Շահումյան, Երկեր, հատ. 2, էջ 407:: Կանգ առնելով մասնավորապես դաշնակցության վրա, Շահումյանը նշված հոդվածում տարորոշում է դարձյալ նրա գործունեության նախկին պրոգրեսիվ կամ «դեմոկրատական» շրջանը դրան հաջորդած իմպերիալիստական շրջանի ռեակցիոն ուղղությունից[3]Նույն տեղում, 408::[iv]
Դաշնակցության էվոլյուցիայի «դեմոկրատական» շրջանը նրա զարգացման հետագա էտապից Շահումյանը տարբերում էր նաև 1916թ. «Պայքար» թերթի նո. 33-ում տպագրված հոդվածում, որը, առանց որևէ պատճառաբանության չի զետեղված նրա երկերի հայերեն հրատարակության մեջ:[v]
Մեր վկայակոչած «Ազգային հարցը և հեղափոխական սոցիալ–դեմոկրատիան» հոդվածում Շահումյանը գրում էր դարձյալ. «դաշնակցությունը մեղավոր չէ, որ հայ ժողովրդի պատմական վիճակը այնքան անագորույն է. ոչ մի կուսակցություն չի կարող դժոխքը դրախտ դարձնել, բայց կուսակցությունները ստեղծվում են հենց նրա համար, որ ըստ կարելույն լավացնեն ժողովրդի դրությունը, որ խելացի կերպով առաջնորդեն մասսաներին և տանեն նրանց ազատության ճանապարհով»[4]Նույն տեղում::
Ի՞նչ է նշանակում Շահումյանի թափանցիկ ակնարկն այն մասին, որ դաշնակցությունը չի առաջնորդում մասսաներին «ազատության ճանապարհով»: Կասկած չկա, որ այդ բառերով նա ակներևաբար ուզում է ասել, որ իմպերիալիզմի դարաշրջանում այդ կուսակցությունը չի առաջնորդում հայ մասսաներին հեղափոխական ճանապարհով, այլ նրան տանում է իմպերիալիզմի կորստաբեր ուղիով: Ընդգծելով դաշնակցականների ծառայությունը հանդեպ հայ բուրժուազիային և արձանագրելով, որ այդ կուսակցությունը «ոչ միայն հլու հպատակ» է ռուս թագավորին, այլև գործիք նրա նվաճողական քաղաքականությանը Թուրքիայում, Շահումյանը մատնանշում էր, որ հայ բուրժուազիան միջոցներ է տրամադրում այդ կուսակցության արկածախնդիր ձեռնարկումների համար[5]Նույն տեղում, էջ 409::
Ինչպես միշտ, Շահումյանը հավատարիմ էր մնում պատմական փաստերին ու իրողություններին: Ելակետ ունենալով պատմականության լենինյան սկզբունքը, նա տարբերակ[ում] էր դաշնակցության էվոլյուցիայի1905թ. նախորդած «դեմոկրատական» շրջանը իմպերիալիզմի դարաշրջանում թևակոխած «ռեակցիոն» շրջանից …․
Ծանոթագրություններ
—————————————————————————————————————-
[i] [սոցիալական էության]:
[ii] [Հայ ժողովրդի պատմության բուրժուական էտապի մի քանի հարցերի շուրջը]:
[iii] Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, «80-ական թվականների առաջին կեսի արևելահայ ազգային նարոդնիկական խմբակները», Բանբեր Հայաստանի արխիվների, 1968, թիվ 2, էջ 127–146:
[iv] Տեքստում Հովհաննիսյանը բաց է թողել ծանոթագրությունը նշող թիվը: Ենթադրում ենք, որ այն վերաբերում է այս հատվածին:
[v] Խոսքը Մաքսիմ Գորկու խմբագրությամբ լույս տեսած Հայ գրականության ժողովածուի առթիվ գրած Շահումյանի գրախոսականի մասին է: Իրականում 1950-ականներին հրատարակված Շահումյանի Երկերի 3-րդ հատորում (1958) հոդվածը տպագրվել է, սակայն կրճատումներով: Հովհաննիսյանն ակներևաբար նկատի ունի հենց հոդվածի ստալինյան խմբագրումը, որը տպագրությունից դուրս էր թողել այն հատվածները, որտեղ Շահումյանը Դաշնակցությունը գնահատում էր իբրև մանր բուրժուական ազգային դեմոկրատիայի կուսակցություն: Ահա Շահումյանի Երկերից հանված հատվածներն ըստ՝ Շ., «„Сборникъ Армянской Литературы“. Подъ редакцiей М. Горького. Книгоиздательство „Парусъ“. 420 стр., цѣна 2 руб.» [գրախոսական], Պայքար, 14 օգոստոսի 1916 թ.:
Մենք Դաշնակցութեան բարեկամները չենք, բայց չենք կարող ժխտել այն պարզ ճշմարտութիւնը, որ հայ ժողովրդական ինտելլիգենցիան իր ճնշող մեծամասնութեամբ գտնւում է այսօր Դաշնակցութեան ազդեցութեան ներքոյ: Եւ, կաւելացնենք դրան, մենք չէինք էլ ցանկանայ երբէք, որ այդ ինտելլիգենցիան նորից մշակական դառնար, որովհետև այդ կը լինէր մի խոշոր քայլ… դէպի յետ:…
Իսկ ի՞նչ է «Դաշնակցութիւնը»: Դա ինքը հայ դեմոկրատիան է, մոլորւած, շշմած, քաղաքականապէս տգէտ և կոյր առաջնորդների ձեռքին խաղալիք դարձած հայ դեմոկրատիան: Դաշնակցութեան ազդեցութեան տակ են այժմ հայ քաղքենի, մանր բուրժուական տարրերը՝ ժողովրդական ուսուցիչները, գրողները, հասարակական գործերին նւիրւած գիւղական ու գաւառական երիտասարդութիւնը, այլ և դժբախտաբար, հայ բանւորութեան անգիտակից մեծամասնութիւնը:
Մենք գիտենք, որ այդ բանւորութիւնը և արմատական երիտասարդութիւնը երես են դարձնելու վաղը Դաշնակցութիւնից և դառնալու են մարքսիստներ (ո՛չ մշակական մարքսիստներ, ի հարկէ…): Մենք գիտենք, որ հայ դեմոկրատիան բուռն ցասումով դէն է շպռտելու միանգամից իր այժմեան կոյր ու յանցաւոր առաջնորդներին, բայց ապագայի նոր, էվօլիւցիայի ենթարկւած մանր բուրժուական ազգային դեմոկրատիան լինելու է յամենայն դէպս Դաշնակցութեան ժառանգը և ոչ «Մշակ»ի:
Այդ էլ հարկաւոր է լաւ հասկանալ:
Շահումյանի հոդվածի Հովհաննիսյանի քննարկումը տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, «Դաշնակցության սոցիալական ծագումը», Նորք, 1927, թիվ 1, էջ 151-153։